HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

«Քաղաքացու որոշում» կուսակցության անդամների հետ վիճաբանած անձը «Գնթունիք» սուպերմարկետի աշխատակից է

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Մարիամ Չախոյանի և Ռոբերտ Դավթյանի հետ վիճաբանած անձը սուպերմարկետի աշխատակից է: Մենք պարզեցինք, որ ՔՈ-ի տարածած տեսանյութում երևացող անձն, ով հեռախոսը վերցրել է Չախոյանի ձեռքից, Հայկ Կիրակոսյանն է, ով «Գնթունիք»-ում աշխատում է որպես տեխնոլոգ:

Նշենք, որ «Քաղաքացու որոշում»-ը իր ֆեյսբուքի էջում հայտարարություն էր տարածել, որ Ապարան քաղաքի «Գնթունիք» սուպերմարկետի տարածքում խոչընդոտվել է քարոզարշավ իրականացնող Մարիամ Չախոյանի և Ռոբերտ Դավթյանի աշխատանքը:

Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ վերը նշված դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Մարիամ Չախոյանը մեզ հետ զրույցում պատմեց դեպքի մանրամասները: Ըստ Չախոյանի՝ սուպերմարկետի շրջակայքում ինքն ու Ռոբերտ Դավթյանը շրջել և թռուցիկներ ու մանդարիններ են բաժանել, երբ իրենց է մոտեցել մի անձ ու ներկայացել որպես սուպերմարկետի սեփականատեր:

Վերջինս պահանջել է քարոզչություն իրականացնել սուպերմարկետից երկուսուկես մետր հեռավորության վրա, և ինքն ու Դավթյանը տևական ժամանակ փորձել են որպես սեփականատեր ներկայացած անձից պարզաբանում ստանալ, թե ինչո՞վ են իրենք խոչընդոտում սուպերմարկետի բնականոն աշխատանքը, ինչո՞ւ իրավունք չունեն դրա հարակից տարածքում քարոզչություն իրականացնել, սակայն, պատասխանների փոխարեն, սպառնալիքներ են ստացել:

«Մենք որևէ մեկին անհանգստություն չենք պատճառել, աղմուկ չենք բարձրացրել, չենք խանգարել քաղաքացիների մուտքը սուպերմարկետ, որը կարող էր առիթ հանդիսանալ դժգոհության և մեզ ներկայացված՝ տարածքը լքելու պահանջի համար»,- մեզ հետ զրույցում ասաց Չախոյանն ու նշեց, որ իրենք ընդհուպ պնդել են, որ սուպերմարկետի սեփականատեր ներկայացած անձն ու աշխատակիցները ոստիկանություն հրավիրեն, եթե գտնում են, որ իրենց քարոզարշավը որևէ կերպ խախտում է այլ անձանց իրավունքներն ու հակաօրինական է:

Սակայն ըստ Չախոյանիորևէ մեկն այդպես էլ ոստիկան չի հրավիրել, իսկ այն բանից հետո, երբ անծանոթ անձն իրենց սպառնացել է, ասել, թե ինքն ինչպես ասում է, այդպես էլ պիտի լինի. ինքը միացրել է տեսախցիկը, որպեսզի այդ ամենն իրենց սպառնալիքներ տվող անձը կրկնի:

Դրանից հետո, ըստ Չախոյանի պատմածի՝ սպառնացող տղան փորձել է իր ձեռքից վերցնել հեռախոսը, այն ընկել է, և իրենց կողքին կագնած մի տղա բարձրացրել ու տվել է վիճաբանող անձին, ով, ինչպես հետագայում պարզվել է, Հայկ Կիրակոսյանն է:

Երբ հեռախոսը հայտնվել է վերջինիս ձեռքում, նա մտել է սուպերմարկետ, Չախոյանի խոսքով՝ իրենք գնացել են հեռախոսը վերցնելու և տևական ժամանակ անց հետ են ստացել այն: Այս ընթացքում, մեր զրուցակցի խոսքով՝ սուպերմարկետի այլ աշխատակիցներ ևս իրենց հասցեին վիրավորական արտահայտություններ են արել:

Նշենք, որ ոստիկանությունը դեպքի առթիվ հայտարարություն է տարածել, որում ասված է, որ Հայկ Կիրակոսյանը դեպքի առթիվ բացատրություն է տվել, ասել, որ չի խոչընդոտել նախընտրական քարոզարշավը, պարզապես չի ցանկացել, որ իրեն նկարահանեն, վերցրել է Չախոյանի հեռախոսը, որ իր մասնակցությամբ տեսանկարահանված հատվածը ջնջի, սակայն չկարողանալով ջնջել` հեռախոսը վերադարձրել է նրան:

Չախոյանից և Ռոբորտ Դավթյանից ևս  բացատրություններ են վերցվել:

«Գնթունիք» սուպերմարկետի տնօրինության հետ մենք կապվել չկարողացանք: Հեռախոսահամարը, որը համացանցում սուպերմարկետի վերաբերյալ առկա տեղեկատվության մեջ նշված է որպես «Գնթունիք» առևտրի կենտրոնի կոնտակտային տվյալ, անհասանելի է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter