
Անահիտ Իգիթյան. «Երկրաշարժն ինձ զրկեց զույգ ոտքից, սակայն չկարողացավ խարխլել ընտանիքս»
Կանգնած եմ ապակեպատ դռան առաջ, որից այն կողմ պարզ երեւում է տան նախասրահը: Սեղմում եմ դռան բռնակը: «Կա՞ տանը որեւէ մեկը». հարցս մնում է անարձագանք: Դրա փոխարեն, գրեթե անաղմուկ, դռների արանքում հայտնվում է տանտիրուհին՝ հաշմանդամի սայլակի վրա: Առանց ավելորդ հարցուփորձի ներս է հրավիրում, թեպետ ես՝ անկախ իմ կամքից, արդեն իսկ հայտնվել էի նախասրահում:
64-ամյա Անահիտ Իգիթյանի արձագանքը հարցազրույցի առաջարկին միանշանակ չէ: «Երկրաշարժ» եւ «դեկտեմբերի 7» բառերը լսելիս մի պահ խոժոռվում է: «Չէ, չեմ ուզում խոսել էդ մասին»: Հենվում եմ հյուրասենյակի դռանը. «Գիտե՞ք, ես էլ չեմ սիրում խոսել այդ մասին եւ ոչ ոք չի սիրում խոսել այդ մասին: Ես հայր ու քույր եմ կորցրել, ու եթե որեւէ մեկն ինձ դիմեր խնդրանքով պատմել այդ օրվա մասին, գուցե դժվարությամբ, բայց կհամաձայնեի: Համարում եմ, որ այդ կերպ մենք հնարավորինս ճշգրիտ տեղեկություններ ենք թողնում ապագա վավերագրողների համար, թե չէ ֆիլմեր են նկարում ինչ-որ մտացածին, չեղած բաների մասին՝ մեր ապրածն են աղավաղում»:
Երկուսս էլ լուռ ենք: Մի ոտքից մյուսն եմ հենվում՝ սպասելով պատասխանի: Տիկին Անահիտի խոժոռված դեմքը պարզվում է: Կնոջ մեջ ինչ-որ մի բան երեւի հալվում է ու կարճ հոգոց արձակելով՝ համաձայնվում է. «Լավ, բայց վիդեո չնկարեք, չեմ ուզում»: Համաձայնում եմ: Երկու շաբաթ ընդմիջում եւ ես կրկին Մոցարտի փողոցի թիվ 56 տանն եմ: Ընդունելությունը ջերմ է: Հին ծանոթի տնավարությամբ տեղավորվում եմ բազմոցին՝ չխանգարելու համար տանտիրուհու սահուն ընթացքին՝ հյուրասենյակից խոհանոց եւ հակառակ ուղղությամբ: Սուրճի պատրաստության ընթացքում հասցնում եմ մի քանի լուսանկար անել: Նախօրոք զգուշացրել էր. «Հատուկ դիրքեր չեմ ընդունելու»:
Նախկին ծանոթների անմիջականությամբ զրուցում ենք եղանակից, իմ աշխատանքից, տիկին Անահիտի առօրյայից: Կանացի անմիջականությամբ որոշում է ցույց տալ գործած բլուզներն ու թիկնոցները՝ խոստանալով ինձ էլ սովորեցնել շյուղերին տիրապետելու գաղտնիքները: Համակարգչի էկրանին տղայի ընտանեկան լուսանկարն է: Երկու տարի առաջ մեկնել են ՌԴ: Տիկին Անահիտն ասում է՝ ժամանակավոր բաժանում է: Երկրաշարժից հրաշքով փրկված Ալեքսանը հիմա 31 տարեկան հասուն տղամարդ է, հասցրել է ամուսնանալ ու մեկ արու զավակ ունենալ. «Աստծու տված, Աստծու պահածն է Ալեքսանս,- ասում է տիկին Անահիտը,- 3 աղջիկ ունեի, հետո ինքը ծնվեց, որովհետեւ շատ խնդրեցինք, որովհետեւ ամուսինս ուզում էր, որ տանը տղա ունենանք: Ու Աստված էլ իրեն պահեց, որովհետւ իր փրկությունը, էն, որ պանելը չէր ընկել վրան, էն, որ ողջ էր մնացել, իրոք հրաշքի պես մի բան էր»:
Սուրճը պատրաստ է: Մեզ է միանում տիկին Անահիտի ամուսինը՝ Հմայակ Իգիթյանը: Կատակում է. «Էս կոֆեն ստանդարտից դուրս է»: Նկատելով հարցական հայացքս՝ պարզաբանում է. «Մեր՝ մարդ ու կնգա, ստանդարտը առավոտվա մե բաժակ կոֆեն է՝ ըդուրից ավել չենք խմե, մենակ, երբ տունը մարդ գուկա, էդ ժամանակ նոր ըսենք 2-րդ, 3-րդ բաժակը կխմվի»:
Գյումրեցուն բնորոշ հումորով, Հմայակը պատմում է իր եւ կնոջ ամուսնության պատմությունը, նկատելով, թե ապագա կինը շատ «կծռկտեր»: Հանդիպել են, երբ Անահիտը եղել է Լենինականի պոլիտեխնիկ ինստիտուտի առաջին, իսկ ինքն՝ ավարտական կուրսում: «3 տարի հետեւիցս ման եկավ,- ծիծաղելով ասում է տիկին Անահիտը,- սիրած չէինք, էդ տարիներին մի քիչ ուրիշ կերպ էին նայում դրան: Հետո, որ նշանվանք, ասի Հմայակ, բայց ինչ անխելք էի, էն երեք տարին անտեղի կորցրինք, կարող էինք չէ՞ իրար հետ ման գայինք»:
Ամուսնություն, 4 զավակ, տուն, աշխատանք: Խորհրդային տարիների ապահովված կյանքի գրեթե բոլոր տարրերն առկա էին Իգիթյանների ընտանիքում: Կար ամենակարեւորը՝ սեր եւ համերաշխություն, որ չպիտի կարողանար խարխլել անգամ երկրաշարժը: Մասնագիտությամբ ինժեներ ամուսիներն աշխատում էին Լենինականի կոշիկի ֆաբրիկայում եւ շարունակում ապրել Հմայակի հայրական տանը: 1984 թ-ին կոոպերատիվ բնակարան են գնում Եսայան փողոցի 9 հարկանի շենքերից մեկում ու տեղափոխվում: «Արդեն 5 անձ էինք. երեք աղջիկ ունեինք: Նոր տեղափոխվել էինք, ռեմոնտ արած էր, սենյակները կահավորել էինք, իրիկունը նստած էինք Համիկի հետ, մեկ էլ Համիկը թե՝ Ան, մեր տանն ի՞նչ կպակսի: Ըսի, Համիկ ջան, սպալնյայի համար մի հատ օր լյուստրա առնինք, էլ բան պետք չէ, ամեն ինչ էլ կա: Ասեց՝ չէ՛, էս տանը տղա կպակսի, մեզի տղա է պետք: Երկու տարի անց տղա ունեցանք»,- Անահիտի աչքերը հիշողությունից ջերմանում են:
Տղային անվանակոչում են սկեսրայրի անունով, սակայն ծննդականում գրված է ոչ թե Ալեքսան, այլ Ալեքսանդր՝ դա էլ պապի միանձնյա որոշումն է եղել: «Սկեսրայրս խիստ մարդ էր: Ինքը նախորդ թոռների ժամանակ ոչ հիվանդանոց է գնացել, ոչ անունի հարցում է խառնվել, բայց էս մի թոռի դեպքում ամեն օր ծննդատուն էր գալիս, հետո էլ անձնագիրս վերցրեց, գնաց իրա ձեռքով ծննդականը հանեց՝ վերաբերմունքը լրիվ ուրիշ էր»,- հիշում է տիկին Անահիտը:
30 տարի առաջ՝ դեկտեմբերի 7-ին, Անահիտը տանը 1 տարեկան 3 ամսական Ալեքսանդրի հետ էր: Առավոտյան ամուսնուն ճանապարհել էր աշխատանքի, ավագ դուստրերին՝ դպրոց, փոքր աղջկան՝ մանկապարտեզ: «Երեխան հիվանդ էր, իրեն թույլ էր զգում, մի փոքր շիլա էր կերել ու ձեռքերիս վրա քնել էր: Հեռուստատեսությամբ ֆիլմ էին սկսել 5 մասանոց, դա էի նայում: Որոշել էի, որ ֆիլմն ավարտվի, Ալեքսանս էլ քնից ելնի, գնալու էի սկեսրանցս տուն: Մեր շենքի ջրի խողովակները պայթել էին, գործ էին անում ու նորմալ ջեռուցում չունեինք տանը»:
Տիկին Անահիտը նկարագրում է երկրաշարժի պահն այն նույն բառերով, որ կարող եք լսել հազարավորներից, ովքեր ապրել են այդ պահը: «Սկզբում ուժեղ գվվոցի ձայն եկավ, մի տեսակ սուլոցի նմանվող, հետո քանի գնաց աղմուկն ուժեղցավ, ու շենքը սկսեց ճոճվել: Ես թախտի վրայից վերցրի երեխուն ու էդպես խալաթով, տան միջի տապչկեքով վազեցի դուրս: Մեր բնակարանը երկրորդ հարկում էր: Վստահ էի, որ հասցնելու եմ դուրս գամ: Մինչեւ հիմա ականջներիս մեջ է մուտքից լսվող մարդկանց ղժժոցը, ոտքերի ձայները, որ վերեւի հարկերից ցած կվազեին: Մնացել էր երկու աստիճան, որ դուրս գայի շենքից ու...հայտնվեցի կարծես անդունդում»:
