HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դատարանը Քաղառի չմարած վարկերի դիմաց ճանաչել է «Հայէկոնոմբանկի» սեփականության իրավունքը Ալավերդու պատկերասրահի շենքի նկատմամբ

«Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ն 19 տարի շարունակ ամեն ինչ անում է Ալավերդու պատկերասրահն իր շենքից վտարելու եւ այն յուրացնելու համար: Այդ գործում ընկերությանն օժանդակել են Ալավերդու տարբեր տարիների քաղաքապետերը եւ դատարանները:  

Կառավարության 1997թ. մարտի 14-ի N 51 որոշմամբ ազգային պատկերասրահի Ալավերդու մասնաճյուղի նախկին Կախոյան 7, ներկայում Թումանյան 44 հասցեում գտնվող շենքն այսօր էլ համայնքի սեփականությունն է: Պատկերասրահն այդ շենքից հանելու գործում բանկին աջակցել են Ալավերդու տարբեր տարիների քաղաքապետերը:

Կադաստրի կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանման տեղեկատվության համաձայն, Լոռու մարզի 1-ին ատյանի դատարանը 1999թ.-ի ապրիլի 23-ի որոշումով Ալավերդու պատկերասրահի շենքի սեփականության իրավունքը  Քաղառի չմարված վարկային պարտքի դիմաց, որպես խանութ հանձնել է «Հայէկոնոմբանկի» Ալավերդու մասնաճյուղին: Դատարանի այս որոշման և Ալավերդու քաղաքապետ Կարեն Եսայանի 1999թ.-ի օգոստոսի  24-ի 145 որոշման համաձայն 1999թ.-ի սեպտեմբերի 29-ին պատկերասրահի շենքը՝ որպես խանութ, պետական գրանցում է ստացել «Հայէկոնոմբանկ» Թումանյանի մասնաճյուղի անվամբ:

Քաղաքապետ Կարեն Եսայանի 145 որոշումը «Հայէկոնոմբանկի» Թումանյանի մասնաճյուղին մշտական օգտագործման իրավունքով 700 քմ հողատարածք վերահատկացնելու մասին է:

«Շենքի սեփականության հիմքում դրված է մի փաստաթուղթ, որը վերաբերում է հողի  վերահատկացմանը: Տվյալ դեպքում առկա է անհամապատասխանություն՝ խանութի սեփականության իրավունքի և սեփականության հիմքի միջև: Որը կարող է առաջանալ կեղծիքի արդյունքում»,- ասում է փաստաբան Ալեքսանդր Ծատինյանը: 

Ալավերդու քաղաքապետ Սարիբեկ Օհանյանի 2005թ.-ի սեպտեմբերի 28-ի թիվ 271-Ա որոշման համաձայն՝ պատկերասրահի շենքը Կադաստրի կոմիտեի Լոռու մարզի ստորաբաժանման կողմից վերագրանցվել է որպես բանկ ՝ «Հայէկոնոմբանկի» Թումանյանի մասնաճյուղի անվամբ: Այդ տարիներին Սարիբեկ Օհանյանը պատկերասրահի շուրջ հանրային սուր քննարկումներին հանդես է եկել  պատկերասրահի շահերը պաշտպանողի դերում:  «Հայէկոնոմբանկը», անհանգստանալով պատկերասրահի հետ կապված հանրային դժգոհություններից, թույլատրել է  պատկերասրահին անհատույց օգտագործել շենքի հետնամասի փոքր սրահը:  

«Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ի և «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի միջև 2009թ.-ի հոկտեմբերի 23-ին կնքվել է ոչ բնակելի շենքի տարածքի անհատույց օգտագործման պայմանագիր: Պայմանագրի 1.2 կետի համաձայն՝ անհատույց օգտագործման իրավունքով  ազգային պատկերասրահին է հանձնվել Կախոյան 7 հասցեում գտնվող  119.2 քմ տարածք:

Քաղաքապետ Կարեն Փարեմուզյանի 2015թ.-ի դեկտեմբերի 21-ի  283-Ա որոշման համաձայն՝ Կախոյան 7 հասցեի «Հայէկոնոմբանկի» Թումանյանի մասնաճյուղի անշարժ գույքը բաժանվել է երկու միավորի, և բաժանված երկու միավորներն էլ 2016թ.-ի փետրվարի 18-ին իրավունքի պետական գրանցում են ստացել կրկին բանկի Թումանյանի մասնաճյուղի անվամբ՝ Թումանյան 44 և Թումանյան 44/1 հասցեներով:

Կարեն Փարեմուզյանին հարցրինք, թե «Հայէկոնոմբանկ»-ի մասնաճյուղի անունով պետական գրանցում ստացած նախկին Կախոյան 7 հասցեում գտնվող շենքը երկու միավորի բաժանելու մասին ինչու է Կադաստրի կոմիտեի Լոռու մարզի ստորաբաժանմանը գրությամբ դիմել, քաղաքապետ Կարեն Փարեմուզյանը պատասխանեց.

«Գրել եմ, որ պատկերասրահի զբաղեցրած տարածքն առանձնացվի, այսինքն պետական գրանցում ստանա պատկերասրահի անունով»,- պատասխանեց Կ. Փարեմուզյանը:

Վերջինս տեղյակ էր, որ կառավարության N 51 որոշմամբ՝ պատկերասրահի շենքը համայնքի սեփականությունն է: Այսուհանդերձ, «Հայէկոնոմբանկը» երկու միավորի բաժանված պատկերասրահի զբաղեցրած  44/1  հասցեով պետական գրանցում ստացած  տարածքը 2016թ.-ի սեպտեմբերի 26-ին սեփականության իրավունքով գրանցել է այլ անձի՝ «Հայէկոնոմբանկի» աշխատակից Դավիթ Հարությունյանի անունով: Դավիթ Հարությունյանն այս տարի՝ փետրվարի 17-ին, ծանուցում է ուղարկել «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ին իր տարածքն ազատելու համար: Նա, տարածքից պատկերասրահին վտարելու համար, դիմել է նաև ոստիկանության Թումանյանի բաժին:

Հիշեցնենք, որ «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի հսկիչ փաթեթը պատկանում է Սուքիասյանների ընտանիքին:  Նրանք վերահսկում են բանկի գրանցված  և ամբողջությամբ վճարված բաժնետիրական կապիտալի 69,55 տոկոսը և համարվում են բանկի վերջնական վերահսկողը:   

Բանկի Թումանյանի մասնաճյուղը նախկինում վարձակալությամբ գործել է Ալավերդու պղնձաձուլական գործարանի սանիտարական գոտում գտնվող հին շենքերից մեկում: Գործարանի տնօրինությունը  1999թ.-ին «Հայէկոնոմբանկ»-ին պահանջել է ազատել իր տարածքը: Այդ  ժամանակ էլ պատկերասրահի շենքը հայտնվել է բանկի սեփականատերերի ուշադրության կենտրոնում : «Հայէկոնոմբանկ»-ի Թումանյանի մասնաճյուղի  1997թ.-ի  հունվարի 30-ի հայցադիմումով Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 1997թ.-ի հունիսի 18-ի վճռով Ալավերդու Քաղառը  ճանաչվել է անվճարունակ  (սնանկ): Տնտեսական դատարանի  դատավոր Արշակ Շահոյանի 2002թ. փետրվարի 4-ի  որոշումով անվճարունակ ճանաչված Ալավերդու Քաղառը լուծարվել է: «Հայէկոնոմբանկ»-ի Ալավերդու մասնաճյուղի այդ ժամանակվա տնօրեն Արտավազդ Վարոսյանը պնդում է, որ Վանաձորի նստավայրի դատավոր Գևորգ Այվազյանի 1999թ.-ի ապրիլի 23-ի վճռով Կախոյան 7 հասցեում գտնվող շենքի սեփականության իրավունքը Քաղառի վարկային պարտքի դիմաց է տրվել «Հայէկոնոմբանկ»-ի Թումանյանի մասնաճյուղին:

«Այդ ժամանակ Կախոյան 7 շենքը չի եղել պատկերասրահի սեփականությունը, Քաղառի հաշվեկշռում հաշվառված է եղել որպես թիվ 18 կահույքի խանութ»,- ասում է Ա. Վարոսյանը: Քաղխորհրդի գործկոմի կուլտուրայի բաժնի այդ տարիների վարիչ Վալերի Պարանյանը պատմում է, որ քաղխորհրդի գործկոմը 1982թ.-ի մարտի 15-ին որոշել է Ալավերդու Կախոյան 7 հասցեի՝ կահույքի նախկին խանութի շենքը հետ վերցնել Քաղառից  և տրամադրել կուլտուրայի բաժնին՝ պատկերասրահ դարձնելու համար: Վ. Պարանյանը Ալավերդիում ազգային պատկերասրահի մասնաճյուղ բացելու հարցը ներկայացրել  է կուլտուրայի մինիստրի տեղակալ Մարատ Խարազյանին:

Վերջինիս հանձնարարությամբ՝  Վ. Պարանյանը քաղաքի նկարիչների հետ Ալավերդիում պատկերասրահի շենք են որոնել: Ընտրությունը կանգ է առել Ալավերդու նախկին ամառային կինոթատրոնի, այդ ժամանակ Քաղառի թիվ 18 կահույքի խանութի շենքի վրա:

«Ամառային կինոթատրոնի բաց տանիքը այնպես է կապվել, որ լուսավորությունը մինչև օրս տանիքից է ընկնում: Ցանկացած պատկերասրահի էն ժամանակվա լավագույն տարբերակը վերևից լուսավորություն ունենալն էր»,- բացատրում է Վ. Պարանյանը:

«Ես Ալավերդիում պատկերասրահ բացելու գաղափարը ողջունել և Քաղառի թիվ 18 խանութի շենքը բալանսից բալանս հանձնել եմ քաղխորհրդի գործկոմին՝ պատկերասրահ բացելու համար»,- պատմում է  Քաղառի  նախկին տնօրեն Հովիկ Օհանյանը:  

Բնակարանային կոմունալ տնտեսության մինիստրության Կիրովականի տեխնիկական հաշվառման բյուրոյի 1986թ.-ի օգոստոսի 29-ին տրված տեխնիկական անձնագրով Կախոյան 7 հասցեում գտնվող շենքը պետական գրանցում է ստացել կուլտուրայի բաժնի անունով: Խորհրդային համակարգի փլուզման պատճառով քաղխորհուրդների լուծարումից հետո  կառավարության 1997թ.-ի մարտի 14-ի  N 51 որոշմամբ հաստատված Ալավերդի համայնքի սեփականություն հանդիսացող գույքի ցանկը, այդ թվում նաև պատկերասրահի Կախոյան 7 հասցեում գտնվող շենքը հանձնվել է Ալավերդու քաղաքապետարանին:

«Ալավերդու քաղաքապետերը լռել են այս որոշման մասին, այդ պատճառով է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը (նստավայրը` Վանաձոր) կայացրել 1999թ.-ի ապրիլի 23-ի ապօրինի որոշումը»,- ասում է փաստաբան Ալեքսանդր  Ծատինյանը:

Ալավերդու պատկերասրահն այս պահին փակման շեմին է: Այդ մասին համայնքի ղեկավար Սասուն Խեչումյանին մայիսի 30-ին ահազանգել է պատկերասրահի տնօրեն Ռաֆայել Ջավախյանը: Պատկերասրահի շենքային խնդիրը լուծելու հարցով համայնքի ղեկավարին հունիսի 1-ի գրությամբ ահազանգել է «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ա. Ծատուրյանը: Հոկտեմբերի 15-ի գրությամբ՝ մշակույթի նախարարի տեղակալ Տ. Գալստյանը. «Պատկերասրահի մասնաճյուղին անհատույց օգտագործման իրավունքով տարածք տրամադրելու հարցը կքննարկվի համայնքի ավագանու և համապատասխան մասնագետների հետ, որից հետո կտրվի պատասխան»,- հունիսի 19-ին Ա. Ծատուրյանին պատասխանել է Սասուն Խեչումյանը եւ դրանով, կարծես, մոռացել պատկերասրահի մասին: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter