HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Պաշտպան. «Քոչարյանը 0038 հրամանի մասին տեղյակ չի եղել»

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները միջնորդություն են ներկայացրել, որպեսզի դատարանը դիմի Սահմանադրական դատարան՝ քննարկելու, թե արդյոք առանց ներկայացված ապացույցների թույլատրելիությունը գնահատելու կարող է քննարկվել կալանքի հարցը և համապատասխան որոշում կայացվել:

«Հարց ենք բարձրացնում, թե արդյոք կարո՞ղ է դատարանը վարույթն իրականացնող մարմնի միջնորդության հիման վրա անձին կալանավորելու վերաբերյալ որոշում կայացնել՝ հիմք ընդունել ապացույց չհամարվող նյութեր»,- լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արամ Օրբելյանը:

Պաշտպանները պատրաստվում են միջնորդել նաև, որպեսզի Վերաքննիչ դատարանը դիմի Սահմանադրական դատարան՝ Քոչարյանին մեղսագրվող հոդվածների սահմանադրականության հարցը որոշելու համար:

Վերը նշված երկու հարցերի առնչությամբ պաշտպանները մեկ ընդհանուր միջնորդություն են պատրաստել: Օրբելյանը նշեց, որ նախքան այսօրվա միջնորդությանն անդրադառնալը հայտարարություններ է արել՝ կապված կալանքի դեմ տարված բողոքի վերաբերյալ Դատախազության կողմից ներկայացված առարկությունների հետ, և Քոչարյանը ևս հայտնել է դրանց վերաբերյալ իր դիրքորոշումը:

Օրբելյանը հայտարարեց, որ Քոչարյանը 0038 գաղտնի հրամանի տեքստի պարունակությանը տեղյակ չի եղել:

«Նախարարները, որպես այդպիսին, հրամանները չեն ուղարկում նախագահին, որովհետև եթե բոլոր նախարարները բոլոր հրամաններն ուղարկեն նախագահին և եթե նույնիսկ միայն ուժային կառույցների ղեկավարները իրենց բոլոր հրամաններն ուղարկեն նախագահին՝ համաձայնեցման համար, ապա նա որևէ այլ գործունեություն չի կարող ծավալել»,- նշեց Արամ Օրբելյանը:

Լրագրողների դիտարկմանը՝ այսինքն երկրի գերագույն գլխավոր հրամանատարը չգիտե՞ր, որ բանակը մասնակցում է ներքաղաքական զարգացումներին, Օրբելյանը պատասխանեց, որ դռնփակ նիստում քննարկված և նախաքննական գաղտնիք համարվող ապացույցները չի մեկնաբանելու:

«Պնդումը, որ բանակը ներգրավվել է 2008-ին տեղի ունեցած այդ գործընթացներին քննություն իրականացնող մարմնի պնդումն է, զինված ուժերի հետ կապված իրարից անկախ երկու էպիզոդներ կան, որոնցից մեկը վերաբերում է փետրվարի վերջին տեղի ունեցած գործընթացներին, մյուսը՝ մարտի 1-ին՝ օրվա երկրորդ կեսին արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշմամբ, և զինված ուժերին հասարակական կարգի պահպանման ֆունկցիա տալուն: Դրանք տարբեր գործընթացներ են, իրար հետ չկապվող»,- ասաց Արամ Օրբելյանը:

Լրագրողներից մեկի հարցին, որ Քոչարյանն այս պահին արդեն ծանոթ է 0038 հրամանին, ի՞նչ դիրքորոշում ունի դրա բովանդակության մասին, արդյոք համարո՞ւմ է, որ հրամանն օրինական է եղել, Օրբելյանը պատասխանեց, թե ՀՔԾ պետի եւ ԱԱԾ տնօրենի հեռախոսային խոսակցության գաղտնալսման մեջ պարզ է դառնում, որ Քոչարյանը հրամանի մասին չգիտեր:

«Արթուր Վանեցյանը Սասուն Խաչատրյանից հարցնում է, թե Քոչարյանն ի՞նչ ասաց, երբ տեսավ հրամանը, նա չի ասում, թե Քոչարյանը հրամանի մասին տեղյակ է, և Սասուն Խաչատրյանը ելնում է այն կանխավարկածից, որ Քոչարյանը դրա մասին գիտեր, պատասխանում հենց այդպես է՝ «ապեր ինքը դրա մասին գիտեր»:

Օրբելյանը նշեց, որ երբ պարզ կլինի՝ հրամանն ում կողմից է ընդունվել ինչ հանգամանքներում, ում հետ է քննարկվել, և բազմաթիվ այլ հարցեր պարզաբանված կլինեն, դրանից հետո նոր կարելի է հրամանի բովանդակության վերաբերյալ հետևություններ անել ու դիրքորոշում հայտնել:

Դիտարկմանը, որ մարտի 1-ին և դրանից հետո Քոչարյանը երկրի փաստացի ղեկավարն էր, արդյոք անգամ այդ իրադարձություններից հետո չի՞ ծանոթացել 0038 հրամանի բովանդակությանը, պաշտպանը պատասխանեց, թե խնդիրն էլ հենց այդ է, որ 0038 հրամանը որևէ կապ չունի Մարտի 1-ի իրադարձությունների հետ:

«Հենց խնդիրն էլ այն, է որ փորձ է արվում փետրվարի 23-ի խորհրդակցությունը կապել Մարտի 1-ի իրադարձությունների հետ, բայց դրանք միմյանց հետ առնչություն չունեցող գործընթացներ են»,- ասաց Արամ Օրբելյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter