HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

23% եկամտային հարկ՝ բոլորի համար. ով է շահում, ով՝ տուժում

Ֆինանսների նախարարությունն առաջարկում է նվազեցնել շահութահարկը, համահարթեցնել եկամտային հարկը, փոխարենը՝ բարձրացնել որոշ ապրանքատեսակների ակցիզային հարկը, խաղային ոլորտը հարկել շահութահարկով, ավելացնել առավել թանկարժեք ավտոմեքենաների բնապահպանական հարկը և այլն։ Նախարարությունից վստահեցնում են, որ փոփոխությունները չեզոք ազդեցություն են ունենալու պետական բյուջեի վրա. ծրագրել են այնպես, որ մի աղբյուրից բյուջե մտնող գումարները պակասեն, մյուս կողմից՝ ավելանան։

Ըստ նախագծի հեղինակների՝ փոփոխությունների ընդունման արդյունքում ակնկալվում է բարելավել գործարար միջավայրը, մասնավորապես, բարենպաստ պայմաններ ստեղծել միկրոձեռնարկատիրության զարգացման համար, բարձրացնել ազգային տնտեսության մրցունակությունն ու ներդրումային գրավչությունը:

Այնուամենայնիվ, ինչպես ցանկացած հարկային փոփոխությունների, այնպես էլ այս դեպքում լինելու են և´ շահողներ, և´ տուժողներ։

Ներկայացվող փոփոխությունները դեռևս պետք է քննարկվեն ձևավորվելիք խորհրդարանում։ Ընդունվելու պարագայում, ամենայն հավանականությամբ, ուժի մեջ կմտնեն 2019թ. տարեկեսից հետո։

23 % եկամտային հարկ՝ բոլորի համար

Ֆինանսների նախարարության ներկայացրած փոփոխությունների փաթեթում առավել ուշագրավ կետերից մեկը վերաբերում է եկամտային հարկի դրույքաչափերի փոփոխությանը։ Ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնակատար Արման Պողոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ փոփոխությունների փաթեթը մշակելիս դիտարկել են մի շարք հնարավոր սցենարներ, թե եկամտային հարկի որ դրույքաչափի դեպքում որքան կորուստ կունենա բյուջեն, աշխատողների որ խավը կշահի, որը՝ կտուժի և այլն։ Եկել են այն եզրահանգման, որ ամենաարդյունավետ տարբերակը եկամտային հարկի միասնական դրույքաչափն է, այն է՝ 23%:

Ներկայումս գործում է եկամտային հարկի եռաստիճան՝ 23% (մինչև 150 հազար դրամ աշխատավարձ ստացողների համար), 28% (150 հազար դրամից մինչև 2 միլիոն դրամ) և 36% (2 միլիոն դրամից բարձր) դրույքաչափեր:

Այսպիսով, նախատեսվող փոփոխությունները մինչև 150 հազար դրամ աշխատավարձ ստացողներին չեն «դիպչելու». ինչպես հարկվել են 23%-ով, այնպես էլ շարունակվելու են հարկվել։

Իսկ 150 հազար դրամ և դրանից բարձր աշխատավարձ ստացողները շահողի դերում են։ Ընդ որում՝  2 միլիոնից բարձր ստացողներն ամենաշահեկան դիրքերում են, քանի որ նրանց համար եկամտային հարկը, փաստորեն, նվազում է միանգամից 13 տոկոսային կետով՝ 36%-ից դառնալով 23%:

Ով կշահի, ով՝ ոչ

Այստեղ կարևոր է նաև հասկանալ, թե ինչ կշիռ ունեն մինչև 150 հազար դրամ և 2 միլիոն դրամից բարձր ստացողները աշխատողների ընդհանուր քանակում։ Ֆինանսների նախարարության տրամադրած տվյալներից պարզ է դառնում, որ Հայաստանում վարձու աշխատողների 65.1 %-ը ստանում է մինչև 150 հազար դրամ աշխատավարձ։ Այսինքն՝ այս փոփոխություններից աշխատողների 65.1 %-ը, գոնե եկամտային հարկի մասով, ոչ շահելու է, ոչ էլ տուժելու։ Սակայն, այս խումբը խոցելի է մեկ այլ առումով, ինչին կանդրադառնանք ստորև։

150 հազարից մինչև 2 միլիոն դրամ ստացողները վարձու աշխատողների 34.7 %-ն են, իսկ մնացած 0.3%-ը՝ ստանում են 2 միլիոն դրամից բարձր աշխատավարձ։ Այսինքն՝ վարձու աշխատողներից 35%-ի համար եկամտային հարկի բեռը նվազում է, ինչը նշանակում է, որ աճում է նրանց կողմից տնօրինվող եկամուտը։

Ըստ Արման Պողոսյանի՝ եկամտային հարկի այս փոփոխությունների արդյունքում պետական բյուջեն տարեկան 27.5 մլրդ դրամի կորուստ է ունենալու։ Գումարած դրան՝ 11.5 մլրդ դրամի կորուստ էլ բյուջեն կկրի շահութահարկի նվազեցման արդյունքում. առաջարկվում է եկող տարվանից շահութահարկի դրույքաչափի նվազեցում՝ 20%-ից դարձնել 18%:

Բայց որպեսզի չեզոքացվի կորուստը, ֆինանսների նախարարությունն առաջարկում է ավելի առաջանցիկ տեմպերով բարձրացնել ակցիզային հարկը մի քանի ապրանքատեսակների համար, քան նախատեսվում էր մինչ այս նախագծի ներկայացումը։ Մասնավորապես, խոսքը ծխախոտային արտադրանքի և ալկոհոլային խմիչքների համար սահմանված ակցիզային հարկի դրույքաչափերի մասին է: Առաջարկվում է նաև ընդլայնել ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների շրջանակը։  

Կորուստը լրացնելու համար Ֆինանսների նախարարությունը ևս մի շարք լուծումներ է առաջ քաշում, օրինակ՝ բարձրացնել բարձր շաքարայնություն պարունակող զովացուցիչ ըմպելիքների ակցիզային հարկը, բարձրացնել 5 տարուց ավելի թողարկման տարեթիվ ունեցող՝ 300 և ավելի ձիաուժ ունեցող շարժիչի հզորությամբ ավտոմեքենաների բնապահպանական հարկը, խաղային ոլորտը (խաղատներ, բուքմեյքերական ընկերություններ) հարկել շահութահարկով, ֆինանսավարկային հատվածի լիցենզիաներ ստանալու համար պետական տուրքի դրույքաչափի էական բարձրացում և այլն։   

Սրանք բոլորն առանձին տարբերակներ են՝ իրենց դրական ու բացասական կողմերով, սակայն եթե դիտարկում ենք եկամտային հարկի թեմայի ներքո, ապա ստացվում է, որ որոշ փոփոխությունների արդյունքում կտուժեն կամ առնվազն՝ չեն շահի այն վարձու աշխատողները, որոնց եկամտային հարկը չի նվազեցվում։ Բանն այն է, որ ակցիզային հարկի բարձրացման արդյունքում, գրեթե վստահ կարելի է ասել, որ թանկանալու են օղին, ծխախոտը, բարձր շաքարայնություն ունեցող զովացուցիչ ըմպելիքները և այն բոլոր ապրանքները, որոնց ակցիզային հարկը կբարձրանա։ Եվ, կստացվի, որ մինչև 150 հազար դրամ աշխատավարձ ստացողների եկամտային հարկը չի նվազի, ու տնօրինվող եկամուտը չի ավելանա, բայց նրանք ստիպված են լինելու ավելի թանկ վճարել այդ ապրանքների համար։ Ավելի բարձր վարձատրվողները ևս ավելի թանկ են վճարելու, սակայն մյուս կողմից էլ նրանց եկամուտն է մեծանալու։

Նույն նախագծով մինչև 2023 թվականը առաջարկվում է եկամտային հարկի դրույքաչափը նվազեցնել մինչև 20%-ի։ Մասնավորապես, 2020 թվականից սահմանել 22%, 2021 թվականից՝ 21%, 2022 թվականից՝ 20.5%, իսկ 2023-ից՝ 20%: Մեր հարցին, թե այդ դեպքում ինչով են լրացվելու բյուջեի կորուստները, ֆինանսների նախարարի տեղակալը պատասխանեց, որ զուգահեռաբար շարունակվելու է ալկոհոլային խմիչքի և ծխախոտի ակցիզային հարկի բարձրացումը։ «Յուրաքանչյուր 1 տոկոսային կետով եկամտային հարկի նվազումը գնահատվում է շուրջ 12.5 մլրդ դրամի կորուստ բյուջեի համար։ Բայց հաջորդ տարիներին մենք նույնպես նախատեսում ենք ակցիզային հարկի բարձրացում։ Մենք առաջարկում ենք ամրագրել ծխախոտային արտադրանքի և ալկոհոլային խմիչքների ակցիզային հարկի աճի տեմպերը գալիք 3-4 տարիների համար, որպեսզի հարկ վճարողը գործի իր համար կանխատեսելի պայմաններում»,- նշեց Արման Պողոսյանը։

Միաժամանակ, ինչպես նշված է նախագծում, «առաջարկվում է եկամտային հարկի դրույքաչափերի և ֆիզիկական անձանց հարկային բեռի նվազեցմանը զուգահեռ աստիճանաբար վերականգնել կուտակային կենսաթոշակային հատկացումների պետական բյուջեի և քաղաքացիների մասնակցության հավասարության սկզբունքը»։ Այսօր, կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցները կուտակում են իրենց աշխատավարձի 10%-ի չափով, որի 7.5%-ը պետբյուջեի հաշվին է, իսկ մնացած 2.5%-ը՝ աշխատողի աշխատավարձի։ Այս նախագծով նախատեսվում է, որ պետությունը պետք է վճարի 5%-ը, մնացած 5%-ն էլ՝ աշխատողը։ Այսինքն՝ իրականում աշխատողի կողմից տվյալ պահին տնօրինվող եկամուտի չափը կրկին փոփոխվում է։ Սա ևս լայն թեմա է, որին առավել մանրամասն առաջիկայում կանդրադառնանք։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter