HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

«Եթե քաղաքականությունը չփոխվի, ԱԺ-ում հայտնված ազգային փոքրամասնության ներկայացուցիչները դառնալու են կուսակցության համար կնոպկա սեղմողներ»

Ընտրական օրենսգրքի համաձայն՝ կուսակցությունների կամ դաշինքների համապետական ընտրական ցուցակը կարող է ունենալ երկրորդ մաս, որում կարող են ընդգրկվել ընտրություններին նախորդող վերջին մարդահամարի տվյալներով առավել մեծ թվով մշտական բնակչություն ունեցող առաջին չորս ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ: 2011թ. մարդահամարի տվյալներով` Հայաստանում առավել մեծ թվով մշտական բնակչություն ունեցող առաջին չորս ազգային փոքրամասնությունները եզդիներն են, ռուսները, ասորիներն ու քրդերը: ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող 11 քաղաքական ուժերից ցուցակներում երկրորդ մաս ունեն միայն 4-ը՝ «Իմ քայլը» դաշինքը, «Լուսավոր Հայաստան», «Օրինաց երկիր», «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները:

Եզդիները, ըստ մարդահամարի տվյալների, ամենամեծ ազգային փոքրամասնությունն են Հայաստանում՝ 35 հազար 308 մարդ: «Հետք»-ն անդրադառնում է վերը նշված ազգային փոքրամասնությունների թեկնածուներին՝ յուրաքանչյուրից մեկ հոգու: Առաջինը զրուցել ենք ԲՀԿ-ի ցուցակով ընտրապայքարի մեջ մտած ազգությամբ եզդի Այսեր Իսայանի հետ: Նա նաև «ռեյտինգային» թեկնածու է Արմավիրի մարզում:

Այսեր Իսայանը ծնվել է Արմավիրի մարզի Նալբանդյան համայնքում, այնտեղ էլ ապրում է ընտանիքի հետ: Այսերն ունի բարձրագույն կրթություն, արևելագետ է, ուսումնասիրել է քրդագիտություն: Այսեր Իսայանն ասում է, որ շարքային գյուղացի է, այսօր էլ զբաղվում է հողագործությամբ: Ունի 1,5 հեկտար պտղատու և 4000քմ խաղողի այգի:

Այսերն ասում է, որ նյութապես հարուստ չէ, սակայն իրեն հարուստ է համարում, քանի որ ունի 4 երեխա և առողջ մթնոլորտում ապրող ընտանիք: «Իմ համար ամենամեծ հարստությունը մարդկային արժեքն է, առողջ ընտանիքը: Այսօր բոլորս կանգնած ենք մի փաստի առջև՝ նախկին իշխանությունների կողմից Հայաստանում ստեղծած քաոսային իրավիճակը ընտանիքների մեծ մասում լարվածություն է առաջացրել: Հայ և եզդի ընտանեկան երբեմնի առողջ մթնոլորտը գնալով հիվանդանում է: Երբ առավոտյան արթնանում են ու մտածում ոչ թե կնոջ, ամուսնու, երեխայի, ընտանիքի մյուս անդամների մասին, թե ինչ լավ բան անեն նրանց համար, այլ մտածում են, թե որ վարկը փակեն, ումից պարտքով գումար վերցնեն, ինչպես բերքն իրացնեն և այլն, լարվածություն է առաջացնում ընտանիքներում, մարդիկ թողնում են ընտանիքը, գնում արտագնա աշխատանքի»,- ասում է Այսերը:

Պատգամավորության թեկնածուի խոսքով` առողջ ապրելակերպը միայն գովազդային տեսահոլովակները չեն, որով հորդորում են մարդկանց, թե ինչ ուտեն, ինչ խմեն, ինչպես սպորտով զբաղվեն: Հատկապես գյուղացին այսօր հոգեկան առողջության կարիք ունի, ընկճված է: Այսերը վստահ է՝ գյուղացու ընկճվածությունը խարխլում է պետության հիմքերը: Պետությունը հիմնված է գյուղի վրա, առանց գյուղի չի կարող քաղաք լինել:

«Քաղաքում չգիտեն, թե ինչ է նշանակում ամիսներով առվի եզրին քնելը: Պարզապես լսել են, որ ոռոգման ջուր չկա, բայց չեն գիտակցում, թե ինչ է նշանակում ամիսներով ջրի սպասելը, ինչ է նշանակում, երբ բերքդ աչքիդ առաջ փչանում է: Գյուղում ապրող երիտասարդի ճակատին առաջանում են կնճիռներ, որովհետև ամբողջ օրը լարված է, թե ոնց ապրի, ինչպես դասավորի կյանքը»,- հավելում է Այսեր Իսայանը:

«Իմ ազգի շահը չեմ կարող կնոպկի շահից ցածր դասել»

Թեկնածուն գոհունակությամբ նշեց, որ եզդիները հայերի հետ միասին դարեր շարունակ պայքարել են՝ սկսած 1800-ականներից մինչև մեր օրերը՝ ապրիլյան պատերազմ: Այսերի խոսքերով՝ իր եղբայրը Ղարաբաղում է ծառայել, իսկ իր մերձավորներից 4-ը զոհվել են ազատամարտի տարիներին: Հայաստանն իր հայրենիքն է: Իր ընտանիքից միայն 4 սերունդ ծնվել և մեծացել է Նալբանդյան գյուղում: Այստեղ իրենց իրավահավասար են զգում, օտարության զգացում չունեն, սակայն Հայաստանում ազգային փոքրամասնություններն ունեն մի շարք դժվարություններ՝ կրթական, մշակութային և այլն:

Նա ցավով է արձանագրում, որ 1990-ականների սկզբին եզդիները մեծ թափով լքեցին Հայաստանը: Պատճառն այն էր, որ զինվորին օգնելու պատրվակով «զինվորական շորերով ու թրաշով» պատահական մարդիկ մտնում էին գյուղ և վերցնում էին մարդկանց, այդ թվում եզդիների ունեցվածքը՝ անասուններ, ցորեն, ալյուր և այլն: Շատերը չդիմացան այդ պայմաններին և լքեցին: Այսերը պատմում է, որ իրենց գյուղում՝ Նալբանդյանում, 130-ից ավել եզդի ընտանիք է ապրում: Արտագաղթ չի եղել: Պատճառն այն է, որ 90-ականներին գյուղում հայերը պաշտպանել են եզդիներին պատահական «զինվորականներից»: Այսօր իրավիճակն այլ է, առաջ են գալիս լուրջ մարտահրավերներ, որոնք պետք է հաղթահարել ինտելեկտով:

«Օրինակը եզդիների վրա բերեմ: Մեր ազգը չունի մշակութային կենտրոն: Խոսքը չի գնում 5x6 մակերեսով փոքր սենյակի մասին, որի պատին գրված է՝ եզդիների մշակութային տուն, խոսքս լուրջ կենտրոնի մասին է: Պետք է լինի այնպիսի մշակութային կենտրոն, որտեղ ազգը կարողանա ներկայացնել իր մշակույթը, դեմքը, այն ամենը, ինչը վերաբերում է հոգևորին: Սա պետք է արվի պետական մակարդակով, ոչ թե մի ամբողջ ազգ նստի և սպասի, թե որ բարերարը այդ գործն իր վրա կվերցնի: Սա նաև պետության բարոյական պարտականությունն է»,- ասում է Այսեր Իսայանը:

Ընտրվելու դեպքում նա մտադիր է ստեղծել ազգային փոքրամասնություններից բաղկացած և իրենց գաղափարակից մարդկանց պլատֆորմ, որտեղ կբարձրացվեն բազմաթիվ հարցեր: Սակայն նկատում է, որ պետական մակարդակով անելիքները շատ են:

«Խոսքը նրա մասին չէ, որ 4 հոգի՝ ամեն ազգից մեկական ներկայացուցիչ, տանեն Ազգային ժողով և ասեն՝ տեսեք-տեսեք, մենք Ազգային ժողովում ունենք ազգային փոքրամասնության ներկայացուցիչներ: Այսօր Թուրքիայի պառլամենտում էլ կան ազգային փոքրամասնության ներկայացուցիչներ, օրինակ՝ հայեր: Հպարտանում եմ, երբ ամեն անգամ Կարո Փայլանին տեսնում եմ հարց բարձրացնելիս, բայց դրանով հարցը չի լուծվում»,- ասում է Այսերը:

Թեկնածուի կարծիքով, եթե քաղաքականությունը չփոխվի, Ազգային ժողովում հայտնված ազգային փոքրամասնության ներկայացուցիչները դառնալու են կուսակցության համար սովորական «կնոպկա սեղմողներ», ինչպես եղել է մինչ օրս գործող խորհրդարանում: Կնոպկա սեղմող են եղել նաև հայ պատգամավորների զգալի մասը: Նա օրինակ բերեց ՀՀԿ-ի ցուցակով 2017թ. որպես ազգային փոքրամասնություն ընտրված եզդի պատգամավոր Ռուստամ Մախմուդյանին: Այսերն ասում է, որ Ռ. Մախմուդյանը սիրում է իր ազգը, սակայն ընտրվելուց հետո ստիպված Հանրապետականի համար միայն «կնոպկա» է սեղմել:

«Ցանկացած ժամանակ, երբ հարցը գնա այն ուղղությամբ, որ ես պետք է ստիպված կնոպկա սեղմեմ՝ դեմ գնալով իմ ազգի, պետության, գյուղացու, ժողովրդի շահերին, նույն օրը ելույթ կունենամ և մանդատս վայր կդնեմ, իհարկե, եթե պատգամավոր ընտրվեմ: Իմ ազգի շահը չեմ կարող կնոպկի շահից ցածր դասել»,- նշում է Այսեր Իսայանը:

Այսեր Իսայանը հույս ունի, որ նոր կառավարությունում կլինեն նաև ազգությամբ եզդի պաշտոնյաներ: Նա առաջարկում է գոնե 4 մարզերում՝ Արմավիր, Արարատ, Կոտայք, Արագածոտն, որտեղ եզդիներով խիտ բնակեցված է, մարզպետարաններում աշխատեն նաև եզդիներ, լինեն մարզպետի տեղակալ, խորհրդական կամ բաժնի պետ: Դա լրացուցիչ խթան կլինի, ոգևորություն կառաջացնի եզդիների մոտ:

«Նախորդ կառավարություններում դա չի եղել: Հումորով ասել եմ՝ հայերի համար թամամ պաշտոն չկար, եզդիներին որտեղից պաշտոն պիտի տային: Բարեկամախնամիական կապերով էին պաշտոնի նշանակվում: Հիմա վիճակը այլ է, և պետք է վերանայեն»,- հավելում է Այսեր Իսայանը:

Թեկնածուն վստահ է` եթե կառավարությունը պաշտոնների նշանակի նաև ազգային փոքրամասությունների ներկայացուցիչներին, ապա դրսից այդ ազգի ներկայացուցիչների մեծ ներհոսք կլինի, ինչը երկրի ներսում հնարավորություն կտա զարգացնել տնտեսությունը, ստեղծել նոր բիզնես, նոր ներդրումներ: Մտադիր է օգտագործել արտերկրում ապրող եզդիների հետ ունեցած կապերը, որպեսզի հովանավորեն եզդի ուսանողներին կրթություն ստանալու հարցում: Սակայն, եթե համալսարաններն ավարտեն ու աշխատանք չունենան, դարձյալ առաջանալու է հուսալքություն:

«Անասուն ցանկացած ժամանակ կարող ես պահել, իսկ կրթության բաց թողած ժամկետը չես կարող վերականգնել»

Այսերը, ի տարբերություն շատ եզդիների, անասնապահությամբ չի զբաղվում, քանի որ ժամանակատար է: Ընտանիքում որոշել են, որ կինը պետք է զբաղվի երեխաների կրթությամբ, դաստիարակությամբ: «Իմ որդին երկրորդ կուրսի ուսանող է, ապագա ատամնատեխնիկ է: Մենք ավելի շատ ձգտել ենք կրթության: Որդիս էլ հասկացավ, որ անասուն պահելու փոխարեն կարող է կրթություն ստանալ: Անասուն ցանկացած ժամանակ կարող ես պահել, իսկ կրթության բաց թողած ժամանակը չես կարող վերականգնել»,- ասում է պատգամավորության թեկնածուն:

Եզդիների մշակույթի տուն (Mala Ezdia) ունենալուց հետո, Այսերը կարևորում է նաև եզդի երեխաների կրթություն ստանալու հարցը: Թեկնածուն ուրախանում է, որ եզդի աղջիկները սկսում են բարձրագույն կրթություն ստանալ, մտածել կարիերայի մասին:

«Մենք պետք է վերջ տանք եզդի ազգի մոտ վաղ ամուսնություններին և շեշտը դնենք կրթության վրա: 21-րդ դարում չի կարելի երեխային առանց կրթության թողել: Այն ծնողը, որ իր աղջկան 16 տարեկանում ամուսնացրեց, պետք է ենթարկվի պատասխանատվության: Այսօր փեսային են դատում, սխալ է, պետք է աղջկա ծնողին պատասխանատվության ենթարկեն: Երբ ծնողները զգան օրենքի ուժը, ոչ մի երեխու չեն ամուսնացնի: Եկեք ճիշտ հասկանանք, ոչ մի աղջիկ չի ուզում 16 տարեկանում ամուսնանալ: Այդ տարիքում աղջիկներն ուզում են քնել, նույնիսկ խաղալ, ոչ թե ամուսնանալ, սկեսուր-սկեսրայրի, ամուսնու ճնշումներին ենթարկվել, ի՞նչ ամուսնության մասին է խոսքը»,-հավելում է պատգամավորության թեկնածուն:

Այսեր Իսայանը նշեց, որ տարիների ընթացքում Եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանը եզդիների համար որոշ հարցեր կարողացել է լուծել, սակայն շատ հարցեր էլ մնացել են անպատասխան թե´ ՀՀՇ-ի, թե´ ՀՀԿ-ի կառավարության կողմից: Թեկնածուն ասում է, որ շատ դեպքերում հայ և եզդի ազգերի չլուծված հարցերը նույնն են, հետևաբար պատգամավոր ընտրվելու դեպքում ներկայացնելու է բոլորի շահերը՝ առանց ազգային խտրականության: Նա առանձնացնում է հատկապես գյուղացիներին, որոնց հիմնական մտահոգությունը ոռոգման ջուրն է, դրա բարձր սակագինը: Բացի այդ, թունաքիմիկատներն են թանկ և երբեմն՝ անորակ: Առաջարկում է ստեղծել այնպիսի պայմաններ, որ գյուղացիները կարողանան իրենց կարիքները հոգալու համար ազատ ներկրել թունաքիմիկատներ:

Այսերը մյուս թեկնածուներին չի քննադատում, սակայն կարծում է, որ պետք չէ խաղալ գյուղացու զգացմունքների հետ, տալ խոստումներ, որոնց պրակտիկ իրագործման ճանապարհը չգիտեն: Օրինակ է բերում գյուղի հետ կապ չունեցող քաղաքացի թեկնածուներին, ովքեր խոսում են գյուղատնտեսությունից, գյուղի մասին, սակայն գաղափար չունեն ոլորտից: Դա է պատճառը, որ իր քարոզարշավն անցկացնում է հիմնականում գյուղերում, քանի որ ծնված օրից ապրում է գյուղում և լավ գիտի գյուղացուն, նրա հոգսերը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter