HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Պարտքով վերցված» շրջակա միջավայրի, ջուրն այցեքարտ դարձնելու, հէկերի, արտեզյան ավազանի և հանքարդյունաբերության մասին

Խորհրդարանական արտահերթ ընտրություններում առաջադրված 11 քաղաքական ուժերից 2-ը իրենց նախընտրական ծրագրերում որևէ կերպ չեն անդրադառնում շրջակա միջավայրին, բնապահպանությանը և հանքարդյունաբերությանը: Դրանցից մեկը նախորդ 20 տարիներին երկիրը կառավարող Հանրապետական կուսակցությունն է, երկրորդը՝ խորհրդարանում երկրորդ քաղաքական ուժ եղած և այժմ էլ այդ տեղին հավակնող «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Երկուսն էլ շրջակա միջավայրի և հանքարդյունաբերության վերաբերյալ որևէ տեսլական հանրությանը չեն ներկայացրել:

«Ազգային առաջընթաց» և «Սասնա ծռեր» կուսակցությունները ևս շրջակա միջավայրին չեն անդրադարձել, սակայն հանքարդյունաբերության վերաբերյալ նշումներ ունեն: Շրջակա միջավայրի վերաբերյալ մանրամասն անդրադարձեր ունեն «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը,  «Իմ քայլը» դաշինքը և «Լուսավոր Հայաստան»-ը:

«Լուսավոր Հայաստան»-ը գտնում է, որ Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիները պետք է ստանան անձնական անվտանգության ժամանակակից, բարձր երաշխիքներ, որոնք առավելապես կապված են սոցիալական, առողջապահական, ֆինանսական, տեղեկատվական, բնապահպանական և մշակութային անվտանգության ամրապնդման հետ:

Կուսակցության նախընտրական ծրագրում խրախուսվում են «Կանաչ» տնտեսության զարգացումը, էկո ոլորտում ներդրումները և արտոնությունները:

Բացի դրանից, «Լուսավոր Հայաստան»-ը հատուկ ենթաբաժնում առանձնացնում է բնապահպանությունը: Մասնավորապես.

  • Երկրի երկարաժամկետ կայուն զարգացման կարևոր նախապայման և երաշխիք է հանդիսանում շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների պահպանությունը, բարելավումը, վերականգնումը և ողջամիտ օգտագործումը:
  • Անհրաժեշտ է բացառել բնական ռեսուրսների գերշահագործումը, նվազագույնի հասցնել շրջակա միջավայրի, այդ թվում՝ մարդու կյանքի և առողջության վրա բացասական ազդեցությունները, ապահովել շրջակա միջավայրի աղտոտման կանխարգելումը կամ նվազեցումը, բնական ռեսուրսների համալիր կառավարումը և դրանց նկատմամբ վերահսկողությունը:
  • Կարևորում են նաև էկոլոգիական կրթության և դաստիարակության զարգացումը, մթնոլորտային օդի պահպանությունը, կենսաբազմազանության պահպանությունը, անտառների ապօրինի հատումների կանխումը, թափոնների կառավարումը, շրջակա միջավայրի պահպանության նորարարական տնտեսական և ֆինանսական մեխանիզմների ներդրումը:

Առանձին կետով շեշտում է, որ հէկերի շինարարությունը պետք է թույլատրվի միայն բարձր լեռնային շրջաններում:

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը կարևորում է նաև երկրի բնական պաշարներն արդյունավետ և թափանցիկ օգտագործելու խնդիրը, «քանի որ դրանք այսօրվա և ապագա մեր սերունդների անվտանգությունն ապահովելու կարևորագույն գործոններից են»։

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը նույնպես մեծ ենթաբաժին ունի՝ նվիրված բնապահպանությանը: Կուսակցությունն ընդգծում է, որ բնության պահպանությունը, դրա մշտական բարելավումը իրենց գերակա առաջնահերթությունն է․ իրենց բոլոր որոշումներում և դրանից բխող քաղաքականությունների մշակման ժամանակ այն միշտ հաշվի են առնելու:

«Մենք ընդունում ենք այն սկզբունքը, որ շրջակա միջավայրը, բնությունը և նրա մաս կազմող բո­լոր կենսաբանական օրգանիզմները, արարածներն ու տարրերը մեր մշտական հոգածության և պաշտ­պանության կարիքն ունեն: Բնության մեջ ոչ մի տեսակ գերակա չէ մյուս տեսակների հան­դեպ: Մարդը և մյուս բոլոր կենսաբանական օրգանիզմներն ու բնության տարերը պետք է ապրեն ներ­դաշ­նակության, փոխօգնության և հավասարաչափ փոխազդեցության սկզբունքներով»,- մանրամասնում է կուսակցությունը:

Տնտեսական առումով ՀՀ-ի բնական պաշարները՝ ընդերքը, հողը, ջու­րը, օդը, բուսական, կենդանական և այլն, նրա ժողովրդի սեփականությունն են, ընդ որում՝ ո՛չ միայն ներկա ժամանակում հաստատված կարգերով հարաբերվող ՀՀ քաղաքացիների, այլև նրանց սե­րունդների, որոնք հնարավոր է՝ նոր մոտեցումներ որդեգրեն իրենց սեփականությունը տնօրինելու հար­ցում։

Բնությանը և բնական պաշարներին վերաբերող հարցերում անհրաժեշտ է ելնել այն հան­րա­ճա­նաչ կանխավարկածից, որ «շրջակա միջավայրը մենք ո՛չ թե նվեր ենք ստացել մեր ծնող­նե­րից, այլ պարտքով վերցրել ենք մեր զավակներից»։ Ուստի բնական պաշարների օգտահանման, բնօգ­տագործման հարցերում հարկավոր է առաջնորդվել գալիք սերունդներին պատկանող սե­փա­կա­նությունը չյուրացնելու, դրա օգտահանումից նրանց համար ապագայի լավ պայմաններ ստեղ­ծելու սկզբունքներով։

Բնական պաշարների օգտագործումը, ի տարբերություն այլ ոլորտների, իր ամբողջ ծավալով նստած է հանրային ունեցվածքի բազայի վրա, և անարդար կլինի, որ այն հավասար պայմաններով հարկ­վի տնտեսական գործունեության այլ ձևերի հետ։ Բնական պաշարների օգտագործումից և ար­դյու­նահանումից առաջացող հարստությունը բաշխվում է սոցիալական արդարության սկզբունքով և չի կարող ծառայել կլանային կամ ինչ-որ արտոնյալ փոքր խմբերի, կազմակերպությունների կամ կոր­պորացիաների՝ լինեն դրանք տեղական, թե միջազգային:

ՔՈ-ն դեմ է մետաղական նոր հանքերի շահագործմանը, իսկ հանքարդյունաբերական արդեն իսկ գործող համալիրի դեպքում առաջարկում է որդեգրել վերը նշված հարկային քաղա­քա­կա­նու­թյունը և հարկային արտոնություններ տալ հին տեխնոլոգիաները նոր՝ առավել կանաչ տեխ­նո­լո­գիա­ներով փոխարինող ընկերություններին, իսկ հրաժարվելու դեպքում՝ գանձված հարկային միջոց­նե­րը ծառայեցնել նաև այդ նպատակին։

Երկարաժամկետ կտրվածքով արդեն իսկ գործող մե­տա­ղա­կան հանքերը նույնպես պետք է փակվեն: Կուսակցությունը մշակելու է քաղաքականություններ, որ ժա­մա­նակի ընթացքում չեզոքացնի դրանց փակման բացասական տնտեսական ազդեցությունը տե­ղա­կան համայնքների և ընդհանուր տնտեսության վրա, որից հետո վերջնական փակվելու են բոլոր մե­տա­ղական հանքերը:

«Բնությունը մեր կենսատարածքն է, որի որակը պետք է շարունակաբար բարելավվի։ Այն պետք է առողջ միջավայր հանդիսանա ինչպես մարդկանց, այնպես էլ ներդաշնակ գոյատևող այլ արա­րած­նե­րի համար»,- նշվում է նախագծում։

Այս առումով ՔՈ-ն կարևորում է հետևյալ քայլերը․

  • բացառել նոր մետաղական հանքավայրերի շահագործման թույլտվությունների տրամադրումը,
  • փուլ առ փուլ բարձրացնել բնօգտագործման վճարները, ռեկուլտիվացիոն դրամագլխի վճարները, արտանետման վճարները։ Կոշտ և համարժեք քաղաքականություն վարել միջավայրի աղտոտման հարցում,
  • արմատապես բարեփոխել ՇՄԱԳ փորձաքննության համակարգը՝ գիտականորեն լիարժեք քննված, փաստարկված, ապացուցված քաղաքականություն իրականացնելու նպատակով,
  • վարել Արարատյան արտեզյան ավազանի վերականգնողական կոշտ քաղաքականություն, տնտեսվարողների հետ համագործակցելով՝ առնվազն 65%-ով կրճատել ձկնաբուծական նպատակով օգտագործվող խորքային հորերի ջրերի ծախսը,
  • Սևանա լճի կառավարման պլանը համապատասխանեցնել էկոլոգիական չափանիշներին՝ լճի էկոլոգիական վիճակը ունենալով որպես թիվ 1 առաջնահերթություն,
  • զարգացնել անտառային մոնիթորինգի համակարգը։ Անտառամերձ համայնքների բնակչությանը ներգրավել որպես անտառների պահպանությունից ստացվող տնտեսական օգուտի անմիջական շահառու։ Պետական կապիտալ ներդրումներով խթանել էկոբիզնեսի զարգացմանը,
  • հողահանդակների օգտագործման ոլորտում իրականացնել լիարժեք հսկողություն, պլանավորում՝ բացառելու հողերի դեգրադացիան և էրոզիան,
  • հիմնովին բարեփոխել թափոնների և հատկապես կոշտ կենցաղային թափոնների կառավարման ոլորտի օրենսդրությունը։ Աղբավայրերի տեղադրումը իրականացնել գիտականորեն հիմնավորված պլանավորմամբ՝ պարտադիր նախատեսելով վերամշակման բաղադրիչ,
  • բնության հատուկ պահպանվող տարածքների հիմման վրա ստեղծել կենսոլորտային պահպանավայրեր, որոնք արդի աշխարհում զբոսաշրջային կարևոր այցեքարտ են և հնարավորություն կտան շրջակա տարածքի բնակիչներին տնտեսական առավել մեծ օգուտ ստանալ բնությունը պահպանելուց՝ քան ստանում են գերշահագործումից,
  • դիտարկել արագաճ ծառատեսակներով արդյունաբերական նպատակով անտառտնկման հնարավորությունը։

«Մենք» դաշինք»-ը կարևորում է առողջ շրջակա և սոցիալական միջավայրի ապահովումը: Ըստ այդմ՝ պետք է մարդու համար ապահովել առողջ շրջակա սոցիալական միջավայր՝ խստացնելով բնապահպանական օրենսդրությունը, քաղաքացիական ու պետական վերահսկողական մեխանիզմները:

Այնուամենայնիվ, Հայաստանն ունի վերականգնվող էներգիայի բավականին մեծ ռեսուրսներ: Դրանք առաջին հերթին հիդրոռեսուրսներն են, որոնց պոտենցիալը կազմում է 3.2 մլրդ կիլովատ/ժամ, որից այսօր յուրացվում է 1.5 մլրդ: «Մենք»-ի հաշվարկներով՝ կան հողմաէներգետիկայի զգալի ռեսուրսներ, որոնց տեսական պոտենցիալը գնահատվում է ավելի քան 10 գիգավատ/ժամ, իսկ դրա տասներորդ մասը համարվում է տեխնիկապես մատչելի: Մեծ է արևային էներգիայի պոտենցիալը` 1700-1800 կիլովատ/ժամ մեկ քառակուսի մետրին (միջին եվրոպականը կազմում է 1000): Հայաստանի համար վերականգնվող էներգետիկայի զարգացումը ռազմավարական և կարևոր բնապահպանական խնդիր է:

Վերամշակման գործունեության ծավալումը և նոր աշխատատեղերի ստեղծումը խթանելու նպատակով՝ դաշինքն առաջարկում է արգելել հանքահումքային արդյունաբերության և մետալուրգիայի ոլորտներում հումքի արտահանումը՝ 2024 թվականից սկսած:

«Նույնիսկ չափազանց մեծ ռեսուրսային հնարավորություններ ունեցող երկրներն իրենց թույլ չեն տալիս հումքի ուղղակի արտահանում այն պարագայում, երբ երկրում առկա է դրանց նկատմամբ պահանջարկ և իրացման լայն հնարավորություններ: Առավել ևս Հայաստանի պարագայում հումքային ապրանքների արտահանումը չի կարող նպաստել Հայաստանի տնտեսության զարգացմանը: Դա նշանակում է, որ պետք է հրաժարվել արտահանման այս ուղղությունից, սակայն պետք է հաշվի առնել, որ չարտահանված հումքային ռեսուրսներով անհրաժեշտ է տեղում պատրաստի մետաղե արտադրատեսակների արտադրություն նախաձեռնել՝ խրախուսելով վերամշակման գործարանների ստեղծումը և նոր աշխատատեղերի ստեղծումը»,- նշվում է նախագծում:

Դաշինքն առաջարկում է հանքահումքային արդյունաբերությունը վերածել հումքի ավարտական մշակմամբ արդյունաբերության:

«Իմ քայլը» դաշինքը մտադիր է վճռական միջոցներ ձեռնարկել Հայաստանը բնապահպանական բարձր չափանիշներ ունեցող երկիր դարձնելու ուղղությամբ։

Դաշինքն առանձնացնում է շրջակա միջավայրի համալիր պահպանումը, վերականգնումը և կայուն բնօգտագործումը:

Բնապահպանության ոլորտում դաշինքի տեսլականը հիմնվում է շրջակա միջավայրի համալիր պահպանման, վերականգնման, բարելավման և ողջամիտ օգտագործման սկզբունքների վրա:

«Գիտակցելով մեր պատասխանատվությունը գալիք սերունդների ճակատագրի նկատմամբ` որդեգրելու ենք բնական ռեսուրսների գերշահագործման և ապօրինի օգտագործման բացառման, շրջակա միջավայրի վրա ունեցած բացասական ազդեցությունը նվազագույնի հասցնելու սկզբունքները: Մենք ներդնելու ենք այնպիսի ժամանակակից գործիքներ, որոնք կբացառեն բնական ռեսուրսների գերշահագործումը, նվազագույնի կհասցվի շրջակա միջավայրի եւ մարդու առողջության վրա բացասական ազդեցությունը: Այդ նպատակին հասնելու համար ապահովելու ենք ոլորտը կանոնակարգող իրավական ակտերի մոտարկումը Եվրոպական միության դիրեկտիվներին»:

«Իմ քայլը»  խոստանում է իրականացնել շրջակա միջավայրի պաշտպանության թիրախային հետևյալ ծրագրերը.

  1. բնապահպանական եւ բնօգտագործման վճարներն ուղղելու են շրջակա միջավայրի պաշտպանության նորարարական այնպիսի նախաձեռնություններին, ինչպիսիք են ազդակիր համայնքում սոցիալ-տնտեսական նշանակության ծրագրերը` հատկապես կարեւորելով ազդակիր եւ հարակից համայնքներում աշխատատեղերի ավելացումը:
  2. իրականացնելու են «պարտքը բնապահպանության դիմաց» համակարգի գործարկում, ինչի արդյունքում այն գումարների մի մասը, որը պետք է ծառայեր արտաքին պարտքի սպասարկմանը, ուղղվելու է բնապահպանական ծրագրերի` կենդանական, բուսական աշխարհի կամ ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարմանը եւ վերականգնմանը:
  3. մշակելու են հանրապետությունում աղբի կառավարման համալիր ռազմավարություն եւ գործողությունների ծրագիր, ինչի արդյունքում մասնավոր հատվածի հետ համատեղ գործարկելու են առաջատար տեխնոլոգիաների կիրառմամբ թափոնների վերամշակման ծրագրեր:
  4. ջրային ռեսուրսների պահպանումը, արդյունավետ օգտագործումը եւ որակի բարձրացումը դարձնելու են երկրի գերակայություններից մեկը: Կառավարությունն իր գլխավոր խնդիրներից է հռչակելու ջրային ռեսուրսների կառավարման գերարդյունավետ համակարգի ներդրումը: Հայաստանը աշխարհի երկրների շարքում այսուհետ ընկալվելու է որպես ջրի երկիր, ջուրը դառնալու է Հայաստանի այցեքարտը միջազգային ասպարեզում:
  5. Սեւանա լճի մակարդակի պահպանումը, աղտոտվածության նվազեցումը եւ ապա բարձրացումը գտնվելու է կառավարության ուշադրության կենտրոնում, ինչը նրա հարատեւության եւ կենսաբազմազանության ապահովման գրավականն է:
  6. ընդերքօգտագործման ոլորտում առաջնորդվելու ենք բնական ռեսուրսների ողջամիտ օգտագործման, ոլորտում թափանցիկության եւ հաշվետվողականության բարձրացման, ընդերքօգտագործումից առավելագույն ավելացված արժեքի ստացման եւ կայուն զարգացման սկզբունքներով, այդ թվում՝ շրջակա միջավայրին նվազագույն վնաս հասցնելու եւ գալիք սերունդների շահերի պաշտպանության միջոցով:
  7. մշակելու են հանքարդյունաբերության՝ օրենսդրական դաշտի, ոլորտում արձանագրված խնդիրների, միջազգային լավագույն ստանդարտների վերլուծության վրա հիմնված ռազմավարություն, որի արդյունքում դրվելու են ոլորտի զարգացման ռազմավարական հիմքերն ու սկզբունքները, ինչպես նաեւ մշակելու են վերջիններից բխող օրենսդրական բարեփոխումներ։
  8. ներդնելու են շրջակա միջավայրի միասնական մոնիթորինգի եւ վերահսկողության, թույլտվությունների, լիցենզիաների միասնական համակարգեր: Քայլեր են ձեռնարկելու բնական ռեսուրսների արդյունահանման ծավալների եւ հանքահումքային հենքի վերարտադրության տեմպերի միջեւ դիսբալանսի վերացման համար:
  9. ապահովելու են հանքարդյունաբերական թափոնների կառավարման եւ շահագործված հանքերի փակման/ ռեկուլտիվացիայի ժամանակակից մեխանիզմների կիրառումը:
  10. դաշինքի քաղաքականությունը միտված է լինելու ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմանը և վերամշակող հանքարդյունաբերության զարգացման խթանմանը, ինչը կապահովի հանքանյութերի մշակման ամբողջական ցիկլը եւ կստեղծի տնտեսական հավելյալ արժեք: Ուստի, նվազեցնելու են խտանյութի եւ չվերամշակված հումքի արտահանումը՝ այն փոխարինելով վերամշակված հանքանյութի արտահանմամբ:

Հ. Յ. Դաշնակցությունը վստահ է, որ պետության քաղաքականությունը պետք է միտված լինի բնական ռեսուրսների գերշահագործումը բացառելուն, շրջակա միջավայրի, այդ թվում՝ մարդու կյանքի ու առողջության վրա բացասական ազդեցությունը նվազեցնելուն, բնական ռեսուրսների համալիր կառավարմանը և դրանցից ստացվող եկամուտների արդար բաշխմանը հասարակության բոլոր անդամների միջև:

«Սակայն, կայուն զարգացումը միայն բնապահպանական գործոն չէ: Այն պահանջում է, որ պետության քաղաքականությունն ուղղված լինի նաև գալիք սերունդների բարեկեցության ապահովմանը, ներառյալ՝ կրթությունն ու առողջապահությունը»,- ավարտում է ՀՅԴ-ն:

«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունը ևս տեղ է տվել բնապահպանական ոլորտին: Նկատի ունենալով այն հանգամանքը, որ ՀՀ-ն դառնալու է արդյունաբերական բարձր զարգացած պետություն՝ անհրաժեշտաբար և տրամաբանորեն առաջնային կարևորության նշանակություն է ձեռք բերում բնապահպանական խնդիրը:

«Առողջ բնական միջավայրի, բնության պահպանությունը, մարդու և բնության ներդաշնակ կյանքի, մի խոսքով՝ էկոհամակարգի ապահովումը ստանում է կենսական նշանակություն, և անհրաժեշտ է, որ այն գտնվի պետության բարձր հոգածության և պաշտպանության կենտրոնում»,- նշվում է նախընտրական ծրագրում:

«Օրինաց երկիր» կուսակցությունն իր 50 քայլերից մեկը նվիրել է բնական պաշարներին, իսկ ամենավերջում անդրադարձել է բնապահպանությանը: Այդպիսով, ՕԵԿ-ը նախատեսում է բնապահպանական և էկոլոգիական անվտանգության գործուն ռազմավարության իրականացում, անօրինական անտառահատումների դեմ կոշտ պայքար, քաղաքներում անտառածածկ տարածքների, այգիների, պուրակների ոչնչացման արգելում, նորերի ստեղծում, Սևանից ջրառի կտրուկ կրճատում, Սևանի ջրային ռեսուրսների իրական ավելացում և պահպանում` որպես ազգային հարստություն, աղբավերամշակման գործարանների կառուցում: 

Ընդերքի և բնական պաշարների նկատմամբ նախատեսում է պետական վերահսկողության ուժեղացում, օֆշորում գրանցված ընկերություններին հանքարդյունաբերության ոլորտում ծրագրերի մասնակցության սահմանափակում, ընդերքի շահագործողների համար 1տ հանքանյութի համար պետական վճարի չափերի բարձրացում` պետական բյուջեի համալրման նպատակով: 

«Ազգային առաջընթաց» կուսակցությունը որպես տնտեսական զարգացման հեռանկարային ոլորտներ դիտարկում է մասնավորապես արդյունաբերությունը, բացառությամբ՝ հանքարդյունաբերության: Եվ քանի որ այն չի համարվելու գերակա ճյուղ, հարկային բեռը այս ճյուղի համար առաջարկվում է բարձրացնել: Մնացած ոլորտների համար հարկային բեռի կրճատում է նախատեսվում:

«Խստացվելու են նաև օրենսդրական ու լիցենզավորման պահանջները հանքարդյունաբերության ոլորտում լիցենզիաների տրամադրման հետ կապված՝ նպատակ ունենալով սահմանափակել հանքարդյունահանման ծավալները և դրա ֆինանսական գրավչությունը»,- հայտնում է «Ազգային առաջընթաց» կուսակցությունը։

«Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը ենթակառուցվածքային և տարածքային զարգացման համատեքտում գտնում է, որ ժամանակն է իրականացնելու հանքավայրերի ստուգաչափական իրական մշտադիտարկում և քարտեզագրում, ինչպես նաև ուսումնասիրելու ՀՀ-ում գործող հանքավայրերը շահագործելու նպատակով տրամադրված արտոնագրերի օրինականությունը:

Սակայն սոցիալ-տնտեսական զարգացման գերակայությունների համատեքստում առանձնացնում է, որ ժամանակն է մեկնարկելու գիտահենք արդյունաբերությամբ, պաշտպանական արդյունաբերությամբ և հանքարդյունաբերությամբ պայմանավորված տնտեսական արժեքային շղթաների ամբողջականացման ռազմավարական ծրագրեր և գործնական միջոցներ ձեռնարկելու այդ համատեքստում համաշխարհային զարգացումներին մասնակից դառնալու համար: