HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Քոչարյանը դատարանում ելույթ է ունեցել. պաշտպանի խոսքով՝ դատարանում բոլոր ելույթներն իրավական են

Պաշտպանական կողմն արդեն ներկայացրել է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ բոլոր բողոքները: Այս մասին քիչ առաջ նիստի ընդմիջման ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը:

«Կարելի է ասել, որ ըստ էության ավարտվեց պաշտպանների բողոքների ներկայացումը: Երկու բողոք էր, երկուսն էլ ներկայացրինք, պետք է դեռևս լսենք դատախազության դիրքորոշումը, և որոշակի այլ գործընթացներ կան իրականացնելու: Երրորդ բողոքը, որը դատարան է մուտք արվել նոյեմբերի 29-ին, դատարանն առանց քննության է թողել՝ ըստ էության միացվել է մյուս երկու բողոքներին»,- ասաց պաշտպանը՝ մասնավորեցնելով, որ խոսքը ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի միջեւ հեռախոսային խոսակցության առնչությամբ՝ նոր երևան եկած հանգամանքի հիմքով բողոքի մասին է:

Հայտնի չէ, թե գլխավոր դատախազությունից ով է ներկայացնելու բողոքների վերաբերյալ առարկությունները` անձամբ գլխավոր դատախազը, թե ոչ: Պաշտպանը նշեց, որ չի կարծում, թե հնարավոր է այսօր ավարտին հասցնել գործը: 

Օրբելյանը նշեց, որ Քոչարյանը դատարանում ելույթ ունեցել է, իսկ թե մասնավորապես ինչ է ասել, պաշտպանը չմեկնաբանեց, միայն նշեց, որ բոլոր ելույթները իրավական գործընթացի մասին են, քաղաքական չեն:

«Իհարկե միշտ էլ հնարավոր է իրավական դիրքորոշումները դիտարկել որպես քաղաքական և քաղաքականները՝ իրավական լույսի ներքո»,- ասաց Արամ Օրբելյանը:

Հարցին, թե դատարանի կողմից շտապողականություն նկատվո՞ւմ է սույն գործի քննությունում, Օրբելյանը պատասխանեց՝ այո և ոչ:

«Դատական նիստերն ամեն օր են նշանակվում, չնայած դատարանի մեծ ծանրաբեռնվածությանը. դա շտապողականություն է, թե այլ հանգամանքներով է պայմանավորված, կդժվարանամ մեկնաբանել»,- ասաց Օրբելյանը: Հարցին՝ այլ հանգամանքներ ասելով՝ Օրբելյանը նկատի ունի նաև առաջիկա խորհրդարանական ընտրություննե՞րը, նա հրաժարվեց մեկնաբանել:

Խոսելով դատարանից ունեցած ակնկալիքների մասին՝ Օրբելյանն հայտնեց. «Կարող եմ ասել, որ առկա և՛ իրավական, և՛ փաստական, և՛ վերլուծական նյութերը հիմք են տալիս, որ պետք է մեզ համար դրական արդյունք ունենանք, բայց որևէ բան կանխատեսել չեմ կարող»: 

Նոյեմբերի 29-ին լրագրողների հետ զրույցում Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը նշել է, որ 0038 գաղտնի հրամանն իր որոշակի հատկանիշներից ելնելով՝ անթույլատրելի ապացույց է: Լրագրողներն այսօր Օրբելյանից հետաքրքվեցին, թե ինչո՞ւ է այդ հրամանն ապօրինի, եթե ՊՆ-ից է տրվել նախաքննական մարմնին, սակայն Օրբելյանը հարցին չպատասխանեց՝ նշելով, որ չի կարող հնչեցնել այնպիսի պատասխան, որով նախաքննական գաղտնիք կբացահայտի:

2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 2018 թվականի հուլիսի 26-ին Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք էր առաջադրվել քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Առաջին ատյանի դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրել կալանավորումը, սակայն Վերաքննիչ դատարանի որոշումից հետո Քոչարյանն ազատ է արձակվել:

Վճռաբեկ դատարանը նոյեմբերի 15-ին բեկանել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը, և գործն ուղարկվել է նույն դատարան՝ նոր քննության:

Լուսանկարում՝ փաստաբան Արամ Օրբելյանը
 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter