HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Գյուղատնտեսությունն ու զբոսաշրջությունը՝ քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերում

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող 11 ուժերից գրեթե բոլորն իրենց նախընտրական ծրագրերում անդրադարձել են գյուղատնտեսությանը, իսկ տուրիզմի զարգացման մասին խոսում են միայն 8  քաղաքական ուժեր, որոնց մեծ մասը ոլորտի հետ կապված առաջարկությունները ներկայացնում է մեկ նախադասությամբ։        

 

Զբոսաշրջությունը՝ նախընտրական ծրագրերում

«Սասնա ծռեր» կուսակցությունն իր ծրագրում տուրիզմի վերաբերյալ միայն մեկ առաջարկով է հանդես գալիս՝  ներդնումներ կատարել մարզերում, Արցախում եւ ստեղծել էքստրեմալ տուրիզմի կենտրոններ, զարգացնել արշավային զբոսաշրջությունը։

ՕԵԿ –ը եւս պնդում է, որ տուրիզմի և տուրիստական ենթակառուցվածքների զարգացում պետք է իրականացնել հատկապես մարզերում՝ հաշվի առնելով մարզի առանձնահատկություններն ու խնդիրները։Մարզի ամբողջական պատկերը ներկայացնելու համար առաջարկում է մարզերի համար ստեղծել համապատասխան անձնագրեր։

«Ազգային առաջընթաց» կուսակցությունը գտնում է , որ գյուղատնտեսությունն ու զբոսաշրջությունը թեթեւ արդյունաբերության, տեղեկատվական ու բարձր տեխնոլոգիաների, դեղագործության հետ միասին պետք է դիտարկել զարգացման համար գերակա ճյուղեր։ Այս ոլորտների վերաբերյալ քաղաքական ուժի ծրագրում այլ անդրադարձ չկա։

ԲՀԿ-ն ոլորտի առաջխաղացումը կապում է հյուրանոցային համալիրների զարգացման հետ, ինչպես նաեւ առաջարկում է կտրուկ ավելացնել պատմամշակութային կոթողների վերակառուցման աշխատանքները։

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը առաջարկում է համաշխարհային շուկայում Հայաստանը դարձնել գրավիչ ու ապահով նկարագրով երկիր։ Կուսակցությունը եւս պնդում է, որ պետք է ուշադրությունը կենտրոնացնել մարզերում, մշակել էկոտուրիզմի զարգացման ռազմավարություն, ինչպես նաեւ ընտրել թիրախային երկրներ եւ այդ երկրների քաղաքացիների համար դյուրացնել մուտքի արտոնագրի տրամադրման գործընթացը:

«Մենք» դաշինքն առաջարկում է զարգացնել ագրոտուրիզմը՝ հաշվի առնելով երկրում առկա առանձնահատկությունները, ներդնել առկա հաջողված մեխանիզներ, սակայն  հաջողված օրինակ չի ներկայացնում։

 «Քաղաքացու որոշում» ՍԴԿ-ն առաջարկում է ոչ թե շահագործել բնությունը եւ դրանով ապահովել տուրիզմի առաջընթացը, այլ ստեղծել կենսոլորտի պահպանավայրեր, որոնք կարեւոր այցեքարտ կդառնան այցելուների համար։

«Իմ քայլը» դաշինքն առաջարկում է զբոսաշրջության վերաբերյալ նոր օրենք ընդունել եւ կարգավորել դաշտը իրավական առումով։ Ոլորտը զարգացնել զբոսաշրջային առաջարկի թվայնացման միջոցով։ Ասում է, որ պետք է ստեղծել Հայաստանի զբոսաշրջային բրենդը եւ առավել մատչելի դարձնել դեպի Հայաստան օդային եւ ցամաքային ուղիներն ու մուտքի վիզային ռեժիմը։

 

Գյուղատնտեսությունը նախընտրական ծրագրերում

Իշխանության ուժը ներկայացնող «Իմ քայլը» դաշինքը արդյունավետ գյուղատնտեսություն ունենալու համար հիմք է ընդունում գիտությունն ու նորարար տեխնոլոգիաները։ Քաղաքական ուժն ասում է, որ գյուղացիական տնտեսություններիը չօգտագործվող հողերը շրջանառության մեջ ներգրավելու տնտեսական եւ իրավական հնարավորություններ կունենան։

 Ըստ ծրագրի՝ «Իմ քայլ»-ն աջակցելու է ագրոպարենային համակարգի սարքավորումների, նոր տեխնոլոգիաների, ինչպես նաեւ սննդի անվտանգության համակարգերի ներդրմանը: 

Դաշինքը ստեղծելու է նաեւ գյուղատնտեսության ապահովագրական համակարգ։

«Ազգային առաջընթաց» կուսակցությունը գյուղական բնակիչներին համարում է ազգային ներուժի հիմքերից մեկը և միջին խավի անբաժանելի մասը։ Ըստ այդմ առաջարկում է յուրաքանչյուր բնակավայրի առանձնահատկությունները հաշվի առնել եւ ըստ այդմ՝ զարգացնել գյուղատնտեսության համապատասխան ճյուղը։ Կարևորում են 5 %-ը չգերազանցող գյուղատնտեսական վարկերի տրամադրումը, որակյալ սերմնացուի ու անասնապահության համար անհրաժեշտ անասնատեսակների ներկրման ու արտադրանքի մթերման գործընթացի կարգավորումը։

«ՔՈ»-ն մանրամասն անդրադարձել է գյուղատնտեսությանը՝ հիմք ընդունելով հանրության պարենային անվտանգության հիմնահարցը՝ «հաշվի առնելով նաև պատերազմի վերսկսման հավանականությունը»։

«ՔՈ»-ն գյուղատնտեսության զարգացումը պայմանավորում է բնական, էկոլոգիապես մաքուր արտադրանք ստանալով՝ այն բրենդային քաղաքականություն դարձնելով։

Ըստ կուսակցության՝ պետք է սկսել ջրամբարաշինարարության ծրագրեր, ինչպես նաեւ հիմնել գյուղատնտեսության ոլորտի մասնագետների վերապատրաստման կենտրոններ։

ՀՀԿ-ն ինտենսիվ գյուղատնտեսությանն անդրադարձել է մեկ նախադասությամբ։ ԲՀԿ-ն գտնում է, որ պետք է նպաստել գյուղական մթերքի իրացմանը եւ նոր շուկաների խթանմանը, գյուղացիներին տրամադրել 3-4 տոկոսանոց վարկեր։

Ըստ ծրագրի՝ 2019-ի մարտ ամսից հինգ տարիների կտրվածքով գյուղացիական տնտեսությունների համար պետք է 1 հա հողամասի ոռոգման ջրի դիմաց սահմանել 1000 դրամ վճար։

Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունը գտնում է, որ գյուղատնտեսության զարգացումը չպետք է առանձնացնելգյուղի զարգացումից, քանի որ ոլորտի համար թիրախ պետքէ լինի գյուղացին։ Ծրագրում ասվում է, որ պետք է ստեղծվեն կոոպերատիվներ, եւ աշխատանքներ տարվեն անմշակ հողերի կրճատման ուղղությամբ։

ՕԵԿ-ն առաջարկում է գյուղատնտեսության ապահովագրման քաղաքակիրթ համակարգի ներդնում, որի շնորհիվ գյուղացին կստանա երաշխավորված ֆինանսական օգնություն աղետների դեպքում:  Ինչպես նաեւ առաջարկում է  գյուղմթերող ձեռնարկություններին տրամադրել պետական աջակցություն, գյուղատնտեսական ոլորտում ընտանեկան բիզնեսի զարգացման համակարգի ներդրում:

«Սասնա ծռեր»-ն իր ծրագրում եւս անդրադառնում է ջրօգտագործմանը, ասում, որ պետք է ներդնել ջրօգտագործման համակարգերի օպտիմալացված կիրառման ծրագիր եւ համաներել ջրօգտագործման վթարների պարտքերի գումարը։ Առաջարկում է ներդնել գյուղտեխնիկայի միջհամայնքային պարկեր։

«Լուսավոր Հայաստան»-ը մանրամասն անդրադարձել է գյուղատնտեսությանը, որտեղ առաջարկում է  խթանել ոլորտում արտադրողականության բարձրացումը, բարձրարժեք գյուղատնտեսության զարգացումը, գյուղատնտեսական արտադրանքի ավելացումը։ Ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը եւս ծրագրի մաս է կազմում, որտեղ շեշտը դրվում է  կաթիլային ոռոգման համակարգի եւ հակակարկտային ցանցերի ներդնման վրա։

«Մենք» դաշինքն անդրադարձ է կատարում ինովացիոն գյուղատնտեսությանը։ Ասում է, որ անհրաժեշտ է խրախուսել փոքր ու միջին, էլիտար ու էկոլոգիապես մաքուր մթերքներ արտադրող գյուղացիական տնտեսությունների գործունեությունը։ Առաջարկում է հողի որակի կառավարման եւ բարելավման աշխատանքներ կատարել, ըստ ներկայացրած ծրագրի՝ Հայաստանը կարող է դառնալ խմելու ջուր արտահանող երկիր, եթե վերանայի ջրօգտագործման հայեցակարգը։ Դաշինքը կարեւորում է գյուղատնտեսական սուբյեկտների ապահովագրությունը, ինչը թույլ կտա փոխհատուցել՝ բնական աղետների արդյունքում գյուղացիների կրած վնասները:

ՔԺՎԿ-ն իր ծրագրում չի անդրադարձել ոչ տուրիզմին, ոչ գյուղատնտեսությանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter