HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիլիթ Ավագյան

Մարդ. բա՞րձր է հնչում

Նոյեմբերյանում, նոյեմբերի 28-ին նախընտրական հանրահավաքից հետո վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդիպեց 2018թ. հունիսին հայ-ադրբեջանական սահմանը հատած ՀՀ քաղաքացի, Տավուշի մարզի Բերդավան գյուղի 34-ամյա բնակիչ Կարեն Ղազարյանի ծնողներին: 

Փաշինյանն ավելի ուշ լրատվամիջոցներին ասաց «Ես ներողություն եմ խնդրել, որ մինչև հիմա մեր ջանքերն արդյունավետ չեն եղել», ինչպես նաև, որ նպատակահարմար չի համարում «բոլորը բոլորի դիմաց» ձևաչափով Կարեն Ղազարյանին փոխանակել Արցախի Հանրապետության երկու քաղաքացիների սպանության մեջ մեղադրվող Շահբազ Գուլիևի և Դիլհամ Ասկերովի հետ: Վերջիները դատապարտված են մեկը՝ քսան տարվա ազատազրկման, մյուսը՝ ցմահ բանտարկության: Նրանցից բացի՝ հայկական կողմում է նաև Էլնուր Հուսեյնզադեն, որը ևս ձերբակալվել է Արցախում:   

Ադրբեջանում գերության մեջ գտնվող մյուս երկու հայերն են Հայաստանի քաղաքացիներ Արսեն Բաղդասարյանն ու Զավեն Կարապետյանը։

Իհարկե, պետության վերաբերմունքը գերի ընկած Կարեն Ղազարյանի ընտանիքի հանդեպ, թվում է` չափազանց  ուշադիր է. նրանց երկու անգամ այցելել է վարչապետի պաշտոնակատարի տիկինը, նոյեմբերի 29-ին ընդունել է ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը:
Թե նման հանդիպումները որքանով կարող են մխիթարել Կարեն Ղազարյանի ծնողներին, յուրաքանչյուրը կարող է իր օրինակով պատկերացնել. չե՛ն կարող: Նման հանդիպումները ծնողների համար բարոյական բեռ են, որոնք կարող են կաշկանդել բողոքի հետագա գործողությունները:

Լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ վարչապետի պաշտոնակատարը իր տարակուսանքն էր հայտնել, երբ ավելի վաղ Կարեն Ղազարյանի համագյուղացիները փակել էին Հայաստան-Վրաստանի միջպետական ճանապարհը:
Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ փոխանակել գերիներին, նշանակում է. «Երկու Ռամիլ Սաֆարո՞վ ենք վերադարձնում Ադրբեջանին»։

Պետությունը, փաստորեն, անկոտրում է՝ գերիների փոխանակում չի նախատեսում:

Այդ դեպքում, պետությունը պետք է գտնի այլընտրանքային, սակայն արդյունավետ այլ ճանապարհ՝ վերադարձնելու երեք հայերին: Հակառակ դեպքում՝ որևէ բացատրություն չի կարող ընկալվել՝ ինչու պետք է մեր հայրենակիցերը գերի մնան հակառակորդ պետությունում:

Օրերս Տավուշի մարզում էի, և Զորականի( Չարդախլու) համայնքապետ Սուրեն Մարտիրոսյանը ևս հաստատեց, որ Արցախում ձերբակալված ադրբեջանցիները վտանգավոր դիվերսանտներ են. «Այդ դիվերսանտը սպանել է տասնութ տարեկան տղայի, ընդ որում, ոչ թե ուղղակի սպանել է, այլ իր ծնողների գերեզմանի վրա մորթել… Նրանք գիտեն մեր դիրքերի տեղը, բոլոր ճանապարհները, նրանք հմտացած են իրենց գործում: Պատկերացրեք, տասնհինգ օր մնացել են մեր թիկունքում: Մենք շատ ենք ուզում, որ Կարեն Ղազարյանին վերադարձնեն: Եթե բերդավանցիներն այդպես են պայքարում, ճանապարհ են փակել, ճիշտ են արել: Մեր գյուղացին լիներ, մենք էլ կփակեինք: Կոնկրետ այս հարցի լուծումը, մեր կարծիքով, դիվանագիտական ճանապարհով պետք է լուծվի:

Կարեն Ղազարյանը բացառված է, որ դիվերսանտ լինի: Դիվանագիտական ատյաններով Հայաստանն այդ տղայի բոլոր տվյալները պետք է տրամադրի Ադրբեջանին ու հարցնի՝ յոթ հոդված ես դնում տղայի վրա, որի՞ն է համապատասխանում Կարենը: Ոչ մեկին: Ինչու՞ են ադրբեջանցիներն իրենց դիվերսանտների վերադարձն ուզում, մեր կառավարությանը դժվար վիճակի մեջ դնում, որ այստեղ ժողովուրդը ճնշում գործադրի իշխանությունների վրա: Բայց և այդ դիվերսանտին տանելու են ազգային հերոսի կոչում տան: Այդ դիվերսանտները մարդասպան են: Նրանք հենց սպանությունների համար են պատրաստված, տիրապետում են հայերենին: Նրենք վտանգավոր են մեր ազգի համար»:  
Այս մոտեցումը հասկանալի է զինվորականների, դիվերսանտների, զոհերի ընտանիքների համար:

Բայց հասկանալի չէ՝ որպես ՀՀ քաղաքացիներին ուղղված ուղերձ:  
Որևէ մեկը չի առարկում, որ այդ դիվերսանտները վտանգավոր մարդասպաններ են: Բայց պետությունն իր յուրաքանչյուր քաղաքացու կյանքի իրավունքի երաշխավորն է:

Դիվերսանտներին վերադարձնելուց հետո Ադրբեջանը նրանց հետ ինչպես կվարվի, իրենց խնդիրն է: Մեր երկրի խնդիրն է՝ ինչպես անել, որ դիվերսանտները չհայտնվեն Հայաստանի, Արցախի սահմաններից ներս: Եթե ինչ-ինչ պատճառներով հնարավոր չի եղել կանխել նրանց ներթափանցումը Հայաստանի կամ Արցախի սահմաններից ներս, այսինքն՝ պետությունն ինչ-ինչ պատճառով թերացել է, դրա համար չպետք է պատասխանատվություն կրի այդ թերացումից տուժած քաղաքացին:

Հայաստանն՝ իբրև պետություն, հիմա մտածում է, թե ինչ կկորցնի իր գերիներին ադրբեջանցի դիվերսանտների հետ փոխանակելով:
Բայց արժե մտածել՝ ի՞նչ կշահի Հայաստանը Կարեն Ղազարյանին և մեր մյուս երկու գերիներին Հայաստան վերադարձնելով: Դա կարևոր ուղերձ կլինի ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու, զինվորի, իր զավակին բանակ ուղարկած յուրաքանչյուր ծնողի համար, որ, եթե իր հետ նման բան պատահի, իրեն, իրենց հարազատներին վերադարձնելու համար պետությունը, երկրի բարձրագույն ղեկավարությունը ոչինչ չի խնայի:

2011-ին «դարի փոխանակում» անվանումը ստացավ պաղեստինցիների կողմից գերեվարված հրեա կապրալ Հիլադ Շալիթի փոխանակության համար Իսրայելի «վճարած գինը» էր` հրեա մեկ կապրալը պաղեստինցի 1000 զինյալների փոխարեն, որոնք Իսրայելի բանտերում էին: Ընդ որում, 1000 պաղեստինցիներն ամենևին խաղաղ բնակիչներ չէին, այլ զինյալներ, որոնք, հայրենիք վերադառնալով, դարձյալ զենքը ձեռքն էին վերցնելու:

Պաղեստինցիները տոնեցին Իսրայելի հանդեպ իրենց հաղթանակը՝ 1:1000: Սակայն այսպիսով՝ Իսրայելը ոչ միայն կարևորեց իր քաղաքացու, իր զինվորի կյանքը՝ պատրաստ լինելով դրա համար վճարել հազարապատիկ, այլև անհավասար այս փոխանակումով հազարապատիկ բարոյական լիցք տվեց իր քաղաքացիներին ու զինվորներին:

Ադրբեջանում գտնվող գերիների վերադարձը պետության հեղինակության, իր քաղաքացիներից յուրաքանչյուրին՝ որպես բարձրագույն արժեք ընդունելու ցուցիչ է: Հակառակ դեպքում՝ պետք է փաստենք, որ մեր երկրում մարդու կյանքը դեռևս արժեք չէ: Մարդու գերի ընկնելը պարզապես «ցավալի դեպք» է:

 

Առաջին լուսանկարը՝ civilnet.am-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter