HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանում ստորագրվել է Արեւելյան գործընկերության երկրների խորհրդարանների համատեղ հետազոտական կենտրոն ստեղծելու մասին հուշագիր

Ազգային ժողովը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 7-ին շարունակվել է Արեւելյան գործընկերության երկրների խորհրդարանների գլխավոր քարտուղարների երկրորդ հանդիպումը:

Հանդիպման սկզբում նիստը վարող Վրաստանի խորհրդարանի գլխավոր քարտուղար Գիվի Միկանաձեի առաջարկով ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են 1988 թվականի աղետալի երկրաշարժի զոհերի հիշատակը:

Երեւանում կայացած հանդիպման շրջանակներում Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի խորհրդարանների գլխավոր քարտուղարները ստորագրել են Արեւելյան գործընկերության երկրների խորհրդարանների համատեղ հետազոտական կենտրոն ստեղծելու մասին հուշագիր:

Վրաստանի խորհրդարանի գլխավոր քարտուղար Գիվի Միկանաձեն, անդրադառնալով Արեւելյան գործընկերության երկրների խորհրդարանների հետազոտական ցանցի ստեղծմանը, տեղեկացրել է, որ այն հնարավորություն կընձեռի գործընկերների հետ սեղմ ժամկետներում փոխանակվել ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող տեղեկություններով, գաղափարներով, լավագույն փորձով ու գիտելիքներով: Բացի այդ, հարթակը հնարավորություն կընձեռի հավաքագրել եւ տարածել խորհրդարանների կողմից իրականացվող հետազոտությունները, համագործակցել ինչպես Եվրոպական խորհրդարանի կողմից ստեղծված, այնպես էլ այլ ցանցերի հետ: Զեկուցողի խոսքով՝ ցանցի միջոցով կընտրվեն թեմաներ եւ ծրագրեր, որոնք կիրականացվեն տարածաշրջանային մակարդակով:

Մոլդովայի խորհրդարանի գլխավոր քարտուղար Ալա Պոպեսկուն ներկայացրել է Միջխորհրդարանական հետազոտական հարթակի գործունեության մասին աշխատակարգի նախագիծը, որը մշակվել է Մոլդովայի խորհրդարանի քարտուղարության  կողմից եւ   ներառում է ցանցի աշխատանքային  սկզբունքները:

Ուկրաինայի խորհրդարանի գլխավոր  քարտուղար Պետրո Բոդնարը նշել է, որ  Երեւանյան լրացումներով ստեղծվող գիտահետազոտական կենտրոնը լրացուցիչ ծառայություն է՝ ուղղված Արեւելյան գործընկերության երկրների խորհրդարանների աշխատակազմերի  եւ օրենսդիր մարմինների գործունեության արդյունավետության բարձրացմանը:

ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը, ամփոփելով Արեւելյան գործընկերության երկրների խորհրդարանների գլխավոր քարտուղարների երկրորդ հանդիպումը, շնորհակալություն է հայտնել ներկաներին՝ մասնակցության եւ արդյունավետ աշխատանքի համար:

Արա Սաղաթելյանը կարեւորել է հուշագրի ստորագրումը՝ նշելով, որ կառույցը հնարավորություն կտա արդյունավետ եւ արագ կազմակերպել տեղեկատվության փոխանակումն ու շահագրգիռ կողմերին ներկայացնել աշխատակազմերի կառավարման եւ պատգամավորների պատշաճ սպասարկման հետ կապված փորձն ու հմտությունները:

ՀՀ ԱԺ գլխավոր քարտուղարի փոխանցմամբ՝ հետազոտական կենտրոնի աշխատանքները համակարգելու եւ գործընկերների հետ մշտական կապն ապահովելու նպատակով կլինեն առանձին ներկայացուցչություններ ստորագրող կողմերից յուրաքանչյուրի խորհրդարանում, ինչպես նաեւ  կձեւավորվի համապատասխան տեխնիկական բազա, որն առավել արդյունավետ պայմաններ կընձեռի գործընկերներին մեթոդական օժանդակություն ցուցաբերելու համար:

Արա Սաղաթելյանը տեղեկացրել է, որ Արեւելյան գործընկերության երկրների խորհրդարանների գլխավոր քարտուղարների հաջորդ հանդիպումը կկայանա  2019 թվականի  մայիսին՝ Ուկրաինայի Լվով քաղաքում: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter