
Հաշմանդամության, ծերության և այլ խմբերի նպաստները կավելանան
Թոշակառուների, ծերության, հաշմանդամության ու կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստացողների գումարը կավելանա։
Նման որոշում ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։ Նախագիծը ներկայացրեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնակատար Արսեն Մանուկյանը։
«Ծերության նպաստի չափը կազմում է 16 հազար դրամ, հաշմանդամության նպաստի չափերը՝ առաջին խմբինը՝ 21 հազար 500 դրամ, 2-րդ խմբի համար՝ 19 հազար դրամ, 3-րդ խմբի համար՝ 16 հազար դրամ»,- ասաց Մանուկյանը:
Փոխնախարարի պաշտոնակատարի խոսքով՝ պարենային ծայրահեղ աղքատության գիծը 2019 թվականին կանխատեսվում է 25 հազար 500 դրամ սահմանել՝ նպատակ ունենալով ծայրահեղ աղքատությունը բացառել, և նշված խմբերում ներառված քաղաքացիների նպաստները դարձնել այդքան։
Արսեն Մանուկյանի խոսքով՝ առաջարկվում է պարտադիր զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափը դարձնել 24 հազար դրամ՝ նախկին 18 հազար դրամի փոխարեն։ Որոշումն ուժի մեջ է մտնելու 2019 թվականի հունվարի մեկից: Առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանն արձագանքեց՝ շատ կարևոր նախաձեռնություն է:
«Փաստորեն հունվարի 1-ից սոցիալական առումով խոցելի խմբերը, որոնք մինչև այժմ ստանում են 16 հազար դրամ, 19 հազար դրամ և այլ չափի գումար, կստանան 25 հազար 500 դրամ, սա այն նվազագույն գումարն է, որն անհրաժեշտ է մարդուն չսովելու համար»,- ասաց Արարատ Միրզոյանը:
Մեկնաբանել