HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դադարենք կղզի լինել

Հայաստանը կղզի է, յուրահատուկ կղզի՝ ցամաքով շրջապատված։ Կղզի է ոչ թե ֆիզիկական, այլ քաղաքական աշխարհագրության տեսանկյունից: Հայաստանը կղզի է, քանի դեռ օբյեկտիվ և սուբյեկտիվ պայմաններից ելնելով չի կարողանում օգտվել իր աշխարհագրական դիրքից, քանի դեռ մատնանշում է իր աշխարհագրական դիրքը սեփական պատմական անհաջողությունների համար։ Հայաստանը կղզի է, քանի դեռ մենք կարծում ենք, թե աշխարհը մեզ պետք է օգնի, ձեռք մեկնի, փրկի։ Մինչդեռ մենք մի բանում մնում ենք միամիտ. բացառապես շահերով առաջնորդվող աշխարհում զգայականը որոշում կայացնելու հիմք չէ, չենք ցանկանում հասկանալ, որ չկան մշտական դաշնակիցներ, և շահն է միակ մշտական աշխարհաքաղաքական ճշմարտությունը։ Կղզի ենք, քանի դեռ չենք կարողանում անգամ մեր բնական դաշնակցին՝ համաշխարհային հայկական աշխարհը` սփյուռքը ներառել Հայաստանի շուրջ՝ Հայաստանը դարձնելով հայկականի կենտրոնը։

Հայաստանը քաղաքական աշխարհագրության իր դրությամբ բացառիկ է։ Աշխարհում կա դեպի բաց ծով ելք չունեցող ՄԱԿ-ի անդամ 44 պետություն (բոլոր պետությունների շուրջ ¼-ը)։ Այս երկրները ներկայացնում են աշխարհի երկրների տարածքի շուրջ 11%-ը և բնակչության ընդամենը շուրջ 6%-ը։ Այս անհամաչափությունը երևի թե պայմանավորված է նրանով, որ ցամաքային երկրներից շատերը կամ գտնվում են լեռներում, ինչպես մերը, կամ էլ իրենց տարածքի մի զգալի մասը անապատ է և, հետևաբար, նրանք հարաբերականորեն ավելի թույլ բնակեցված են։ Այդ 44 երկրներից ընդամենը 9-ն են Հայաստանից տարածքով ավելի փոքր և 11-ը՝ բնակչությամբ։ Եթե վերցնենք այս երկու գործոնները միասին, ապա և՛ տարածքով, և՛ բնակչությամբ Հայաստանից փոքր է ընդամենը 7 երկիր, որոնց մեծ մասը Եվրոպայի գաճաճ երկրներն են։ Ստացվում է, որ իր տարածքային և մարդկային ռեսուրսներով Հայաստանը ցամաքային երկրների շարքում ամենաթույլ հագեցվածներից է։ Իսկ եթե վերցնենք այդ 44-ից միայն այն երկրները, որոնք հարևանների հետ ունեն լուրջ քաղաքական խնդիրներ (առնվազն մեկի հետ դիվանագիտական հարաբերությունների կամ որևէ ներկայացուցչության բացակայություն), ապա մեզ հետ նույն շարքում կլինեն ընդամենը երկուսը, որոնցից մեկը հենց մեր հարևան Ադրբեջանն է, որը, այնուամենայնիվ, լիճ հանդիսացող Կասպից ծովով միջազգային ելք ունի։ (Այդ երկուսից մյուսը՝ Բութանը, հարևան Հնդկաստանի հետ ունի անվտանգության երաշխավորման պայմանագիր, որը ենթադրում է սեփական բանակի անհրաժեշտության բացակայություն։) Այսպիսով, ամբողջ աշխարհում Հայաստանը եզակի է, որպես ամբողջությամբ ցամաքով շրջապատված երկիր, որն ունի թեկուզ մեկ հարևան պետության (մեր դեպքում՝ երկուսի) հետ լրջագույն քաղաքական խնդիր և որի վրա է դրված սեփական անվտանգության ապահովումը։

Նման իրավիճակը Հայաստանին ստիպում է չունենալով այլընտրանք արագ զարգանալ։ Տնտեսապես զարգացած Եվրոպայից դուրս, գոյություն ունի սուվերեն ընդամենը 3 զարգացած երկիր, որոնք (կամ նրանց նախկինում զբաղեցրած տարածքները) եղել են թույլ կամ թերզարգացած և որոնք դարձել են զարգացած։ Դրանք են Իսրայելը, Սինգապուրը և Հարավային Կորեան։ Մյուս բոլոր երկրների դեպքում կտրուկ զարգացում, համենայն դեպս պատմական կարճ ժամանակահատվածում (40-50 տարում) տեղի չի ունեցել։ Այս երեք երկրներն էլ զարգացել են այլ ճանապարհի բացակայության պայմաններում․ ստիպված են եղել զարգանալ` իհարկե ունենալով իրենց ռազմավարական հիմնական դաշնակցի քաղաքական և տնտեսական հետևողական աջակցությունը։

Աշխարհագրությունը ճակատագիր է։ Այս ճշմարտության արձանագրումը վերագրում են Նապոլեոն I կայսրին։ Հայաստանից դուրս գտնվելիս հաճախ կարելի է առնչվել մի փաստի, երբ հայի կամ հայկականի մասին մարդիկ լսել են, սակայն տեղեկություն անգամ չունեն հայկական պետության՝ Հայաստանի մասին։ Մեր՝ կղզի լինելը դադարելու համար, ի թիվս այլ տեղաշարժի, պետք է հասկանալ, որ աշխարհը մեզանով չէ, որ ապրում է և մեր մասին չէ, որ անդադար խոսում է։ Մյուս կողմից, անհրաժեշտ է հասնել նրան, որ Հայաստանի մասին դրական խոսեն, և դա հիմնականում անեն ազգությամբ ոչ հայերը։ Հայաստանը պետք է լուրջ վերլուծության ենթարկի իր տարածաշրջանի ընձեռած հնարավորությունների լիարժեք օգտագործման հեռանկարները` հատկապես հաշվի առնելով հայկական աշխարհի առկայությունը տարածաշրջանում, ինչպես նաև այն փաստը, որ, օրինակ, Երևանից 2,5-3 ժամ թռիչքի հեռավորության վրա Հայաստանը հասանելի է դառնում 20-ից ավելի երկրի։ Սա պայմանականորեն ընտրված հեռավորություն է, որը համարվում է համեմատաբար կարճ՝ անգամ բյուջետային ավիաընկերությունների տեսանկյունից։

Հայաստանի՝ միջազգային առումով թույլ ինտեգրված լինելը իր մեծ բացասական ազդեցությունն է ունենում նաև աշխարհում ամենահայաշատ քաղաքի՝ մայրաքաղաք Երևանի զարգացման վրա։ Եթե ընդունենք, որ յուրաքանչյուր պետություն ունի առնվազն մեկ համեմատաբար խոշոր քաղաք, ապա Երևանը առնվազն պետք է լինի առաջին 193-ի մեջ (ՄԱԿ-ի անդամ պետությունների թվաքանակի չափով)։ Սա համաշխարհային քաղաքների դասակարգումն է՝ համաձայն GaWC միջազգային դասակարգման, որի հիմքում քաղաքների կարևորությունն ու նրանց միջազգային կապվածությունն է, այդ թվում՝ ազդեցությունն ու այնտեղ տեղի ունեցող իրադարձությունների կարևորությունը․

Քաղաքի դաս

Քաղաքների թվաքանակ և օրինակներ

Alpha (Ալֆա) ++

2 (Նյու Յորք, Լոնդոն)

Alpha (Ալֆա) +

8 (Սինգապուր, Հոնգկոնգ, Փարիզ, Տոկիո, Դուբայ, Շանհայ, Պեկին, Սիդնեյ)

Alpha (Ալֆա)

18 (Մոսկվա, Ֆրանկֆուրտ, Լոս Անջելես, Ստամբուլ, Բրյուսել, և այլն)

Alpha (Ալֆա) -

21 (Վաշինգտոն, Վիեննա, Բարսելոնա, Թել Ավիվ, Բուենոս Այրես, Բանգկոկ և այլն)

Beta (Բետա) +

24 (Պրահա, Բոսթոն, Կիև, Հռոմ, Կահիրե, Մյունխեն, Աթենք և այլն)

Beta (Բետա)

19 (Դոհա, Բեռլին, Աբու Դաբի, Ֆիլադելֆիա, Հանոյ, Բեյրութ և այլն)

Beta (Բետա) -

38 (Կալկաթա, Բելգրադ, Իսլամաբադ, Զագրեբ, Մանչեսթր և այլն)

Gamma (Գամմա) +

24 (Բաքու, Ռիգա, Գլազգո, Վալենսիա, Դեթրոյթ, Սանկտ Պետերբուրգ և այլն)

Gamma (Գամմա)

28 (Թբիլիսի, Անկարա, Մինսկ, Լոզան, Տիրանա, Լուանդա և այլն)

Gamma (Գամմա) -

32 (Լայպցիգ, Մարսել, Դրեզդեն, Բիլբաո, Բոլոնյա, Սիան և այլն)

Այսպիսով, դասակարգման 10 դասի մեջ մտնում է 214 քաղաք, և դրանց մեջ չկա Երևանը։ Այն դասակարգված է «բարձր ինքնաբավ մակարդակ ունեցող» քաղաքների շարքում (Gamma- դասից հետո)։ Համեմատության համար նշենք, որ այլ պետությունների մայրաքաղաքներից կամ ամենախոշոր քաղաքներից Երևանի հետ նույն դասի մեջ են Նիգերիայի, Ուզբեկստանի, Նամիբիայի և Կամբոջայի խոշորագույն քաղաքները։

Թռիչքային զագացման համար մեզ անհրաժեշտ է մտքի թռիչք, թռիչք՝ մեզ ընկալելու որպես համաշխարհային ազգ և, որպես դրա ածանցյալ, տարածաշրջանային մտածելակերպից դուրս՝ ավելի լայն թռչելու ընկալում։ Ի՞նչ կարելի է անել։ Վերացական բնույթի քննակումներից հեռու մնալ և, առաջին հերթին, սովորել երկրի զարգացմանն ուղղված սփյուռքի ներգրավման հաջող փորձ ունեցող երկրներից։ Սփյուռքը ներգրավելը ինքնանպատակ չէ։ Մեր դեպքում այն դեպի աշխարհ դուրս գալու և ներկայանալու ճանապարհ է: Հնարավոր է այն միակ արդյունավետ ճանապարհն է։ Տնտեսական զարգացման տեսանկյունից սփյուռքի ներգրավման հաջողված փորձ ունեցող Հայաստանի հետ համեմատելի երկրները ընդամենը երկուսն են՝ Իռլանդիան և Իսրայելը: Կայուն և արագ զարգացման անփոխարինելի նախապայմաններից մեկը ուրիշի հաջողված փորձն ուսումնասիրելն է, որը չի ենթադրում նույնությամբ կրկնօրինակում կամ սեփական ինքնության վտանգում, սակայն պահանջում է սովորել հաջողություններից և, իհարկե, ձախողումներից։ Իսկ սովորելու պատրաստակամությունն իր հերթին սեփական ուժերի վրա վստահություն և հպարտություն է պահանջում, և մեծամտության լիակատար մերժում։

Հ․Գ․ Սինգապուրի Հանրապետության հիմնադիր վարչապետ Լի Կուան Յուն, լինելով Քեմբրիջի համալսարանը գերազանցությամբ ավարտած իրավաբան և արդեն շուրջ տասը տարի երկրի վարչապետ աշխատելուց հետո դիմել էր Հարվարդի համալսարանի Քեննեդիի անվան պետական կառավարման ինստիտուտ՝ խնդրելով իր համար հատուկ եռամսյա դասընթաց կազմակերպել՝ նշելով, որ զգում է պետական կառավարման տեսական գիտելիքների պակաս՝ տասը տարի բարդ տարածաշրջանում երկրի կառավարման փորձ ունենալով հանդերձ։ Ծրագիրը մշակվել էր և այն ավարտելուց հետո Լի Կուան Յուն վերադարձել էր և շարունակել երկիրը ղեկավարել։ Վերոնշյալ դրվագը սովորելու հանդեպ բաց և դրական վերաբերմունքի վառ դրսևորում է։

Հ.Հ.Գ. Եթե աշխարհում կա առնվազն երկու պետություն, որտեղ պետք է լինի սփյուռքի հարցերով զբաղվող առանձին նախարարություն, ապա դրանցից մեկը Հայաստանն է: Քաղաքականություն իրականացնող նախարարություն:

Վահագն Վարդանյան

«Աշխարհաքաղաքականություն և քաղաքական աշխարհագրություն» մասնագիտության դոկտոր (PhD)

Հան (չինական) ակադեմիայի փոխտնօրեն, ք. Հոնկոնգ

Մեկնաբանություններ (1)

Հակոբ
Ես գտնում եմ որ մեր պետության վարկանիշը ու տնտեսության զարգացման համար պետք են այլ ընտրանքային պետություններ անկախ հեռավորությունից (Ֆիլիպիններ, Սինգապուր, Ինդոնեզիա ) և այլն։ Այո ՀՀ -ը պետք է ունենա սփյուռքի նախ-ուն։ Ցավալի էր ,քանի որ օրինակ Ֆիլիպիններում մայրաքաղաք Մանիլայում չեին իմանում թե որտեղ է Հայաստանը և որ կա հայ ազգ ,իսկ երբ լսում էին առաջին քրիստոնեությունը ընդունման մասին զարմանում էին։ Բացի սա մեզ պետք է մեր արտադրությունը իրացնել այդ երկրներում։ Այնպես որ անելիք ունենք։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter