HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

Ղեկի տեղափոխություն, վաճառք կամ վերավաճառք․ Հայաստան ներկրված աջ ղեկով մեքենաների ճակատագիրը

Հայաստանի սահմանին, մաքսակետում կայանված աջ ղեկ ունեցող տասնյակ ավտոմեքենաներ հնարավոր կլինի ներմուծել Հայաստան, կատարել ղեկի տեղափոխություն եւ մաքսազերծել։

Այս մասին որոշման նախագիծը երեկ ընդունվեց կառավարության հերթական նիստի ընթացքում։ Եթե մինչ այս այդ մեքենաները հնարավոր չէր մաքսազերծել մեր երկրում գործող օրենքի համաձայն, ապա դեկտեմբերի 1-ից 2019 թ մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում հնարավորություն կլինի Հայաստան ներմուծել մինչ նշված ժամկետը մաքսակետում հայտնված աջ ղեկով մեքենաները։

Պետական կառավարման շահագրգիռ մարմինների եւ «Ղեկը աջ» նախաձեռնության անդամների հետ կազմակերպված քննարկումների արդյունքում մշակվել է մի նախագիծ, ըստ որի՝ ՀՀ մաքսային տարածքներում տեղակայված աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցները «Վերամշակում ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով Հայաստանի տարածք ներմուծելու հնարավորություն կստեղծվի:

Նշված մաքսային ընթացակարգը հնարավորություն կտա աջակողմյան ղեկային համակարգ ունեցող տրանսպորտային միջոցներն առանց վերասարքավորման ներմուծել Հայաստանի տարածք, այստեղ մինչեւ 6 ամսվա ժամկետում իրականացնել աջակողմյան ղեկային համակարգի փոխարինում ձախակողմյան ղեկային համակարգով։ Այնուհետեւ Հայաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով մաքսազերծելուց հետո դրանք կհաշվառեն ոստիկանությունում եւ հնարավոր կլինի ազատ շահագործել մեր երկրի տարածքում: Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ թեթեւ մարդատար տրանսպորտային միջոցները Հայաստան ներմուծելու վերջնաժամկետ է սահմանվել 2019 թվականի մարտի 1-ը:

«Վարորդի ընկեր» կազմակերպության համահիմնադիր Սերգեյ Ղահրամանյանի համար այս նախագիծը խնդրի լուծման լավագույն տարբերակը չէ, սակայն ինչպես նա է ասում, մաքսակետում կայանած մեքենաներ ունեցող անձանց ընդառաջելու նպատակ ունի, քանի որ վերջինների անունով օրեցօր տուգանքներ էին ավելանում։

«Այս պահին մաքսակետում աջ ղեկով բազմաթիվ մեքենաներ կան։ Վրաստանում հերթեր էին գոյացել ղեկի տեղափոխությամբ զբաղվող արհեստավորների մոտ։ Բացի այդ Վրաստանում գտնվող տրանզիտ մեքենաների ժամկետները եւս լրանում էին, դրա համար էլ այդ մեքենաները մտան Հայաստանի մաքսակետ»,- «Հետք»-ի հետ զրույցում նշեց նա։

Մեքենաները Հայաստանի սահման տեղափոխելուց հետո մեքենաների սեփականատերերը նոր տուգանքների տեր են դարձել։ Մեքենաների վրա ամեն օր տուգանք էր գալիս մաքսակետում գտնվելու եւ մաքսազերծման չենթարկվելու համար։ Ղահրամանյանի խոսքով՝ այստեղ շտապողականության խնդիր կար։ Մյուս կողմից նման առաջարկ, նկատի ունի՝ ղեկի տեղափոխությունը Հայաստանում իրականացնելու մասին, ժամանակին քննարկվել է նաեւ նախարարության հետ ունեցած հանդիպումներից մեկի ժամանակ, որին նաեւ նա է ներկա եղել։ Այդ քննարկումների ժամանակ խոսվում էր, որ եթե պետք է ղեկը փոխել Վրաստանում, ապա ավելի լավ է անել դա Հայաստանում։

«Նախաձեռնության հեղինակների կողմից նման միտք հնչել է։ Ասում էին, որ Վրաստանում սպասելու, այդ գումարը Վրաստանում աշխատող ադրբեջանցիներին վճարելու փոխարեն կարելի է Հայաստանում անել եւ  հայերի տալ»,- նշեց զրուցակիցս։

Հարցին, թե տեղյա՞կ է Հայաստանում ղեկի տեղափոխությամբ զբաղվող ընկերություններից կամ Տրանսպորտի եւ կապի նախարարության կողմից շուկայի ուսումնասիրություն կատարելու վերաբերյալ, Ղահրամանյանը պատասխանեց, որ մասնագիտացված կամ լիցենզավորված ընկերությունների մասին տեղեկություններ չունի։ Դրանք, բնականաբար, կլինեն, բայց թե որքանով որակյալ փոփոխության կենթարկեն, ոչ ոք չի կարող երաշխավորել։

Հայտնի չէ, թե ինչ ընկերություններ են ղեկի տեղափոխում իրականացնում, արդյո՞ք պրոֆեսիոնալ մակարդակով է արվում, եւ եթե անգամ պրոֆեսիոնալ մակարդակի վրա է արվում, ռիսկերի գնահատում կա՞, թե ոչ։ Ղահրամանյանը նույնպես կիսում է այս մտոհոգությունները՝ նշելով, թե ղեկը փոխելու առաջարկը լավագույնը չէ, բայց ունենք ամրագրված օրենք, որն արդեն ուժի մեջ է։

Նրա խոսքով ղեկի տեղափոխությունը միակ լուծումը չէ։ Պարզվում է կան եւս երկու «պահեստային» տարբերակ-լուծումներ։ Նախարարությունը քաղաքացիներին առաջարկում է մեքենաները ներկրել Հայաստան եւ ցանկության դեպքում վերավաճառել որևէ երրորդ երկրի։ Ղեկի փոփոխությունը պարտադիր չէ։

«Կառավարությունը չի կարող որեւէ մեկի պարտադրել։ Ընտրության տարբերակ են թողել։ Կամ ղեկը տեղափոխել, կամ վերավաճառել։ Երրորդ տարբերակով էլ առաջարկում են մեքենան վաճառել որպես պահեստամասեր։ Բայց քանի որ պետությունը չի ցանկանում, որ սա շարունակական բնույթ ունենա, նախագծով վերջնաժամկետ է սահմանվել 2019 թ մարտի 1-ը։ Սա մինչեւ 2019 թ մարտի 1-ը ներկրված, Հայաստան մտած մեքենաներին է վերաբերում։

Թեեւ լավագույն լուծումները չեն սրանք, բայց այն մարդկանց համար, ովքեր մաքսակետում աջ ղեկով մեքենաներ ունեն կայանած եւ չեն կարողանում մաքսազերծել, նրանց համար սա որոշակի լուծում է։ Նոր օրենքի մշակման վրա ժամանակ եւ ռեսուրսներ ծախսելու իմաստ չեմ տեսնում, որովհետեւ այն միայն մի քանի ամսվա կյանք էր ունենալու։ 2019 թ ԵԱՏՄ-ն, միեւնույն է, արգելելու էր աջ ղեկով մեքենաների ներմուծումը։ Հետեւաբար 6 ամսվա համար ինչ-որ նոր օրենք մշակելը ռեսուրսների անարդյունավետ վատնում կլիներ, որովհետեւ այդ մարդիկ արդեն օրենքի խախտումով են մեքենաները բերել Հայաստան։ Այս դեպքում պարզապես Տրանսպորտի եւ կապի նախարարության եւ ՊԵԿ-ի կողմից այս պահին օրենքներին չհակասող խնդրի լուծում էր սա»,- նշեց ՀԿ-ի համահիմնադիրը։

«Եթե օրենքով շարժվենք, ապա այդ մեքենաները Հայաստանի սահմանը չպետք է հատեին։ Սա վարորդներին ընդառաջելու մեկ քայլ է, որպեսզի նրանք ընտրություն կատարեն։ Մինչ այս օրենքի ընդունումը նախորդ տարիներին Հայաստանում ղեկի տեղափոխություն կատարվել է։ Հիմա կարող է շարունակվել առանց օրենքի խախտման։ Այլ լուծում չի գտնվել, ուղղակի ամեն ինչ օրենքի մեջ է ներառվել»,- ասաց նա։

Ղահրամանյանին մտահոգում է նաև այն, թե ի՞նչ կլինի, եթե հաջորդ տարի, օրինակ՝ օգոստոսին, կրկին մարդիկ փորձեն ներկրել աջ ղեկով մեքենաներ, ասելով, թե տեղյակ չէին եւ այլն, եւ կրկին մեծ խմբաքանակ հայտնվի մաքսակետում։ Վերջինս շեշտում է, որ մարդիկ պետք է հասկանան, որ այլեւս վերջ, հնարավոր չի լինի աջ ղեկով մեքենա ներկրել, որովհետեւ դրա արդյունքում նախարարությունը փաստի առաջ է կանգնում։

Ղահրամանյանի ներկայացմամբ, նախարարությունում կազմակերպված քննարկումներին մասնակցող 10-15 անձինք նշել էին, որ մաքսակետում կայանած մեքենաներ ունեն, որոնք չեն կարողանում մաքսազերծել։ Նրանց մեջ եղել են եւ՛ անհատներ, եւ՛ մեքենաների ներկրմամբ զբաղվող ընկերության ներկայացուցիչներ։ Մաքսակետում կայանված աջակողմյան տեղաբաշխմամբ մեքենաների քանակը հստակ իմանալ հնարավոր չէ, քանի որ դրանց թիվը փոփոխվում է ժամ առ ժամ։