HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

Հինգ ամիս անց Արայիկ Հարությունյանը պատասխանել է ընթերցողների հարցերին և առաջարկներին

Կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը պատասխանել է «Առաջարկ նախարարին» նախագծի շրջանակներում «Հետք»-ի ընթերցողների՝ իրեն ուղղված հարցերին և առաջարկներին։

Նախագծի նպատակը ընթերցողներին հարցաթերթի միջոցով հնարավորություն տալն էր նորանշանակ նախարարներին ներկայացնել այն հարցը/հարցերը, որոնք, իրենց կարծիքով, առաջնահերթ լուծման կարիք ունեն։

Ա. Հարությունյանին ուղղվեցին ամենաշատ հարցերն ու առաջարկները, որոնք էլ նախարարություն ուղարկեցինք դեռևս հունիս ամսին։

Այն ժամանակ մեզ զանգահարեց Ա. Հարությունյանի օգնական Անի Առստամյանը և տեղեկացրեց, որ պատասխանելու համար երկար ժամանակ կպահանջվի։ Ավելի ուշ նախարարի պաշտոնակատարն ինքը գրավոր պատասխանով տեղեկացրեց, որ իրեն հազարավոր մարդիկ են դիմումներ գրում և դրանց պետք է պատասխանի հաջորդաբար։ Ամիսներ անց նույն աշխատակիցը մեզ փոխանցեց, թե Ա. Հարությունյանը չի պատասխանելու ժամանակի սղության պատճառով (թեև արդեն հինգ ամիս էր անցել)։

Մենք դիմեցինք նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչություն՝ գրավոր պարզաբանման համար։ Ավելի ուշ նախարարի մամուլի քարտուղար Լուսինե Մարգարյանը լրացուցիչ ժամանակ խնդրեց պատասխանելու գործընթացը կազմակերպելու համար։

Ներողություն ենք խնդրում ընթերցողներից պատասխանները այսքան ուշ հրապարկելու համար։ Մեզ համար կարևոր է ստանալ ձեր արձագանքը՝ արդյոք ձեզ բավարարում են նախարարի պաշտոնակատար Ա. Հարությունյանի պատասխանները, թե ոչ։


Ընթերցող. Խնդրում եմ պակասեցնել աշակերտների թվաքանակը դասարանում, քանի որ անհնար է 45 րոպեում որակյալ կրթություն ապահովել 35-36 հոգու համար: Ուսուցիչների սոցիալական վիճակը բարելավելու, միառժամանակ կրթության որակը բարձրացնելու համար հնարավոր չէ՞ այնպես անել, որ դասարաններում երեխաների քանակը սահմանափակվի 15-20-ով: Հիմա շատ դասարաններում 20-ից ավել երեխաներ են, հետևաբար պարզ է՝ կրթության որակը ցածր կլինի, իսկ երեխաների քանակը սահմանափակելով՝ կստեղծվեն նոր դասարաններ, ինչը կավելացնի դասատուի դասաժամերը, նաև՝ աշխատավարձը, իսկ կրթության որակն անկասկած ավելի լավը կլինի: Կխնդրեի այս հարցին ուշադրություն դարձնել. մեկ քայլով  դպրոցի երկու կարևորագույն, հիմնական խնդիր կլուծեք:

Արայիկ Հարությունյան. Հանրակրթական դպրոցի դասարանի սովորողների թվաքանակը սահմանված է ՀՀ կառավարության 2018 թվականի օգոստոսի 30-ի N 954-Ն որոշմամբ հաստատված «ՀՀ հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատության դասարանների կազմավորման կարգում»: Առաջարկությունը նախկինում բազմիցս քննարկվել է ՀՀ կրթության և գիտության նախարարությունում: Հանրակրթական դպրոցի դասարանների սովորողների թվաքանակի նվազեցումն առաջացնում է ֆինանսական էական միջոցների անհրաժեշտություն, որը նախատեսված չէ ՀՀ պետական բյուջեի՝ կրթության ոլորտի համար առանձնացված հատկացումներով:

Ընթերցող. Հարգելի պարոն Հարությունյան, ինձ ամենաշատը մեր կրթական համակարգն է անհանգստացնում: Ես` ապագա ուսանողս, ցանկանում եմ Ձեզ դիմել մի մեծ խնդրանքով` միասնական քննությունների վերաբերյալ: Միասնական քննությունները, կոպիտ ասած, «կոռուպցիայի բույն» են, և ես ու իմ հասակակիցները չենք պատրաստվում կաշառակեր դասախոսների կազմած հաստափոր շտեմարանները անգիր անել՝ արդյունքում ոչինչ չսովորելով: Ցանկալի կլիներ, որ միասնական քննությունները փոխարինվեին ավելի արդյունավետ մի ծրագրով, երբ ապագա ուսանողը քննությանը պատրաստվելիս հաստափոր գրքեր անգիր չի անի, այլ կսովորի, կկրկնի այն, ինչ իրեն պետք է: Ես այլ քննական ծրագրերը պատկերացնում եմ TOEFL-ի, SAT-ի կամ IELTS-ի մոդելով: Շնորհակալություն ուշադրության համար: Հուսամ՝ խնդրանքս տեղ կհասնի:

Արայիկ Հարությունյան. Ներկայումս լրամշակման և վերանայման փուլում է «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումների շրջանակներում վերանայվում և հստակեցվում են բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության պայմանները:

Ընթերցող. Ես կառաջարկեի անվերապահորեն կրճատել ուսման 12 տարին՝ սահմանափակվելով գոնե 11 տարով: Փոխարենը ուշադրություն դարձնել ուսումնական ծրագրերի տրամաբանական կապին՝ սկսած 1-ին դասարանից մինչև ավարտական դասարան: Պարոն նախարար, սովորողի համար լավագույն ուսուցիչը լավ մշակված դասագիրքն է: Ուստի թախանձագին խնդրում եմ ձեզ, օգտագործեք ձեր ներուժը՝ մեր երեխաներին լավագույն դասագրքերով ապահովելու համար, որի պարագայում մեր երեխաները ունակ են հրաշքներ գործելու թե գիտության, թե համաշխարհային զարգացման ամենատարբեր ոլորտներում: Պետք է ընդունենք, որ հիմնարար գիտելիք դպրոցը պիտի տա, որի հիմքերը միշտ ամուր պիտի պահենք:

Ա. Հարությունյան. Համաձայն «Կրթության մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 7-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետությունում տասներկուամյա միջնակարգ կամ նախնական (արհեստագործական) մասնագիտական կամ միջին մասնագիտական կրթությունը պարտադիր է: Ինչ  վերաբերում է «լավ մշակված» դասագրքերին, տեղեկացնում եմ, որ Կրթության և գիտության նախարարությունում քննարկվում է դասագրքերի կազմման և հրատարակման նոր մեխանիզմներ ներդնելու հարցը:

Ընթերցող. «Հայոց եկեղեցու պատմություն» և «Շախմատ» առարկաները կառաջարկեի դարձնել ազատ ընտրովի առարկաներ:

Ա. Հարությունյան. «Հայոց եկեղեցու պատմություն» և «Շախմատ» առարկաները «ազատ ընտրովի» դարձնելու վերաբերյալ առաջարկը, ըստ անհրաժեշտության, կքննարկվի «Հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների օրինակելի ուսումնական պլանները» և դրանցով սահմանված պարտադիր առարկայացանկը լրամշակելու գործընթացում: Հարկ եմ համարում նշել, որ ներկայումս նման օրակարգային հարց ՀՀ ԿԳՆ-ում առկա չէ:

Ընթերցող. Առաջարկում եմ ստեղծել թրեյնինգ կենտրոններ՝ գործազուրկների համար, որպեսզի նրանք կարողանան վերապատրաստվել կամ նոր, ժամանակակից մասնագիտություն ստանալ:

Ա. Հարությունյան. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համատեղ իրականացնում են գործազուրկների և աշխատանքից ազատման ռիսկ ունեցող աշխատանք փնտրող անձանց վերապատրաստման դասընթացներ: Միաժամանակ հայտնում եմ, որ ԿԳՆ ենթակայության նախնական /արհեստագործական/ և միջին մասնագիտական ինչպես նաև բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից իրականացվում են տարբեր մասնագիտության լրացուցիչ կրթական ծրագրեր, որոնք հնարավորություն են տալիս, ձեռք բերելով կամ համալրելով իրենց գիտելիքները, կարողություններն  ու հմտությունները, մուտք գործել աշխատաշուկա և լինել մրցունակ: Տեղեկացնում եմ նաև, որ ԿԳՆ կողմից ներդրված համակարգում գործում են ոչ միայն պետական ուսումնական հաստատություններ, այլ մասնավոր կազմակերպություններ, որոնց կողմից իրականացվող ծրագրերը, համապատասխան փորձագետների կողմից փորձաքննություն անցնելով, երաշխավորվում են Կրթության և գիտության նախարարության կողմից՝ կրթության որակն ապահովելու նպատակով:

Ընթերցող. Անվճար ուսում պետք է նախատեսված լինի կարիքավորների և ոչ թե բարձր առաջադիմություն ունեցողների համար:

Ա. Հարությունյան. Ներկայումս քննարկվում է ՀՀ բարձրագույն կրթության մասին օրենքի նոր նախագիծը, որտեղ ամարգրվում են բարձրագույն կրթություն ստանալու սոցիալական երաշխիքները:

Ընթերցող. Առաջարկում եմ կետային պայքարից անցնել համակարգային պայքարի, թե չէ մի դպրոց գնալով, ուրիշ համալսարան գնալով՝ ոչ մի հարց չի լուծվում, և համակարգային պայքարի անցնելիս հաշվի առնել արդեն գոյություն ունեցող համակարգերը։

Ա. Հարությունյան. Այժմ մշակվում են կրթության զարգացման ռազմավարական փաստաթղթեր, որոնք նպատակ ունեն ապահովել համակարգային զարգացում և այդ համատեքստում քննարկվում և դիտարկվում են տարբեր մոտեցումներ և առաջարկներ: Բոլոր նախագծերը ներկայացվում են հանրային քննարկման` նպատակ ունենալով հաշվի առնել հիմնավոր առաջարկությունները: Ընթերցողը կարող է հետևել քննարկումներին և ներկայացնել կոնկրետ առաջարկներ` առանձին նախագծերի վերաբերյալ:

Ընթերցող. Հարգարժան նախարար, առաջարկում եմ վերանայել ուսուցիչներին տրվող որակավորման տարակարգի բնութագրիչները և կարգը։ Որքանո՞վ է ճիշտ, որ տարակարգը տրվում է 5 տարի ժամանակով․ ուսուցիչը իր մասնագիտական կարողությունների, լավագույն աշխատանքի և այլնի համար ստանում է առաջին տարակարգ, 5 տարի հետո նորից պետք է ստանա առաջին տարակարգ։

Ա. Հարությունյան. Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի որակավորման տարակարգի բնութագրիչները և որակավորման տարակարգերի շնորհման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը հաստատված է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2013 թվականի օգոստոսի 15-ի  N 1031-Ն հրամանով:

Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի որակավորման տարակարգը քառաստիճան է և «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 38-րդ կետի համաձայն՝  տրվում է 5 տարի ժամկետով: Տարակարգ ստանալուց հետո ուսուցչին հնարավորություն է տրվում առաջիկա տարիների ընթացքում, մինչև տվյալ աստիճանի տարակարգ ստանալու 5 տարին լրանալը, ևս մեկ աստիճանով բարձրացնել որակավորման տարակարգը: 5 տարի հետո կրկին որակավորման առաջին աստիճանի տարակարգ ստանում է այն ուսուցիչը, որը նախորդ 5 տարիների ընթացքում քայլեր չի նախաձեռնել իր որակավորման տարակարգը ևս մեկ աստիճանով բարձրացնելու ուղղությամբ:

Ընթերցող. Խնդրում եմ հիմնովին վերանայել ուսուցչի որակավորման տարակարգի բնութագրիչները: Ունենալով վերապատրաստման վկայական և լինելով յոթ գիտական հոդվածի հեղինակ (որից երեքը՝ վերջին երեք տարում հրատարակված)՝ ոչ մի կերպ չեմ կարողանում ստանալ առաջին կարգի տարակարգ այն պատճառով, որ աշխատանքի եմ անցել այլ դպրոցում և պետք է նորից վերապատրաստվեմ` արդեն այս ուս. հաստատությունից (գործող օրենքի համաձայն՝ պետք է սպասեմ առնվազն ևս երկու տարի): Ստացվում է, որ օրենքը ետին պլան է թողնում ուսուցչի մասնագիտական կարողությունների ու հմտությունների գնահատումը և առաջնորդվում է տեխնիկական բնույթի ինչ-որ չափանիշներով:

Ա. Հարությունյան. Հանրակրթական ուսումնական հաստատությունից մեկ այլ հանրակրթական ուսումնական հաստատություն տեղափոխվելու դեպքում՝ որակավորման տարակարգ ստանալու կամ վերականգնելու  համար վերապատրաստվելու անհրաժեշտություն չկա, եթե ուսուցչի վերջին վերապատրաստման 5 տարին չի լրացել:

Գործող օրենքի համաձայն՝ ուսուցչի ատեստավորումն իրականացվում է տվյալ ուսումնական հաստատությունում զբաղեցրած պաշտոնի նկարագրին ուսուցչի համապատասխանության որոշման նպատակով: Ուսումնական հաստատությունից այլ ուսումնական հաստատություն տեղափոխվող ուսուցչի որակավորման տարակարգը պահպանվում է, եթե վերջինս տվյալ ուսումնական հաստատությունում ատեստավորումից հետո ճանաչվել է զբաղեցրած պաշտոնին համապատասխանող:  Ատեստավորման ենթակա չէ տվյալ պաշտոնը մեկ տարուց պակաս ժամկետով զբաղեցնող ուսուցիչը: Հետևաբար, նոր ուսումնական հաստատությունում 1 ուսումնական տարի աշխատելուց հետո ուսուցիչը կարող է ատեստավորվել և դիմել որակավորման տարակարգ ստանալու համար:

Ընթերցող. Բարեւ Ձեզ, յարգելի պարոն նախարար: Ինձ կը հետաքրքրէր իմանալ եթէ ԿԳՆ-ն որեւէ մտադրութիւն կարող է ունենալ Հայաստանում աւանդական ուղղագրութեան, Գրաբարի, եւ/կամ Արեւմտահայերէնի կանոնաւոր ուսուցումը ներդնելու մասին: Եթէ նման առաջարկի վերաբերեալ աւելին լսելու կամ քննարկելու ցանկութիւն կը ցուցաբերէր ԿԳՆ-ն, ինքս սիրով կը մասնկացէի այդպիսի գաղափարի յառաջ մղման գործընթացին:

Ա. Հարությունյան. Հայաստանի Հանրապետության լեզվական քաղաքականության հիմնադրույթներից է հայերենի ուղղագրության միասնականացումը:  Այն պարբերաբար քննարկման առարկա է դարձել տարբեր գիտաժողովներում և համաժողովներում, սակայն միասնական դիրքորոշում չի եղել: Ուղղագրության միասնականացումը ժամանակատար գործընթաց է, քանի որ այն, բացի լեզվական հարց լինելուց, նաև քաղաքական և տնտեսական բնույթ ունի:   Ինչ վերաբերում է գրաբարի և (կամ) արևմտահայերենի ուսուցմանը, ապա Հայաստանի Հանրապետությունը այս ուղղությամբ քայլեր է ձեռնարկում: Գրաբարը դեռևս խորհրդային հասարակարգից որպես առարկա է ուսուցանվում բուհական համակարգում:

Ավագ դպրոցի խորացված ուսուցմամբ հոսքերի համար 2016-2017 ուստարվանից հանրակրթական ծրագրով երաշխավորված առարկաների ցանկում ընդգրկվել է նաև արևմտահայերենը (10-րդ  կամ 11-րդ դասարան). փորձնական ուսուցում է իրականացվել մի քանի դպրոցում (2018-2019 ուստարվա ծրագրով ևս նախատեսվում է):

Արևմտահայերենը, որպես առարկա, դասավանդվում է նաև Երևանի պետական համալսարանի հայ բանասիրության, Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի, Արցախի պետական համալսարանի և բարձրագույն  ուսումնական այլ հաստատությունների բանասիրական ֆակուլտետներում, իսկ Հայ բարեգործական ընդհանուր միության վիրտուալ համալսարանում այն նաև ուսուցման լեզու է:

Ստեղծվել են արևմտահայերենի երկու այբբենարան և երկու ընթերցարան, «Արևմտահայերենից արևելահայերեն և հակառակը» փոխարկիչ ծրագիր, «Արևմտահայերեն-արևելահայերեն բառարան» (հեղինակ՝ Ռ. Սաքապետոյան), հրատարակվել են հետազոտություններ:

Արևմտահայերենի ուսումնասիրման և տարածման հարցերով զբաղվում են նաև այլ կառույցներ` ԳԱԱ Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը,  Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի «Սփյուռք» գիտակրթական կենտրոնը, ՀՀ սփյուռքի նախարարությունը («Արի տուն» և «Քայլ դեպի տուն» ծրագրերով նախատեսվում է արևմտահայերենի կամ արևելահայերենի կամընտիր  ուսուցում, «Հայերն այսօր» կայքը նաև արևմտահայերեն տարբերակով է):

Անշուշտ, ուղղագրության միասնականացման, ինչպես նաև գրաբարի և (կամ) արևմտահայերենի պաշտպանության և գործառության ուղղությամբ արվածը բավարար չէ. անելիք դեռ շատ կա: ՀՀ լեզվական քաղաքականության պետական ծրագրում նախատեսվում են նաև արևմտահայերենին առնչվող միջոցառումներ:  

Ընթերցող. Հարգելի պարոն նախարար, հաշվի առնելով այն հանգամանքը, որ մարզերում գտնվող բազմաթիվ համայնքներ խոշորացվել են, և լուրջ խնդիր է գյուղական համայնքից քաղաք հասնելը, կարծում եմ` պետք է լուծումներ փնտրել գյուղական համայնքներից դպրոցական համապատասխան կահավորում ունեցող ավտոբուսներով երեխաների անվտանգ և ապահով տեղաշարժը դեպի ավագ դպրոցներ կազմակերպելը:

Oրինակ՝ Դիլիջան քաղաքը հանդիսանում է խոշորացված համայնք, որի կազմում են ընդգրկվել Թեղուտ, Հովք, Գոշ և մի շարք այլ գյուղական բնակավայրեր, և այդ բնակավայրերում բնակվող ընտանիքների երեխաները հանրակրթական դպրոցները ավարտելուց հետո պետք է շարունակեն իրենց հետագա կրթությունը ավագ դպրոցներում:

Ա. Հարությունյան. Համայնքների խոշորացումը որևէ անդրադարձ չի ունեցել դպրոցների գործունեության և կարգավիճակի վրա:

Ընթերցող. Շատ կարևոր խնդիր եմ համարում հանրակրթական դպրոցների կապիտալ կամ ընթացիկ վերանորոգման նպատակով պետբյուջեից հատկացվող միջոցների նպատակային և հետևողական ծախսման գործընթացների վերահսկողությունը և հաշվետվողականությունը: Ընդ որում, առաջարկում եմ, որ դպրոցների ջեռուցման և էլեկտրաէներգիայի մատակարարման խնդրի լուծման նպատակով կիրառվեն էլեկտրաէներգիայի ստացման այլընտրանքային տարբերակներ, մասնավորապես՝ արեգակնային և բիովառելիքի միջոցով ստացվող ջեռուցման աղբյուրներ: Հաջորդ խնդիրը, որին կցանկանայի անդրադառնալ, դպրոցական գույքի և սարքավորումների մատակարարման մրցույթներին մասնակցող կազմակերպությունների նկատմամբ որակի խիստ չափորոշիչների սահմանումը և դրանց պահպանման նկատմամբ վերահսկողության իրականացումն է:

Ա. Հարությունյան. Հանրակրթական դպրոցների հիմնանորոգման կամ ընթացիկ նորոգման նպատակով պետական բյուջեից հատկացվող միջոցների նպատակային և հետևողական ծախսման գործընթացների վերահսկողությունը և հաշվետվողականությունը իրականացվում է Հայաստանի Հանրապետության 2017 թվականի մայիսի 4-ի «Գնումների գործընթացի կազմակերպման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջներով, իսկ վերջնական ավարտը ընդունվում է Հայաստանի Հանրապետության 2015 թվականի մարտի 15-ի «Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 596-Ն որոշմամբ հաստատված կարգով:

- Դպրոցների էլեկտրաէներգիայի ստացման այլընտրանքային տարբերակները, մասնավորապես՝ արեգակնային էներգիայի կիրառումը խրախուսվում է Կրթության և գիտության նախարարության կողմից և ներկայումս քննարկման փուլում է որոշ խմբաքանակով արեգակնային էներգիայով կայաններ դպրոցներում մոնտաժելու առանձին ծրագիր:

Դպրոցական գույքի և սարքավորումների մատակարարման մրցույթներին մասնակցող կազմակերպությունների նկատմամբ որակի խիստ չափորոշիչների սահմանումը և դրանց պահպանման նկատմամբ վերահսկողությունը իրականացվում է «Գնումների մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության 2017 թվականի մայիսի 4-ի «Գնումների գործընթացի կազմակերպման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջներով:

Ընթերցող. Առաջարկում եմ դպրոցական գրադարանային ֆոնդի թարմացում կամ որպես այլընտրանքային տարբերակ՝ մեկ միասնական էլեկտրոնային դպրոցական գրադարանային շտեմարանային համակարգի ստեղծում և գործարկում, որը հնարավորություն կտա հանրակրթական և ավագ դպրոցի աշակերտներին թե դպրոցում, թե տնից համացանցի միջոցով օգտվել ցանկացած դպրոցական դասագրքից:

Ա. Հարությունյան. «Հայկական կրթական միջավայրում» (https://armedu.am/) 2012 թվականից գործում է «Պաշարների շտեմարանը» (http://lib.armedu.am/)։ Այն միասնական տարածք է, որում տեղադրվում և ըստ բնագավառների ու կրթական աստիճանների դասակարգվում են կրթական փաստաթղթեր, ուսումնամեթոդական էլեկտրոնային պաշարներ: 2018թ. նոյեմբերի 20-ի դրությամբ «Պաշարների շտեմարան»-ն ընդգրկում է շուրջ 8500 էլեկտրոնային կրթական պաշար, որոնցից 280-ը դասագրքերի էլեկտրոնային տարբերակներ են և տեղադրված են կայքի «Դասագրքեր» բաժնում (ըստ հետևյալ ենթաբաժինների՝ Հիմնական դպրոցի դասագրքեր, Ավագ դպրոցի դասագրքեր, Ազգային փոքրամասնությունների դասագրքեր և Փորձարկվող դասագրքեր)։

Վերջին տեղադրված դասագրքերը 2015-2016 ուսումնական տարվա գործող դասագրքերն են, որոնք ԿՏԱԿ-ին փոխանցել են Դասագրքերի և ՏՀՏ շրջանառու հիմնադրամը և ԿԳՆ հանրակրթության վարչությունը։ «Պաշարների շտեմարանի» նյութերն ազատ են դիտման և բեռնման համար։ Կայքում աշխատելը լրացուցիչ հմտություններ չի պահանջում. կա կայքի քարտեզ, հաճախ տրվող հարցերի էջ, պարզ և ընդլայնված որոնման համակարգեր, ինչպես նաև՝ ըստ ամսաթվի, հեղինակի, վերնագրի դասավորման հնարավորություններ:

Ընթերցող. Պարոն նախարար, ցմահ դատապարտյալների մեջ կան մարդիկ, ովքեր և ստեղծագործում են, և ուսանում համալսարաններում։ Կրթության հարցը բավականին բարդ է, մասնավորապես՝ նրանք համացանցից չեն կարողանում օգտվել, որի միջոցով նախ ուսումը պատշաճ կկազմակերպվեր, այնուհետև ընտանիքներին շատ նեղություն չէին տա։ Առաջարկում եմ Ձեզ միջնորդեք, որպեսզի ուսանող ցմահ դատապարտյալները կարողանան սահմանափակ ձևով օգտվել համացանցից, մասնավորապես` օնլայն գրադարաններից և ուսման հետ կապված որոշ կայքերից։

Ա. Հարությունյան. Ազատությունից զրկված անձանց բարձրագույն կրթություն ստանալու իրավունքը հնարավոր է իրականացնել հեռավար (դիստանցիոն) կրթության միջոցով՝  ուղղիչ հիմնարկում համապատասխան նյութատեխնիկական պայմանների (ինտերնետ և հեռահաղորդակցային տեխնոլոգիաներ) ապահովման դեպքում: Միաժամանակ տեղեկացնում եմ, որ հարցը անհրաժեշտ է քննարկել նաև Արդարադատության նախարարության հետ:

Ընթերցողներ.

  • 2017թ. շուրջ 150 ծնողներ նամակ հղեցին այդ ժամանակ ՀՀ կրթության նախարար Լ. Մկրտչյանին՝ պահանջելով վերանայել «Առողջ ապրելակերպ» դասաժամի մատուցումը հանրակրթական դպրոցներում, մասնավորապես՝ դարձնելով այն ավելի արդյունավետ և հասանելի բոլոր դեռահասների համար: Սակայն այդ նամակների մեջ արտահայտված պահանջները մնացին անպատասխան, ավելին, նախարարության տարբեր աշխատակիցներ ճնշում գործադրեցին նախաձեռնությունը համակարգող ծնողների վրա՝ մեղադրելով նրանց կեղծ պահանջ ներկայացնելու համար: Հարգելի պարոն նախարար, խնդրում ենք Ձեր աջակցությունն այս կարևոր նախաձեռնությանն ընթացք տալու հետ կապված, մասնավորապես՝ այս ծնողները դեռևս ակնկալում են հանդիպում նախարարության հետ իրենց երեխաներին վերաբերող այս կարևոր հարցի քննարկման հետ կապված, ինչպես նաև ակնկալում, որ նախարարությունը կվերահսկի առարկայի մատուցումը բոլոր դպրոցներում և հնարավորության դեպքում կվերանայի առարկայի մատուցման ժամաքանակը: «Ծնողներ հանուն երջանիկ երեխաների» նախաձեռնություն:
  • Դեռևս 2017թ. Կրթության ազգային ինստիտուտի և Դեռահասներ առողջության պահպանման կենտրոնի համատեղ ջանքերով վերանայվել են «Առողջ ապրելակերպ» առարկայի երկու ձեռնարկները, որոնք նախատեսված են դասավանդող ուսուցիչների համար և ուժի մեջ կմտնեն 2018թ. ուսումնական տարվանից: Ձեռնարկների բովանդակությունը, մասնավորապես՝ վերարտադրողական առողջության բաժինն ուսումնասիրվել է մի շարք փորձագետների կողմից, որի արդյունքում առաջ են եկել մի շարք մտահոգություններ՝ կապված ձեռնարկների հիմնական մոտեցման հետ, որը և ներկայացվել է ձեռնարկը մշակող կառույցին, մինչդեռ չի ընդունվել՝ որպես առաջարկ։ Հատկանշական է, որ առարկայի դասավանդումը շարունակում է հիմնվել «ժուժկալության» մոտեցման վրա, որը Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից նշվում է որպես անարդյունավետ և ոչ համապարփակ մեթոդ: Առաջարկում ենք վերանայել «Առողջ ապրելակերպ» առարկայի մատուցման գործընթացը, որին «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ի մի շարք աշխատակիցներ և մասնագետներ կարող են օժանդակել: «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ:
  • Հաշվի առնելով երկրում անչափահասների նկատմամբ սեռական բռնության մտահոգիչ ցուցանիշը /պաշտոնական տվյալների համաձայն՝ 2017թ. ընթացքում ընդհանուր դեպքերի մոտ 70%-ը/, ինչպես նաև դեռահասների իրազեկվածության ցածր մակարդակը սեփական մարմնի սահմանների և անձեռնմխելիության մասին, կարևորում ենք համապատասխան դասընթացների անցկացումը տարբեր տարիքային խմբերի երեխաների և անչափահասների հետ: Վերոնշյալ դասընթացները նախընտրելի է կազմակերպել՝ հաշվի առնելով միջազգային և տեղական հասարակական կազմակերպությունների փորձը: «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ

Ա. Հարությունյան. «Առողջ ապրելակերպ» դասընթացը պարտադիր դասընթաց է, որը նախատեսված է 8-11-րդ դասարանների համար, յուրաքանչյուր դասարանում 14-ական ժամաքանակով: Դասընթացն ընդգրկված է Ֆիզիկական կուլտուրա, ՆԶՊ և անվտանգ կենսագործունեություն ուսումնական բնագավառում, որով էլ պայմանավորվել է, հիմնականում, ֆիզիկական կուլտուրայի ուսուցիչների կողմից դասավանդումը: Այս տարի ՅՈՒՆԵՍԿՕ-ի աջակցությամբ ԿԱԻ մասնագետները և «Արաբկիր» բժշկական  համալիրի «Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի» մասնագետները համատեղ վերապատրաստել են Երևան քաղաքի «Առողջ ապրելակերպի» բոլոր ուսուցիչներին:

 Կարծում ենք կարելի է քննարկել առաջարկվող թեման և դրա ընդգրկվածությունը տարբեր տարիքային խմբերի համար նախատեսված կրթական նյութերում: Ներկայումս քննարկվում է առողջ ապրելակերպը ավելի ցածր տարիքից ուսուցանելու հարցը: Նշենք նաև, որ սեռական ոտնձգության և բռնության վերաբերյալ դասեր կան 8-11-րդ դասարանների համար նախատեսված ձեռնարկներում:

Ընթերցող. Կցանկանայի տեղեկացնել, որ Արմավիրի մարզի Երասխահուն գյուղի դպրոցը լուրջ ստուգման կարիք է զգում։ Դպրոցում աշխատում են «մասնագետներ», ովքեր կապ չունեն տվյալ առարկայի հետ, կատարվում են դրամահավաքներ։

Ա. Հարությունյան. ՀՀ կրթության պետական տեսչության պետի 2017 թվականի սեպտեմբերի 26-ի N 79-Ա կարգադրության համաձայն ՀՀ կրթության պետական տեսչության կողմից 2017 թվականի հոկտեմբերի 9-ից մինչև 26-ը ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչությունում իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում պարզվել է, որ ՀՀ Արմավիրի մարզի Երասխահունի Մ. Գևորգյանի անվան միջնակարգ դպրոցի «Աշխարհագրություն», «Ֆիզիկա», «Ռուսաց լեզու» և «Բնագիտություն» առարկաների վեց ուսուցչի (այդ թվում՝ ժամանակավոր, մինչև մրցույթում հաղթող ճանաչվելը) մասնագիտական որակավորման պահանջները չեն համապատասխանում օրենքով սահմանվածին: ՀՀ Արմավիրի մարզպետին տեղեկացվել է ուսումնասիրության արդյունքների մասին և առաջարկվել համապատասխան միջոցներ ձեռնարկել:

Դրամահավաքությունների կոնկրետ փաստերի հետ կապված դիմումները վերահասցեագրվում են ոստիկանություն, իսկ որպես կանխարգելիչ միջոցառում ՀՀ կրթության տեսչական մարմինն իրականացնում է իրազեկման և խորհրդատվական հանդիպումներ Երևան քաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների մանկավարժական և աշակերտական համակազմերի, ծնողների, շահագրգիռ այլ անձանց հետ:

Ընթերցող. Հարգելի՛ պրն. Հարությունյան: Առաջարկում եմ ստուգումներ անցկացնել հատկապես մարզի դպրոցներում՝ կապված չարաշահումների հետ: Ըստ օդում կախված տեղեկությունների՝ շատ դպրոցներում կա աշխատավարձերի անօրինական պահման խնդիր կամ աշխատակցի շահագործման խնդիր՝ չնչին աշխատավարձի դիմաց: Օրինակ՝ հավաքարարին վճարվում է մոտ 50 հազար աշխատավարձ, բայց դրա դիմաց նա մաքրում է մեծ դպրոցի հսկայական տարածք՝ ներառյալ բոլոր զուգարանները, ինչպես նաև զբաղվում է դպրոցի այգու քաղհանով ու մաքրման այլ աշխատանքներով: Օրինակները շատ են: Կա նաև տեղեկություն, որ որոշ դպրոցներում ոչ հատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին գրանցում են ներառական խմբերում և գրպանում այդ երեխաների համար վճարվող գումարը:

Ա. Հարությունյան. ՀՀ կրթության և գիտության նախարարությունը համապատասխան միջոցներ կձեռնարկի դպրոցներում աշխատավարձերի հետ կապված չարաշահումները կանխելու ուղղությամբ:

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք չունեցող սովորողներին հատուկ դպրոցներ ընդունելու վերաբերյալ տեղեկացնում եմ, որ հիմք ընդունելով  ՀՀ կրթության և գիտության նախարարի հանձնարարականը, ՀՀ կրթության գլխավոր պետական տեսուչի 2017 թվականի փետրվարի 3-ի N07-Ա կարգադրությամբ հատուկ դպրոցներում իրականացված ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել է, որ ՀՀ Արմավիրի մարզի Արմավիրի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների հ. 1 հատուկ դպրոցի 2-րդ և 4-րդ դասարաններ ընդունված երկու սովորողի մանկավարժահոգեբանական եզրակացություններում առաջարկվել է վերջիններիս ուսուցումը կազմակերպել հանրակրթական դպրոցում՝ հանրակրթական առարկայական չափորոշիչների և ծրագրերի հիման վրա կազմված անհատական ուսուցման պլանով՝ հաշվի առնելով կարիքի տեսակը: Դպրոցի տնօրենին տրված հանձնարարականին ի պատասխան տնօրենը նշել է, որ ուսումնական տարվա ավարտին սովորողները կտեղափոխվեն հանրակրթական դպրոց:

ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների h. 2 հատուկ (օժանդակ) դպրոցի 3-րդ, 4-րդ և 6-րդ դասարանների երեք սովորող դպրոց են ընդունվել առանց մանկավարժահոգեբանական եզրակացության: Դպրոցն այժմ վերակազմակերպվել է մանկավարժահոգեբանական կենտրոնի, սովորողներ չունի:

Հանրակրթական դպրոցներում ստուգումներ իրականացնելու լիազորություններ ունեցող ՀՀ կրթության տեսչական մարմինն իր վերահսկողական գործառույթներն իրականացնում է տարեկան ստուգումների ժամանակացույցին համապատասխան՝ ըստ առավել ռիսկային ոլորտների և ուսումնական հաստատությունների:

Ընթերցող. Մի շարք հասարակական կազմակերպություններ բազմիցս անդրադարձել են դասագրքերում և մասնավորապես՝ «Հասարակագիտություն» առարկայի դասագրքերում առկա գենդերային կարծրատիպերին։ Դասագրքում պարունակող տեղեկատվությունը սեռի հիմքով խտրական է և ոչ ընդունելի։ Ինչպիսի՞ քայլեր եք նախաձեռնում դասագրքերում նման տեղեկատվությունը բացառելու համար։ «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ն նաև պատրաստ է առաջարկել իր աջակցությունն այս գործընթացում։ «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ:

Ա. Հարությունյան. Հանրակրթական դպրոցում «Հասարակագիտություն» առարկան դասավանդվում է 8-12-րդ դասարաններում, ընդ որում, հանրակրթական հիմնական դպրոցի 8-9-րդ դասարաններում գործում են տարբեր հրատարակչությունների կողմից («Տիգրան Մեծ», «Զանգակ») կազմված և ԿԳ նախարարության կողմից գործածության երաշխավորված դասագրքեր: Հետևաբար, ցանկալի կլիներ, որ ԿԳ նախարարին ուղղված հարցի  հեղինակը պարզաբաներ, թե որ դասագրքերում կամ որ թեմաներում են առկա գենդերային կարծրատիպեր: Նշենք, որ դասագրքերում առկա ուսումնական նյութերի լրամշակումը կամ, անհրաժեշտության դեպքում, նոր նյութերի ընդգրկումը, կարող է իրականացվել առարկայական նոր չափորոշիչների ու ծրագրերի կազմման, սահմանված կարգով հաստատման և դրանց պահանջներին համապատասխան՝ նոր դասագրքերի ստեղծման գործընթացում:

Ընթերցող. Հարգելի պարոն Հարությունյան, պլաններում ունե՞ք արդյոք վերանայել միջնակարգ կրթության ծրագրերը: Դրա հետ կապված մի քանի հարց/առաջարկ ունեմ.

  • Խնդրում եմ արդիականացնել «Ինֆորմատիկա» առարկայի ծրագիրը: Դատելով համացանցում գտած դասագրքերից՝ այն, ինչ այժմ դասավանդվում է ինֆորմատիկայի շրջանակներում, շատ հեռու է առօրյա կյանքում անհրաժեշտ գիտելիքներից: Համացանցի հետ ծանոթությունը պետք է սկսել հնարավորին չափ շուտ, այլ ոչ թե 8-րդ դասարանի վերջում, ինչպես նախատեսված է 2012թ. ծրագրում (https://lib.armedu.am/resource/90):
  • Որպես ՏՏ ոլորտի մասնագետ՝ կառաջարկեի խիստ կրճատել MS Word/Excel/Access ծրագրային փաթեթների ուսումնասիրմանը տրամադրված ժամաքանակը: Դրանց փոխարեն կարելի է կենտրոնանալ, օրինակ, համացանցում անվտանգության հիմնադրույթներին՝ 1. Ինչպես ընտրել հուսալի գաղտնաբառ 2. Ինչ է հեշինգը, ինչու են գաղտնաբառերը հեշավորվում 3. Ինչ է իրենից ներկայացնում SSL-սերտիֆիկատը, ինչ է HTTPS-ը 4. Ինչ հարձակման մեխանիզմներ կան (DDoS, phishing, SQL-injection և այլն): Կարևոր է նաև երեխաներին ընտելացնել Wikipedia-ի հետ աշխատանքին: Որպես առաջադրանք` ցանկալի է տալ ինչ-որ Wikipedia-ի էջի համալրումը, որը կնպաստի ոչ միայն աշակերտների մոտ սկզբնաղբյուրների հետ ճիշտ աշխատանքի կուլտուրայի ձևավորվելուն (ինչպես գիտեք Wikipedia-ում առանց սկզբաղբյուրի հղման ոչ մի փաստ չի թույլատրվում հրապարակել), այլ նաև հայերեն Wikipedia-ի ընդլայնմանը:
  • Վերանայել հայոց և համաշխարհային պատմությունների մատուցման ձևը: Միգուցե դասագրքերում տեղ գտած նյութի սղությունը և չորությունը պայամանավորված է ոչ բավարար ժամանակով, բայց նույնիսկ այդ պարագայում կարելի է որոշ չափով շտկել իրավիճակը՝ ուշադրությունը դարձնելով պատմական տեսակետից առավել ուշագրավ իրադարձությունների վրա և անտեսելով պակաս կարևորները: Օրինակ՝ համաշխարհային պատմության 8-րդ դասարանի (2013թ.) դասագրքում ամբողջ ԱՄՆ-ի քաղաքացիական պատերազմին տրամադրված է ընդամենը մեկ էջ (է. 96), մինչդեռ «Հումանիտար գիտությունները, գրականությունը և արվեստը (XVII դար - XIX դարի առաջին կես)» գլուխը, որտեղ հիմնականում պարզապես թվարկած են մշակույթի հայտնի գործիչներ, զբաղեցնում է 4 էջ (է. 70-73):
  • Վերադառնալով ժամաքանակին` կարելի է «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան հանել ծրագրից և ազատված ժամերը բաշխել հայոց և համաշխարհային պատմությունների միջև: Անշուշտ անհրաժեշտ է երիտասարդ սերնդի մեջ հայրենասիրական ոգի արթնացնել, բայց կարծում եմ կրոն (թեև «պատմության» անվան տակ), որպես պարտադիր առարկա, դասավանդելը դրա ճիշտ լուծումը չէ: Դա կարելի է լիովին անել հայոց պատմության և գրականության շրջանակներում:
  • «Հասարակագիտություն» առակայի շրջանակներում աշակերտներին ժողվրդավարության սկզբունքներին ընտելացնելու նպատակով կազմակերպել էքսկուրսիաներ տարբեր պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններ՝ մոտիկից նրանց աշխատանքը տեսնելու համար: Կարելի է մտցնել համայնքի/քաղաքի/մարզի պաշտոնական կենդանի/թռչուն/բույս/միջատ հասկացությունները (ինչպես արվում է, օրինակ, ԱՄՆ-ում՝ https://en.wikipedia.org/wiki/List_of_New_York_state_symbols) և թող աշակերտները համապատասխան օրենքի նախագիծ ներկայացնեն և մասնակցեն դրա քննարկմանը:

Ա. Հարությունյան. Ա. «Ինֆորմատիկա» առարկայի չափորոշիչը և ծրագիրը լրամշակվել են 2012 թ.-ին: Անցել է բավական ժամանակ և կա անհրաժեշտություն դրանք վերանայելու կամ նորը ստեղծելու համար:

Ինչ վերաբերում է համացանցին, ապա դրա ուսումնասիրությունը սկսում է  ոչ թե 8-րդ, այլ 7-րդ դասարանից:

Բ. Առաջարկները հետաքրքիր են և կարևոր, ուստի դրանց քննարկումը նույնպես կարելի իրականացնել «Ինֆորմատիկա» առարկայի նոր չափորոշիչը և ծրագիրը մշակելու ժամանակ:

Գ. Հաստատված հենքային ուսպլանով հանրակրթական հիմնական դպրոցում (6-9-րդ դասարաններ) «Համաշխարհային պատմություն» առարկային հատկացված է շաբաթական 1 դասաժամ, որը որոշ դժվարություններ է առաջացնում առարկան արդյունավետ ուսումնասիրելու համար: «Համաշխարհային պատմություն» առարկայի դպրոցական դասընթացի բովանդակային գիտական առանցքը, որպես ընդհանուր հայեցակարգի բաղկացուցիչ, ներառում է մի շարք կարևոր դրույթներ, օրինակ, որ պատմական ժամանակաշրջանի գլխավոր դեպքերը, գործընթացները և երևույթները պետք է բացատրել և հիմնավորել նախևառաջ քաղաքակրթական արժևորումներով, կամ համաշխարհային քաղաքակրթական գործընթացներում վճռական գործոն համարել ազգային քաղաքակրթական նվաճումները: Ահա այս և մի քանի այլ կարևոր դրույթներ հիմք ընդունելով են կազմվել «Համաշխարհային պատմության» առարկայական ծրագրերը, հետևաբար դրանցում ընգրկված բոլոր թեմաներն էլ կարևոր են ուսումնասիրության համար:

Դ. «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան հանրապետության հանրակրթական հիմնական և ավագ դպրոցներում ներդրվել է ՀՀ կառավարության և Հայ Առաքելական եկեղեցու միջև 2002 թ. օգոստոսի 22-ին կնքված համաձայնագրի հիման վրա: «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի ծրագրերի, դասագրքերի ստեղծման աշխատանքներին մասնակցել են բազմաթիվ պատմաբաններ, կրոնագետներ, աստվածաբաններ, մանկավարժներ, արվեստագետներ, Մատենադարանի գիտաշխատողներ և այլ հարակից մասնագիտությունների ներկայացուցիչներ: Ներդրման փուլում (2002-2006) բոլոր դասագրքերը հանրակրթական ուսումնական հաստատություններում ենթարկվել են փորձարկման, բացի այդ փորձաքննության են տրվել համապատասխան մասնագետների:

Առարկայի ներդրման նպատակահարմարությունը և բովանդակությունը բավականին լուրջ մակարդակով քննարկվել են հոգեբանական, մանկավարժական, կրոնական, քաղաքական տեսանկյուններից: Հաշվի են առնվել բոլոր դիտարկումներն ու առաջարկությունները: Բացի այդ՝ յուրաքանչյուր վերահրատարակումից առաջ, դասագրքերի բովանդակությունը  լրամշակվել է՝ նկատի ունենալով այդ ոլորտի մասնագիտացված կազմակերպությունների, անհատների, փորձագետների առաջարկություններն ու խորհուրդները:

Ե. Հասարակագիտության դասագրքերում առկա են բազմաթիվ գործնական աշխատանքներ, այդ թվում՝ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքը «մոտիկից տեսնելուն» ուղղված առաջադրանքներ (տես, օրինակ՝ «Հասարակագիտություն-8», «Զանգակ» հրատ., 2013/2018, Գլ. 3, Ամփոփիչ գործնական աշխատանք. Իշխանության ներկայացուցչի գործունեության գնահատում): Առկա են նաև օրենսդրական փաստաթղթերի նախագծեր կազմելուն ուղղված գործնական աշխատանքներ, որն առաջարկվում է նույն ենթահարցում:  

Ընթերցող. Առաջարկում եմ սփյուռքում ապրող երեխաների համար ցանցային դասընթացներ կազմակերպել (հայերեն, պատմություն, մշակույթ, Հայաստանում զարգացող բնագավառներ և մասնագետների պահանջարկ): Նաև մարզերի փոքր բնակավայրերի բարձր դասարանների համար ցանցային դասերը կարող են լրացնել այն բացը, որ կարող է առաջանալ որակավորված ուսուցիչների պակասից և խանգարել հետագայում բարձրագույն կրթություն ստանալուն: Լավ կլիներ բոլոր բարդ նյութերի համար ցանցում տեսագրված դասընթաց տեղադրված լիներ: Այդպիսի հնարավորությունը օգտակար կլինի նաև բոլոր աշակերտներին, ովքեր տարբեր պատճառներով բաց են թողել մի քանի դաս:

Ա. Հարությունյան. «Հայկական կրթական միջավայրում» (https://armedu.am/) 2010 թվականից գործում է «Հեռավար ուսուցում» (https://elearning.armedu.am/) համակարգը, որում մինչ այժմ  կազմակերպվել են ավելի քան 220 հեռավար դասընթացներ շուրջ 3400 մասնակիցների համար (հիմնականում՝ ուսուցիչներ և աշակերտներ)։

Ընթերցող. Զարգացնել և ընդգրկել համակարգը, որը փորձարկվել էր 80-ականների վերջից միջև 90-ականների սկզբը N183 դպրոցում (ներկայումս՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր), այն է՝ հնարավորություն տալ յուրաքանչյուր աշակերտին «թռնել» էքստեռն քննությունների միջոցով կամ կրկնել դպրոցական ծրագրի մեկ տարվա մեկ քառորդի նյութը: Դա իրականացվում է միառժամանակ բոլոր չորս քառորդների նյութերի ուսուցմամբ սեպտեմբերի 1-ից: Այդպիսի կազմակերպումը նաև կպարտադրի երեխաներին ավելի պատասխանատու վերաբերվել իրենց ուսմանը, քանի որ թույլ աշակերտները առանց շատ մեծ բացասական հետևանքների կարող են ուղարկվել մեկ քառորդ նյութը կրկնելու: Իսկ ուժեղ աշակերտները կարող են քառորդ-քառորդ «թռիչքներ» անել և ավելի շուտ ավարտել դպրոցի նյութը: Ինչը առավել էական է դարձել 12-ամյա դպրոցի պարագայում:

Ա. Հարությունյան. ՀՀ կրթության և գիտության նախարարի՝ 2010 թվականի հոկտեմբերի 14-ի N 1507-Ն հրամանով հաստատվել է «Դրսեկության ձևով (էքստեռն) փոխադրական և ավարտական քննություններ կազմակերպելու կարգը», որի 5-րդ կետում ամրագրված է, որ ուսումնառության ամբողջ ժամանակահատվածում դպրոցի սովորողը դասարանից դասարան վաղաժամկետ կարող է փոխադրվել միայն մեկ անգամ: ՀՀ ԿԳ նախարարի 2010 թվականի հոկտեմբերի 14-ի N 1507-Ն հրամանը նորմատիվ բնույթի իրավական ակտ է, հետևաբար՝  պարտադիր հանրակրթական դպրոցներում, այդ թվում նաև, Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի սովորողների համար:

Ընթերցող. ՊՆ-ի հետ քննարկել հնարավորությունը բարձրագույն ընդունված զինծառայողներին, իրենց հրամանատարների թույլատվությամբ, գումարային 6 ամսով բացակայել գումարտակից քննություններ հանձնելու նպատակով: Այդ 6 ամիս բացակայությունը զինծառայողը պետք է լրացնի` իր պարտադիր ծառայությունը երկարացնելով միչև 2.5 տարի: Այս մոտեցումը թույլ կտա զինակոչիկներին ամբողջությամբ չկտրվել ուսումնական պրոցեսից և հասարակական կյանքից, ինչի հետևանքով նրանք ավելի արդյունավետ կլինեն, երբ ավարտեն պարտադիր զինծառայության ժամկետը: Միառժամանակ կբարձրանա զինծառայության մեջ (ներառյալ` կարճատև արձակուրդներում) գտնվողների քանակը:

Ա. Հարությունյան. Զորակոչվելու կապակցությամբ ուսումնառությունը ընդհատած ուսանողները ուսումնառությունը շարունակում են այն ընդհատելու պահից ` անկախ առաջացած ծրագրային տարբերություններից, իսկ զինծառայողի արձակուրդի հետ կապված հարցերը գտնվում են Պաշտպանության նախարարության իրավասություն ներքո: Բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունված զինծառայողների` հրամանատարների թույլտվությամբ, քննություններ հանձնելու նպատակով գումարտակից 6 ամսով բացակայելու հարցը կքննարկվի  Պաշտպանության նախարարության հետ և արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացվի:

Ընթերցող. Շահագրգռված կազմակերպությունների հետ համատեղ բուհերի գնահատման ռեյտինգային հանձնաժողով ստեղծել: Կազմակերպությունները պետք է պարտավորվեն յուրաքանչյուր տարի (կամ կիսամյակ) հայտնել հանձնաժողովին իրենց կողմից ստացված յուրաքանչյուր բուհի շրջանավարտներից աշխատանքի դիմումերի քանակը և յուրաքանչյուր բուհից աշխատանքի ընդունվածների քանակը:

Շրջանավարտ կարող են դիտարկվել օրինակ վերջին 5 տարիների ընթացքում այդ բուհից որևէ ավարտական դիպլոմ ստացածները: Հանձնաժողովը ամփոփ արդյունքներ կհրապարակի, թե որ բուհից դիմողների քանի տոկոսն են ընդունվում աշխատանքի: Ցանկալի է նաև հրապարակել արդյունքները՝ ըստ աշխատանքի ոլորտի (ծրագրավորում, ճարտարագիտություն, իրավաբանական, ֆինանսային, տնտեսական կառավարում և այլն): Այդպիսի համակարգը կզարգացնի մրցակցությունը բուհերի միջև և կնպաստի կրթության որակի բարձրացմանը:

Ա. Հարությունյան. ՀՀ ԿԳՆ կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը մշակել և գործարկում է վարկանիշավորման համակարգ:

Ընթերցող. Կատարել փոքր ուղղագրական ռեֆորմ: Պաշտոնապես թույլ տալ «և»-ի փոխարեն գրել «եվ», հեռացնել այբուբենից «և»-ը` որպես առանձին տառ՝ թողնելով այն որպես հապավում (լիգատուրա): Պարզեցված ուղղագրությունը թույլ կտա ավելի արագ ընթերցել տեքստերը, իսկ աշակերտներին՝ կենտրոնանալ ավելի էական հարցերի վրա:

Ա. Հարությունյան. Մեր դիրքորոշմամբ առաջարկվող բարեփոխումը հիմնավորված չէ, քանի որ այն ևս, բացի լեզվական հարց լինելուց,  նաև քաղաքական և տնտեսական բնույթ ունի:

Ընթերցող. Հայերենի փոքրատառները ստեղծվել են միջնադարում` տեքստերը ձեռքով արագ գրելու հնարավորությունը նկատի ունենալով: Ներկայումս և առաջիկայում ձեռքով արագ գրելու փոխարեն արագ կարդալու հնարավորությունը ավելի կարևոր կլինի: Առաջարկում եմ ռեֆորմներ կիրառել հայերենի փոքրատառերի գրաֆիկական արտապատկերումը ավելի զանանազան դարձնելու ուղղությամբ: Կարելի է տառատեսակների մրցույթ հայտարարել` այդ նպատակը հնչեցնելով և լավ արդյունքներ ստանալու դեպքում կիրառել դրանք դասագրքերում:

Ա. Հարությունյան. Հայաստանի Հանրապետությունում գործառվող տպագիր (ներառյալ` դասագրքերում) փոքրատառերն արագ կարդալուն խոչընդոտելու վերաբերյալ հարց երբևէ քննարկման առարկա չի եղել, և այս հարցի վերաբերյալ որևէ գիտական հետազոտություն (ուսումնասիրություն) առկա չէ:  

Ընթերցող. Խնդրում եմ վերանայել Ձեր դիրքորոշումը «Այբ» դպրոցի վերաբերյալ: Ընդհանրապես խնդրում եմ քննադատական հայտարարություններ անել, երբ կոնկրետ թերացումներ հստակ հայտնի են, այլ ոչ ուսումնասիրություն սկսելուց առաջ: Թեև հանրային բյուջեի արդար բախշումը շատ կարևոր է, պետք է նաև ուշադրություն դարձնել բարեգործների ջանքերը չփոշիացնելու ուղղությամբ: Նաև կառաջարկեմ չհրաժարվել որոշ դպրոցներում ավելի բարձր որակի կամ որոշ չափով այլ տեսակի կրթություն տրամադրելուց:

Ա. Հարությունյան. «Այբ» դպրոցի (պաշտոնական անունը՝ «Այբ կրթական հանգույց» հիմնադրամ)  վերաբերյալ ԿԳՆ դիրքորոշման հստակեցման անհրաժեշտություն չկա: «Այբ» դպրոցը   հանրակրթական ծրագիր իրականացնող ոչ պետական ուսումնական հաստատություն է և գործում է ՀՀ ԿԳՆ տրված լիցենզիային համապատասխան:

Ընթերցող. Ոստիկանության հետ համատեղ վերահսկել, որ դպրոցական տարիքի երեխաները, հատկապես` դպրոցի ժամերին, աշխատանքով չզբաղվեն։ Հայտնաբերելու դեպքում գործատուներին խիստ տուգանել։ Որոշ դեպքերում ծնողներին պատասխանատվության կանչել։ Անհրաժեշտության դեպքում պատրաստել օրենքի նախագիծ։

Ա. Հարությունյան. Անշուշտ, հետաքրքիր առաջարկ է ներկայացվել, սակայն այն դեռևս բազմակողմանի և բազմաշերտ քննարկման կարիք ունի: Տեղեկացնենք, որ ՀՀ կրթության և գիտության նախարարության և ոստիկանության համագործակցության շրջանակում 2010 թվականից ավագ դպրոցներում ներդրվել է ոստիկանության տեսուչների ծրագիրը: Ներկայումս հանրապետության շուրջ 100 ավագ դպրոցներում աշխատում են  ոստիկանության 63 տեսուչներ, ովքեր համագործակցում են մանկավարժների և ծնողական համայնքների հետ:

Ընթերցող. Ի՞նչ կարծիքի եք այն մասին, որ տնօրենի կինը, աղջիկը, եղբոր տղան, աղջիկը, կինը աշխատում են նույն դպրոցում: Կամ նույն ուսուցիչը կարող է դասավանդել չորս առարկա՝ հանրահաշիվ, երկրաչափություն, ֆիզիկա և եկեղեցու պատմություն: Շնորհակալություն:

Ա. Հարությունյան. Հանրակրթական դպրոցի տնօրենի և վերջինի հետ ազգակցական կապ ունեցող անձանց՝ դպրոցում աշխատելու վերաբերյալ առանձնահատկությունները կարգավորվում են ՀՀ կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N 1392-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրության» 71-րդ կետով՝ Դպրոցի տնօրենի հետ մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող, զավակ, եղբայր, քույր) կապված անձը չի կարող լինել դպրոցի տնօրենի տեղակալ, ինչպես նաև հաշվապահ», իսկ 32-րդ կետի համաձայն՝ «Դպրոցի խորհրդի անդամ չի կարող առաջադրվել դպրոցի տնօրենի հետ մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող, զավակ, եղբայր, քույր) անձը»:

Հանրակրթության ոլորտը կարգավորող նորմատիվ իրավական ակտերով հանրակրթական դպրոցի տնօրենի և վերջինի հետ ազգակցական կապ ունեցող անձանց՝ դպրոցում աշխատելու վերաբերյալ այլ առանձնահատկություններ սահմանված չեն:

Ընթերցող. Պարոն նախարար, հնարավո՞ր է օտարերկրյա քաղաքացիությամբ հայերի համար ուսման վարձերի գները մի քիչ թեթևացնել։

Ա. Հարությունյան. Բարձրագույն ուսումնական հաստատությունների վճարովի ուսուցման համակարգում ուսման վարձի չափը որոշում է տվյալ ուսումնական հաստատությունը` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 19-ի «Ըստ կրթական աստիճանների և հավատարմագրման արդյունքների՝ ուսման վարձի առավելագույն չափը սահմանելու մասին» N 163-Ն որոշման:

Ընթերցող. Հարգելի պարոն նախարար, առաջարկում եմ քայլեր ձեռնարկել դպրոցներում աշակերտներին առաջին անհրաժեշտության հմտություններ ուսուցանելու ուղղությամբ՝ հեծանիվ և մեքենա վարել, լող։

Ա. Հարությունյան. Դպրոցներում սովորողներին առաջին անհրաժեշտության հմտություններ /լող, հեծանիվ և մեքենա վարել/ ուսուցանելու առաջարկն ընդունելի է, սակայն համապատասխան ռեսուրսներ չկան. պետական և մասնավոր սեկտորների համագործակցության  կարիք կա:

Ընթերցող. Ի՞նչ քայլեր եք պատրաստվում ձեռնարկել դպրոցներում «գողական» արժեքների դեմ պայքարելու ուղղությամբ։ Ի՞նչ քայլեր եք պատրաստվում ձեռնարկել դպրոցներում պարսկերենի, թուրքերենի, ադրբեջաներենի ուսուցման ուղղությամբ։ Ի՞նչ քայլեր եք պատրաստվում ձեռնարկել որպեսզի դպրոցական տարիքից քաղաքացիները բնական աղետներից, մասնավորապես երկրաշարժերից արդյունավետ պաշտպանվելու համար պատշաճ գիտելիքներ ստատան։ Մենք որպես քաղաքացի, ինչպե՞ս կարող ենք ձեզ օգնել։ Դիմեք մեզ, ասեք` ինչ կարող ենք անել որակյալ ու հասանելի կրթություն ու գիտություն ունենալու համար։ Պատրաստվո՞ւմ եք դպրոցական կրթական ծրագրի մեջ ներառել քաղաքացիական պարտականությունների ու իրավունքների մասին թեմաներ, որոնք կօգնեն արդյունավետ պայքարել կոռուպցիայի, ընտրակեղծիքների, ապօրինությունների դեմ։ Շնորհակալություն

Ա. Հարությունյան. Կրթության արդյունավետությունը, հասանելիությունն ապահովելու համար ծնողներին առաջարկում եմ գործուն մասնակցություն ցուցաբերել ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից մշակվող իրավական ակտերի մշակմանն ու լրամշակմանը, օրենսդրական նախաձեռնություններին, հանրային քննարկումներին:

Ընթերցող. Հարգելի պարոն նախարար, խնդրում եմ ուշադրություն դարձնել դպրոցական դասագրքերի թվայնացման կարևորությանը: Այն կնվազեցնի ծնողների ծախսերը և կթեթևացնի դպրոցականների չափից շատ ծանր պայուսակը:

Ա. Հարությունյան. Մինչ այժմ հասանելի են դպրոցական դասագրքերի և ձեռնարկների միայն էլեկտրոնային տարբերակները (հիմնականում՝ pdf)։ Անշուշտ պետք է աշխատանքներ տարվեն դպրոցական էլեկտրոնային դասագրքեր ստեղծելու ուղղությամբ, որոնք կգործարկվեն  էլեկտրոնային սարքավորումների և համապատասխան ծրագրային ապահովման միջոցով, կպարունակեն ինտերակտիվ ուսումնական բաղադրիչներ, մուլտիմեդիա։

Ընթերցող. Առաջարկում եմ վերանայել գնահատման համակարգը: Աշակերտին գնահատելը հաճախ ստեղծում է ազատության սահմանափակում և աշակերտի, և ուսուցչի համար: Ուստարվա ընթացքում որոշակի պարբերականությամբ՝ 2 կամ 4 անգամ, թող կազմակերպվի աշակերտների գիտելիքի ստուգում` տվյալ ուսուցչից և աշակերտից անկախ համակարգում: Կարծում եմ` այդ դեպքում աշակերտը, ուսուցիչը և ծնողը միայն գիտելիքի և կրթության որակի պահանջատեր կլինեն:

Ա. Հարությունյան. Սովորողների առաջադիմության գնահատման  հարցը ենթակա է վերանայման, այն ՀՀ կրթության և գիտության նախարարության առաջնահերթություններից է:

Ընթերցող. Բուհերի միասնական քննությունների համար նախատեսված շտեմարանները բովանդակությամբ մասամբ չեն համապատասխանում դասագրքերի ծրագրային բովանդակությանը: Պարոն նախարար, արդյոք շտեմարանների բովանդակությունը վերանայվելո՞ւ է՝ համապատասխանեցեով դասագրքերին: Եվ արդյո՞ք այդ շտեմարանները ամեն տարի շարունակելու են վերատպվել՝ գրեթե նույն բովանդակությամբ (զավեշտալի տարբերություններով) և բյուջեից ահռելի գումարներ տանելով:

Ա. Հարությունյան. Միասնական և ավարտական քննությունների համար նախատեսված շտեմարանները բաց են հանրային քննարկման համար, ուստի մենք պատրաստ ենք քննարկել ցանկացած կոնկրետ առաջադրանքի հետ կապված առաջարկություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter