HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Կոռուպցիայի դեմ պայքարը քաղաքական ուժերի նախընտական ծրագրերում

«Հետք»-ը ներկայացնում է արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերի կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող հատվածները: Այսօր կանդրադառնանք «Իմ քայլը» դաշինքին, «Բարգավաճ Հայաստան», «Հայաստանի Հանրապետական», «Քաղաքացու որոշում», «Սասնա ծռեր» և «Ազգային առաջընթաց» կուսակցություններին:

Կոռուպցիայի համար պատիժների խստացում

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի առաջնորդած «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքը զգալի տեղ է հատկացրել կոռուպցիայի դեմ պայքարին: Այս քաղաքական ուժի նախընտրական ծրագրում «կոռուպցիա», «կոռուպցիոն» բառերը կրկնվում են 28 անգամ:

«Մենք խոստացել էինք անզիջում պայքար մղել կոռուպցիայի դեմ. պարտավորությունը լիարժեք կատարված է»,- նշված է նախընտրական ծրագրում: Նշել են, որ եթե մինչհեղափոխական համակարգում հնարավոր էր նաև «հաջողությունների» արձանագրումը կոռուպցիոն, հովանավորչական, ապօրինությունների միջոցով, նոր համակարգում հաջողության հասնելու բանաձևը դառնալու են կրթությունը, հմտությունը, աշխատասիրությունը, կրթական մակարդակի և մասնագիտական հմտությունների շարունակական զարգացումը:

Դաշինքը խոստանում է բացառել պետական պաշտոններում հովանավորչության կամ կոռուպցիայի այլ դրսևորումների միջոցով աշխատանքի ընդունումն ու առաջընթացը և ամրապնդելու են բարեվարքության կանոնները:

«Ապահովելու ենք դատական իշխանության անկախությունն իշխանության մյուս ճյուղերից, նպաստելու ենք դատարանների արդյունավետության մեծացմանը, բացառելու ենք կոռուպցիոն որևէ գործարք` կանխարգելիչ և պատժիչ միջոցառումների շնորհիվ»,- նշված է ծրագրում:

Քաղաքական ուժը համոզված է, որ կոռուպցիոն ցանկացած գործարք նվազեցնում է մասնավոր ընկերությունների արտադրողականությունը, խաթարում է ազատ մրցակցությունն ու սոցիալական արդարությունը և հանգեցնում է հանրային ռեսուրսների անարդյունավետ օգտագործմանը: Արդյունքում տուժում են և՛ պետությունը, և՛ քաղաքացին: Կոռուպցիայի դեմ պայքարում խոստանում են կենտրոնանալ համալիր միջոցառումների մշակման վրա, որոնք ընդգրկելու են ռազմավարական (օրենսդրական), ինստիտուցիոնալ և հանրային իրազեկման ուղղությունները: Բացի այդ կոռուպցիայի կանխարգելման համար մեծ նշանակություն են տալու կոռուպցիայի համար պատիժների խստացմանը:

Իրականացնելու են կոռուպցիայի վերաբերյալ հանրային կարծիքի հարցումներ, ինչպես նաև մշակելու են հակակոռուպցիոն ծրագրերի մշտադիտարկման մեխանիզմներ: Ապահովելու են ազդարարի ինստիտուտի հետագա զարգացումը և կոռուպցիոն դեպքերի բացահայտման թեժ գծի գործարկումը:

Հակակոռուպցիոն կրթական ծրագրեր ուսումնական հաստատություններում

Նախընտրական ծրագրում կոռուպցիայի դեմ պայքարին գրեթե նույնքան տեղ է հատկացրել նաև «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը: Վերջինս գտնում է, որ անհապաղ պետք է սկսել իրականացնել արդարադատության համակարգի, այդ թվում իրավապահ և քննչական մարմինների արմատական բարեփոխումներ: Ներառվելու է դատական, արդարադատությանը օժանդակող իրավապահ և քննչական մարմիների արդյունավետության բարձրացումն ապահովող կառուցվածքների սահմանումը և կադրային բարեփոխումների իրականացումը: Անհրաժեշտ է դիտարկել սահմանադրական դատարանի և Բարձրագույն դատական խորհրդի վերացման նպատակահարմարությունը, առկա բոլոր քննչական մարմինների կարողությունները և լիազորությունները քննչական կոմիտեի ներքո միավորելու հնարավորությունը: Բացառություն են կազմելու կոռուպցիոն հանցագործությունների նախաքննության լիազորությունները, որոնք պետք է փոխանցվեն նոր ստեղծվելիք Կոռուպցիայի դեմ պայքարի անկախ բազմաֆունկցիոնալ (ունիվերսալ) մասնագիտական մարմնին:

Կուսակցությունն իր նախընտրական ծրագրում գրել է, որ մարդու իրավունքների հիմնարար խախտումներ թույլ տված անձինք կհետապնդվեն և կպատժվեն քրեական գործերի վերաբացման միջոցով: Գործերի վերաբացման համար օրենսդրորեն կամրագրվեն անցումային արդարադատությանը բնորոշ հիմքեր, օրենսդրորեն կվերանայվեն կոռուպցիոն հանցագործությունների կատարման վաղեմության ժամկետներն ու հետադարձ ուժ տալու հնարավորությունները: Այս ամենը հնարավորություն կընձեռի վերականգնել արդարությունը և վերացնել անպատժելիության միջավայրը: Մարդու իրավունքների հիմնարար խախտումների, օրինակ` կոռուպցիայի, զանգվածային ընտրակեղծիքների, 2008թ.-ի մարտի 1-ի, պետական կարիքների համար գույքի օտարման և այլ գործեր զոհերի համար օրենքների հիման վրա կիրականացվեն փոխահատուցման ծրագրեր: Դրանք կարող են լինել դրամական-նյութական և ոչ նյութական բնույթի։

Հանրությանը կոռուպցիայի դեմ պայքարում դաշնակից դարձնելու նպատակով «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը նշում է, որ կմշակվեն և նախադպրոցական, հանրակրթական, մասնագիտական կրթության հաստատություններում, բուհերում կներդրվեն էթիկայի և հակակոռուպցիոն կրթության ծրագրերը՝ հաշվի առնելով ուսուցանվողների տարիքային առանձնահատկությունները: Հանրության շրջանում կկազմակերպվեն հակակոռուպցիոն իրազեկման արշավներ, հակակոռուպցիոն համապետական մրցույթներ, ճամբարներ, բեմադրություններ, կմշակվեն և կգործարկվեն հակակոռուպցիոն համակարգչային խաղեր: Կզարգացվեն կոռուպցիայի դեմ պայքարում մասնագիտացված քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունները։

Կոռուպցիան՝ ժողովրդավարացման, տնտեսության զարգացման և բնակչության կենսամակարդակի բարձրացման արգելակման պատճառ

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորում է ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Այս քաղաքական ուժի նախընտրական ծրագրում ևս առանձին տեղ է հատկացված կոռուպցիայի դեմ պայքարին: Մասնավորապես` կարծում են, որ Հանրապետությունում ժողովրդավարացման, տնտեսության զարգացման և բնակչության կենսամակարդակի բարձրացման գործընթացների արգելակման հիմնական պատճառներից մեկը կոռուպցիան է՝ իր բոլոր դրսևորումներով: Հետևաբար, «Լուսավոր Հայաստան»-ն իր գործունեությամբ պայքարելու է ինչպես կաշառակերության, պետական ունեցվածքի հափշտակության, այնպես էլ ստվերային տնտեսության և հովանավորչության դեմ:

Այդ պայքարը ներառելու է հանրային կառավարման մարմինների գործունեության թափանցիկության, հաշվետվողականության և բարեվարքության կատարելագործման ժամանակակից մեխանիզմների ներդրումը և կիրառումը, դատական համակարգի անկախության և արդարադատության անխուսափելիության ապահովում, ավելորդ վարչարարության դեմ շարունակական պայքարը և պետական վարչական անձնակազմերի օպտիմալացման ժամանակակից մեխանիզմների ներդրումը, ինչպես նաև բնակչության իրավագիտակցության և իրազեկման մակարդակի բարձրացման նպատակով պետական հակակոռուպցիոն կրթական ծրագրերի ներդրումը։

Պաշտոնատար անձանց կողմից կոռուպցիոն հանցագործությունների կատարման դեպքում պատժի խստացում

Լուսինե Հարոյանի առաջնորդած «Ազգային առաջընթաց» կուսակցության նախընտրական ծրագրի համաձայն` պետք է իրական պայքար մղվի կոռուպցիայի ու հովանավորչության դեմ և քրեական պատիժը խստացվի՝ պաշտոնատար անձանց կողմից տվյալ հանցագործությունների կատարման դեպքում։

«Անհրաժեշտ է սահմանել և նախատեսել պատիժ քաղաքական կոռուպցիայի ու հովանավորչության համար՝ միազգային առաջադեմ փորձի հաշվառմամբ։ Մեր համոզմամբ կաշառակերության դեմ պայքարի կարևոր տարրերից է օրենսդրության կատարելագործումը այն հաշվով, որ բացառվեն կոռուպցիոն ռիսկեր ստեղծող իրավակարգավորումները և կրճատվեն հայեցողական լիազորությունները»,- նշված է քաղաքական ուժի նախընտրական ծրագրում:

Կոռուպցիայից ու հովանավորչությունից զերծ պետական համակարգ

«Մենք» կուսակցությունների դաշինքի ցուցակի առաջին համարը Արամ Սարգսյանն է: Այս քաղաքական ուժն առաջարկում է անզիջում պայքար մղել կոռուպցիայի, մենաշնորհների և ստվերի դեմ:

«Մենք»-ը գտնում է, որ պետք է կայացնել կոռուպցիայից ու հովանավորչությունից զերծ և հանրության առջև հաշվետու պետական համակարգ: Ներդնել կոռուպցիոն հանցագործությունների քննության արդյունավետ կառուցակարգեր` հաշվի առնելով միջազգային փորձը և չափանիշները: Ինչպես նաև վերանայել և առավելագույնս վերահսկելի դարձնել պաշտպանության ոլորտում գնումների գործընթացը՝ բացառելով յուրացումները, չարաշահումները և կոռուպցիոն գործարքները:

Անկախ հակակոռուպցիոն մարմնի ստեղծում

Այս ընտրություններում «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցության առաջնորդը Արմեն Ռուստամյանն է: Վերջինիս գլխավորած քաղաքական ուժն իր նախընտրական ծրագրով առաջարկում է ընդդիմության և քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցությամբ ստեղծել կոռուպցիայի դեմ պայքարի անկախ մարմին: Կուսակցության պատկերացմամբ` նշված մարմինը պետք է զբաղվի կոռուպցիայի աղաղակող և հանրության ուշադրության կենտրոնում գտնվող դեպքերով, այլ ոչ թե աշխատանքի պատրանք ստեղծի:

Կոռուպցիայի և գանձագողության դեմ պայքարի ուժեղացում

Արթուր Բաղդասարյանը գլխավորում է «Օրինաց երկիր» կուսակցության ցուցակի առաջին համարը: Քաղաքական ուժն առաջարկում է կոռուպցիայի և գանձագողության դեմ պայքարի ուժեղացում, երկրից ապօրինի դուրս բերված գումարների վերադարձ և ապօրինի հարստացման դեմ պայքարի իրական մեխանիզմների ներդրում: Անցում վայրի օլիգարխիկ կապիտալիզմից ժողովրդական, համերաշխ սոցիալական տնտեսության:

Առողջապահության ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարի նպատակով նախընտրական ծրագրով առաջ է քաշվել առողջապահության ապահովագրության քաղաքակիրթ համակարգի ներդրումը, այս ոլորտում բազմաթիվ չարաշահումների և կոռուպցիոն ռիսկերի պատճառ դարձած պետպատվերի համակարգի փոխարինում հասցեական գումարային սերտիֆիկատներով և դրանց տրամադրում բոլոր կարիքավոր քաղաքացիներին: 

Կուսակցությունն առաջարկում է նաև գազի, էլեկտրաէներգիայի, խմելու և ոռոգման ջրի սակագնի նվազեցմանն ուղղված միջոցառումների իրականացում՝ ներառյալ այս համակարգերում կոռուպցիոն ռիսկերի և կորուստների դեմ համակարգված պայքարի միջոցներով:

Կոռուպցիայի դեմ պայքար նախընտրական ծրագրերում չկա

ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի ղեկավարած քաղաքական ուժը` «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն իր նախընտրական ծրագրով չի անդրադարձել կոռուպցիային, դրա դեմ պայքարին:

Նմանատիպ ծրագիր չունի նաև նախկին պաշտպանության նախարարի գլխավորած «Հանրապետական» կուսակցությունը: Կոռուպցիային վերաբերող դրույթներ նախընտրական ծրագրում չկան:

Նույնը վերաբերում է նաև «Սասնա ծռեր» համահայկական կուսակցությանը: Այս քաղաքական ուժի նախընտրական ծրագրում կոռուպցիայի դեմ պայքարի ծրագիր ևս չկա:

Նախընտրական ծրագրում կոռուպցիայի դեմ պայքարին անդրադարձ չի կատարել նաև  «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter