
Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ ձայնագրությունը քննության առարկա կդառնա նախկինում հարուցված քրեական գործի շրջանակներում
ԱԱԾ պետ հեռախոսային խոսակցությունների ձայնաագրությունը Նիկոլ Փաշինյանի և Սասուն Խաչատրյանի հետ քննության առարկա կդառնա արդեն իսկ հարուցված քրեական վարույթի շրջանակներում: Այս մասին «Հետքի» հարցին ի պատասխան ասաց Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը՝ նշելով, որ գործի քննության շրջանակներում ձայնագրությանը կտրվի համապատասխան քրեաիրավական գնահատական:
Հիշեցնենք, որ այսօր համացանցում է հայտնվել նոր ձայնագրություն, որում ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը Նիկոլ Փաշինյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հետ քննարկում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի կալանքի վերաբերյալ:
Ավելի վաղ հրապարակվել էր նույն թեմայի առնչությամբ մեկ այլ ձայնագրություն, որում կալանքի հարցը քննարկում էին ԱԱԾ տնօրենն ու ՀՔԾ պետը: Դրանում նշվում էր նաև Նիկոլ Փաշինյանի անունը:
Հրապարակված ձայնագրության հիման վրա երկու քրեական գործ էր հարուցվել, որոնք քննվում են Քննչական կոմիտեի վարույթում:
Մեկնաբանել