Անահիտը երեխայի հետ հայտնվել էր շենքի նկուղում: Փլված միջնապատերից մեկը ընկել էր ծնկներին: «Ահավոր մութ էր տեղս, ասեղի քթի չափ լույսն ի՞նչ է, էդ էլ չկար: Ուշքի եմ եկել երեխու ձայնից ու նոր էդ ժամանակ նկատել եմ, որ մոտս չէ: Ուրեմն Ալեքսանս ընկել էր ոտքերիս մոտ, էդ միջնապատն ընկել էր ծնկներիս ու երեխու կյանքն ըդպես փրկվել էր: Ձեռքերով շոշափելով՝ գտել եմ, հանել եմ, բայց շարժվել չէի կարող: Հեչ վերմակ կարած կա՞ս գետնին նստած, չէ՞, բայց տեսած կեղնիս հաստատ, այ մոտավորապես էդ դիրքով էի՝ մի ոտս տակս ծալված, մյուսը՝ երկարած ու էդ վիճակով մնացել եմ երեք օր»:
Մթության մեջ երկու փոքրիկ աղջնակների խոսակցության ձայն է լսում: «Անունները տվեցի, հարցրեցի մամադ ու՞ր է, պարզվեց կողքերին էր, բայց արդեն մահացած: Մե աղջիկը, թե՝ մամաս մելել է: Վեց տարեկան երեխա, ձեռը մոր ձեռի մեջ մերը մահացել էր: Ասի, երեխեք ջան, մի քիչ համբերեք, հմի գուկան մեզի ստեղից կհանեն: Անցավ մի որոշ ժամանակ, լսեցի, որ մեկը երեխեքի անունները կուդար, ասի՝ երեխեք, բարձր գոռացեք, ձեր պապան է: Երեխեքը սկսեցին գոռալ, հերը լսեց երեխեքի ձենը ու խելագարի պես կգոռա, կհարցնե, ուրա՞ մաման, երեխեն ասեց՝ մահացել է: Ինչ կատարվավ, ինչ անմարդկային գոռոց: Հետո հարցրեց, թե ով կա մոտներդ, ասին Անո տյոտյան մեր մոտ է: Հետո սկսեց իմ հետ խոսալ, ասեց Անո ջան, Համիկը ստեղ է, հմի կըսեմ իրան: Ես էդ ժամանակ ժամ եմ հարցրել, ըսին ժամը 14-ն է»:
9 հարկանի շենքը վերածվել էր փլատակների, բազմաթիվ զոհեր կային: Անահիտին երեխայի հետ նկուղից հանում են դեկտեմբերի 9-ի գիշերը: Պատմում է, որ այդ երեք օրերի ընթացքում անընդհատ ժամն է հարցրել՝ փորձելով հասկանալ, թե երկրաշարժից ինչքան է անցել: Ասում է, թե մարդիկ մտածել են, որ հոգեկան խանգարում է ստացել, քանի որ բավական հաճախակի է նույն հարցը տվել: Փլատակների մոտ գալիս էին հարազատներն ու փորձում էին զրուցելով զբաղեցնել Անահիտին: Արդեն տեղյակ էր, որ մյուս երեխաները ողջ են, միայն միջնեկ աղջկա գլուխն էր վնասվել: Փոքրիկ Ալեքսանը հիմնականում քնում էր գրկում, չէր լացում, ոչինչ չէր պահանջում՝ թույլ էր ու անուժ: «Երեք օրում թունդ աթեիստից դարձա աստվածավախ հավատացյալ»,- զրուցակիցս սրբում է աչքերի անկյունում հայտնված արցունքները:
Նկուղի գերությունից ազատվելու ուրախությունը դեռ չվայելած, Անահիտը լսում է հաջորդ գույժը՝ ձախ ոտքն անհապաղ պետք է անդամահատվի, հնարավոր է՝ զրկվի նաեւ աջ ոտքից: «Սկսվել էր թունավոր գազային գանգրենա՝ ձախ ոտքս թունդ բալի գույն էր ստացել, աջ ոտքս էլ սրունքից վերեւ պայթել էր: Ինձ ուղղաթիռով պետք է տեղափոխեին Երեւան, բայց ճնշումս սարսափելի ցածր էր, ու որոշում են վիրահատել Գյումրու ներկայիս Ճերմակ հիվանդանոցում: Էնտեղ Վորոնեժից եկած բժիշկներ էին աշխատում, հայկական կողմից Սարուխանյան ազգանունով բժշկին եմ հիշում: Տեղեկանալով, որ երկու ոտքս էլ պիտի կտրեն, սկեսրայրս բժիշկներին հայտնում է, որ դեմ է, որ աջ ոտքս գոնե պահպանեն»:
Ռուս բժիշկը խնդիրը քննարկում է Հմայակի հետ, ասելով՝ կամ ոտքը, կամ կնոջդ կյանքը: Հմայակը, հասկանալով իրավիճակի ողջ բարդությունը, նաեւ հետագա բոլոր դժվարությունները, նժարի վրա դրված երկու առաջարկից ընտրում է կնոջ կյանքը: 34 տարի սեփական ոտքերով տեղաշարժված երիտասարդ կինը հայտնվում է հաշմանդամի սայլակին: Հետո արդեն պիտի անցներ պրոթեզավորման, արհեստական ոտքերին հարմարվելու, զգալու, քայլելու փուլերը: Հարցնում եմ. «Հոգեբանի կարիք զգացե՞լ եք այդ ընթացքում»: Մի քանի վայրկյան լուռ նայում է դեմքիս: «Տարօրինակն այն է, որ ոչ թե ես, այլ իմ շրջապատն ուներ հոգեբանի կարիք: Երկար ժամանակ մեծ մասն ինձ չէր այցելում: Զարմանում էի, մտածում էի, թե ինչ է պատահել: Հետո պարզվեց, որ չէին գալիս. որ ինձ էդ վիճակով չտեսնեին, այնինչ ես շատ արագ էի ադապտացվել վիճակիս: Հարազատներս, հատկապես սկեսրանքս շատ էին օգնում, Համիկն անընդհատ կողքիս էր: Երկրաշարժն ինձ զրկեց զույգ ոտքից, բայց չկարողացավ խարխլել ընտանիքս: Ես այդ վիճակով շարունակել եմ աշխատել, էնպես որ հոգեբանի կարիք ունեին նրանք, ոչ թե ես»:
30 տարվա մեջ Գյումրին այդպես էլ «հարմարավետ» չդարձավ հաշմանդամների համար
1990թ-ին Իգիթյանները տեղափոխվում են ապրելու Գյումրու ծայրամասում կառուցված Ավստրիական թաղամասում՝ նախատեսված երկրաշարժից հաշմանդամ դարձած, հարազատի կորուստ ունեցած ընտանիքների համար: 108 տնից բաղկացած թաղամասը կառուցվել է Համաշխարհային եւ Ավստրիական Կարմիր խաչի տրամադրած գումարների հաշվին: «Եթե Կարմիր խաչն էս թաղը չկառուցեր, ես չգիտեմ՝ ինչ էր լինելու իմ ու իմ նմանների վիճակը, հատկապես նրանց, որ մենակ են ու ինքնուրույն պիտի տեղաշարժվեն: Մեր փողոցում կառուցված 18 տունը նախատեսված է հենց սայլակավոր հաշմանդամների համար՝ ամեն հարմարությունը կա: Թաղում հետո կառուցվեց դպրոց, մանկապարտեզ, մշակույթի տուն, եկեղեցի, բայց ոչ մի տեղ ինքնուրույն չէինք կարողանում գնալ: Բողոքեցինք, մի 15 տարի առաջ թաղում էդ հարցը լուծվեց, բայց բուն քաղաքն այդպես էլ մեզ համար մնում է անհասանելի»,-դժգոհում է տիկին Անահիտը:
30 տարի է անցել կործանարար աղետից, սակայն Գյումրիում բազմաթիվ հասարակական, սննդի օբյեկտներ այդպես էլ չհարմարեցվեցին տեղաշարժի դժվարություններ ունեցող անձանց: Չկա հարմարեցված հասարակական տրանսպորտ, տաքսիներից օգտվելը եւս բարդություն է: «Երկրաշարժից մեկ տարի անց ինձ տարան Ամերիկա, չորս ամիս մնացել եմ այն ընտանիքներում, որոնք կարողացել էին հանգանակությամբ գումար հավաքել, որ հոգային իմ տեղափոխության եւ բժշկական ծախսերը: Կտանեին ինձ պտույտի տարբեր տեղեր եւ չեղավ մի տեղ, որ հանկարծ չկարողանայինք առաջ գնալ: Այնտեղ շինությունը չեն ընդունում, եթե հաշմանդամի համար հարմարեցված թեքահարթակ, կամ այլ հարմարություններ ստեղծած չկա: Իսկ մեր քաղաքում, որ աղետ է տեսել, որ 30 տարի է դեռ կառուցվում է, էդ բոլոր հարցերն առ այսօր թերի են»:
Ըստ պաշտոնական տվյալների՝ երկրաշարժի հետեւանքով 19 հազար մարդ հաշմանդամ է դարձել:
Մեկնաբանել