HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Վաղարշապատի հիվանդանոցի տնօրենի թեկնածուներից մեկը կասկածի տակ է դնում մրցույթի արդյունքներն ու մարզպետի որոշումը

Նոյեմբերի 27-ին Արմավիրի մարզպետարանում կայացել է մարզպետարանի ենթակայության տակ գտնվող «Վաղարշապատի հիվանդանոց» պետական ՓԲԸ-ի տնօրենի թափուր տեղի համար հայտարարված մրցույթը: Մարզպետ Համբարձում Մաթևոսյանը հաղթողներից Գոռ Ասատրյանի հետ կնքել է աշխատանքային պայմանագիր, ինչը լարվածություն է առաջացրել հիվանդանոցում:

Տեղեկացնենք, որ հիվանդանոցի տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար դիմել էր 16 անձ: Նրանցից 5-ը եղել են նույն հիվանդանոցի աշխատակիցներ: Մրցույթին ներկայացել են դիմումատուներից 11-ը, որոնցից միայն 10-ն է ստացել մրցույթին մասնակցելու իրավունք:

Մրցույթն իրականացվել է երեք փուլով` թեստավորում, հարցազրույց և կազմակերպության զարգացման ծրագրի ներկայացում: Հարցազրույցի փուլը հաղթահարել է 9 դիմումատու՝ ճիշտ պատասխանելով թեստավորման առաջադրանքների առնվազն 90%-ին: Մասնակիցներից հաջորդ` ծրագրի ներկայացման փուլ են անցել միայն 3-ը` նույն հիվանդանոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտակ Իսախանյանը, հիվանդանոցի վնասքաբան Գոռ Ասատրյանը և Օլգա Մարգարյանը:

Նշենք, որ մրցութային հանձնաժողովը գլխավորել է Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը: ՀՀ կառավարության 2011 թվականի N992-Ն որոշմամբ հաստատված կարգով երեք աշխատանքային օրվա ընթացքում մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցներից մեկի հետ մարզպետը պետք է կնքեր պայմանագիր:

Երեկ լրացել է 3 օրը: Արտակ Իսախանյանը աշխատանքային օրվա վերջում փորձել է մարզպետարանից տեղեկանալ, թե ում հետ է մարզպետը կնքել պայմանագիր: Նրա տեղեկացմամբ՝ իր զանգերը մնացել են անպատասխան և ժամը 19-ի սահմաններում մարզպետարանի «ֆեյսբուքյան» էջից տեղեկացել է, որ մարզպետը 3 տարի ժամկետով աշխատանքային պայմանագիր է կնքել Գոռ Ասատրյանի հետ:

Հունիսի 26-ից տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտակ Իսախանյանը գոհ չէ մարզպետ որոշումից: «Չեմ ասում, որ աշխարհի ամենախելացին եմ և այլն: Բայց մրցույթի  երեք հաղթողների մեջ մրցույթի արդյունքների ամենալավ ցուցանիշները ես եմ ունեցել: Ինչո՞վ է հիմնավորում մարզպետը, որ նման որոշում է կայացրել»,-ասում է Արտակ Իսախանյանը:

Վաղարշապատի հիվանդանոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի խոսքերով՝ թեստային փուլում ինքն ու Գոռ Ասատրյանը հավաքել են հավասար միավորներ՝ 48, թեև Ա. Իսախանյանի խոսքերով, եթե բողոքարկեր իր միավորը կլիներ 49, քանի որ թեստի մեջ հարցը սխալ էր ձևակերպված եղել: Հանձնաժողովին տեղեկացրել է, որ հարցը սխալ է ձևակերպված և հիմնավորել է ասածը, սակայն չի բողոքարկել, քանի որ չի ցանկացել մրցույթի ժամկետները ձգել:

Ինչ վերաբերում է բանավոր փուլին, ապա Արտակ Իսախանյանը պատասխանել է 5 հարցին 5-ին, իսկ մրցակից Գոռ Ասատրյանը, տնօրենի ժ/պ-ի խոսքերով, հայտարարել է, որ պատասխանել է 4 հարցի: Ծրագիրն էլ բոլորը ներկայացրել են: Ընդամենը ստուգել են, թե թեկնածուն ի վիճակի է զարգացման ծրագիր ներկայացնել, առաջխաղացում ապահովել, թե ոչ: Հանձնաժողովը դրա վերաբերյալ 1-2 հարց է տվել թեկնածուներին:

«Եվ աշխատանքային փորձով և արդյունքներով առավելություն ունեմ, չհասկացա թե ինչ կատարվեց: Ես Գոռ Ասատրյանի դեմ որևէ բան չունեմ, այստեղ իր անձի հարցը չէ, ես իմ արդյունքներն եմ բողոքարկում, դրանից եմ դժգոհ:  Եթե գտել են, որ նրա հետ պետք է կնքվի աշխատանքային պայմանագիր, ես ունենալով ավելի լավ արդյունքներ ինչու իմ հետ չի կնքվել պայմանագիր: Գոնե բացատրություն տային, զանգերիս ոչ ոք չէր պատասխանում: Ինչ որ մութ բան է կատարվել: Մարզպետը խոսք էր տվել բոլորին, որ արդար որոշում է կայացնելու, եթե չհիմնավորեց օրենքով չարգելված բոլոր ձևերով պայքարելու եմ»,-ասում է Արտակ Իսախանյանը:

Թեև Օլգա Մարգարյանը մրցույթում ավելի ցածր ցուցանիշներ է արձանագրել, սակայն Արտակ Խսախանյանի խոսքերով նա ավելի արժանիքներ ուներ: Իր տեղեկություններով կին թեկնածուն նույնիսկ կառավարչի որակավորում է ունեցել, ինչը նույնիսկ առավելություն է: «Ես եսասեր չեմ, որ ասեմ՝ ես եմ ու վերջ: Թող Օլգա Մարգարյանի հետ կնքվեր պայմանագիր: Նա ավելի արժանիքներ ուներ, կառավարչի փորձ էլ ուներ: Այդ դեպքում հնարավոր է նույնիսկ չբողոքարկեի՝ մտածելով, որ կառավարչի փորձը նման դեպքերում շատ կարևոր է և մարզպետը հենց դա է հաշվի առել, բայց այս դեպքում լրիվ այլ բան է կատարվել»,-ավելացրեց Արտակ Իսախանյանը:

Իսախանյանն ասում է, որ տնօրենի պաշտոնակատար լինելով ևս հաջողություններ է գրանցել: Նշեց, որ Էջմիածնի հիվանդանոցը ցածր արդյունավետությամբ է աշխատել, ինչը խորքային պատճառներ ունի: Վերջին 5-6 տարիների ընթացքում պետության կողմից հատկացված միջոցները կրճատվել են մոտ 100 մլն դրամով: Բացի այդ, հաստիքները շատ են: Օրինակ, եղել է, որ ունեցել են 30 հիվանդ, սակայն հիվանդանոցում աշխատում է մոտ 300 մարդ:

Արտակ Իսախանյանն ասում է, որ մարդիկ տարիներ շարունակ ցածր աշխատավարձով են աշխատել: Հիվանդանոցը կուտակել է պարտքեր՝ դեղորայքի, տնտեսական այլ ծախսերի գծով: Որոշ դեպքերում նաև անարդյունավետ ծախսեր են իրականացվել: Իր պաշտոնավարման առաջին ամսվա ընթացքում մոտ 50%-ով ավելացրել է հիվանդանոցի վճարումները, ավելի խիստ է վերահսկվել:  Այժմ հիվանդանոցն ունի մոտ 22 մլն դրամ պարտք, սակայն վերջին ամիսների ընթացքում պարտքերի մարում ևս իրականացվել է: Այդ ժամանակահատվածում գտել են նաև հովանավորներ, հիվանդանոցում բարեկարգման որոշ աշխատանքներ են իրականացվում և այլն:

Արտակ Իսախանյանն ասում է, որ վատ չի աշխատել, նույնիսկ դրական արդյունք է ցույց տվել, մրցույթում նույնպես առավելություն է ունեցել և իր մոտ հարց է առաջանում, թե ինչու չի վերանշանակվել: Ծանոթ-բարեկամի մակարդակով նշանակման մասին խոսակցություններ լսել է, սակայն փաստեր չունի և ասում է, որ իրեն թույլ չի տա նման պնդումներ անել:

Ա. Իսախանյանը նշում է, որ այս ամենի հետ հանգիստ չի համակերպվելու: Մարզպետի հետ հանդիպում է պահանջելու, փորձելու է ստանալ բացատրություն: Ասում է՝ թող մարզպետը հրապարակային՝ լրատվամիջոցների, իր աշխատակիցների ներկայությամբ, որոնք լավ են ընդունում իրեն, բացատրություն տա:

«Ես շատ խիստ կասկածում եմ, որ սա արդար, օբյեկտիվ որոշում է եղել: Նոր Հայաստան ենք կառուցում, վաղն էլ իմ երեխայի նկատմամբ են նույն ձևով վարվելու, ձեր նկատմամբ են վարվելու, սա վատ բան է: Եթե ինչ որ մեկի ճնշման արդյունքում, զարտուղի ճանապարհներով է այս որոշումը կայացվել, ուրեմն ստոր բան է կատարվել: Եկեք արդար լինենք: Ի՞նչն են առավել գնահատել նրա մեջ, որ ես չեմ ունեցել, ինչ պահանջներ է առաջադրվել, որ ես չեմ բավարարել, չեմ ներկայացրել: Իմ մեջ արդեն կոտրեցին այն նպատակները, որ ունեի: Եթե այս իրականության մեջ պետք է աշխատեմ, արդեն ցանկություն չունեմ: Բայց բացատրություն պահանջելու եմ, եթե մի բան բացահայտվեց գնալու եմ մինչև վերջ»,-հավելում է Արտակ Խսախանյանը:

Ոչ աշխատանքային օրվա պատճառով մարզպետ Համբարձում Մաթևոսյանից պարզաբանում ստանալ չհաջողվեց: Մարզպետարանի դիրքորոշմանը կանդրադառնանք առաջիկայում:




Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter