HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Երեքօրյա ընդմիջումից հետո Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործով նիստը շարունակվում է

Վերաքննիչ քրեական դատարանում, դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ, շարունակվում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ բողոքի քննությունը:
Նշենք, որ խափանման միջոցի վերաբերյալ նիստը մեկնարկել է նոյեմբերի 27-ին: Մինչև նոյեմբերի 29-ը ներառյալ այս գործով նիստեր են եղել, սակայն դատարանը դեռևս որոշում չի կայացրել:
Նոյեմբերի 29-ին դատարանը նիստը հետաձգել էր մինչև այսօր՝ դեկտեմբերի 3-ը:
Այսօր Քոչարյանի պաշտպանական կողմը շարունակում է ներկայացնել Քոչարյանին կալանավորելու՝ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ բողոքները:
Բողոքներից մեկը կապված է ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման հետ: Այս բողոքը ներկայացրել է Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը: Փաստաբանի խոսքով՝ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցություններից պարզ է դառնում, որ անձանց կալանավորել են ոչ թե նրա համար, որ առկա է գործի քննությանը խոչընդոտելու կամ քննությունից խուսափելու վտանգ, այլ որպեսզի նրանք ցուցմունքներ տան:
Մինչ այսօրվա նիստի սկսվելը` Հայկ Ալումյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ծանոթացել է դատավոր Ռուբիկ Մխիթարյանի կողմից ինքնաբացարկի միջնորդությունը մերժելու մասին որոշմանը:
«Դատավորը գտնում է, որ ինքնաբացարկի հիմքեր չկան, և որ օրենքով նախատեսված ընթացակարգով է ինքը քննում գործը, որ դատարանի նախագահն ինքն է որոշում, թե որ դատավորը պետք է գործը քննի: Նախ` ինքն ընդգծում է, որ դա օրենքով է նախատեսված, դրանից հետո անդրադառնալով վիճակահանությանը՝ նշում է, որ վիճակահանությունը կատարվել է, որպեսզի կամայականությունն այդ որոշումը կայացնելիս բացառվի: Դա մեզ բավարարող պատճառաբանություն չէ, որովհետև օրենքով նման բան նախատեսված չէ՝ Եվրոպական կոնվեցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը, ի թիվս այլ իրավունքների, նախատեսում է, որ անձի վերաբերյալ գործը քննող դատարանը պետք է ստեղծվի օրենքի հիման վրա»,- ասաց Ալումյանը:
Նշենք, որ Քոչարյանի պաշտպանները դատավոր Ռուբիկ Մխիթարյանին ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրել այն հիմքով, որ վերջինս՝ որպես Քոչարյանի գործը քննող դատավոր է ընտրվել վիճակահանությամբ, ինչպիսի կարգ օրենքը չի նախատեսում:
Փաստաբան Ալումյանը չբացառեց, որ այսօր դատարանը որոշում կկայացնի: 
2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 2018 թվականի հուլիսի 26-ին Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք էր առաջադրվել քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Առաջին ատյանի դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրել կալանավորումը, սակայն Վերաքննիչ դատարանի որոշումից հետո Քոչարյանն ազատ է արձակվել:
Վճռաբեկ դատարանը նոյեմբերի 15-ին բեկանել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը, և գործն ուղարկվել է նույն դատարան՝ նոր քննության:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter