HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայ-ռուսական տնտեսական գործակցության պատմություն՝ դրական և բացասական քաղաքական հաշվեկշռով

Նարինե Դիլբարյան, Բանասիրական գիտությունների թեկնածու, դոց., ԵՊՀ

 Անկախության մոլոր ճանապարհը՝ ԽՍՀՄ-ից դեպի ԱՊՀ, ՀԱՊԿ, ԵԱՏՄ

ԽՍՀՄ փլուզումից հետո, երբ Հայաստանն ընտրեց անկախ պետության կազմավորման ուղին, ստիպված էր իր ինքնուրույն արտաքին քաղաքականությունը կառուցել բոլոր բաղադրիչներով՝ դիվանագիտական, տնտեսական, ռազմական, մշակութային: Բնականաբար հին կապերն ամուր էին՝ դարավոր պատմությամբ և հանրահայտ կողմնորոշումով, որոնք ամրագրված էին դեռևս 1841թ.-ից Խաչատուր Աբովյանի հանրահայտ «Վերք Հայաստանի» խորհրդանշական վերնագիրը կրող վեպում. «Օրհնվի՛ էն սհաթըոր ռսի օրհնած ոտը  Հայոց լիս աշխարհը մտավ ու ղզլբաշի անիծած, չար շունչը մեր երկրիցը հալածեց»: Հայաստանը 1991թ. անմիջաբար անդամակցեց դեկտեմբերի 8-ին Բելովեժսկայա Պուշչայում հռչակված ԱՊՀ-ին (Անկախ պետությունների համագործակցություն), որը ԽՍՀՄ կայսրության փլատակների վրա ստեղծված քաղաքական ու տնտեսական դաշինք էր անկախության ճանապարհին անհաստատ կանգնած ու ազատական-ժողովրդավարական արժեքների նոր մարտահրավերներին անպատրաստ նախկին միութենական հանրապետությունների համար: Միութենական երեք սլավոնական հսկաները՝ Ռուսաստանը, Ուկրաինան և Բելառուսը, փորձեցին համախմբել նախկին գործընկերներին. 1991թ. դեկտեմբերի 21-ին 11 արդեն անկախ պետությունների ղեկավարներ Ալմա Աթայում ստորագրեցին արձանագրություն, որտեղ հավաստեցին իրենց միացումն Անկախ պետությունների համագործակցության ստեղծման համաձայնագրին (նախկին ԽՍՀՄ միութենական հանրապետություններից միայն Մերձբալթյան Լատվիան, Լիտվան և Էստոնիան, ու Վրաստանը չմիացան համաձայնագրին): Այսպես հիմնվեց հայ-ռուսական բազմակողմ համագործակցության նոր շրջանը, որը 2002թ. ամրակայվեց ՀԱՊԿ-ի (Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն) ստեղծումով, իսկ  դրա տրամաբանական զարգացումը ՌԴ-ի` վերստին երկբևեռ դառնալու միտում ունեցող աշխարհակարգում դարձավ Եվրասիական տնտեսական համագործակցության հիմնարկեքը. ԱՊՀ ակներև նոսրացող պետությունների շարքից եվրասիականության այս դաշինքի մեջ մուտք գործեցին ընդամենը 4 երկիր՝ Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Հայաստանը, որոնց ավելի ուշ միացավ Ղրղզստանը: Ելցինյան Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունները բավական համաչափ էին, բայց գործակցության տնտեսական բաղադրիչը թույլ էր, քանի որ Ռուսաստանն ինքն էր հաղթահարում 90-ականների անվճարունակության (դեֆոլտի) ճգնաժամը: Այս տարիները քաղաքական և ռազմական արդյունավետ համագործակցությամբ նշանավորվեցին, տնտեսությունը դեռ անմասն էր ռազմաքաղաքական հարաբերությունների զարգացումից: 

             Արցախյան պատերազմի թեժ փուլի ավարտն առավել հրատապ դարձրեց հայաստանյան տնտեսության հզորացումը և արդյունավետության բարձրացումը: Քանի որ ներքին միջոցներն անբավարար էին, ՀՀ կառավարությունն ընտրեց խոշոր օբյեկտների մասնավորեցման միջոցով արտասահմանյան ներդրողներին Հայաստան բերելու ճանապարհը:

Այդ ժամանակաշրջանի խոշորագույն միջազգային ներդրումային բանկը՝ ամերիկյան Merrill Lynch-ը, 1996թ. մշակեց տասնյակից ավելի հայաստանյան ձեռնարկությունների մասնավորեցման ծրագիրը կապի, էներգետիկայի, քիմիայի, ինչպես նաև սպասարկման ոլորտներում: Այսպես, մրցույթների արդյունքներով գործընկերներ գտնվեցին Երևանի կոնյակի գործարանի համար՝ ի դեմս ֆրանսիական Pernod Ricard-ի, հայկական հեռահաղորդակցության ոլորտը տրվեց հունական օպերատոր OTE-ին: Merrill Lynch-ի մշակած մնացյալ նախագծերը տարբեր պատճառներով ձախողվեցին և հիմնովին մոռացվեցին բնավ ոչ ամերիկյան բանկի պատճառով:

            Իշխանության առաջին տարիներին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, շարունակելով իր վարչապետության շրջանի մարտավարությունը, հետամուտ էր արևմտյան խոշոր ներդրողներին Հայաստան բերելու ծրագրերի իրականացմանը: Բավական է հիշել Համաշխարհային բանկի հովանու ներքո Հայաստանի էլեկտրաէներգիայի բաշխիչ ցանցերի մասնավորեցման միջազգային մրցույթը, որին մասնակցում էին ոլորտում մասնագիտացված բարձրարդյունավետ ընկերություններ ԱՄՆ-ից և Արևմտյան Եվրոպայից: Բայց «լեռը մուկ ծնեց», և Հայաստանի էլեկտրացանցերը դարձան РАО “ЕЭС России”-ի սեփականությունը, որը ՌԴ էներգետիկայի նախարարության բարձրաստիճան պաշտոնյաների իսկ գնահատմամբ՝ իրենց երկրում չէր կարողանում արդյունավետ լուծել խնդիրները:

            Անցած քսանամյակը փաստացի ընթացավ ռուսաստանյան ընկերությունների կողմից հայաստանյան տնտեսության գրեթե բոլոր հիմնային բնագավառների կլանման կարգախոսի ոգով: Ընդ որում, ի հեճուկս գործընթացի տրամաբանության՝ սեփականաշնորհման մասնակիցները ոչ թե ռուսական մասնավոր, այլ պետական ընկերություններ էին, ինչպես բաշխիչ ցանցերի պարագայում էր, կամ հայկական «Խնայբանկի», որը սեփականաշնորհվեց ՌԴ խոշորագույն պետական բանկերից մեկի՝ «ՎՏԲ»-ի կողմից:

            Էներգետիկ ոլորտում սկզբունքային դարձավ 1997թ. օգոստոսի 29-ին ռուսական Գազպրոմի հետ համատեղ, հավասար բաժնեմասերով ստեղծված «ՀայՌուսԳազարդ» ձեռնարկությունը: Անկեղծորեն պետք է հավաստել, որ այն իր գոյության առաջին տարիներին բավական արդյունավետ էր և արագ վերականգնեց հանրապետության բնակչության ու արդյունաբերության կայուն գազամատակարարումը:

            Սակայն ՀՁ-ի համատեղ գործունեությունը ժամանակի հետ փոխեց իր ուղղությունը, այն լիովին կլանվեց Գազպրոմի կողմից, փոխակերպվեց «Գազպրոմ Արմենիայի»: Մեր տնտեսական և քաղաքական գործակցության պատմության մեջ այս ընկերությունն ամենախնդրահարույցն է: Հարցապնդումների թիրախում սակագների թնջուկն է, որը ՀՀ ինքնաարձակման գնացող ներկայիս Ազգային ժողովը բարձրացրեց, բայց ապարդյուն: Նշենք, որ Ռուսաստանը պարբերաբար ոչ արտոնյալ սակագնով է գազ վաճառում մեզ, իսկ 2016թ. գազի սահմանային սակագնի իջեցումը 165-ից 150 դոլարի հետևանք էր ՀՀ կառավարության կոմպենսացիոն քաղաքականության, որի արդյունքում ռուսական ընկերությանը փոխանցվեցին մի շարք առանցքային ենթակառուցվածքներ և գեներացնող օբյեկտներ: «Գազպրոմ Արմենիան» անընդհատ խոսում է իր կորուստների, շահույթների բացակայության մասին, իսկ հեղափոխությունից հետո էլ հայտնվել է ՀՀ ՊԵԿ-ի հետ փոխհրաձգությունների դաշտում: Այդ վնասները և շահութաբերության ցածր մակարդակը պայմանավորված են ռուսական ընկերության գործելակերպով ու կառավարման բացթողումներով, որոնք գալիս են անցյալից:

Գազպրոմականները խանդավառվեցին Հայաստանի բնակավայրերի գազամատակարարման աշխատանքներով՝ դրա ցուցանիշը հասցնելով չտեսնված մակարդակի համաշխարհային պրակտիկայում, իրենց տվյալներով՝ 95%-ի: Խոշոր ներդրումային միջոցների հաշվին գազային ցանցը ձգվեց մինչև հեռավոր գյուղեր, որտեղ բնակչությունը սակավ է և վճարունակության ցածր շեմ ունի (այդ բնակավայրերում այսօր էլ վառելափայտով են լուծում ջեռուցման խնդիրը):

Հիշեցնենք նաև, որ ի հակադրումն նախապես հայտարարված նպատակների՝ այդպես էլ չվերականգնվեց Աբովյանի ստորերկրյա գազապահեստարանը՝ 220 մլն խորանարդ մետր նախնական տարողունակությամբ: Այս գազապահեստարանն էներգետիկ ճգնաժամի ամենադաժան շրջանում՝ 1992-1995թթ., փրկեց Հայաստանը և նրա բնակչությանը՝ ապահովելով կենսական առաջնային նշանակության օբյեկտների անխափան գործունեությունը: Իսկ այսօր անպատասխան է մնում այն  բնավ ոչ հռետորական հարցը, որ եթե հանկարծ, Աստված մի արասցե, Հայաստանը կանգնի գազային շրջափակման նոր վտանգի առջև, ի՞նչ պաշարների հաշվին մենք կկարողանանք դիմակայել:

Գազպրոմը ոչ միայն փաստացի զրկեց Հայաստանին խոշոր գազապահեստարանից, այլև մեծ արգելափակոց դրեց Հայաստանը բնական գազի միջազգային տարանցիկ փոխադրող դարձնելու ծրագրերի առջև:

Իրան-Հայաստան գազատարի սկզբնական ծրագրի համաձայն՝ խողովակաշարի տրամագիծը պետք է լիներ 1400 մմ՝ այսպիսով դառնալով մեր հանրապետությունում գազի ներկրման այլընտրանքային աղբյուր՝ հետագայում ձգվելով նրա սահմաններից դուրս: Դիտարկվում էին մի քանի տարբերակներ` ա) ելք դեպի Հյուսիսային Կովկաս և միավորում ռուսաստանյան գազատրանսպորտային համակարգի հետ, բ) ռուսական կողմի միջնորդությամբ Թուրքիայի հետ համաձայնեցնել 20 կիլոմետրանոց հատվածի կառուցումը՝ Գյումրիից սահմանով  մինչև Թուրքիայի գազատրանսպորտային համակարգը՝ դեպի Կարս, և իրականացնել Թուրքիայի արևելյան շրջանների գազապահովումը, գ) և վերջինը, այն ժամանակ ֆանտաստիկ թվացող, իսկ այսօր արդեն սովորական նախագիծ՝ Հայաստանի և Վրաստանի տարածքներով իրանական գազի ելք Սև ծովի եզերք, ապա ստորջրյա խողովակաշարի անցկացում դեպի Ղրիմ, Թեոդոսիա, այնտեղից էլ՝ տարանցիկ ուղիով Ուկրաինա և Արևելյան Եվրոպայի երկրներ:

Հիշյալ երեք նախագծերն էլ մշակվել էին Ռուսաստանի և Հայաստանի գիտա-արտադրական կազմակերպությունների կողմից, այն ժամանակ, երբ Գազպրոմի ղեկին էր ոլորտի այնպիսի ռազմավար, ինչպիսին Ռեմ Վյախիրևն էր, բայց երբ նրան փոխարինեց Ալեքսեյ Միլլերը, այս բոլոր ծրագրերը ջնջվեցին, իսկ Իրանից եկող խողովակաշարի տրամագիծը  կրկնակի նվազեց՝ մինչև 700 մմ: Տարանցիկ գազի արտահանման հայաստանյան ուղին փակվեց: Հայաստանը տարանցիկ երկրի փոխարեն վերածվեց գազային փակուղու:

            Արդ, հայ-ռուսական տնտեսական գործակցության «արդյունավետ» մասնավոր օրինակներից անցնենք ընդհանուր բնութագծերին:

 

ԿԱՆԱՉ ԼՈՒՅՍ ՌՈՒՍԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՂՆԵՐԻՆ, ԿԱՐՄԻՐ՝ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆԸ

 

2006թ. հոկտեմբերին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ բանակցությունների ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «խայտառակ» որակեց այն փաստը, որ Ռուսաստանը ներդրումների գծով երրորդ տեղն է գրավում Հայաստանի տնտեսության մեջ[1], և խոստացավ, որ ռազմավարական դաշնակցին տրվող ներդրումները կաճեն կրկնակի: Երեք ամիս անց Ռուսաստանի նախագահը բարձրաձայնեց այս տհաճ թվի մասին, որն այն պահին հավասար էր 800 մլն դոլարի և երաշխիք տվեց, որ մոտ ժամանակներս «Վիմպելկոմի», «Գազպրոմի» և «Ռուսալի» ջանքերով այն կհասնի 1,5 մլրդ դոլարի, որոնցից 490 մլն կլինի «Վիմպելկոմի» բաժինը[2]: Ռուսական մասնակցությամբ հայկական ձեռնարկությունների թիվը նախագահները սկզբնապես հայտարարել էին մինչև 3 հազար, բայց հետագայում արդեն ճշգրտումների հիման վրա շրջանառության մեջ դրվեց մոտ 1200 համատեղ ընկերությունների թիվը:

            Որպեսզի այլևս հրապարակային «խայտառակության» խոստովանանքներ չլինեն, կողմերը ձեռնամուխ եղան իրավիճակի շտկման, իսկ իրականում` վիճակագրական տվյալների, թվերի սրբագրման: Նշմարվեց մի օրինաչափություն. սրբագրման գործում առաջատար դարձավ ռուսական բարձրագույն ղեկավարությունը՝ Վ.Պուտինը, Դ.Մեդվեդևը և դարձյալ Վ.Պուտինը: Այսպես, նրանց հրապարակային ելույթներում Հայաստանի տնտեսության մեջ ուղղակիորեն ռուսական ուղիղ ներդրումների չափն աճեց մինչև 3-4 մլրդ դոլար, իսկ ՌԴ տրանսպորտի նախարար, հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Մաքսիմ Սոկոլովի հավաստմամբ՝ այդ թիվն անգամ հասավ 4,5 մլրդի (2016 թ.) [3]:

Սա գրեթե մեկուկես անգամ ավելին է, քան նշված է «Զարգացման եվրասիական բանկ»-ի Ինտեգրացիոն հետազոտությունների կենտրոնի տարեկան զեկույցում՝ «ԱՊՀ երկրներում փոխադարձ ներդրումների մշտադիտարկում - 2016», որտեղ Հայաստան ուղղված ռուսական ուղիղ ներդրումների կուտակային ծավալը գնահատվում է 3 մլրդ դոլար[4]: Այսպիսի թվով սահմանափակվեց նաև ՀՀ նախորդ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը[5]:

Առավել համեստ և իրատեսական էր Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցիչ Անդրեյ Բաբկոյի  գնահատականը. երկու անգամ՝ 2017թ. դեկտեմբերին և 2018թ. հոկտեմբերին նա հնչեցրեց երկու ցուցանիշ՝ 1,755  և 1,7 մլրդ դոլարի ներդրումներ[6]: Փաստենք, որ սա էլ ինքնին տպավորիչ ուղղակի ներդրումների թիվ է: Ռուսաստանի բարձրագույն ղեկավարությունը չի բացահայտում այս միլիարդների բովանդակությունը, բայց հիմքեր կան կասկածելու նրանց տեղեկացվածությանը և հրապարակվող թվերի հավաստիությանը:

Նախագահ Վլադիմիր Պուտինը Բաքու այցի ժամանակ ներկայացրեց հետևյալ վիճակագրությունը. «Ադրբեջանական շուկայում գործում են շուրջ 700 ռուսական մասնակցությամբ ընկերություններ: Հանրապետություն (Ադրբեջան-Ն.Դ.) ռուսական  ուղղակի ներդրումների ծավալը կազմում է 1,5 մլրդ դոլարից ավելի»[7]:

Մի՞թե նավթագազահումքային հարստություններից և դեպի ծով ելքերից զուրկ, շրջափակված հայկական տնտեսության կողմից ներդրումներ ընդունելու և յուրացնելու ունակությունը համադրելի է կամ անգամ կարող է գերազանցել նավթագազային արդյունաբերությամբ օժտված Ադրբեջանի տնտեսության ներդրումային ներուժի հնարավորությունները: Կասկածահարույց է:

Կարծում ենք, որ թվերի նման հակասականությունը բացատրվում է ոչ միայն քաղաքական գործիչների՝ հայ-ռուսական տնտեսական համագործակցության ցուցանիշներին ծանրակշռություն հաղորդելու ձգտմամբ, այլև ներդրում հասկացության ըմբռնումների տարընթերցումներով: Ելույթներում խոսքը վերաբերում է մե՛րթ ուղղակի, մե՛րթ՝ կուտակային, պորտֆելային, երբեմն էլ՝ պարզապես ներդրումներին:

Որպես այս բացատրության հաստատում՝ բերենք ՀՀ Վիճակագրության ազգային ծառայության անդրադարձը. «Հայաստանի տնտեսության մեջ կուտակված ռուսական կուտակային ներդրումները 2013թ. կազմել են 3,3 մրդ ԱՄՆ դոլար, որոնց թվում ուղղակի ներդրումները՝ 2,5 մլրդ ԱՄՆ դոլար: Հայաստանի տնտեսության իրական սեկտորում կուտակային ներդրումների ծավալով Ռուսաստանը գրավում է առաջին տեղը, նրա մասնաբաժինը կազմում է արտասահմանյան ներդրումների կուտակային ամբողջ ծավալի 40,2 %»[8]:

 Ինչպես տեսնում ենք, առաջին տեղը նվաճված է, իսկ այն հարցը, թե որտեղ են ներդրվել և ինչ արդյունք են ապահովել այդ գումարները, դառնում է երկրորդական, երրորդական: Անգամ վիճակագրական հաշվետվություններում չկան այս հարցերի միանշանակ պատասխանները: Իսկ հնչեղ թվերը կորցնում են տնտեսական բովանդակությունը և դառնում քաղաքական քարոզչության միջոց:

Գործնականում անհնար է պարզել ռուսական ընկերություններից, թե ներդրումներն ինչ քանակով և որտեղ են կատարվել, քանի որ տեղեկատվությունը հաճախ փակ է ոչ միայն լրատվական կամ փորձագիտական, այլև հարկային մարմինների առջև: Այսպես օրինակ, մինչ այսօր անհայտ է, թե որքան միջոցներ են ներդրվել այն 5 հայկական ձեռնարկություններում («Մարս» ՓԲԸ, «Երևանի մաթեմատիկական մեքենաների ավտոմատացված ինստիտուտ» ՓԲԸ, «Երևանի ղեկավարման ավտոմատացված համակարգերի ԳՀԻ» ՓԲԸ, «Նյութագիտության ինստիտուտ» ՓԲԸ և Հրազդանի ՋԷԿ-ի գույքահամալիր), որոնք 2002թ. փոխանցվեցին Ռուսաստանին՝ իբրև սեփականություն, Ռուսաստանին Հայաստանի ունեցած չնչին պարտքի՝ մոտ 94 մլն ԱՄՆ դոլարի դիմաց: «Գույք պարտքի դիմաց» համաձայնագիրը ստորագրեցին հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ Իլյա Կլեբանովը և Սերժ Սարգսյանը ՌԴ վարչապետ Միխայիլ Կասյանովի այցի շրջանակներում: Ստորագրման արարողությունից հետո Կասյանովը հայտարարեց. «Այժմ կարելի է վստահաբար ասել, որ Ռուսաստանի ներդրումները Հայաստանում միանգամից 100 մլն դոլարով աճել են»: ՌԴ վարչապետը կատարված գործարքը գնահատում է փոխշահավետ՝ նշելով. «Փոխանցվող ձեռնարկությունների համար 100 մլն-ը ոչ քիչ է, ոչ էլ շատ: Մինչև համաձայանագիրը կնքելը մենք մեկուկես տարի ճշտել ենք մանրամասները»: Կասյանովի խոսքից ևս մի հետաքրքիր մեջբերում կատարենք. «Ինչ վերաբերում է այն բանին, շատ, թե քիչ է 100 մլն դոլարը, կարծում եմ՝ փոքր գումար չէ: Այն պատճառով, որ մի կողմից ձեռնարկությունները թեև ամենանորը չեն, բայց մյուս կողմից, սարքավորումները ոչ միայն պիտանի են, այլև ներկայիս չափանիշներով նույնիսկ ժամանակակից են համարվում: Գտնում ենք, որ քիչ գումար չի վճարվել, բայց միաժամանակ ճիշտ է գնահատվել և ճիշտ է վճարվել այդ գույքի համար: Դրան ավելացրած՝ Ռուսաստանը պարտավորվել է ապահովել այդ ձեռնարկությունների ծանրաբեռնվածությունը: Դա ևս լուրջ աշխատանք է, ուստի նման լուծումը բխում է երկու երկրների շահերից. լուծվում է Հայաստանի պարտքի հարցը, մյուս կողմից ՌԴ-ը համալրում է ունեցած արտադրությունները»: Փաստորեն, ՌԴ վարչապետը խոստանում էր, որ Հայաստանն էլեկտրոնային արտադրությամբ մասամբ կներգրավվի Ռուսաստանի տարածքում իրականացվող տնտեսական գործունեության մեջ՝ որպես ինտեգրմանն ընդհանուր դարձող տնտեսական համակարգ[9]: Համաձայնագրում նշվում է, որ ռուսական կողմն ապահովելու է հայկական նախկին ձեռնարկությունների աշխատանքը, անհրաժեշտության դեպքում կատարվելու են ներդրումներ: 

Հայկական ձեռնարկությունները հավատարմագրային կառավարման են հանձնվել ռուսաստանյան ընկերություններին՝ Հրազդանի ՋԷԿ-ը՝ ՌԱՈԵԷՍ-ին, իսկ Էլեկտրոնային ձեռնարկությունները՝ Ռուսաստանի համակարգային կառավարման դաշնային գործակալությանը։ Ստորագրված փաստաթղթում հանձնվող ձեռնարկությունների նկատմամբ ռուսական կողմի ներդրումային պարտավորությունները հատուկ չամրագրվեցին, ներդրումային նախագծերը մնացին բանավոր խոստումների մակարդակում։ Ժամանակն ապացուցեց, որ Մ.Կասյանովի և Ի.Կլեբանովի խոստումներն իրականություն չդարձան. գույք պարտքի դիմաց կիրառված բանաձևը հանգեցրեց այդ ձեռնարկությունների ոչ թե վերագործարկմանը, այլ լուծարմանը: Այդ հինգ ձեռնարկություններից չորսը պարզապես դադարեցին գործել:

Ակներև է, որ Ռուսաստանը նման գործարքներով ոչ այնքան տնտեսական, որքան քաղաքական խնդիրներ էր լուծում: Այս կերպ Ռուսաստանն ամրապնդեց դիրքերը ոչ միայն Հայաստանում, այլև՝ տարածաշրջանում։ Հավելենք, որ Մեծամորի ատոմակայանի մի մասը ևս գրավադրված է ռուսաստանյան ընկերություններում։

Ներդրումների մասին տեղեկատվության բացահայտման առումով, անշուշտ, կան նաև բացառություններ, այսպես՝ Ռուսական երկաթուղու դուստր «Հարավկովկասյան երկաթգիծ» ընկերությունը, իր տասնամյա աշխատանքի արդյունքներն ամփոփելով, հրապարակեց տեղեկատվություն, ըստ որի՝ հայկական երկաթուղային ցանցում ռուսական կողմը ներդրել է 230 մլն դոլար[9]: Երկաթուղայիններին այդպես էլ չհաջողվեց ուղիղ մուտք ապահովել ռուսական հաղորդակցության ուղիներ, որն առավել քաղաքական, քան տնտեսական խնդիր է: Բացի այդ 2018թ. ապրիլյան իշխանափոխությունից հետո ՀՀ պատկան մարմինները ստուգումներ ձեռնարկեցին «Հարավկովկասյան երկաթուղում», որը բուռն հակազդեցության արժանացավ և հանգեցրեց միջպետական մակարդակի բախումների: Համանման իրավիճակ է «Գազպրոմ Արմենիայի» պարագայում, որի ղեկավարության տրամադրած տեղեկատվությունը չի համընկնում ՀՀ ՊԵԿ-ի գնահատականներին: Այսինքն ռուսական սեփականություն դարձած ընկերությունները նախկին իշխանությունների օրոք ակնհայտ արտոնյալ դիրք էին զբաղեցնում Հայաստանում և կարծես այնքան էլ հաշվետու չէին իրենց շրջանառության ծավալների ու ներդրումների արդյունավետության իրական պատկերի առումով:

Այլ բնույթի բարդություններ ծագեցին մինչև վերջին ժամանակներս իրապես ծաղկող և արդյունավետ գործող փայլաթիթեղագլանման «Արմենալ» գործարանի հետ: ՌԴ Տնտեսական զարգացման նախարարության տեղեկատվությամբ՝ 2000-2012թթ. այս ձեռնարկությունում ներդրվել է 100 մլն դոլար, ևս 20 մլն նախատեսված է 2013-2020թթ.: «Արմենալ»-ը կայուն ապահովում էր ընդհանուր հայկական արտահանման 5-8%-ը, իսկ ԱՄՆ արտահանման՝ ավելի քան 50%-ը, որոշ տարիներին անգամ՝ 90%-ը: Ռուսական արդյունավետ ներդրումների եզակի օրինակներից մեկը՝ այս գործարանը, սակայն, սույն տարվա ապրիլից հայտնվեց ամերիկյան պատժամիջոցների մամլիչի ներքո, քանզի ռուսաստանյան ալյումինային հսկայի՝ «Ռուսալ»-ի  դուստր ձեռնարկությունն է, զրկվելով իր արտադրանքի սպառման հիմնական շուկայից:

Պատժամիջոցների անողոք բեռն իրենց ուսերին առան նաև «ՎՏԲ-Հայաստան բանկ»-ի աշխատակիցները, որոնք կիսում են գլխադասային իրենց կառույցի՝ «ՎՏԲ»-ի ճակատագիրը:  Այս երկու օրինակները վկայում են հայաստանյան տնտեսության լրջագույն կորուստների մասին, որոնք հետևանք են հակառուսական պատժամիջոցների:

 ՀՀ պաշտոնյաներն առ այսօր չեն վերլուծել Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների ազդեցությունը մեր տնտեսության վրա, այն պարագայում, երբ մեր ենթակառուցվածքները, վճռորոշ տնտեսական հզորություններն ուղղակի ենթակա են Կրեմլին կամ մերձկրեմլյան գործարարներին: «Էխո Մոսկվի» ռադիոկայանի եթերում ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը լավատեսական պնդումներ է հնչեցնում. «Թեև պատժամիջոցները ոչ ուղղակի, այլ անուղղակի անդրադառնում են նաև մեր երկրի վրա, բայց Հայաստանը, ընդհանուր առմամբ, միշտ վարել է կոմպլեմենտար քաղաքականություն: Հայաստանը չի կարող լինել երկիր, որտեղ կարող են բախվել աշխարհաքաղաքական շահեր»[10]: Այսինքն դեպի ԱՄՆ Հայաստանի արտահանման աղետալի անկումը հայկական փայլաթիթեղի վրա կիրառված ամերիկյան էմբարգոյի պատճառով կամ խոշորագույն առևտրային բանկի գործունեության սահմանափակումը դեսպանը համարում է անուղղակի բացասական անդրադարձներ: Նման լավատեսական կարծիքի է հանգել նաև ՀՀ Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանը, ով օրերս հայտարարեց. «Ինչպիսի պատժամիջոցներ էլ կիրառվեն Ռուսաստանի վերաբերմամբ, դրանք չեն կարող ազդել հայկական իրողությունների վրա, մեր տնտեսության և հայ-ռուսական հարաբերությունների վրա»[11]:

Հայաստանում կան նաև հարաբերականորեն  ոչ խնդրահարույց նախագծեր, որոնք իրականացնում են ռուսական ընկերությունները, ամենից առաջ՝ Բիլայն-Արմենտելը, ՄՏՍ-VivaCellը, Ռոսգոսստրախ Արմենիան, ԻՆԳՈ Արմենիան և, իհարկե, ՀԱԷԿ-ի անխափան ընթացքն ապահովող երկկողմանի  համագործակցությունը:  

Թեև ՀԱԷԿ-ի հետ կապված խնդիրներ ևս ծագում են: Մի քանի տարի առաջ ստեղծվեց Հայ-ռուսական լեռնահանքային ընկերություն, որին ուրանի հետախուզման և արդյունահանման աշխատանքներ ծավալելու իրավունք տրվեց: Այն ժամանակ «Ռոսատոմ»-ի ղեկավարների կողմից ռադիոակտիվ հումքի պաշարների խնդիրը լավատեսորեն էր գնահատվում: Սակայն նախագիծն անհետ կորավ, իսկ դրա իրագործմանն ուղղված 3 մլն դոլարի մասին փորձում են չհիշել: Հայկական ֆինանսական դաշտում անհետ կորավ նաև ռուսական հսկա «Գազպրոմբանկի» դուստր «ԱՌԵԿՍԻՄ» բանկը: Մի քանի տարի շարունակ Ավանի բնակելի զանգվածի ջերմամատակարարումն է փորձում ապարդյուն իրականացնել «ԱրմՌոսկոգեներացիա»-ն, որը ռուսական «Եվրոսիբէներգո-Ինժեներիգ»-ի ստեղծած համատեղ ձեռնարկությունն է:

            Նույն  ձախողված ճակատագրին արժանացավ Հայաստանում կաուչուկի նոր գործարան կառուցելու մասին «Ռոսնեֆտի» ծրագիրը: ՌԴ Էկոնոմիկայի նախարարության փաստաթղթերի համաձայն՝ 2014-2016թթ. նախատեսվում էր ներդնել 500 մլն դոլար: Նույն «Ռոսնեֆտ»-ը մտադիր էր Հայաստանում բիտումի գործարան ևս կառուցել[12]:                 Ռուսական սեփականություն են ՀՀ էներգետիկայի նշանակալի հզորությունները՝ «Հրազդանի ՀԷԿ»-ի 5 բլոկը, «Սևան-Հրազդան» կասկադը: Բնութագրական է, որ Որոտանի ՀԷԿ-երի համակարգի վերջին սեփականաշնորհումն ամերիկյան ընկերության կողմից Ռուսաստանը հիվանդագին ընկալեց, այսինքն՝ նկրտումները ծավալապաշտական են: Բերենք հայ-ռուսական տնտեսական գործակցության այլ խոսուն օրինակ՝ քիմիական արդյունաբերությունը, որը ԽՍՀՄ տարիներին Հայաստանի տնտեսական հզորության հիմնական ոլորտներից էր: Ռուսական բիզնեսի գործողությունների հետևանքով Հայաստանը զրկվեց այդ ամբողջ բնագավառից: 1999թ. ռուսական «Զակնեֆտեգազստրոյ-Պրոմեթեյ» ՓԲԸ-ը 1,5 մլն դոլարով ձեռք բերեց Վանաձորի քիմիական գործարանը, Վանաձորի քիմիական մանրաթելերի գործարանը և Վանաձորի ՋԷԿ-ը: Այս համալիրը, որը ստացավ «Վանաձոր Քիմպրոմ» անվանումը, այդպես էլ ոտքի չկանգնեց. պետության և կոլեկտիվի հանդեպ պարտքեր են կուտակվում, փոխվում են սեփականատերերը, բայց ոլորտը չի վերականգնվում: Նոր սեփականատերերի անունն անգամ անհայտ է մնում: Ինչպես նշված է Լուսավոր Հայաստան կուսակցության հայտարարության մեջ՝ ՀՀ պետռեգիստրի պաշտոնական կայքում չկա տեղեկատվություն, թե ովքեր են «Վանաձոր Քիմպրոմի» սեփականատերերը: Այս մասին իրազեկված չէին նաև Հովիկ Աբրահամյանի վարչապետության օրոք[13]:

Գրեթե համանման ճակատագրի արժանացավ մեր քիմիական մյուս հսկան՝ «Նաիրիտ»-ը: Կոմբինատում հիշում են, որ «Նաիրիտ»-ի 400 միլիոնանոց պարտքը սկսեց ձևավորվել 2006թ.-ից, երբ այն ժամանակվա սեփականտեր Rhinoville Property Limited-ը վարկային գիծ բացեց ԱՊՀ Միջպետական բանկում, որի հիմնական բաժնետերը Ռուսաստանն է:

Հայ-ռուսական արդյունավետ փոխգործակցության ոլորտներից էր հանքարդյունաբերությունը, որոնց թվում՝ ռուսական ընկերություններ «Գեոպրոմայնինգը» և «Գեոպրոմայնինգ գոլդը» (Սոթքի ոսկու և Ագարակի պղնձամոլիբդենային հանքավայրեր, Արարատի ոսկու կորզման ֆաբրիկա), «Պոլիմետալ» (Կապանի, նախկին Շահումյանի ոսկու և բազմամետաղների, Լիչքվազ-Թեյի ոսկու հանքավայրեր, Կապանի լեռնահարստացման կոմբինատ), «Նեվա-Ռուս» (Արմանիսի բազմամետաղների հանքավայր) և վերջապես «Վալեքսը» (Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայր, Ալավերդու պղնձաձուլման կոմբինատ): Վերջինս ռուսական ենք համարում՝ ելնելով այն հանգամանքից, որ պատկանում է ՌԴ քաղաքացի Վալերի Մեջլումյանին: Նշված բոլոր լեռնահանքարդյունաբերող ձեռնարկությունների գործունեությունը պարբերաբար հայտնվում է բնապահպանների քննադատության և պայքարի թիրախում, սակավ չեն նաև աշխատակիցների դժգոհությունները ցածր աշխատավարձի և վճարումների ձգձգման պատճառով: Առավել խնդրահարույց է «Վալեքսի» վիճակը, քանզի բնապահպանական նորմերի խախտման դեպքերի բազմաթիվ ահազանգեր կան, բացի այդ ընկերությունը մեծ պարտքեր ունի «ՎՏԲ» բանկին:

Բերված փաստերը վկայում են, որ հայ-ռուսական տնտեսական համագործակցությունն ի սկզբանե աչքի չի ընկել բարձր արդյունավետությամբ, քաղաքական գործոնը կամ մեծ եղբոր արքետիպն անընդմեջ թույլ չի տվել այդ հարաբերությունների համաչափ զարգացում: Կան գնահատականներ, ըստ որոնց՝ մեր հարաբերությունները հեռու են ռազմավարական դաշնակիցների գործակցությունից, և դրանք նեոգաղութային բնույթ են կրում, նախկին մետրոպոլիան ամեն կերպ փորձում է պահպանել ազդեցության լծակներն անկախություն ստացած ենթակայի հանդեպ:

            Ակնհայտ է, որ ԽՍՀՄ քայքայումից հետո մեր տնտեսության մեջ փորձ է կատարվում վերականգնել նախկին, այսպես կոչված, միութենական հանրապետությունների կառավարման համակարգը, այսինքն տեղական ձեռնարկությունները ֆինանսավորվում են իրենց ռուսաստանյան սեփականատերերի բյուջեից, որոնք էլ տնօրինում են ստացված ողջ շահույթը՝ բացառյալ ՀՀ բյուջե վճարումները, իսկ այդ վճարումները հասցվում են նվազագույնի տարբեր, զարտուղի ճանապարհներով: Ցավոք, ՀՀ պետական գերատեսչությունները չեն զբաղվում այս իրավիճակի վերլուծությամբ, սա տաբուացված թեմա է: Իսկ ՌԴ ղեկավարները մինչև հեղափոխությունը պնդում էին՝ իրենց ընկերություններից ոչ մեկը չի հեռացել Հայաստանի տնտեսությունից ... ՀՀ ղեկավարության աջակցությամբ այդ բիզնեսն իրեն հարմարավետ է զգալու Հայաստանում: ՀՀ հրաժարական տված նախագահ Սերժ Սարգսյանը Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպումներից մեկի ժամանակ նույն ոգով հայտարարել էր. «Ռուսական դրամագլուխը Հայաստանում իրեն զգում է հարմարավետ»[14]:

Հայաստանում օտարերկրյա գործարարները և դրամագլուխը, անտարակույս, պետք է իրենց հարմարավետ զգան, բայց, միևնույն ժամանակ, պատասխանատու և պարտականությունների կատարմանը նախանձախնդիր, իսկ հայ-ռուսական տնտեսական համագործակցության բազմաթիվ օրինակները վկայում են, որ շատ անգամ ռուսական կողմը հետամուտ չէ իր իսկ հայտարարած ներդրումային պարտավորությունների կատարմանը, մեր պետական ատյաններն էլ պատրաստ չեն պատշաճ եզրակացություններ կատարել այս դեպքերից:

Արդյո՞ք Թավշյա հեղափոխությունից հետո հայ-ռուսական փոխգործակցությունը կձերբազատվի ավագ և կրտսեր եղբայրների հարաբերության բարդույթներից, և մենք կկարողանանք անբարդույթ, պահանջատիրաբար պաշտպանել մեր տնտեսական շահերը՝ առանց դրանք ծառայեցնելու քաղաքական կարգախոսներին: Հայաստանին և Ռուսաստանին անհրաժեշտ են առանց տոտեմների և տաբուների հավասարակշիռ հարաբերություններ:

                                                           

«Ժողովրդավարություն, անվտանգություն և արտաքին քաղաքականություն» ծրագիր (NED)

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)

 

[1]По линии инвестиций Россия занимает позорное третье место в экономике Армении, заявил Владимир Путин, ИАЦ “Ноян Тапан”, 31.10.2006

[2]Путин: российские инвестиции в экономику Армении вырастут вдвое, Vesti.ru, 24.01.2007

[3]Объем накопленных российских инвестиций в реальный сектор экономики Армении достиг почти $4,5 млрд – Соколов,  ИА “АРКА”, 14.10.2016

[4]Объем накопленных российских прямых инвестиций в Армении превысил $3 млрд, Rusarminfo.ru, 19.10.2016

[5]Налбандян: российские инвестиции в армянский бизнес превысили 3 млрд долларов, Sputnik Армения, 21.11.2017

[6]Торгпред России призвал власти Армении продолжать формировать и поддерживать комфортную инвестиционную среду в республике, ИА “АрмИнфо”,  Finport.am, 15.10.2018

[7]Визит Путина в Баку - звонкая оплеуха Армении, Report.az, 29.09.2018

[8]Армения. Российские инвестиционные проекты, Портал внешнеэкономической информации Министерства экономического развития РФ, Ved.gov.ru, 2013

[9] Ի. Կլեբանովն ու Ս. Սարգսյանը ստորագրել են «Գույք պարտքի դիմաց» համաձայնագիրը, Ա1+, 05,11,2002, Ռուսաստանին հանձնվեցին հայկական 5 ձեռնարկություններ, Արմենպրես, 05,11,2002

[10]За десять лет инвестиции в железнодорожную сферу Армении превысили $230 млн – замглавы РЖД, Sputnik Армения, 07.08.2018

[11]Вардан Тоганян: Санкции в отношении России не повлияли на экономическую политику Армении, ИА “АрмИнфо” - Finport.am, 30.10.2018

[12]Тигран Хачатрян: Новые санкции в отношении России не содержат никаких рисков для Армении,News.am, 23.11.2018

[13]“Просвещенная Армения” бьет тревогу: отчуждаются активы ЗАО “Ванадзор-Химпром”, ИА “АрмИнфо”, 22.08.2017

[14]Российский капитал чувствует себя в Армении комфортно, Газета “Ноев Ковчег”, #3, 1-15.02.2011

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter