
7500 եվրոյին համարժեք դրամ՝ ՄԻԵԴ-ում պարտված 2 գործերի փոխհատուցման համար
Կառավարության այսօրվա նիստում ընդունվեց երկու որոշում, որով կառավարությունը պահուստային ֆոնդից պետք է գումար տրամադրի արդարադատության նախարարությանը՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) պարտված գործերի փոխհատուցման համար։ Հարցերը չզեկուցվող էին։
Առաջին գործը «Այվազյանն ընդդեմ Հայաստանի» գործն է (թիվ 46245/08 գանգատ), որոշման նախագծում նշվում է, որ 2018 թվականի հոկտեմբերի 18-ի վճռի պահանջները կատարելու նպատակով 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված պահուստային ֆոնդի հաշվին արդարադատության նախարարությանը 2018 թվականի չորրորդ եռամսյակում հատկացնել 4 500 եվրոյին համարժեք դրամ` վճռով սահմանված արդարացի հատուցման համար:
Այս գործը 2008 թվականի Մարտի 1-2-ի դեպքերին է առնչվում։ Ըստ գործի նկարագրության՝ դիմումատուն 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո ցույցերի ժամանակ եղել է Ազատության հրապարակում, ձերբակալվել է և ավելի ուշ դատապարտվել Քրեական օրենսգրքի (ՔՕ) 316-րդ հոդվածի 1-ին մասով՝ ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով։ Գործի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։
Հաջորդ՝ «Հովհաննիսյանն ընդդեմ Հայաստանի» գործով (թիվ 18419/13 գանգատ), ըստ որոշման նախագծի՝ 2018 թվականի հուլիսի 19-ի ՄԻԵԴ-ի վճռի պահանջները կատարելու նպատակով պահուստային ֆոնդի հաշվից արդարադատության նախարարությանը 2018 թվականի չորրորդ եռամսյակում հատկացնել 3000 եվրոյին համարժեք դրամ` վճռով սահմանված արդարացի հատուցման համար:
Գործի նկարագրության մեջ նշվում է, որ դիմումատուն Հայաստանի «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի նախկին տեղակալն է։ 2007 թվականի սեպտեմբերի 4-ին Երևան քաղաքի դատախազությունը որոշել է քրեական գործով վարույթ հարուցել դիմուտուի նկատմամբ՝ վերոնշյալ քրեակատարողական հիմնարկի դատապարտյալի կողմից ներկայացված դիմումի հիման վրա։ Ըստ դատապարտյալի՝ դիմումատուն և քրեակատարողական հիմնարկի երկու այլ ծառայողներ իրեն ծեծել են ռետինե մահակներով։ Գործի մանրամասները կարող եք կարդալ այստեղ։
Մեկնաբանել