Ընտրական համակարգի փոփոխման բանավեճի շուրջ
Եթե ընտրական համակարգի խնդիրը դիտարկենք տեսական հարթության վրա, ապա կտեսնենք, որ բոլոր առկա համակարգերն ունեն իրենց թերություններն ու արժանիքները: Գիտական աշխարհում չկա մեկ տեսակետ, թե որ համակարգն է նախընտրելի: Հնարավոր է, որ համամասնական համակարգի կողմնակիցների քանակը ավելին լինի, քան` մեծամասնականինը, սակայն, ամեն դեպքում, դա չի նշանակում, որ մեծամասնականի կողմնակիցների փաստարկները նվազ թույլ են: Սակայն ընտրակարգերին վերաբերող բանավեճերում մասնագետները համակարծիք են հետեւյալ հարցում` չկա այնպիսի ընտրական համակարգ, որը չհամապատասխանի ներկայացուցչական ժողովրդավարությանը: Բոլոր ընտրական համակարգերն էլ ավելի կամ նվազ արդյունավետությամբ ապահովում են հասարակության քվեի` կոնկրետ մանդատների վերածումը:
Սակայն ինչու այս, ըստ էության, վիճելի հարցը դարձավ իշխանություններ-ընդդիմություն փոխհարաբերությունների հիմնական կռվանը:
Իշխանությունների կողմից (այս դեպքում` հիմնականում ՀՀԿ-ի եւ ՕԵԿ-ի) ընտրակարգի փոփոխության դեմ արտահայտվող դիրքորոշումը, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է իշխանական դաշտում առկա այն համաձայնությամբ, թե օլիգարխների գերակշիռ մասն առաջադրվելու է մեծամասնականով, որպեսզի «չկեղտոտվեն» համամասնական ցուցակները: Ի դեպ, ՀՀԿ-ականները հենց իրենք են բացահայտել համամասնական ցուցակի հետ կապված իրենց ապագա քաղաքականությունը: Մասնավորապես ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը վերջերս հիշեցրեց նախագահի այն խոսքը, որ պետք է աշխատել համամասնական ցուցակում նվազագույնի հասցնել օլիգարխների մասնակցությունը` ավելացնելով, որ նրանց համար կա մեծամասնական համակարգ:
Ներկա ընտրակարգի պահպանումը իշխանություններին ձեռնտու է նաեւ այլ պատճառներով: Մեծամասնական ընտրատարածքներում հաղթանակ տանելն իշխանությունների համար ավելի հեշտ է: Նաեւ այդ համակարգը մեծապես նպաստում է համամասնական ընտրակարգով իշխանական կուսակցությունների օգտին ձայների ստացմանը:
Նախ պետք է նշել, որ մեծամասնական ընտրատարածքներում շատ հաճախ չի լինում որեւէ լուրջ մրցակցություն: Տեղային կլաններից դուրս եկած իշխանությունների ներկայացուցիչները կարողանում են լեզու գտնել «սեփական» ընտրատարածքի բնակիչների հետ եւ հիմնականում տարբեր մարդկանց անձնական խնդիրների լուծմամբ կամ լուծման խոստումներ տալու ինստիտուտը աշխատեցնելով, ընտրողների նկատմամբ որոշակի ճնշումներ բանեցնելով անհրաժեշտ ձայները հեշտությամբ հավաքել: Հաճախ նրանց նույնիսկ հաջողվում է «սեփական տարածք» չթույլատրել այլ թեկնածուների մուտքը: Փաստացի մեծամասնական համակարգով կազմակերպվող ընտրությունները դառնում են անայլընտրանքային եւ ինչ-որ տեղ` ապաքաղաքական:
Մեծամասնականով առաջադրվող պատգամավորի թեկնածուն կրկնակի ուժ է ներդնում ԱԺ ընտրությունների ժամանակ: Վերջինիս սատարող կուսակցությունը շահագործում է նրա անձնական ամբիցիաները` սեփական տարածքում «ընտրյալ» լինելու հնարավորություն տալու դիմաց նա պարտավորվում է ձայներ ապահովել համամասնական ընտրակարգով առաջադրվող իրեն պաշտպանող կուսակցության օգտին:
Այս ամենի շնորհիվ իշխանական կուսակցությունները հնարավորություն են ստանում իրենց համամասնական ցուցակը կազմելիս հաճախ խուսափել օլիգարխիկ բարդ պայմանավորվածությունների ձեռքբերումից: Արդյունքում ցուցակում կարող են մեծամասնություն կազմել «քաղաքական» դեմքերը կամ, այլ կերպ ասած, տեխնոկրատները: Վերջիններս, ինչպես երեւում է, պետք է դառնան իշխանական քարոզչության գլխավոր գործիքներից մեկը:
Բացի դրանից, ընտրությունների արդյունքներին «եվրոպական» տեսք տալու համար, իշխանությունները, հարկ եղած դեպքում, կարող են եւ չձգտել համամասնական ցուցակով վերցնել բացարձակ մեծամասնություն: Դրա համար անհրաժեշտ մանդատները նրանց մոտ արդեն առկա կլինեն մեծամասնականով իրականցված ընտրությունների արդյունքում:
Սակայն պետք չէ մտածել, որ անցումը 100% համամասնական ընտրությունների ինքնին ի վիճակի կլինի չեզոքացնել իրենց համար անհրաժեշտ ձայների «ապահովման» ուղղությամբ իշխանությունների ջանքերը: Ցանկության դեպքում ընտրությունները հնարավոր է կեղծել յուրաքանչյուր ընտրակարգի դեպքում: Սակայն կեղծված, բայց 100% համամասնական կարգով անցկացված ընտրություններում ընդդիմադիրներին ավելի դյուրին կլինի պայքար մղել խորհրդարանական մանդատներ ստանալու համար, քանզի չեն հանդիպի այնպիսի դիմադրության, ինչը լինում է մեծամասնական ընտրությունների ժամանակ:
Այս դեպքում ինչո՞ւ են ընդդիմադիր կուսակցություններն այսքան մեծ ուշադրություն դարձնում ընտրակարգի փոփոխության խնդրին: Ի դեպ, հետաքրքիր է, որ Ռուսաստանում, որտեղ գործում է 100% համամասնական ընտրակարգը, հակաիշխանական բողոքին համակրող բազմաթիվ փորձագետներ ընտրակարգի վերաբերյալ իրենց հայ գործընկերներին հակառակ տեսակետ են հայտնում: Օրինակ` Օքսֆորդի համալսարանի St. Antony College-ի դասախոս Վլադիմիր Պաստուխովը նշում է, որ Ռուսաստանում, որտեղ չկա կուսակցական համակարգ, 100% համամասնական ընտրակարգին անցնելը «բացարձակ խելագարություն էր»:
Հայ ընդդիմադիրներն այս պահին, կարծես թե, փորձում են լուծել կարճաժամկետ խնդիր` հնարավոր է, որ հարցը բարձրացնելով նրանք հիմնականում ցանկանում են ստանալ իշխանությունների վրա հավելյալ ճնշումներ գործադրելու նոր լծակներ, որոնք կարող են օգտագործվել նրանցից որոշակի մանդատներ «պոկելու» համար:
Եվ վերջում. ընտրակարգի փոփոխման խնդիրը դարձնելով սեփական օրակարգի գրեթե հիմնական հարցը, ընդդիմությունն իրենից անկախ նպաստել է իշխանությունների հանդեպ եվրոչինովնիկների վերաբերմունքի մեղմանը: Սրա մասին են վկայում ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցով համազեկուցող լորդ Ջոն Պրեսկոտի հետեւյալ խոսքերը` «Չորս տարի առաջ իրավիճակը դաժան էր, հանդիպումների ժամանակ մարդիկ խոսում էին կեղծված ընտրությունների, մարտիմեկյան իրադարձությունների վերաբերյալ, հիմա մթնոլորտը եւ ակնկալիքները փոխվել են, որն իսկապես դրական երեւույթ է»: Նա հավելել է, որ «այս անգամ ընդդիմադիր քաղաքական ուժերին հուզող խնդիրը հիմնականում մեծամասնական ընտրակարգի վերացման էր վերաբերում»:
Էդգար Վարդանյան
Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) փորձագետ
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել