HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Որբաքաղաքը

Հատված Նորա Ներսեսյանի «Որբաքաղաքը». նպաստամատույց աշխատողներ, կոմիսարներ և «նոր Հայաստանը կառուցողներ». Ալեքսանդրապոլ/Լենինական 1919-1931  (անգլ. թրգմ.` Հասմիկ Հարությունյան, բնագրի հետ համեմատությամբ խմբագիր` Ռուզաննա Գրիգորյան,  Հովհաննիսյան Ինստիտուտ, Երևան, 2018) գրքից:

Նույն թեմայով` Որբաքաղաքը. զարմանալի, ապշեցուցիչ տեսարան, arteria.am 

 Հազվագյուտ գրքերի, ձեռագրերի ու հին հագուստի խնդիրը

Մյասնիկյանի կառավարությունը ջանքեր գործադրեց պետության հովանու տակ հավաքել, կենտրոնացնել ու պահպանել հայերի պատմությանն առնչվող բոլոր արխիվային նյութերն ու թանգարանային նմուշները: Այս առիթով ընդունված օրենքները, որոնցով խստիվ արգելվում էր արխիվային փաստաթղթերի ոչնչացումը անհատների կամ հիմնարկությունների կողմից, հրապարակվեցին «Խորհրդային Հայաստան» թերթի 1922 թվականի հունվարի 7-ի համարում: Երկու ամիս անց՝ 1922 թ. մարտի 6-ին, Մյասնիկյանը հաստատեց լուսավորության ժողովրդական կոմիսար Պողոս Մակինցյանի մանդատը, որով Ռուսաստանի Սոցիալիստական Ֆեդերացիայի բոլոր հիմնարկներին խնդրում էին հնարավոր բոլոր միջոցներով Խորհրդային Հայաստանին պատկանող արխիվային վավերագրերն ու թանգարանային իրերը կարճ ժամանակամիջոցում տեղափոխել Երևան[i]:

Օրենքի ընդունումից մեկ տարի անց ՄԱՆ-ը և լիազոր Տեր-Ղազարյանը փոխանակեցին նամակներ ու դիտողություններ, ինչի համար խթան հանդիսացավ Կոստանդնուպոլսի հայկական Ժողովուրդի ձայն լրագրի 1923 թ. մարտի 25-ի համարում լույս տեսած մի հոդված: «Ամերիկյան կոմիտեն պաշտպանում է հայկական հնությունները» վերնագրով հոդվածը ուշադրություն էր հրավիրում այն բանի վրա, որ ՄԱՆ-ը գնում էր հազվագյուտ գրքեր ու ձեռագրեր՝ փոխանակելով դրանք հին հագուստի հետ: Հոդվածում մասնավորապես ասվում էր.

... Մերձավոր Արևելքի ամերիկյան կոմիտեի աշխատակիցները կարողացան փչացումից փրկել զարդանախշերով ու պատկերազարդ նկարներով աստվածաշնչյան երեսուն հազար մագաղաթյա ձեռագրեր: Այդ գրքերը ձեռք են բերվել հին հագուստի փոխանակման արդյունքում: …ամերիկացիները… ձգտում են հնարավորինս պահպանել հին հայկական սովորույթները՝ հավաքելով հայ գրողների դասական ստեղծագործությունները:

Մոտ երկու շաբաթ անց՝ 1923 թ. ապրիլի 5-ին, Տեր-Ղազարյանի գրասենյակը մի հակիրճ գրություն ուղարկեց Թիֆլիսում ՄԱՆ-ի տնօրենին[ii]: Նամակում, մեջբերելով Ժողովուրդի ձայն թերթի հայտարարությունը, ասվում էր.

Հաղորդելով Ձեզ այդ մասին՝ խնդրում եմ Ձեզ չմերժել գրավոր պատասխանելու Խորհրդային Հայաստանի հարցմանը՝ հետևյալի մասին.

  1. ո՞ր շրջանում և ո՞ւմ կարգադրությամբ են հավաքել վերոհիշյալ գրքերը,
  2. միաժամանակ, Ձեր կողմից ի՞նչ միջոցներ են ձեռնարկվել դադարեցնելու համար այդօրինակ գնումները Հայաստանում, առանց դրա համար կառավարական մարմիններից թույլտվություն խնդրելու և
  3. ի՞նչն է պատճառը, որ մինչև օրս, նշված հնությունները չեն հանձնվել Հայկական կառավարության թանգարանին:

Հստակ չէ, թե ՄԱՆ-ը տեղյա՞կ էր արդյոք մեկ տարի առաջ հրապարակված օրենքներից: ՄԱՆ-ի Թիֆլիսի գրասենյակից պ. Մարդենը պատասխան ուղարկեց 1923 թ. ապրիլի 16-ին։ Այն բողոք էր քաղաքացի Տեր-Ղազարյանի եզրակացությունների առիթով.

Ի պատասխան Ձեր նամակին… [ցանկանում եմ] տեղեկացնել Ձեզ, որ Ժողովուրդի ձայն-ում տպված հոդվածը խիստ չափազանցված է:

Մեկ տարի առաջ՝ նախքան կապիտան Յարոյի մեկնումը, փորձեցինք կարիքավորներին հին հագուստներով վճարելով՝ մեծ քանակությամբ հայկական գրքեր փրկել և այդ կերպ փրկել հայկական այն գրականությունը, որն այլապես վերանալու էր: Կոմիտեն [ՄԱՆ-ը] դեռևս պահպանում է դրանք, և երբ կապիտան Յարոն վերադառնա, խորհուրդ եմ տալիս, որ դրանց վերջնական փոխանցումը քննարկեք նրա հետ[iii]:

Նամակն ակնհայտորեն ուղարկվել էր Լուկաշինին, որը նամակի վերևի մասում ձեռագիր մակագրությամբ ճշգրտում էր արել հաջորդ քայլի վերաբերյալ.

Հանձնարարել Տեր-Ղազարյանին և Աբովյանին պարզել քանակը, ցանկը և առաջարկել հանձնել թանգարան ․․․ Ս. Լուկաշին, 1923 թ․ հունիսի 12։

Ձեռագիր մակագրության վերջին բառն էր՝ «Կատարված»:

Ձեռագրերի շուրջ վիճաբանությունից մի քանի ամիս անց՝ 1923 թ. սեպտեմբերի 1-ին ՀՍԽՀ-ն ու ՄԱՆ-ը Ալեքսանդրապոլում ստորագրեցին մի պայմանագիր, որով կանոնակարգվում էին հին հագուստի բաշխումն ու վաճառքը[iv]: Ըստ պայմանագրի՝ ՄԱՆ-ը կարող էր վաճառել հին հագուստը կոնկրետ չափի ամերիկյան փաթեթներով. յուրաքանչյուրը պետք է լիներ մոտ 5 փութ] և արժենար 80 դոլար, հաշվարկը՝ ամերիկյան արտարժույթով կամ ՄԱՆ-ի կտրոններով՝ ըստ օրվա փոխարժեքի: Կառավարությունը համաձայնեց ՄԱՆ-ից գնել 1000 փութ հին հագուստ, որի համար պետք է վճարեր ամեն ամիս՝ մինչև ամսի 15-ը ներառյալ: Այնքան ժամանակ, քանի դեռ փոխադրման ծախսերը ստանձնում էր ԱԽՖՍՀ-ն, փոխանակումը պետք է կատարվեր կա՛մ Ալեքսանդրապոլում, կա՛մ Թիֆլիսում: Եթե այնպես պատահեր, որ հին հագուստը լիներ ցածրորակ, փոխադրության ընթացքում վնասվեր, կամ փաթեթները չհամապատասխանեին   սահմանված չափերին, ՄԱՆ-ը դրանք պետք է վերափաթեթավորեր՝ յուրաքանչյուր փաթեթը դարձնելով 5 փութ: Կողմերը նաև համաձայնեցին, որ եթե կառավարությունը չկատարեր համաձայնության պայմանները կամ ինչ-ինչ պատճառով չկարողանար կատարել իր պարտավորությունները, ապա ՄԱՆ-ին պետք է թույլ տար հագուստը ազատ վաճառել շուկայում, որպեսզի հոգար իր ծախսերը Կովկասում, ինչպես արել էր մինչ այդ՝ առանց որևէ միջամտության:

Ամերիկայի գրեթե յուրաքանչյուր նահանգում քաղաքացիներից հավաքած հազարավոր տոննա հին հագուստը եղել և 1920-ականների ամբողջ ընթացքում շարունակում էր մնալ արժույթ, որը երբեմն ավելի վստահելի էր, քան ռուբլին: ՄԱՆ-ի գործունեության սկզբնական տարիներին հին հագուստի հակերն ապացուցել էին իրենց կենսական արժեքը՝ հանդերձով ապահովելով հազարավոր գաղթականների ու որբերի։ Դրանով սովորաբար վճարում էին կատարված աշխատանքի դիմաց և փոխանակում որբանոցների՝ հարդի, վառելափայտի և սննդամթերքի հետ[v]: The New Near East-ն իր 1923 թ. սեպտեմբերի համարում հայտարարում էր, որ այդ տարվա նախորդ վեց ամիսների ընթացքում Կովկասի տարածքում գնումների բաժինը ամերիկյան հին հագուստով կարողացել էր վճարել «ամբողջ 85 000 դոլարի ծախսերը, բացի 10 000 դոլարից»: Ծախսերի մնացած 10 000-ից 5000-ը վճարվել էին եգիպտացորենի աղացվածքով և միայն 5000 դոլարն էր վճարվել կանխիկ գումարով[vi]: Սեպտեմբերի 1-ի համաձայնության պայմանները իրավունք էին տալիս ԱՄՆ-ից եկած հին հագուստը փոխանակել պաշտոնական խողովակներով՝ նպատակ ունենալով վերջ տալ հին հագուստի փոխանակմանը այն անձանց կողմից, որոնց 1923 թ. մայիսի 9-ի փաստաթղթում անվանում էին «սպեկուլյանտներ»: Վերջիններս շուկաներում մեծ եկամուտներով ապրանքներ էին վաճառում, մանավանդ որ նպաստը չէր հարկվում[vii]:

Հազվագյուտ ձեռագրերն ու գրքերը մնում են ՄԱՆ-ի տրամադրության տակ մինչև 1924 թ. հուլիսը, երբ Էռնեստ Յարոն, ընդառաջելով կառավարության հարցապնդումներին, Վարազդատ Տերոյանի ղեկավարությամբ ստեղծեց մի հանձնաժողով, որը ՄԱՆ-ից ընդունեց հին հայկական հազվագյուտ գրքերն ու գրչագրերը, ինչպես նաև երկաթե չհրկիզվող պահարանև հանձնեց Էջմիածնի ձեռագրատուն[viii]: Տերոյանն ընդհանուր առմամբ տեղափոխեց 82 ձեռագիր և 300-400 գրաբար տպագիր գիրք: Էռնեստ Յարոն նյութերի հանձնումը ներկայացրեց 1924 թ. հուլիսի 4-ին Լուկաշինին հասցեագրած իր նամակում[ix].

Պր. Սարգիս Լուկաշինին,

Հայաստանի ժողովրդական կոմիսարների խորհրդի նախագահ

Մեծագույն հաճույքով ցանկանում եմ այսօր ինձ ազատ արձակել Հայաստանի հանդեպ մի պարտականությունից՝ Ձեր միջնորդի միջոցով Էջմիածնի գրադարանին հանձնելով ձեռագրերի ու հազվագյուտ հրատարակությունների մեր համեստ հավաքածուն:

Մերձավորարևելյան նպաստը ոչ միայն ջանացել է խնամել Հայաստանի որբերին ու գաղթականներին, նրանց փրկել սովից ու հիվանդությունից, այլև իր սովորական պարտականությունների կողքին ու դրանց հետ մեկտեղ փորձել է լուծել մեկ այլ խնդիր ևս:

Ինձ չի պատշաճում վկայակոչել և գովել անցյալի ու ներկայի մեր աշխատանքը: Սակայն ով էլ ստանձնի այս երկրում մեր նվաճումները գրանցելու գործը, վստահաբար չի անտեսի այսօրվա մեր համեստ նվերը:

Կար ժամանակ, երբ հայկական հնագույն մշակույթն ու գրականությունը նույնպես անտուն էին ու անպաշտպան, ինչպես մեր որբանոցների հազարավոր երեխաները: Մեծ բարեբախտություն է, որ, առաջին անգամ, ի դեմս Ձեզ և Հայաստանի կառավարության, նրանք հոգատար ծնողներ գտան, և այդ փաստը հավատ է ներշնչում, որ մոտ է այն օրը, երբ մեր երեխաները ևս ի վիճակի կլինեն ծաղկելու առանց ծնողների:

Երջանիկ պատահականությունն ինձ թույլ է տալիս Ձեզ մոտ ուղարկել մեր գործընկերներից մեկին՝ պ. Վ. Տերոյանին, որն անձամբ ղեկավարել է այս ձեռագրերը ժամանակին փրկելու գործը, և ում հանձնարարված է նաև զբաղվել դրանք Ձեզ փոխանցելու գործի մանրամասներով:

Ամենաբարեկամական հարգանքներով՝

[ստորագրություն] Է. Ա. Յարո

1924 թվականի հուլիսի 4-ին ստորագրված փաստաթղթում հավաքածուն ներկայացվում էր որպես ՄԱՆ-ի նվեր՝ ՀՍԽՀ-ին: Ստորագրող կողմերն էին՝ ՄԱՆ-ի ներկայացուցիչներ Է. Ա. Յարոն, Մ. Դ. Բրաունը և Վ. Մ. Տերոյանը և «Հայաստանի Ժողովրդական կոմիսարների խորհրդի ներկայացուցիչը»[x]: Համաձայնագիրն ընդհանուր առմամբ ընդգրկում էր ինը կետ, որոնցում նշվում էր, որ հավաքածուն Մերձավորարևելյան նպաստի նվերն էր Էջմիածնի գրադարանին և չէր կարող «վերընծայվել», որ նվերը պետք է ընդունվեր ի նշան հայ-ամերիկյան բարեկամության, որ պետությունը պետք է հարգեր «Մերձավորարևելյան նպաստի ցանկությունը՝ բոլոր ժամանակներում հավաքածուն ապահով պահելով Էջմիածնի ձեռագրատանը», և որ երկու կողմերն էլ կարող էին պայմանագիրը հրապարակել Երևանի և Նյու Յորքի որևէ լրագրում: Փաստաթղթի 4-րդ կետում գրված էր.

Մերձավորարևելյան նպաստը [Էջմիածնի] գրադարանին է հանձնում նաև գրքի մետաղյա մի կազմ՝ հայերեն ու անգլերեն հետևյալ մակագրությամբ.

ՆՎԵՐ

ՄԵՐՁԱՎՈՐԱՐԵՎԵԼՅԱՆ ՆՊԱՍՏԻՑ

ԷՋՄԻԱԾՆԻ ՀՆԱԳՈՒՅՆ ՁԵՌԱԳՐԵՐԻ ԳՐԱԴԱՐԱՆԻՆ

ՀՈՒԼԻՍԻ 4, 1924 թ.

Է. Ա. ՅԱՐՈ

Պայմանագրի 7-րդ կետից երևում էր, որ ՄԱՆ-ը ժամանակին մտադիր էր տպագրելու հավաքածուի կատալոգը.

Նույն կողմը [Ժողկոմխորհը] նաև համաձայնում է հավաքածուն ազատ տրամադրելու առաջին կողմի [ՄԱՆ-ի] որևէ ներկայացուցչի, երբ Մերձավորարևելյան նպաստը որոշի իրականացնել իր ցանկությունը, այն է՝ հավաքածուի գիտական ու պատկերազարդ կատալոգի հրատարակումը:

 

[i] Օրենքների և ժամանակագրության համար տե՛ս «Իրադարձությունների տարեգրություն 1921-1941», Հայաստանի ազգային արխիվի կայք - http://www.armarchives.am/am/content/121/:

[ii]Հայերեն թարգմանությունը ռուսերեն բնագրից: Ռուսերեն բնագիրը տե՛ս ՀԱԱ, ֆ. 113, ց. 38, գ. 30, թ. 88:

[iii]Հայերեն թարգմանությունը ռուսերեն բնագրից: Ռուսերեն բնագիրը տե՛ս ՀԱԱ, ֆ. 113, ց. 38, գ. 30, թ. 86:

[iv]Հայերեն թարգմանությունը ռուսերեն բնագրից: Ռուսերեն բնագիրը տե՛ս ՀԱԱ, ֆ. 113, ց. 3, գ. 112, թ. 40:

[v]The New Near East, մայիս, 1923, էջ 8:

[vi]The New Near East, սեպտեմբեր, 1923, էջ 9:

[vii] ՀԱԱ, ֆ. 113, ց. 38, գ. 30, թ. 148 և հաջ.:

[viii] ՀԱԱ, ֆ. 113, ց. 38, գ. 42, թ. 299, 300:

[ix]Հայերեն թարգմանությունը անգլերեն բնագրից: Անգլերեն բնագիրը տե՛սՀԱԱ, ֆ. 113, ց. 38, գ. 42, թ. 299:

[x]Հայերեն թարգմանությունը անգլերեն բնագրից: Անգլերեն բնագիրը տե՛սՀԱԱ, ֆ. 113, ց. 38, գ. 42, թ. 302, 303, 304:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter