HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

ԶՈՒ-ն՝ նախընտրական ծրագրերում. ՀՀԿ, ՔՈ, ՀՅԴ, Իմ քայլը, Լուսավոր Հայաստան

«Հետք»-ը ներկայացնում է քաղաքական ուժերի և դաշինքների նախընտրական ծրագրերի՝ զինված ուժերին վերաբերող հատվածները:

1. Հայաստանի հանրապետական կուսակցություն

ՀՀԿ նախընտրական ծրագրում ԶՈՒ-ն ներկայացված է ազգ-բանակ խորագրի ներքո: «Ազգ բանակ» հայեցակարգը պետության պաշտպանունակության, կայուն ու անվտանգ զարգացման երաշխիքն է», վստահեցնում է նախկին իշխող ուժը, ապա հիշեցնում իր տասնամյակների քաղաքական ու կառավարչական փորձ ունեցող ուժ լինելը:

«Մենք շարունակելու ենք մեր հանձնառությունը մեր երկրի Զինված ուժերի արդիականացման, նրա նկատմամբ քաղաքացիական և խորհրդարանական վերահսկողության արդյունավետ գործիքների ներդրման, բանակի նկատմամբ հանրային վստահության պահպանման ու նպատակային ջանքերի գործադրման ուղղությամբ՝ հանուն մեր ժողովրդի և երկրի կայուն ու անվտանգ զարգացման»,- ասված է ծրագրում:

 10 տարի իշխանություն եղած քաղաքական թիմն անհրաժեշտություն է համարում՝

  • Սպառազինության արդիականացման և համալրման 7-ամյա ծրագրի անշեղ կատարումը.
  • Ռազմական կրթության որակի կտրուկ բարձրացումը:
  • Գիտատար ռազմարդյունաբերական համալիրի զարգացումը:
  • Արդյունավետ ռազմադիվանագիտական և ռազմատեխնիկական փոխգործակցության ընդլայնումը:
  • Սպայական ծառայության սոցիալական երաշխիքների ուժեղացում
  • Ժամկետային զինծառայության որակի բարձրացում, քաղաքացու ապագա սոցիալական կարգավիճակի հետ փոխշաղկապումը:
  • Պահեստազորի հետևողական ամրապնդումը:
  • Զինհաշմանդամների ինտեգրման համակարգի ներդրումը:
  • Զոհված զինծառայողների ընտանիքներին բարոյական, հոգեբանական և նյութական աջակցության ընդլայնումը:

2. «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն

Այս նորաստեղծ քաղաքական թիմը պաշտպանության ոլորտում առաջնահերթություն է համարում զինված ուժերի համալրումն արդիական սպառազինությամբ, ռազմական տեխնիկայով և նյութատեխնիկական միջոցներով, ինչպես նաև կապի և ավտոմատ կառավարման նորագույն համակարգերով: Ըստ ՔՈ-ի պետք է շեշտադրում կատարել ժամանակակից ռազմավարական և օպերատիվ-մարտավարական հրթիռային, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի, հրետանային և ավիացիոն միջոցների, զենիթահրթիռային համալիրների վրա, ինչպես նաև նորագույն ՀՕՊ համակարգերով ապահովել «յուրային օդուժի գերիշխանությունը»:

ՔՈ-ն կարևորում է բազմաֆունկցիոնալ տարեղանակային ավիացիայի, արդիական զրահատեխնիկայի, նորագույն անօդաչու թռչող սարքերի, ինչպես նաև հակառակորդի հավանական գործողությունները ժամանակին հայտնաբերելու և հանկարծակիությունը բացառելու նպատակով ռադիոլոկացիոն և ազդարարման համակարգերով համալրումը, որպեսզի հնարավոր լինի «ստիպել հակառակորդին ցուցաբերել կատարյալ զսպվածություն», ինչպես նաև մարտական գործողությունների ղեկավարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ունենալ արդիական կապի և ավտոմատ կառավարման համակարգեր:

Քաղաքական ուժը մանրամասնում է նաև ֆինանսական խնդիրների հարցը՝ ընդգծելով, որ անհրաժեշտ են համարում միջազգային ռազմաարդյունաբերական առաջարկներն ուսումնասիրել, խորացնել ճկուն հարաբերությունները գործընկերների հետ՝ միաժամանակ մեծացնելով ռազմաարդյունաբերական համակարգի դերն ու նշանակությունը՝ ընդգրկելով ոչ միայն ռազմական նշանակության ինստիտուտները, այլև խոշոր ձեռնարկությունները, մասնավոր ընկերությունները: ՔՈ-ն ծրագրում է վերանայել նաև ԶՈՒ ներքին կանոնադրությունները՝ դրանք դարձնելով առավել արդի և կիրառելի:

«ՀՀ անվտանգության կարևոր բաղադրիչներից մեկը հակառակորդի հետ անմիջական շփման պայմաններում մարտական դիրքերի (հենակետերի) պաշտպանվածության և կահավորվածության, անձնակազմի մարտական, նյութատեխնիկական և թիկունքային ապահովման խնդիրն է: Այդ առումով խիստ անհրաժեշտ ենք համարում առաջնահերթ ձեռք բերել ազդանշանային և տեսանկարահանման համակարգեր՝ հակառակորդի դիվերսիոն հետախուզական խմբերի արագ հայտնաբերման և ոչնչացման նպատակով, ստեղծել արագ արձագանքման, հատուկ գործողությունների ստորաբաժանումներ՝ սպառազինելով ժամանակակից զինատեսակներով և ռազմական տեխնիկայով, համագործակցել ճանապարհաշինարարական ընկերությունների հետ, կատարելագործել ճանապարհային ցանցը՝ ստեղծելով բարենպաստ պայմաններ ԶՈւ տեղաշարժերի համար»,- ասված է ծրագրում:

Այս քաղաքական ուժն առաջարկում է սահմանապահ գյուղերում յուրաքանչյուր ընտանիքի համար ուսումնասիրել և սկզբնական ներդնել ակոսավոր հրացաններ տրամադրելու հնարավորությունը՝ վերահսկողությունը դնելով ոստիկանության վրա:

Նախատեսում է նաև բարձրացնել սպայական կազմի սոցիալական ապահովվածության մակարդակը, առավելապես լուծել բնակարանների խնդիրը՝ առաջնահերթությունը տալով զոհվածների և անհետ կորածների ընտանիքներին, մարտական գործողությունների մասնակիցներին, զինթոշակառուներին և երկարամյա կենսաթոշակի իրավունք ձեռք բերած սպայական կազմին:

3. Հայ հեղափոխական դաշնակցություն

ՀՅԴ-ն իր նախընտրական ծրագրում ևս ՀՀԿ-ի նման ազգ-բանակ հայեցակարգն է առաջ քաշում և կարևորում հայրենական գիտական և տեխնոլոգիական մտքի վրա հիմնված ռազմաարդյունաբերական համալիրի ստեղծումը:

«Հակառակորդն ունի նավթային դոլարներ, մենք ունենք տաղանդավոր գիտնականներ, գյուտարարներ, ինժեներներ»,- ասված է ՀՅԴ ծրագրում:

Դաշնակցությունն առաջարկում է խրախուսել պրոֆեսինոալ-կամավոր զինվորական ծառայության ընդլայնումը, քանի որ «պարտադիր զինվորական ծառայության զորակոչված զինվորի կողքին պետք է կանգնած լինի պրոֆեսիոնալ զինվորականը»: Դաշնակցությունն առաջ է քաշում նաև սպաների ու պայմանագրային զինծառայողների աշխատավարձերի հարցը:

4. «Իմ քայլը» դաշինք

Իշխող դաշինքն իր նախընտրական ծրագրում ընդգծում է՝ Զինված ուժերի մարտունակության և արդյունավետության համապատասխանեցումն անվտանգության միջավայրի փոփոխվող պահանջներին պաշտպանության ոլորտում իր համար քաղաքական առաջնահերթությունն է: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի թիմի նախընտրական ծրագրում ամրագրվում է, որ զինված ուժերն ունակ է լինելու ադապտացվել ռազմական անվտանգության ապահովման և պատերազմի վարման փոփոխվող պահանջներին, ի զորու է լինելու կանխատեսելու, կանխելու, զսպելու, հակադարձելու կամ չեզոքացնելու առկա ու հավանական ռազմական բնույթի սպառնալիքներն ու մարտահրավերները:

Հաջորդ խոստումն այն է, որ զինված ուժերը համալրվելու է այսօրվա ռազմական գիտության պահանջներին համապատասխան արդիական զինատեսակներով և տեխնոլոգիաներով, գերճշգրիտ հեռահար հրթիռային հարվածների, հրետանային խոցման և հակաօդային պաշտպանության ժամանակակից համակարգերով, որոնք ավելացնելու են իրենց հարվածային և կրակային խոցման հեռավորությունը, ճշգրտությունը և արդյունավետությունը, զարգանալու է բազմաֆունկցիոնալ ավիացիան, անօդաչու թռչող սարքերի համակարգերը. զինված ուժերը համալրվելու է ռազմական կործանիչներով։

Դաշինքը մեծ կարևորություն է տալիս հայրենական ռազմական արդյունաբերության զարգացմանը և վստահեցնում, որ զինված ուժերը համալրվելու է տեղական ռազմական արդյունաբերության արտադրանքով: Նշվում է, որ զինված ուժերի կառավարման համակարգը լինելու է առավելապես ավտոմատացված, ունենալու է ժամանակակից ռազմական գործողություններ վարելու համար բավարար օպերատիվություն, կենսունակություն, շարժունակություն և տեխնոլոգիական հագեցվածություն, ինչպես նաև կիբեր պաշտպանության ապահովման համար անհրաժեշտ տեխնիկա և կարողություններ: «Իմ քայլը» դաշինքը խոստանում է մարտական հերթապահության համակարգը աշխարհագրորեն թույլատրելի հատվածներում աստիճանաբար փոխարինել դինամիկ պաշտպանությամբ՝ դարձնելով տեխնոլոգիապես և ինժեներական առումով հագեցված՝ անձնակազմի առավելագույն անվտանգությունն ապահովելու նպատակով:

«Զինված ուժերի ապահովման համակարգը դարձնելու ենք թափանցիկ, մասնավոր հատվածի առավելագույն ներգրավմամբ ապահովելու ենք ռեսուրսների կառավարման (պլանավորում, գնումներ, սպառում), վերահսկման և հաշվետվողականության թափանցիկ ընթացակարգեր, որոնք երաշխավորելու են պաշտպանության ռազմավարության առաջնահերթությունների հիման վրա ռեսուրսների զարգացում, բաշխում, կառավարման եւ բյուջետային որոշումների ներդաշնակեցում, բյուջետային ծրագրերի նյութատեխնիկական առումով կայունություն, մրցակցող պահանջների միջև ռացիոնալ որոշումների կայացում»,-ասված է ծրագրում: Դաշինքը խոստանում է բարելավել զինծառայության պայմանները, զարգացնել զինվորական ծառայողների սոցիալական պաշտպանության համակարգը: «Այսուհետ բոլոր ծառայողներն ունենալու են օրենքով սահմանված անհրաժեշտ սանիտարահիգիենիկ պարագաները»:

Դաշինքի նախընտրական ծրագրում նաև նշվում է, որ կառավարությունը մշակելու է նոր պաշտպանական ռազմավարություն և ռազմավարական պլանավորման փաստաթղթեր:

5. Լուսավոր Հայաստան

«Լուսավոր Հայաստան»-ը կարծում է, որ երկրի անվտանգության ապահովման համար պետք է շարունակաբար զարգացնել ռազմական կարողությունները՝ ապահովելու զինված ուժերի մարտունակությունը, կատարելագործումն ու արդիականացումը, ինչպես նաև ժամանակակից սպառազինությունը:

Այս քաղաքական ուժը կարևորում է.

  • Զինված ուժերի նկատմամբ արդյունավետ ժողովրդավարական վերահսկողությունը:
  • Ռազմական գնումների արդյունավետության և թափանցիկության ապահովումը:
  • Արդիական ռազմական արդյունաբերության զարգացումը:
  • Զինված ուժերում իրավունքի գերակայության և բարեվարքության ապահովումը:
  • Ռազմաքաղաքական ուղղվածության գիտահետազոտական կենտրոնների գործունեության պատշաճ ֆինանսավորումն ու դրանց խորհրդակցական դերի բարձրացումը:
  • Ժողովրդագրական անվտանգության ապահովումը:
  • Ազգային անվտանգության նոր և արդի մարտահրավերներին համահունչ հայեցակարգի և ռազմավարական դոկտրինի մշակում և ընդունում։

Շարունակելի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter