HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Ամառային զորակոչի շրջանակներում քանի զինծառայող է ճանաչվել սահմանափակումով պիտանի, և ինչ պայմաններում է անցնում նրանց զինծառայությունը

2018 թվականի ամառային զորակոչի ժամանակ ծառայության հեշտացված կարգով զորակոչվել է 193 ժամկետային պարտադիր զինծառայող: Այս մասին «Հետք»-ի հարցմանն ի պատասխան` հայտնել են պաշտպանության նախարարությունից:

Ծառայության հեշտացված օրվա կարգացուցակով (ԾՀՕԿ) զինծառայության տեսակն ավելացվել է 2018թ. ամառային զորակոչի ընթացքում: Զինծառայության այս տեսակով զորակոչվում են թերքաշ, գերքաշ, գիշերամիզություն և հեմոգլոբինի տատանման խնդիր ունեցող զինակոչիկները:

Ըստ ՊՆ պատասխանի՝ 193 զորակոչվածներից 120-ը նախկինում վերոնշյալ առողջական խնդիրների պատճառով տարկետում ստացածներն են:

Այս տարվա ապրիլին կառավարության 404 որոշման մեջ, որը սահմանում է զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկը, փոփոխություններ են կատարվել, և որոշ կատեգորիաներում ներառված զինակոչիկները ճանաչվել են սահմանափակումով պիտանի զինվորական ծառայության համար: Եթե նախկինում 45 կգ-ից նվազ քաշ ունեցող քաղաքացին չէր կարող զորակոչվել, այժմ՝ 43-45 կգ քաշ ունեցող, 150 սմ հասակ ունեցող քաղաքացին ծառայության օրվա հեշտացված կարգացուցակով զորակոչվում է:

ԾՀՕԿ-ը ենթադրում է օրվա կրճատ պարապմունքներ և հանգստի ավելի երկար ժամկետ, չի արգելվում պահակային ծառայությունը, ծառայության ընթացքում փորձաքննություն է նախատեսվում՝ յուրաքանչյուր վեց ամիսը մեկ։

Արական տիպի մարմնակազմությամբ, ալիմենտար ճարպակալմամբ և բավարար զարգացած մկանախմբերով անձինք, որոնց ֆիզիկական զարգացման ինդեքսը (ՖԶԻ) կազմում է 39.9-ից 42.0-ը ներառյալ, իսկ հասակը չի գերազանցում 200սմ-ը, ճանաչվում են սահմանափակումով պիտանի զինվորական ծառայության համար և զորակոչվում ծառայության հեշտացված օրվա կարգացուցակով:

Ի սկզբանե հայտարարվում էր, որ ԾՀՕԿ-ով ծառայության անցնող զինծառայողները առաջնագծում մարտական հերթապահություն չեն իրականացնելու, նրանց զինծառայությունը սպասարկման ու անցագրային օղակներում է լինելու: Մեր հարցմանն ի պատասխան` նախարարությունից հայտնել են, որ նշված առողջական խնդիրներով ժամկետային պարտադիր զինծառայողները ծառայությունն իրականացնում են նախորոշված զորամասերի պահպանության և սպասարկման դասակներում:

Ինչ վերաբերում է նրան` սպասվում է, արդյոք, փոփոխություն 404 որոշման մեջ , և հնարավո՞ր է այլ առողջական խնդիրներով զինակոչիկներ ևս ընդգրկվեն զորակոչի շրջանակներում, նախարարությունից պատասխանել են. «Ներկայումս իրականացվում են կառավարության ապրիլի 12-ի 404 որոշման կիրարկման արդյունավետության մշտադիտարկման աշխատանքներ, որի արդյունքներով, ըստ անհրաժեշտության, կքննարկվի լրացումներ և փոփոխություններ կատարելու նպատակահարմարությունը»:

Հիշեցնենք, որ այս փոփոխությունները կյանքի են կոչվել պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի նախաձեռնությամբ: Դեռ 2016-ին «Ռ-էվոլյուցիա» հաղորդման շրջանակներում Սարգսյանը հայտարարել էր, թե շատ քիչ հիվանդություններ կան, որոնցով քաղաքացին բացարձակ պիտանի չէ զինված ուժերին, «իսկ բանակը պետք է ավելի շատ ջանք դնի և գտնի այն պայմանները, որտեղ սահմանափակ կարողություններով քաղաքացին կարող է իր օգտակար ծառայությունը բերել»:

Լուսանկարը՝ mil.am-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter