HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լոռու մարզում բնակվող մարդկանց տների մոտ հայտնաբերվել են թունունակ ծանր մետաղներ

Լոռու մարզում հանքարդյունաբերության և մետաղագործական ձեռնարկությունների շրջակայքը, հավանաբար, աղտոտված է վտանգավոր քիմիական նյութերով, հիմնականում` պղնձով, որի պարունակությունները գերազանցում են իրավական չափանիշները և հիգիենիկ նորմերը:

Նման հայտարարություն են տարածել Արնիկա», «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» և «ԷկոԼուր» հասարակական կազմակերպությունները։

Ըստ ՀԿ-ների տարածած հաղորդագրության, տեղական թեժ կետերը, որոնք անմիջականորեն աղտոտում են շրջակա միջավայրը, գտնվում են կամ հարևանությամբ կամ ուղղակիորեն քաղաքային տարածքներում: Պրահայի քիմիական–տեխնոլոգիական համալսարանի փորձագետներն ահազանգում են, որ Դեբեդ գետի նմուշները պարունակում են թունունակ մետաղների ամենաբարձր մակարդակներ, որոնք կարող են ազդել գետի ափին գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող բնակիչների վրա: Տեղական և օտարերկրյա կազմակերպությունները կոչ են անում պետական մարմիններին` դիմել խիստ միջոցների:

Ալավերդու պղնձաձուլական գործարանը, Թեղուտի հանքավայրը և պոչամբարն ու Ախթալայի շրջակայքում գտնվող մի քանի պոչամբարներ Լոռու մարզի խոշորագույն արդյունաբերական վայրերն են և, համաձայն վերջին հետազոտությունների, նաև հանդիսանում են շրջակա միջավայրում պղնձի, ցինկի, մոլիբդենի, կապարի և մկնդեղի առկայության պատճառը:

Դեբեդ գետից վերցված նստվածքներում հայտնաբերված պղնձի մակարդակները ցույց են տալիս, որ արդյունաբերական ձեռնարկությունների անմիջապես ներքևի մասով հոսող հատվածներից վերցրած նմուշներում պղնձի խտությունները կտրուկ ավելանում են և նույնիսկ հարյուրապատիկ գերազանցում են ֆոնային մակարդակները:

«Պղնձի մակարդակների անսպասելի բարձրացումը վկայում է տեղական հանքարդյունաբերության կամ մետաղագործական գործունեության անմիջական ազդեցության հետևանքով ծանր մետաղներով շրջակա միջավայրի աղտոտման մասին», - բացատրում է Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Անցումային աջակցության ծրագրի» կողմից ֆինանսավորվող հետազոտության համահեղինակ դ-ր Մարեկ Շիրը։

«Այնուամենայնիվ, նույնիսկ քիչ աղտոտված ջուրը կարող է առողջական խնդիրներ առաջացնել ցանկացած մարդու մոտ, ով բավական երկար ժամանակ ենթարկվում է դրա ազդեցությանը, օրինակ` ոռոգման աշխատանքներ կատարելու պատճառով: Պղինձը նման դեպքերում բացասաբար է անդրադառնում հիմնականում լյարդի և երիկամների վրա», - ասում է հետազոտության առաջատար հեղինակ, Պլզենում Արևմտյան Բոհեմիայի քիմիական– տեխնոլոգիական համալսարանի փորձագետը:

Թունավոր հավկիթներ և խաղահրապարակներ

Մարդու առողջության վրա ազդեցությունը հետազոտվել է նաև տեղական բնակիչների մազերի, ազատ պայմաններում պահվող հավերից ստացված ձվերի կամ մանկական խաղահրապարակների ավազի նմուշառման միջոցով: Հետազոտությունները ցույց են տվել, որ  նմուշառված խաղահրապարակների կեսում ծանր մետաղներով աղտոտվածության մակարդակը նշանակալիորեն բարձր է, իսկ երեխաները շատ զգայուն և խոցելի են նման քիմիական նյութերի նկատմամբ: Պղնձի անհանգստացնող խտություններ հայտնաբերվել են նաև այն մարդկանցից վերցված մազի նմուշներից մի քանիսում, որոնք բնակվում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված վանքերի շրջակայքում:

Խոսելով հավկիթների մասին, չեխական «Արնիկա» ՀԿ–ի թունունակ նյութերի հարցերով փորձագետ Ժիտկա Ստրակովան նշում է. «Ալավերդիում հայտնաբերված դիօքսինների մակարդակը գերազանցում է ինչպես եվրոպական, այնպես էլ հայկական չափանիշները, որոշ դեպքերում նույնիսկ ավելի քան հինգ անգամ»: Ինչպես ցույց է տալիս հավկիթի նմուշների հետազոտությունը, արդյունաբերական աղտոտումն ազդում է սննդամթերքի շղթայի վրա և դիօքսինանման միացությունների առաջացման առումով զգալի վտանգ է ներկայացնում։ «Միայն հավկիթի հայերին բնօրոշ միջին քանակով սպառումը կարող է հանգեցնել մարդու կողմից դիօքսինների թույլատրելի  օրական չափաքանակի խախտմանը, որը սահմանել է Պարենային անվտանգության եվրոպական գործակալությունը (EFSA)», - ավելացնում է տիկին Ստրակովան:

Հայ բնապահպաններն ասում են, որ տեղաբնակներն անհամբեր սպասում էին  հետազոտության արդյունքներին: «Մենք, վերջապես, ունենք ծանրակշիռ գիտական տվյալներ` ապացուցելու համար, որ արդյունաբերությունը վնաս է հասցնում մարդու առողջությանը, քանի որ մարդիկ ոչ բավարար չափով են պաշտպանված` թե՛ օրենսդրությամբ և թե՛ տեղական իշխանությունների կողմից», - ամփոփում է «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ ղեկավար, դ-ր Ելենա Մանվելյանը: «Պատասխանատու իշխանությունները պետք է անհապաղ և համարժեք քայլեր ձեռնարկեն` այս թունավորումը դադարեցնելու համար», - ասում է տիկին Մանվելյանը:

«Այնուամենայնիվ, լուծում գտնելը կարող է դժվար լինել, քանի որ Ալավերդիում և Թեղուտում ձեռնարկությունները վերջերս փակվել են»,- ասում է «ԷկոԼուր»–ի նախագահ Ինգա Զարաֆյանը: Ռուսական ՎՏԲ բանկը սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին սկսել է «Գույք պարտքի դիմաց» գործընթացը «Վալլեքս» խմբի  երկու ընկերությունում`«Թեղուտ» ՓԲԸ-ի և «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության Ալավերդու պղնձաձուլական գործարանում։

Հետազոտությունը կատարվել է Պրահայի քիմիական–տեխնոլոգիական համալսարանի լաբորատորիաներում` որպես Չեխիայի արտաքին գործերի նախարարության «Անցումային աջակցության ծրագրի» մաս, որը համատեղ իրականացվել է չեխական «Արնիկա» ասոցիացիայի կողմից՝ հայաստանյան «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ–ի և «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ–ի աջակցությամբ։

(1)  Դեբեդ գետից վերցված նստվածքների նմուշներում հայտնաբերված պղնձի մակարդակները, որոնք նմուշառվել են Ալավերդու գործարանի անմիջապես ներքևով հոսող հատվածից, երեսունմեկ անգամ ավելի բարձր են (2,200 մգ/կգ), քան վերին հոսանքի հատվածից վերցված նմուշներում: Դրանից հետո պղնձի մակարդակները` վար հոսելուն զուգընթաց դանդաղորեն նվազում են, այնուհետև դրանք կտրուկ փոխվում են` հանքարդյունաբերական հանքավայրերից հոսող ջրերի հետ միախառնվելու հետևանքով։ Դեբեդի մեջ թափվում են Թեղուտի հանքավայրի շահագործման թափոններով աղտոտված Շնող գետի և Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի թափոններով աղտոտված Ախթալա գետի ջրերը։ Այստեղից վերցված նմուշում հայտնաբերվել է պղնձի ամենաբարձր մակարդակը` ավելի քան 7,000 մգ/կգ, որը մոտ նույնիսկ հարյուր անգամ գերազանցում է մինչև գետի՝ Ալավերդի հասնելու մակարդակները։ Դեբեդ գետը հարավ-արևմուտքից անցնում է ողջ տարածաշրջանով և դուրս է գալիս Վրաստանի սահմաններից: Հայաստանի տարածքով 152 կմ երկարությամբ հոսող Դեբեդ գետն օգտագործվում է տեղացի երկրագործների կողմից` պտղատու այգիների և բանջարանոցների ոռոգման համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter