HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Կողմ, դեմ կամ կամավոր. կուտակայինը՝ քաղաքական ուժերի ծրագրերում

Նախընտրական շրջանում քաղաքական ուժերը տարբեր մոտեցումներ են առաջարկում եկամտային հարկի ու պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ։

Դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերում տնտեսության զարգացման վերաբերյալ դրույթներից ամենաշատ քննարկվողներից է եկամտային հարկի թեման։ Ինչպես արդեն գրել ենք մեր նախորդ հոդվածներում, ուժերի մի մեծ մասը կողմ է եկամտային հարկի համահարթեցմանը՝ միասնական դրույքաչափին։ Համահարթեցում է նախատեսված նաև «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով։

Միասնական դրույքաչափին կտրուկ դեմ է արտահայտվում Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը։ Իսկ, օրինակ, «Իմ քայլը» դաշինքը և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը իրենց ծրագրերում առաջարկում են եկամտային հարկի համահարթեցում և տարիների ընթացքում նվազեցում։

Քաղաքական ուժերի մոտեցումները տարբերվում են նաև կենսաթոշակային համակարգի վերաբերյալ։ Այսօր նախընտրական ծրագրերի տնտեսական դրույթների քննարկմանը պարզ դարձավ, որ ՀՅԴ-ն, առհասարակ, դեմ է այդ համակարգին, «Իմ քայլն» ու «Լուսավոր Հայաստանը» առաջարկում են համակարգի բարելավում, իսկ «Մենք» դաշինքը դեմ է պարտադիր բաղադրիչին։

«Մենք 2005 թվականից առ այսօր դեմ ենք պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին։ Այս համակարգն անարդյունավետ ու ռիսկային է։ Քաղաքական ուժերը փոխել են իրենց դիրքորոշումը։ Ես բացել եմ 2017թ. «Ելք» դաշինքի ծրագիրը, որտեղ գրված է՝ չեղարկել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը։ Եկել ենք, հասել ենք 2018թ., երկուսիԻմ քայլը» դաշինք, «Լուսավոր Հայաստան»,-հեղ.) ծրագրում էլ խոսքը պարտադիր կուտակային համակարգի վերանայման մասին է։ Ըստ էության, ոչինչ չի փոխվելու։ Նույն ռիսկերը մնալու են։

Պետությունը չի երաշխավորում, որ այդ գումարները մենք ստանալու ենք ամբողջ ծավալով,  ու որևիցե մեծության մասին ընդհանրապես խոսք լինել չի կարող։ Բացի դրանից, պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի միջոցով պետական բյուջեից մեծ քանակությամբ գումար դուրս է գալիս, ուղղվում է ֆոնդերի կառավարիչներին։ Հետո այդ նույն ֆոնդերի կառավարիչներից մեր պետությունը պարտքով գումար է վերցնում։ Այս համակարգն իր անարդյունավետությունը ապացուցել է տարբեր երկրներում, որոնք հրաժարվել են դրանից՝ Սլովակիան, Լեհաստանը, Արգենտինան, Ռուսաստանը»,- «Հետք»-ի հարցին ի պատասխան, թե ինչ փոփոխություններ են առաջարկում քաղաքական ուժերը կենսաթոշակային կուտակային համակարգի առնչությամբ՝ հայտարարեց  ՀՅԴ անդամ, պատգամավորի թեկնածու Սուրեն Պարսյանը։

Ըստ նրա, 2018թ. հունիսին, երբ կառավարությունը օրենքի նախագիծ ներկայացրեց և կուտակային համակարգում պետության և քաղաքացու մասնակցությունները հաստատեց 7.5 %-ի և 2.5 %-ի չափերով, հարցը միայն ժամանակավորապես լուծվեց. «Խոսք տրվեց, որ երկու ամսվա ընթացքում բերվելու է բարեփոխումների փաթեթ։ Առ այսօր այդ փաթեթը չկա»։

«Իմ քայլը» դաշինքը ծրագրել է բարեփոխումներ իրականացնել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգում։

«Կառավարության մեծագույն սխալներից մեկը կլինի՝ հրաժարվել կուտակային կենսաթոշակային համակարգից, որովհետև այլընտրանք, պարզապես, չկա։ Մեր հասարակությունը ծերացող հասարակություն է, և երբ աշխատող մարդկանց թվի ու թոշակառուների թվի հարաբերակցությունը գնալով փոխվում է ի վնաս աշխատողների, ապա՝ մարդկանց նորմալ կենսաթոշակ ապահովելու միակ այլընտրանքը մնում է հարկերի բարձրացումը, ինչը ցանկալի չէ։ Ֆոնդերում հավաքագրվող գումարները ներդրվում են տարբեր միջոցների մեջ և փոփոխություններից ամենաէականն այն է, որ պետք է պայմաններ ստեղծվեն, որ այդ միջոցները հնարավորինս շատ ներդրվեն Հայաստանում և հայկական ընկերությունների մեջ։ Իսկ դրա համար հարկավոր է այստեղ նախադրյալներ ստեղծելարժեթղթերի շուկան արմատավորել»,- նշեց տնտեսական մեկնաբան, «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու Բաբկեն Թունյանը։

Համակարգի բարելավում է խոստանում նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը։ «Շարունակում ենք պնդել, որ մշտապես պետք է աշխատել համակարգը կատարելագործելու ուղղությամբ։ Եվ այնքան ժամանակ, քանի դեռ հանրության մեջ կա հատված, որոնք մտահոգություններ ունեն առանձին հարցերի շուրջ։ Եվ առանձին քննարկումների արդյունքում պետք է փորձել գտնել դրանց լուծումները։ Բացարձակապես չեմ կիսում արտահայտությունը, որ այս պրոեկտը Կենտրոնական բանկինն է, որի նպատակն է փողերը Հայաստանից դուրս հանելը։ Գումարները կառավարում են միջազգային ճանաչում ունեցող կառավարիչներ։ Երկարաժամկետ տնտեսական զարգացման ծրագրերում, անպայման, պետք է նախատեսել այնպիսի ծրագրեր, որ այդ գումարներն ուղղվեն մեր տնտեսություն, որպեսզի նպաստեն նաև մեր երկարաժամկետ տնտեսական աճին»,- ասաց ԼՀԿ թեկնածու Արկադի Խաչատրյանը։

Իսկ «Մենք» դաշինքն, ինչպես նշեցինք, կողմ է կուտակային կենսաթոշակային համակարգը կամավոր դարձնելուն։ Ըստ դաշինքը ներկայացնող Արայիկ Այվազյանի՝ պետք է քաղաքացիները իրենց կամքով ընտրեն այս համակարգը, և ոչ թե՝ ստիպողաբար։ «Մենք» դաշինքի անդամ «Հանրապետություն» կուսակցությունը, որը եղել է նաև «Ելք» դաշինքի անդամ, շարունակում է մնալ նույն կարծիքին՝ դեմ ենք կուտակայինի պարտադիր բաղադրիչին։ Մենք վստահում ենք ներկայիս իշխանությանը։ Բայց, եթե այս համակարգը լավն է, եկեք ժողովրդին ճիշտը ներկայացնենք, վստահեցնենք, որ սա արժե ընդունել, բայց՝ լինի կամավոր»,- ասաց Ա. Այվազյանը։  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter