Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը նոր երևան եկած հանգամանքով վերաքննիչ բողոք է ներկայացրել
Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը նոր երևան եկած հանգամանքի հիմքով նոր վերաքննիչ բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարան: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ալումյանը՝ նշելով, որ նոր երևան եկած հանգամանքն ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի միջև հեռախոսային խոսակցությունների ձայնագրություններն են:
Ըստ Ալումյանի՝ այս ձայնագրությունից պարզ է դառնում, որ առաջին ատյանի դատարանը Քոչարյանի կալանքի որոշումը կայացրել է որոշակի ճնշումների ազդեցության ներքո: Ըստ Ալումյանի՝ միջնորդությունը ներկայացվել է ոչ թե նրա համար, որպեսզի կանխվի անձի փախուստը, քննությանը խոչընդոտելը, այլ այն նպատակով, որ անձանց ստիպեն ցուցմունքներ տալ:
Լրագրողներից մեկը դիտարկեց, թե ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցությունն ապօրինի է արվել, և հարց ուղղվեց, թե արդյոք չի ստացվում, որ նա ապօրինի ապացույցի հիման վրա բողոք է ներկայացրել դատարան: Ի պատասխան՝ Ալումյանը նշեց, որ դա այդպես չէ, դեռևս չկա դատավճիռ, որից կարելի է հետևություն անել, որ գաղտնալսումն ապօրինի է ձայնագրվել:
Ալումյանը նշեց, որ Վճռաբեկ դատարանը իրավական դիրքորոշում է հայտնել, որ անձանց չի կարելի ապօրինի գաղտնալսել, և դա բխում է անձնական կյանքի անձեռնմխելիության սկզբունքից, բայց երբ խոսում են պետական երկու պաշտոնատար անձինք ու քննարկում մասնագիտական խնդիրների հետ կապված հարցեր, դա անձնական կյանքի հետ կապ չունի և չի պաշտպանվում որևէ նորմով, որով անձնական կյանքի անձեռնմխելիությունը պաշտպանվում է:
Ալումյանը նշեց, որ քրեական գործում քննիչի կողմից ապօրինի ներկայացված ապացույց կա, սակայն երբ իրենք միջնորդել են, որ այդ ապացույցը չօգտագործվի խափանման միջոցի հարցը քննարկելիս, դատարանը հայտարարել է, որ կալանքի հետ կապված հարցեր քննարկելիս դատարանը չի քննարկում այս կամ այն ապացույցի թույլատրելիության հարցը, որ այդ հանգամանքը քննարկման առարկա կդառնա, երբ գործն ըստ էության կքննվի դատարանում: Խոսքը թիվ 0038 գաղտնի հրամանի մասին է, որն իր որոշակի առանձնահատկություններից ելնելով, ըստ Ալումյանի, ապօրինի ապացույց է, իսկ թե ինչու, Ալումյանն այս պահին չմանրամասնեց:
Ըստ պաշտպանի, որպեսզի Քոչարյանին կալանավորեն, նախ պետք է ապացուցվի, նա այս գործով չպետք է օգտվի անձեռնմխելիության իրավունքից, պետք է քննարկվի՝ արդյոք առկա է հիմնավոր կասկած, որ Քոչարյանը կատարել է այն ամենն, ինչն իրեն մեղսագրվել է: Սակայն հիմնավոր կասկածը ևս բավարար չէ նրան կալանավորելու համար Ալումյանի խոսքով՝ պետք է ապացուցվի նաև, որ Քոչարյանն ազատության մեջ մնալու դեպքում, հնարավոր է, թաքնվի քննությունից և խոչընդոտի նախաքննությանը:
Հարցին, թե արդյոք Քոչարյանը պատրաստվում է որևէ հայտարարությամբ հանդես գալ, Ալումյանը պատասխանեց, որ այսօր կհասցնի, թե չէ՝ չգիտի, բայց նա ևս ասելիք ունի:
Մամուլում տեղեկություններ են հրապարակվել, որ Քոչարյանը դեկտեմբերի 1-ին կկալանավորվի: Հարցին՝ արդյոք պաշտպանը նման տեղեկատվություն ունի, Ալումյանը պատասխանեց, որ ինքը ևս ծանոթ է այդ հրապարակմանը, դատարանում այդ հարցը հայտարարության տեսքով բարձրացրել է: Պաշտպանը նկատեց, որ գործի քննության ընթացքում առայժմ այդպիսի երկու հրապարակում է եղել, որոնցից երկուսն էլ հաստատվել են:
Ալումյանն ընդգծեց, որ վերջին շրջանում դատարանների նկատմամբ ճնշումներն ակնհայտ են ու աննախադեպ: «Չի կարելի մարդկանց մոտ դատավորների նկատմամբ թշնամանք առաջացնել»,- ասաց փաստաբանն՝ օրինակ բերելով վարչապետի հրապարակային հայտարարությունները:
«Ես շատ ուրախ եմ, որ մեր վարչապետը ունի մեծ հեղինակություն, բայց երբ բնակչության գերակշիռ մասն իրեն հավատում է, դատական համակարգին կամ կոնկրետ դատավորներին պիտակավորելը շատ վտանագավոր հետևանքներ կարող է առաջացնել»,- ասաց Ալումյանը:
Ինչպես հայտնի է, Քոչարյանն արդեն տևական ժամանակ ազատության մեջ է: Դիտակմանը, որ հասարակությանը հայտնի չեն դարձել ազատության մեջ գտնվելու ընթացքում Քոչարյանի կողմից քննության ընթացքին խոչընդոտելու կամ քննությունից խուսափելու տվյալներ, արդյոք այդ հանգամանքը կարո՞ղ է խափանման միջոցի ընտրության հարցում էական նշանակություն ունենալ այս պահին, Ալումյանը պատասխանեց, որ այդ հարցին անգամ Վճռաբեկ դատարանը չի կարողանում պատասխանել:
«Վճռաբեկ դատարանը մի որոշում ունի, որ երբ վերադաս ատյաններում քննվում է կալանավորման հարցի վերաբերյալ բողոքը, դատարանները չեն կարող անդրադառնալ որևէ այլ հարցի, քան այն փաստերին, որոնք առաջին ատյանի դատարանում քննվել են: Այսինքն՝ վերադաս դատարաններն ընդամենը գնահատական են տալիս՝ այդ օրվա դրությամբ փաստերի հիման վրա դատարանը ճիշտ որոշում է կայացրել, թե՞ ոչ»,- ասաց փաստաբանը:
Բայց մյուս կողմից, ըստ Ալումյանի, եթե քննվում է անձին ազատությունից զրկելու հարց, դրան նախորդող ժամանակահատվածում նրա դրսևորած վարքագիծը չի կարող կապ չունենալ քննարկվող հարցի հետ: Այստեղ, ըստ փաստաբանի, իրավաբանական առումով հակասություն է առաջանում: Իրենք՝ փաստաբանները, այսօր դատարանից փորձել են ճշտել՝ արդյոք այս հարցը քննարկվել է, թե ոչ, և դատարանը, փաստաբանի խոսքով, իրենց հարցին չի չպատասխանել:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել