HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Սարյանի հետքերով» գնացել էին երեխաները

Սարյանի տուն-թանգարանի Ղազարոս և Արաքսի Սարյանների անվան դահլիճում այսօր բացվեց «Սարյանի հետքերով» խորագիրը կրող ցուցահանդես-փառատոնը: Սարյանական շունչն ու գունային լուծումներն այս անգամ ներկայացված էին 12 տարեկանից բարձր երեխաների նկարներում: Ցուցադրված էին ինչպես փառատոնին մասնակից դպրոցականների, այնպես էլ «Սարյան» ստուդիայի սաների հավաքական գեղանկարները: «Սարյան» ստուդիայի հիմնադիր Ժաննա Մանուկյանի և ստուդիայի ծրագրերի համակարգող Նարեկ Հայրապետյանի գաղափարը կյանքի  կոչվեց ընդամենը մեկ տարի առաջ և իրականացվեց համատեղ ջանքերով:

Բացման խոսքով հանդես եկավ Սարյանի տուն-թանգարանի տնօրեն Ռուզան Սարյանը:

Ողջունելով մասնակիցներին՝ նա նկատեց, որ թանգարանում ներկայացված նկարների գույներն ավելի ցայտուն ու վառ են: Պատճառը թանգարանում այդքան շատ մանուկների ներկայությունն է: «Սարյանը սիրում էր ասել՝ մարդը բնություն է, բնությունը՝ մարդ: Նա բնությունն ընկալում էր իբրև մեզ տրված Աստծո հրաշալի պատգամ: Սարյանն այս երկու բառի մեջ ամփոփել է թե՛ իր ստեղծագործական կրեդոն, թե՛ որպես մարդ-արարած իր աշխարհընկալումը: Ձեր գողտրիկ ցուցահանդեսով այսօր նեկայանում եք բավական պատասխանատու քննության և տոնի՝ ցույց տալով, թե ինչպես եք ընկալում ձեզ շրջապատող աշխարհը, բնությունը, հուշարձանները»,-ասաց Ռուզան Սարյանը:

Նարեկ Հայրապետյանն էլ նշեց, որ Մարտիրոս Սարյանը հայկական գեղանկարչության հիմնասյուներից մեկն է: Ցանկացած միջոցառում, որը կապված է մեծ վարպետի անվան հետ, արդեն իսկ գեղեցիկ հեքիաթ է յուրաքանչյուր մասնակցի համար, իսկ նրա անվան թանգարանում ցուցադրվելը ոչ միայն մեծ պատիվ է, այլև պարտավորեցնող։

Ցուցահանդեսի թեմատիկան ընդգրկուն էր: Երեխաների նկարներում պատկերված էր Աշտարակի Կարմրավոր եկեղեցին, որը Սարյանի 1950-ականների աշխատանքներից է, գիշերային Բյուրականը, Բջնիի բերդը, և բնությունն իր ողջ գունապնակով:

Փառատոնի կազմակերպիչներից Ժաննա Մանուկյանի խոսքով՝ ծրագիրը պիլոտային է, սակայն հետագայում այն կլինի ավելի ընդլայնված՝ տարածքների առումով, որոնք նկարել է Սարյանը, և կընդգրկի բոլոր տարիքային խմբերին:

Շուրջ մեկ տարի տևած ճանաչողական պլեներ դասերին իրենց մասնակցություն էին բերել ծրագրի հետ համագործակցող տարբեր դպրոցների սովորողները: «Տաթև» դպրոցի կերպարվեստի ուսուցչուհի Անահիտ Առաքելյանն իր գոհունակությունը հայտնեց թանգարանի ղեկավարությանը, կազմակերպիչներին հրաշալի նախաձեռնության համար, քանզի ստեղծվել է  Մարտիրոս Սարյանի գեղեցիկ ներաշխարհի ու աշխատանքների հետ առնչվելու հիանալի հնարավորություն նաև այն երեխաների համար, ովքեր չեն հաճախում մասնագիտական ուսումնական հաստատություններ: 

Թանգարանի կողմից փառատոնի մասնակիցներին  և համագործակցող դպրոցներին հանձնվեցին շնորհակալագրեր, ապա կազմակերպվեց շրջայց թանգարանում՝ Սարյանի այն նկարների բնօրինկարների մոտ, որոնց հետքերով գնացել էին մասնակիցները:

Սարյանի տուն-թանգարանում նկարների ցուցադրությունը կտեևի մի քանի օր, և այցելուները հնարավորություն կունենան դիտելու երեխաների աշխատաքները: 

 

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter