
Թողարկվել է վտանգավոր ապրանքների վերաբերյալ տեղեկատվական փորձնական ծրագիրը
Եվրասիական տնտեսական հանձնաժողովն արդեն թողարկել է փորձնական ծրագիր՝ ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերին չհամապատասխանող ապրանքների վերաբերյալ միասնական տեղեկատվական համակարգ ստեղծելու։ Այս մասին նշված է ԵՏՀ պաշտոնական կայքում։
Փորձնական ծրագիր թողարկելու մասին հայտարարել է ԵՏՀ տեխնիկական կանոնակարգման կոլեգիայի անդամ Վիկտոր Նազարենկոն։
«Վտանգավոր ապրանքների տեղեկատվական համակարգը ստեղծվում է ԵԱՏՄ ինտեգրված տեղեկատվական համակարգում,- ընդծել է նա։- Նրա մասնակիցները՝ ազգային վերահսկողական մարմինները և Հանձնաժողովը կկարողանան միմյանց տեղեկացնել պետական վերհսկողության արդյունքների, հայտնաբերված խախտումների բացասական հետևանքները վերացնելու, ինչպես նաև՝ առանց ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգի պահանջների պարտադիր համապատասխանության գնահատման փաստաթղթի վաճառքի դեպքերի վերաբերյալ»,- ասել է Վ. Նազարենկոն։
Նշենք, որ վտանգավոր ապրանքների միասնական տեղեկատվական բազա ստեղծելու մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովը հայտարարել էր դեռևս այս տարվա հուլիսին:
Միասնական համակարգ ստեղծելու որոշման մեջ նշված է, որ եթե որևէ ապրանքի վերաբերյալ վտանգավոր լինելու տեղեկություն կա, ապա միության անդամ երկրների վերահսկող մարմինները պետք է օրենքով սահմանված բոլոր քայլերն իրականացնեն, որ կանխեն տեխնիկական կանոնակարգերին չհամապատասխանող ապրանքների վաճառքը։
Փորձնական ծրագիրը նախատեսված է կիրառել դեռևս միայն 6 տեխնիկական կանոնակարգերով կարգավորվող ապրանքների վրա։ Դրանք են՝ ցածր լարման սարքավորումները, երեխաների և դեռահասների համար նախատեսված ապրանքները, խաղալիքները, անվային տրանսպորտային միջոցները, ինչպես նաև՝ կաթնամթերքն ու մսեղենը։
Միության ցանկացած երկրում վտանգավոր ապրանքների հայտնաբերման դեպքում, բացի միասնական իրազեկումից, պետական վերահսկող մարմինները խիստ միջոցներ են ձեռնարկելու՝ ընդհուպ մինչև այդ ապրանքի՝ շրջանառությունից հանելը ԵԱՏՄ բոլոր երկրներից։
Համակարգի լիարժեք կիրառումը, ըստ ԵՏՀ հայտարարության, միասնական մոտեցումներ և մշակված մեխանիզմներ կիրառելու դեպքում թույլ կտա մեծացնել պետական վերահսկողության արդյունավետությունը, իսկ սպառողների իրազեկումը կլինի ավելի արագ:
Սակայն խոսելով շուկայում հայտնվող վտանգավոր ապրանքների մասին՝ Վ. Նազարենկոն շեշտել է, որ դա նաև պետական մարմինների ոչ բարեխիղճ աշխատանքի հետևանք է:
«Համապատասխանության գնահատման փաստաթղթերի անհիմն տրամադրումը նվազեցնում է դրանց նկատմամբ վստահության մակարդակը»,-ասել է նա՝ հավելելով, որ դրա հետևանքով բարեխիղճ արտադրողները կարող են մրցակցությունից դուրս մնալ։
Այս համատեքստում խոսվել է նաև ազգային վերահսկող մարմինների պատասխանատվության և գիտակցության մակարդակը բարձրացնելու մասին՝ ընդհուպ մինչև նրանց գործունեության արդյունքների համար տնտեսական պատասխանատվություն սահմանելը։
«Ապրանքատեսակների միասնական շուկայի պայմաններում անհրաժեշտ է շարունակել ներդաշնակեցնել անդամ պետությունների օրենսդրությունը այս ոլորտում»,- հայտնել է Վ. Նազարենկոն՝ անհրաժեշտ համարելով նաև ազգային մարմինների փոխգործակցությունը ստանդարտացման, չափագիտության և հավատարմագրման ոլորտներում՝ արդյունաբերական արտահանման ներուժի և ԵԱՏՄ շուկայում տնտեսության մեջ մրցունակ ճյուղեր ձևավորելու համար:
Մեկնաբանել