HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Եթե քանդված շենքերով քաղաքում ես ապրում, նույնիսկ եթե չես տեսել երկրաշարժը, դա արդեն քո մեջ է»

«Մենք դեկտեմբերի 7-ին գերեզմանատուն ենք գնում՝ ծաղիկներ տանելով մեզ հետ։ Բայց տանը ցավի մասին բոլորս լռում ենք, միայն մորաքրոջս նկարն է, որ երբեք չի տեղափոխվել մեկ այլ տեղ։ Մայրս հաճախ է արցունքները սրբում, երբ անցնում է հարազատ պատկերի կողքով»,-ասում է Սուսաննան։

Նկարում Ղազոյան Սուսաննան է, ծնվել և մեծացել է Գյումրիում։ Շուտով լրանալու է նրա 22-ամյակը: Իր կյանքի գիտակից շրջանը, նրա ասելով, բաղկացած է հարցադրումներից ու մեծուփոքր հիշողություններից։ Հիշում է Գյումրին։ Չնայած այն բանին, որ անմիջականորեն չի ապրել 1988-ի երկրաշարժի ողբերգական օրերը, իր հարազատ քաղաքը անընդհատ զգոն է պահում և հիշեցնում դրա մասին։

«Եթե քանդված շենքերով քաղաքում ես ապրում, նույնիսկ եթե չես տեսել երկրաշարժը, դա արդեն քո մեջ է։ Դու սովոր ես քանդված շենքեր տեսնելու, որովհետև քեզ թվում է, թե դա հենց էդպես էլ պիտի լիներ»,- ասում է նա։

Սպիտակի երկրաշարժի մասին պատմող «Ուրախ ավտոբուս» ֆիլմը, Սուսաննայի կարծիքով, հայկական արտադրության լավագույն ֆիլմն է։ Երկրաշարժի մասին պատկերացումները նա ստացել է ֆիլմը հասուն տարիքում դիտելիս։ Մանուկ հասակում բազմիցս լսել է երկրաշարժի մասին, տեսել պատկերներ և թե ինչպես է մայրն ամեն անգամ արտասվել, երբ ռադիոյով լսել կամ հեռուստացույցով տեսել է երկրաշարժի մասին պատմող ֆիլմեր կամ ռեպորտաժներ։

«Միշտ «Ուրախ ավտոբուս»-ն էինք նայում, փոքր ժամանակ չէի հասկանում ՝ ծիծաղում էի, հետո մեծացա, սկսեցի լաց լինել,- պատմում է գյումրեցի աղջիկը, ապա հավելում,-ես մորաքրոջս՝ Սուսաննայի անունն եմ կրում։ Ազգանունն էլ նույն է, մայրս ասում է, որ հաճախ եմ մորաքրոջս հիշեցնում։ Մորս պատմելով` քույրը չափից դուրս կազմակերպված է եղել, չէ, ես այդպիսին չեմ (ծիծաղում է)։

Սուսաննան մեծացել է երկրաշարժի մասին մայրիկի՝ Վարդ Ղազոյանի պատմությունները լսելով։ Ընտանիքում 5 երեխա են եղել, երկրաշարժի հետեւանքով տիկին Վարդը կորցրել է քրոջը՝ Սուսաննային։ Սուսաննան խոստումնալից ապագայով ճարտարապետ էր, այդ օրը տեղափոխվելու էր նոր աշխատատեղ։ Սակայն մնացել է փլատակների տակ և փոշուց շնչահեղձ եղել: Վարդը հիշում է իրեն, որ շնչակտուր վազել է տուն՝ ընտանիքին փնտրելու: Իրեն և մյուս հարազատներին մնացել են լուսանկարներն ու հիշողությունները:

«Երկրաշարժից հետո ընտանիքս շարունակեց ապրել, ինչպես մյուս բոլոր ընտանիքները։ Այդպես ֆիլմերում է լինում։ Կիսով չափ ինձ գլխավոր դերերից մեկում եմ զգում՝ դա «Ուրախ ավտոբուս»-ում երաժշտությունը լսելու պես մի բան է (կարծում եմ)»,-ասում է Սուսաննան:

- Էդ ի՞նչ կենես:

-Կուզե՞ս լսես:

- Ի՞նչը:

- Երաժշտությունը:

Շուշանէ Փափազյան

ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 2-րդ կուրս

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter