HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Անօթևանի կարգավիճակ ունեցող ընտանիքը 30 տարի սպասում է բնակարանի

«Համեստությունը զարդարում է մարդուն» ասացվածքն Առաքելյանների ընտանիքին «արջի ծառայություն» է մատուցել` 30 տարի հնարավորություն չտալով լքել ժամանակավոր կացարանը կամ այլ կերպ ասած՝ դոմիկը փոխարինել քարաշեն կառույցով: 1988 թ.-ի դեկտեմբերի 7-ի աղետից անցել է 30 տարի: Փաստացի բնակարան կորցրած անօթևան ընտանիքն ինչ-ինչ պատճառներով մինչեւ 2008թ.-ը չի կարողացել օգտվել պետական աջակցության ոչ մի ծրագրից: Հետագայում, չկարողանալով վերահաշվառվել՝ Առաքելյանները դուրս են մնացել նաեւ անօթևանների հերթացուցակից:

Տանտիրոջը՝ 42-ամյա Հովհաննես Առաքելյանին, հանդիպել չի հաջողվում՝ աշխատանքի է: Մուտքի մոտ դիմավորում է կինը՝ 28-ամյա Արմենուհի Մանուկյանը: Տանը երեք երեխաներից միայն 6-ամյա Ֆենյան է՝  ավագ որդիները դպրոցում են: Առաքելյանների ժամանակավոր կացարանը նման է այն բոլոր «դոմիկներին», որ երբեւէ առիթ եմ ունեցել տեսնելու անցած 30 տարիների ընթացքում: Դոմիկ կամ ժամանակավոր կացարան. «ժամանակավոր» բառն արդեն իսկ հուշում է, որ այն, ինչ նախատեսված էր 2 տարվա համար, չպետք է «ապրեր» 30 տարի:

Արմենուհին ցույց է տալիս քանդված տանիքը, անձրևից ուռած առաստաղը, մաշված փայտե պատերը, փտած հատակը: Ռեպինի փողոցում գտնվող 217/086 հասցեավորումն ունեցող դոմիկում ի սկզբանե բնակվել է Առաքելյանների՝ 5 անձից բաղկացած ընտանիքը: Հիմա էլ բնակիչների թիվը հինգն է, սակայն սա արդեն Հովհաննեսի ընտանիքն է (քույրերն ամուսնացել և առանձին են ապրում, ծնողները մահացել են-հեղ.): Առաքելյանները երկրաշարժին կորցրել են 4 սենյականոց բնակարան և պետությունից ակնկալիքն էլ, ըստ աղետի գոտում բնակարանների բաշխման կարգը սահմանած 432 որոշման, պետք է լիներ համարժեք սենյակների թվով բնակարան: Նույն այդ որոշման մեկ այլ կետի համաձայն, եթե ընտանիքի անդամների թիվը տարիների ընթացքում ավելանում է, ապա հատկացվող բնակարանի սենյակների թիվը չի ավելանում, իսկ պակասելու դեպքում՝ սենյակների քանակը կրճատվում է:

30 տարի տնակային պայմաններում գոյատեւող Հովհաննես Առաքելյանը, եթե անգամ որոշի օգտվել պետության աջակցությունից, ապա նրան այլեւս չեն տրամադրի ծնողների կորցրած 4 սենյականոց բնակարանին համարժեք բնակարան: Հովհաննեսի 5 անձից բաղկացած ընտանիքին, պետությունը, աղետից 30 տարի անց, ըստ 432 որոշման, առաջարկելու է ընդամենը մեկ սենյականոց բնակարան: Հովհաննեսի բացակայությունը մի փոքր դժվարացնում է հասկանալ Առաքելյանների՝ պետական որևէ ծրագրից չօգտվելու բազմաթիվ անհայտներով «հավասարումը»: Օգնության է հասնում «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի տնօրեն Մհեր Խաչատրյանը:

«Ըստ մեր բազայում առկա տեղեկությունների, Հովհաննեսի ընտանիքը 5 հարկանի շենքի վերջին հարկում է բնակարան կորցրել: Մինչեւ 2007թ.-ը եղել են հերթացուցակներում, հետո, եթե հիշում եք, հայտարարվեց, որ անօթեւանների վերահաշվառում են կատարելու ու ժամկետն էլ սահմանեցին մինչեւ 2008թ-ի մարտ, հետո երկարացրեցին մինչեւ նոյեմբեր ամիսը: Առաքելյանները վերահաշվառման ժամանակ փաստաթղթերը չեն տարել՝ ուշացրել են, հետո մինչեւ գնացել են, պարզել են, որ դուրս եմ մնացել հերթացուցակներից: Նրանց առաջարկել են սպասել, հավատացրել են, որ լրացուցիչ ցուցակներում անպայման կընդգրկեն: Ահա եւ ողջ պատմությունը»,- ասում է Մհեր Խաչատրյանը:

Արմենուհին Առաքելյանների ընտանիք հարս է եկել 12 տարի առաջ: «Ես էլ եմ դոմիկից, այսինքն դոմիկից դոմիկ հարս եմ եկել»: Արմենուհու ժպիտը խեղճ է, ասում է, որ իր մայրն էլ մեկ սենյականոց բնակարանի շահառու է, սակայն մինչեւ օրս՝ ունենալով անօթեւանի կարգավիճակ, իր հասանելիք տունը չի ստացել: «Թե´ Հովհաննեսի, թե´ Արմենուհու ընտանիքները բնակարանի շահառու են օրենքով: Գյումրիում թերեւս ամենաշատը կառուցվել եւ շահագործման են հանձնվել 1, 2 եւ 3 սենյականոց բնակարաններ: Անհասկանալի է, թե ինչպես է եղել, որ Արմենուհու մայրն այդպես էլ չի կարողացել սատանալ իր հասանելիք մեկ սենյականոց բնակարանը Գյումրիում իրականացված բնակարանաշինական եւ ոչ մի ծրագրից»,- տարակուսում է Մհեր Խաչատրյանը:

Առաքելյանները երկու տարի առաջ են պարզել, որ բացակայում են անօթեւանների հերթացուցակներից ընդհանրապես: «ԲԳՎ ծրագրով տուն կուտային մարդկանց, ուզեցինք ճշտել, թե մեզի կհասնի, թե չէ: Էդ ժամանակ պարզեցինք, որ մեր անունն ընդհանրապես չկա ցուցակներում,- պատմում է Արմենուհին,- քաղաքապետարանը գցեց մարզպետարանի վրա, թե իրանք են մեղավոր, մարզպետարանը գցեց քաղաքապետարանի վրա, բայց էդպես էլ մեզ ցուցակ չընդգրկեցին: Մենք երբեք չենք կարողանալու սեփական միջոցներով տուն գնել: Ես չեմ աշխատում, ամուսնուս աշխատանքն էլ կայուն աշխատանք չէ, այսինքն կայուն եկամուտ չունենք՝ երեխաների 36 հազար դրամ նպաստի հույսին ենք հիմնականում»: Առաքելյանները հաշվառված են «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի անօթեւանների ցուցակում: Հիմնադրամը գործունեություն է ծավալում 2016թ-ից եւ այս ընթացքում հասցրել է բարերարների աջակցությամբ 29 սոցիալական բնակարան հատկացնել անօթեւան ընտանիքներին:

«Մեր հույսը մնացել են բարեգործական հիմնադրամները,- նկատում է Արմենուհին,- երկու տարի է Հայաստան համահայկական հիմնադրամ եմ զանգահարում՝ մեր համարն արդեն անգիր են արել այնտեղ: Երազում ենք, որ մի բարերար հայտնվի ու մեզ տուն նվիրի. պետությունից այլեւս հույս չունենք»: Հրաժեշտի պահին երիտասարդ տանտիրուհին, մատն ուղղելով խոհանոցի խոնավությունից ուռած առաստաղին, ավելացնում է. «Երեկոյան, որ գաք, կռիսների վազվզոցը կլսեք ու կտեսնիք: Ու մենք արդեն քանի տարի է էդ հարեւանությամբ կապրինք: Մարդիկ, որ առանց խղճի խայթի, մեզ դուրս են թողել անօթեւանների ցուցակներից, կուզենայի՞ն գոնե մեկ շաբաթ ապրել էս պայմաններում»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter