HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Գլխավոր դատախազը կարծում է, որ անձեռնմխելիությունն անհամատեղելի է օրենքի խախտման հետ. Քոչարյանի պաշտպանը մանրամասներ է պատմում

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը մոտ 40 րոպե առարկություններ է ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ նիստին:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը:

«Դատախազը դետալ առ դետալ փորձում էր մեր բոլոր փաստարկներին անդրադառնալ, չէի ասի, որ համահունչ էին նրա հակափաստարկները, բայց, համենայն դեպս, մանրակրկիտ աշխատել է մեր ամեն փաստարկի վրա»,- ասաց Հայկ Ալումյանը:

Փաստաբանի խոսքով՝ անդրադառնալով Քոչարյանի անձեռնմխելիության հետ կապված հարցին, գլխավոր դատախազը դիրքորոշում է հայտնել, որ անձեռնմխելիությունն անհամատեղելի է օրենքի խախտման հետ, այսինքն՝ եթե որևէ մեկին, այդ թվում հանրապետության նախագահին վերագրվում է օրենքի խախտում, և եթե նրան վերագրվող գործողություններն իր լիազորությունների մեջ չեն մտնում, ապա նա անձեռնմխելի չէ: Հետևաբար, մեզ մոտ ուրիշ հարց է առաջանում՝ այդ դեպքում էլ ի՞նչ անձեռնմխելիություն, եթե այդ անձին չվերագրվի օրենքի խախտում: Եթե անձին վերագրվեն գործողություններ, որոնք իր լիազորությունների շրջանակներում են, ապա ի՞նչ քրեական վարույթի մասին կարող է խոսք լինել»,- հարցադրում արեց Հայկ Ալումյանը:

Լրագրողներից մեկի դիտարկմանը՝ Դուք գտնում եք, որ եթե անձն անձեռնմխելի է, ապա կարո՞ղ է օրենք խախտել, Ալումյանը պատասխանեց, որ անձեռնմխելիության մասին խոսք կարող է լինել այն դեպքում, երբ անձը մեղադրվում է հանցագործության մեջ:

Ալումյանի խոսքով՝ որոշ վերլուծաբաններ հանրությանը խորը մոլորության մեջ են գցել՝ նշելով, թե անձեռնմխելիությունը չի կարող տարածվել սահմանադրական կարգը տապալելու հոդվածի վրա, մինչդեռ, փաստաբանի խոսքով, Քրեական օրենսգրքում շատ ավելի ծանր հանցագործությունների վերաբերյալ դրույթներ կան:

Ավելի վաղ նշել էինք, որ դատավոր Ռուբիկ Մխիթարյանը ՀՔԾ պետի և ԱԱԾ տնօրենի միջև հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման առնչությամբ նոր երևան եկած հանգամանքի հիմքով բողոքը թողել է առանց քննության: Ալումյանը պարզաբանեց, որ դատարանը համարել է, որ բողոքում արտահայտված հանգամանքները ոչ թե որպես նոր երևան եկած հանգամանք պետք է դիտարկել, այլ բողոքը պետք է քննել արդեն իսկ ներկայացած մյուս երկու բողոքների քննության շրջանակներում:

Դատարանի այս դիրքորոշման դեմ դատախազությունը, Ալումյանի խոսքով, առարկել է:

«Գլխավոր դատախազը գտնում է, որ այդ հանգամանքը կապ չունի քննարկվող հարցի հետ»,- ասաց Ալումյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter