HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

ՋՕԸ-երը չեն խրախուսում բանկային վճարումները, հավաքագրման ցուցանիշի երաշխավորը ջրբաշխներն են

Արարատյան դաշտում ոռոգման սեզոնը նոյեմբեր ամսին ավարտվել է, եւ ջրօգտագործողների ընկերությունները (ՋՕԸ), հիմնականում, զբաղված են գումարները հավաքագրելով: «Արմավիր» ՋՕԸ-ի հավաքագրումները նոյեմբերի սկզբին 35% էին կազմում: Ընկերությունն ամսվա սկզբին 2600 ծանուցում էր ուղարկել ջրօգտագործողներին՝ վճարում կատարելու պահանջով: Միաժամանակ, տեղական հեռուստատեսությամբ հայտարարության տեքստ էին պատրաստել՝ վճարումներ կատարելու պարտավորությունը հիշեցնելու մասին:

Արմավիրի մարզի մյուս՝ «Էջմիածին» ՋՕԸ-ի գումարի հավաքագրման ցուցանիշը համեմատաբար ավելի բարձր էր, բայց հոկտեմբերի կեսերին դեռեւս 50%-ի չէր հասնում: «Մեր ամենացավոտ կողմը վճարումն է, ոռոգումը 96%-ով ավարտել ենք, բայց վարձավճարը 50%-ով էլ չենք հավաքել»,- ասում է «Էջմիածին» ՋՕԸ տնօրեն Սուրեն Սեդրակյանը։

«Գյուղացու գումարը մեր աշխատանքի արդյունքով է ստեղծվում, սակայն նրանք ամեն ինչին գումար հատկացնում են, բացի ոռոգման ջրից»,- դժգոհում է «Արմավիր» ՋՕԸ-ի տնօրեն Հովհաննես Պետրոսյանը:

Այս հարցում ջրօգտագործողների ընկերությունների տնօրենները մեղադրում են կառավարությանը՝ վարչապետ, նախարար, մարզպետ եւ այլք, որոնք հայտարարում են, որ գյուղացին ոռոգման համար պետք է վճարի բերքը հավաքելուց հետո, նաեւ` ոլորտի պատասխանատուներին, որոնք չեն պաշտպանում ընկերությունների շահերը: Ջրօգտագործման պայմանագրում ամրագրված է, որ ջրօգտագործողը վճարումը պետք է կատարի ոռոգելուց հետո, մեկ ամսվա ընթացքում: Գործնականում, մեխանիկական ջրամատակարարման դեպքում, գումարը հավաքագրում են առաջին ջուրն ստանալուց հետո, երբ 2-րդ ջրի հայտն են ներկայացնում:

«Մենք պահանջում ենք՝ մարդիկ կան, որ վճարում են, մարդիկ կան՝ մասնակի են վճարում, մարդիկ էլ կան, որ միայն խոստանում են վճարել: Ջուրն անջատել չենք կարող, մեզ արգելված է, բայց գումարը հավաքելու այլ լծակ էլ չունենք»,- նշում է «Արմավիր» ՋՕԸ-ի փոխտնօրեն Արշավիր Հայրապետյանը:

Արմավիրի մարզի Արմավիրի տարածաշրջանի 38 համայնքներին ոռոգման ջուր մատակարարող «Արմավիր» ՋՕԸ-ի տնօրեն Հովհաննես Պետրոսյանը չի մասնավորեցնում, թե ովքեր են չվճարողները: Մեր զրույցի ժամանակ ՋՕԸ-ում ստուգումներ էր իրականացնում Ջրային կոմիտեի աուդիտի բաժինը: Նրանք առանձնացրել էին խոշոր պարտքատերերի 10 անուն, եւ ցուցակը տնօրենի սեղանին դրելով՝ բացատրություն էին ակնկալում չվճարումների վերաբերյալ:  

Դրանց մեջ կային 35 եւ ավելի հեկտար հող մշակողներ, որոնք հիմնական վճար ձեւավորողներն են, միեւնույն ժամանակ մշտական չվճարողները: Չենք կարծում, որ մինչ օրս Ջրային կոմիտեն տեղեկացված չի եղել արտոնյալ ջրօգտագործողների մասին։ Արմավիրի եւ Արարատի մարզերում բազմաթիվ մեծ ու փոքր պաշտոնյաների անուններ են տրվում, որոնք խոշոր հողատերեր են, միեւնույն ժամանակ մշտական չվճարողները կամ խորհրդանշական գումար վճարողները։ Նրանց մասին ՋՕԸ-երը եւ Ջրային կոմիտեն երբեք չեն խոսում:

Նոյեմբերի 5-ին Պետական վերահսկողական ծառայությունը հայտարարություն տարածեց «Արտաշատ» ՋՕԸ-ի սպասարկման տարածքում կատարած ուսումնասիրության մասին, որի արդյունքում «Մխչյան առաջին հերթի մղման խողովակաշարի վրա հայտնաբերվել է 100 մմ տրամագծով 50-70 լիտր /վրկ ջրատվությամբ խողովակների միացումներ, որոնցով իրականացվում է հարակից խաղողի այգիների ոռոգումը ...»: Հայտարարության համաձայն՝ «Արտաշատ Վինկոմ» ՓԲԸ-ն և ջերմոցները պատկանում են նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքին:

Մի քանի տարի առաջ բացահայտվեց Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանի հողատարածքները ոռոգող ապօրինի ջրագիծը, սակայն չմոնտաժվեց։

Մեզ հանդիպած ֆերմերներն առավելագույնը 8-9 հա են մշակում, իսկ շարքային գյուղացին՝ 1-3 հեկտար: Գյուղացիները հայտնում են նաեւ, որ թոշակի ու նպաստի օրերին ջրբաշխները գանձումներ են կատարում փոստային բաժանմունքներում, մյուս՝ ժամանակին չվճարողներից գանձումը կատարվում է դատական կարգով։

Գանձումների հարցը դեռեւս կարգավորված չէ

Քանի դեռ ոռոգման ջրի գանձումները չեն կատարվել բացառապես բանկային փոխանցումներով, անթույլատրելի է չվճարման տոկոսներ ներկայացնելը։ ՋՕԸ-երը հաշվեհամարներ ունեն «Կոնվերսբանկ»-ում եւ «Հայբիզնեսբանկ»-ում, ջրօգտագործողները վճարում կարող են կատարել նաեւ «Հայփոստ»-ի բաժանմունքներում: Սակայն ՋՕԸ-երը չեն խրախուսում բանկային վճարումները, գումարը հավաքագրում են ջրբաշխները։

«Ջրբաշխը օրենքով չպետք է հավաքի, բայց եթե չանի՝ 20%-ն էլ չենք հավաքի։ Մենք չենք կարող անջատել ջուրը, բացի խորքային հորերից, որտեղ հենց շարժիչը միացրեց՝ գումարը գրվում է եւ 100%-ով հավաքագրումն էլ կատարվում է, բայց ինքնահոսի դեպքում, որը մեր ձեռքին է եւ 50-ից մինչեւ 100 հա-ին մի աշխատող է հասնում, չի կարող վերահսկել»,- ասում է «Էջմիածին» ՋՕԸ-ի տնօրեն Սուրեն Սեդրակյանը:

Եղեգնուտ համայնքի բնակիչ, ավագանու անդամ Էմմա Աբրահամյանն ասում է, որ մի քանի հողակտորներից միայն մեկի համար ջրօգտագործման  պայմանագիր ունի։ Այդ հողակտորի համար ՋՕԸ-ից պահանջել է կոդ տրամադրել, որպեսզի վճարումը բանկում կատարի, սակայն բանկում այդ կոդով չեն կարողացել իր հաշիվը բացել եւ հարկադրված է եղել գումարը կրկին ջրբաշխին տալ։

Ջրօգտագործողները չեն ժխտում, որ ջրբաշխը վճարման կտրոնը տրամադրում է իրենց, բայց չէ՞ որ հավաքագրումները կարող է նաեւ ժամանակին մուտք չարվեն, դրա համար էլ միայն տարեվերջում է հավաքագրման տոկոսը բարձրանում:

Ջրօգտագործողներին չի ներկայացվում նաեւ հստակ հաշվարկ տվյալ ժամանակահատվածում իրենց ծախսած փաստացի ջրաքանակի վերաբերյալ, համաձայն որի կարողանան բանկում կամ փոստային բաժանմունքում վճարում կատարել։

Ջրօգտագործողները չեն ցանկանում վճարել չօգտագործած ջրի համար

ՋՕԸ-երի եւ ջրօգտագործողների միջեւ հավերժական վեճի թեմա է օգտագործված ջրաքանակը եւ դրա դիմաց պահանջվող վճարման չափը: Գրեթե բոլոր ջրօգտագործողների հիմնական անհամաձայնությունը մատակարարված ջրաքանակի եւ դրա դիմաց պահանջվող վճարի չափն է, բացառությամբ այն անձանց, որոնց հողը մոտ է խորքային հորին կամ ջրի ակունքին:

Ջուրն ապրանք է, որի համար ջրօգտագործողը պետք է վճարի այնքան, որքան սպառում է, սակայն ՋՕԸ-ն վճարման հաշվարկն սկսում է այն պահից, երբ միացնում է ջուրը, այն մի քանի կիլոմետր անցնում է հողային հունով առուներով մինչեւ ջրօգտագործողին հասնելը: Ջրակորուստը վճարում է գյուղացին, մինչդեռ, պետք է վճարի սկսած այն պահից, երբ ջուրն սկսում է հոսել իր հողատարածքով:

ՋՕԸ-ի ղեկավարները նշում են, որ ինքնահոս ջուրը հնարավոր չէ չափել, բայց դժգոհությունների դեպքում, եթե ջուր օգտագործողը պահանջում է՝ չափում են: Երբ չափել ենք՝ կա՛մ կեսից խնդրել են դադարեցնել, կա՛մ հրաժարվել են հողը մշակելուց, եթե ջուրը չափելով տրվի՝ 1 հա-ը ոռոգելու համար 150-200 հազար դրամ կկազմի, միշտ 30-40% ավել ջուր է տրվում։

Հայտում ամրագրվում է, որ տվյալ մշակաբույսը պետք է ոռոգի, պայմանական ասված՝ 4 անգամ, բայց ոռոգում է 2 անգամ: Ընթացքում վճարում չի կատարում, վերջում ՋՕԸ-ն պահանջում է վճարել հաշվարկված ողջ գումարը, որը նշված է հայտում, եթե մյուս կողմը մինչ այդ դիմում չի գրել եւ չի պահանջել վերանայել հաշվարկը:

Նշենք, որ ջրօգտագործողը հայտի օրինակը չունի եւ, ամենայն հավանականությամբ, տեղյակ էլ չէ, թե ինչ թիվ է նշված հայտում, որի տակ ստորագրել է: Կարծում ենք, որ ջրօգտագործողների ընկերությունները ոչ միայն նախնական հայտեր պետք է լրացնեն տարեկան ջրի պահանջը հաշվարկելու համար, այլեւ՝ ոռոգման սեզոնի ավարտին վերահաշվարկ կատարեն, որպեսզի գյուղացին չվճարի չծախսած ջրի դիմաց։

Այդուհանդերձ, «Արմավիր» ՋՕԸ-ի փոխտնօրեն Արշավիր Հայրապետյանը կարծում է, որ ջրի հաշվառման հարցը պետք է կարգավորել գոնե մեկ գյուղի օրինակով, որպեսզի մարդկանց համար համոզիչ լինի ծախսած ջրաքանակը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter