
Վերջին տասը տարում Հայաստանում և արտերկրում պետպատվերով սովորած 417 շրջանավարտներից Արցախ են վերադարձել 270-ը
«Հետք»-ի հարցմանն ի պատասխան Կրթության և գիտության նախարարությունը տրամադրել է վերջին տասը տարիներին Արցախից դուրս բուհական և հետբուհական կրթություն ստացած շրջանավարտների և Արցախ վերադարձածների կամ պետությանը ուսման վարձը փոխհատուցած շրջանավարտների ցանկը: Նախարարությանը խնդրել էինք նաև տեղեկացնել, թե ինչպես են ընտրվել այդ թեկնածուները, բուհերը և մասնագիտությունները:
«Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում, ինչպես նաև օտարերկրյա բուհերում նպատակային տեղերը հատկացվում են Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության կառավարությունների համապատասխան որոշումներով, ԱՀ գերատեսչությունների կողմից ներկայացված պահանջարկի և անհատ դիմումների ուսումնասիրությունների հիման վրա»,- հայտնել է Կրթության և գիտության նախարարությունը:
Վերջին տասը տարիներին պետպատվերով Արցախից դուրս բուհական կամ հետբուհական կրթություն ստացած շրջանավարտները 417-ն են, ևս 51-ը ուսումնառության մեջ են։
Վերոնշյալ 417-ից 78-ը բնակվում է Հայաստանում, 10 հոգի Հայաստանից ու Արցախից դուրս են գտնվում, ընդամենը 2 հոգի են պետբյուջե փոխհատուցել ուսանող-շրջանավարտի համար ծախսված և բացթողնված օգուտը՝ գումարի տեսքով:
Երկու հոգի չեն վերադարձել՝ ԼՂՀ կառավարությունից ՌԴ առողջապահության նախարարությանը կից Ռուսաստանի հետդիպլոմային կրթության բժշկական ակադեմիայի «Մանկաբարձություն և գինեկոլոգիա» բաժինն ավարտած Շուշան Հայրապետյանը և ՌԴ առողջապահության նախարարությանը կից Ռուսաստանի բժշկական հետդիպլոմային կրթության ակադեմիայի «Ստոմատոլոգիա և ատամնաբուժական տեխնիկա» բաժինն ավարտած Արամ Սահակյանը: 48 շրջանավարտի գտնվելու վայրն անհայտ է, համենայն դեպս, Կրթության նախարարությունը նրանց մասին տեղեկություն չի տրամադրել: Մնացած 270 հոգին, ըստ Կրթության և գիտության նախարարության, վերադարձել է Արցախ:
Արտասահմանում ընդհանուր թվից ավարտել է 21-ը, երեքն ուսումնառության մեջ են: Չորս հոգու մասին տեղեկություն չեն տրամադրել, պարզապես գրել են՝ ավարտել է, 1 հոգի ավարտելուց հետո աշխատանք չի գտել՝ ԱՄՆ Կոլումբիայի համալսարանի «Ֆինանսական մաթեմատիկա» բաժինն ավարտած Երվանդ Ներսիսյանը, 4 հոգի էլ ՀՀ-ում են աշխատում, երկուսը չեն վերադարձել, 8 հոգի էլ աշխատում է Արցախում, 1 հոգի աշխատում է ԱՄՆ ԱՀ ներկայացուցչությունում, մեկ հոգի ավարտելուց հետո համագործակցում է ԱրՊՀ կիրառական մաթեմատիկա ամբիոնի հետ:
Արտասահմանում ուսում ստացած 24 հոգուց (3-ը դեռ սվորում են) 5-ի ուսման վարձի 50 տոկոսը հատկացրել է «Լույս» հիմնադրամը, մնացած 50 տոկոսը՝ ԼՂՀ կառավարությունը: Մնացած 19-ի ուսման վարձն ամբողջությամբ հատկացրել է ԼՂՀ կառավարությունը:
Օտարերկրյա բուհերի շարքում են՝ Միացյալ Թագավորության Քեմբրիջի համալսարանը, ԱՄՆ Կոլումբիայի համալսարանը, Լոնդոնի բիզնեսի և ֆինանսների դպրոցը, Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանը, Իռլանդիայի Դուբլինի Թրինիթի քոլեջը, Միացյալ Թագավորության Մանչեսթրի համալսարանը , Լոնդոնի թագավորական քոլեջը, Միացյալ Թագավորության Լոնդոնի Բրյունելի համալսարանը:
Պետպատվերով բարձրագուն կամ հետբուհական ուսում ստանալու նպատակով ուսանող-շրջանավարտը և պատվիրատուն կնքում են պայամանագիր: Ըստ որի՝ բուհն ավարտած շրջանավարտը պարտավոր է երեք տարի ժամկետով աշխատանքային պայմանագիր կնքել, եթե վեց ամսվա ընթացքում պատվիրատուն ԼՂՀ-ում գրանցված վայրում աշխատանքով է ապահովվում:
Ուսումնառության պայմանագրի մասին մեկ այլ կետի համաձայն՝ ուսանող-շրջանավարտը իրավունք ունի վեց ամսվա ընթացքում պատվիրատուի կողմից աշխատանքի առաջարկ չստանալու դեպքում հրաժարվել սույն պայամանագիրը կատարելուց:
Եթե շրջանավարտը հրաժարվում է կատարել պայամանագրի պահանջները, ապա պարտավոր է պետությանը փոխհատուցել իր համար ծախսված և բացթողնված օգուտը՝ գումարի տեսքով:
Ստացվում է` Արցախ չվերադարձած կամ Արցախում չաշխատող շրջանավարտների գերակշիռ մի մասը պետությանը գումար չի փոխհատուցում հենց պատվիրատուի կողմից աշխատանք չստանալու պատճառով:
ԼՂՀ Կրթության և գիտության նախարարության մասնագիտական կրթության և գիտության բաժնի վարիչ Լուսինե Ղարախանյանն ասում է, որ պատվիրատուներից ամենախիստ վերահսկողություն իրականացնողն Առողջապահության նախարարությունն է, որը հետամուտ է լինում, որպեսզի ուսանողները վերադառնան Արցախ, հարկ եղած դեպքում էլ նույնիսկ տուգանում է: «Պատվեր տվողները նախարարություններն ու գերատեսչությունները են, իսկ մեր հիմնական գործառույթը կրթության պրոցեսը կազմակերպելն են»,- ասում է Ղարախանյանը:
Այն հարցին, թե ինչու շրջանավարտները չեն վերադառնում Արցախ, Լուսինե Ղարախանյանն ասում է. «Փոխարենը մենք ունենք ուսանողներ, օրինակ՝ ԱՄՆ Կոլումբիայի Նորթրիջ համալսարանի մագիստրատուրա ավարտած Նորա Պետրոսյանը, որը փոխհատուցել է ԵՊՀ «Տեղեկատվական անվտանգություն» մասնագիտության վճարովի համակարգում սովորող Անդրանիկ Անդրեասյանի ուսման վճարը: Իսկ Գոհար Հարությունյանին 200 ԱՄՆ դոլարի չափով օգնել է Էդուարդ Բեգլարյանը, որը նաև պարբերաբար ֆինանսական օգնություն է ցուցաբերում Ստեփանակերտի ֆիզմաթ դպրոցին»:
Մեկնաբանել