Հայկ Ալումյան. «0038 հրամանի վրա համար, տարեթիվ, ամսաթիվ չկա»
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ գործով դատական նիստի ընդմիջման ընթացքում նրա պաշտպան Հայկ Ալումյանը լրագրողների հետ զրույցում որոշակիորեն պարզաբանեց, թե ինչու են իրենք՝ պաշտպանները, հայտնի 0038 հրամանը համարում անթույլատրելի ապացույց:
«0038 հրամանի վրա համար, տարեթիվ, ամսաթիվ չկա»,- ասաց Հայկ Ալումյանը: Փաստաբանն ընդգծեց, որ իրենք չեն ասում, թե 0038 հրաման չկա, պարզապես այն, ինչ դրված է գործի մեջ, Պաշտպանության նախարարությունից չի վերցված կամ այն հրամանից, որն իրականում գոյություն է ունեցել: Ալումյանը չպատասխանեց հարցին՝ Քոչարյանը ծանոթ եղե՞լ է այդ հրամանին, թե ոչ:
Այսօր դատական նիստը նորից հետաձգվեց և կշարունակվի վաղը՝ դեկտեմբերի 4-ին:
Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 2018 թվականի հուլիսի 26-ին Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Առաջին ատյանի դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրել կալանավորումը, սակայն Վերաքննիչ դատարանի որոշումից հետո Քոչարյանն ազատ է արձակվել:
Վճռաբեկ դատարանը նոյեմբերի 15-ին բեկանել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը, և գործն ուղարկվել է նույն դատարան՝ նոր քննության: Նոյեմբերի 27-ից Վերաքննիչ դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի, քննում է Քոչարյանի խափանման միջոցի հարցը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել