HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Պետական գույքի կառավարման կոմիտեն նվիրատվություններն ընդունելուց առաջ սպասում է իրավապահ մարմինների դիրքորոշմանը

Մաքսային կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանին և ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին պատկանող գույքի՝ պետությանը նվիրաբերության վերաբերյալ պետական գույքի կառավարման կոմիտեն սպասում է վերջնական հանձնարարականի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ  Նարեկ Բաբայանը:

«Նախ պետք է համապատասխան դիրքորոշում իրավապահ մարմինների կողմից, որից հետո կառավարությունը հանձնարարական է տալիս, և սկսվում է գործընթացը: Կոնկրետ «Գոլդեն Փելեսի» հետ կապված ընթացակարգն ենք մշակում, որից հետո կառավարության որոշման համապատասխան նախագիծ կներկայացվի, ինչպես կարգն է կշրջանառվի, և դրական եզրակացություն ստանալուց հետո կմտնի կառավարություն և կընդունվի նվիրատվություն ընդունելու մասին որոշումը, այնուհետև արդեն նոտարական մնացած ընթացակարգերից հետո կհամարվի պետական գույք»,- ասաց Նարեկ Բաբայանը:

Նրա խոսքով՝ վարույթ իրականացնող իրավապահ մարմնի եզրակացությունը կարևոր է, քանի որ «չի բացառվում, որ գույքն ապօրինաբար է ձեռք բերվել և ճիշտ չի ընդունել»:

«Մյուս կողմից էլ կառավարությունն ինքն է քաղաքական որոշում կայացնում՝ հաշվի նստելով կամ հաշվի չնստելով այդ որոշման հետ»,- ասաց նա

Ըստ Բաբայանի՝ եթե գույքն ապօրինաբար է ձեռք բերվել, ավելի հավանական է, որ այն բռնագանձվի:

Հարցին, թե բացի այդ երկու նվիրատվությունից, եղե՞լ են այլ առաջարկներ, Նարեկ Բաբայանն ասաց, որ այլ անուն չի կարող ասել։

«Մեզ մոտ առայժմ չկան դիմումներ, չի բացառվում, որ դիմումներ կան, բայց ոչ Պետգույքի կոմիտեում»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Արմեն Ավետիսյանի ընտանիքը պատրաստակամություն է հայտնել Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցը նվիրաբերել պետությանը, իսկ Մանվել Գրիգորյանը՝ Ակնալիճ համայնքում իրեն պատկանող «Ակնալճի կուղբաբուծական տնտեսություն» ընկերության շուրջ 330 հեկտար տարածքը։

Ինչ վերաբերում է  Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տնօրեն Վազգեն Ասատրյանի հետ պայմանագիրը չերկարաձգելուն, Նարեկ Բաբայանն ասաց, որ տնօրենի ընտրության համար մրցույթ կհայտարարվի:

Տնօրենի հետ պայմանագիրը չի երկարաձգվել համալիրում եղած չարաշահումների կասկածների պատճառով:

«Մեկ ամիս առաջ Վազգեն Ասատրյանը ծանուցվել է, որ պայմանագիրը չի երկարաձգվելու: Մենք որևէ պարտավորություն չունենք պայմանագիրը շարունակելու, և մեր ցանկությունն է նոր մրցույթ իրականացնելը, որը կլինի հունվարի վերջին: Նաև կան որոշակի չարաշահումների, ռիսկերի վերաբերյալ կասկածներ և այդ կասկածները նույնպես պետք է մանրամասն ստուգվեն: Քանի դեռ տնօրեններն իրենց պաշտոնում են լինում, որոշակի կաշկանդվածություն է լինում աշխատողների մոտ, և շատ ժամանակ տնօրենները փորձում են խոչընդոտել այդ ստուգումներին»,- ասաց Նարեկ Բաբայանը:

Տեղեկացնենք, որ Վազգեն Ասատրյանի պայմանագիրը պետք է ավարտված լիներ 2018 թ. հունիսին, սակայն այն երկարաձգվել էր մինչև դեկտեմբերի 1-ը:

«Պայմանագիրը հունիսին պետք է ավարտվեր, և նախապես Վազգեն Ասատրյանը ծանուցված է եղել, որ չի երկարաձգվելու պայմանագիրը: Սակայն, այնուհետև մենք երկարաձգեցինք՝ հաշվի առնելով Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները: Ճիշտ չէր լինի այդ միջոցառումից առաջ փոխել տնօրենին, և պայմանագիրը երկարաձգվեց մինչև դեկտեմբերի 1-ը»,- ասաց Բաբայանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter