
Ձմեռային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու որոշումն ընդունվեց
2019 թվականի ձմեռային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։ Նախագիծը ներկայացրեց պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը։ Ըստ որոշման՝ զորակոչն իրականացվելու է այս տարվա դեկտեմբերից մինչ 2019-ի հունվար՝ այն քաղաքացիների համար, որոնց 18 տարին լրանում է մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:
Ըստ որոշման՝ մինչև 2019 թվականի հունվարի 31-ը ներառյալ, օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողները կզորացրվեն ԶՈՒ-ի շարքերից։
«Հաշվի առնելով նախընտրական, հետընտրական պրոցեսները բոլոր պաշտոնյաներին խնդրում եմ՝ ազնվորեն վերաբերվել իրենց պաշտոնական պարտականությունների կատարմանը»,- դիմելով գործընկերներին՝ ասաց Դավիթ Տոնոյանը։ Հարցին արձագանքեց նաև նիստը վարող առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը.
«Ես էլ եմ լիահույս, որ բոլոր պաշտոնյաները հենց այդպես էլ վարվում են և հետայսու վարվելու են»,- ասաց նա։
Տեղեկացնենք, որ նիստը վարում է Արարատ Միրզոյանը, քանի որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն արձակուրդում է։
Մեկնաբանել