HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ականատես» դիտորդական առաքելությունն ամփոփել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական փուլը

«Ականատես» դիտորդական առաքելության մամուլի հաղորդագրությունը արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական փուլի արդյունքների ամփոփման վերաբերյալ

2018թ. դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական փուլն ընդհանուր առմամբ ընթացել է ազատ, մրցակցային և խաղաղ ընտրապայքարի պայմաններում, ինչն էապես տարբերվում է նախորդ տարիների համապետական ընտրությունների նույն ժամանակահատվածից: Արձանագրվել է լրջագույն առաջընթաց՝ վարչական ռեսուրսների չարաշահման և ընտրողների կամարտահայտման վրա ճնշումների նվազման առումով:

Ընտրությունների կազմակերպման գործընթացներն ընդհանուր առմամբ ընթանում են մշակված և սահուն ընթացակարգերով: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի  գործունեությունն, ընդհանուր առմամբ, թափանցիկ է, բայց որոշ տեղեկություններ չեն հրապարակվում «բաց տվյալներ» ձևաչափով, դրանց հրապարակումը կարող էր նպաստել հանրային վերահսկողության բարելավմանը: ԿԸՀ նիստերի ընթացքում քննարկումներ տեղի չեն ունենցել, բոլոր որոշումներն ընդունվել են միաձայն, ինչը խնդրահարույց է: Դիտորդական կազմակերպությունների հավատարմագրման ընթացակարգերը և պրակտիկան ունեն բազմաթիվ թերություններ, որոնք մի կողմից ստեղծում են խոչընդոտներ կազմակերպությունների համար, իսկ մյուս կողմից՝ չի ապահովում ԿԸՀ համապատասխան վարչարարության արդյունավետությունը: ԿԸՀ-ն պատշաճ չի իրականացնում իր գործառույթները և չի բացառում քաղաքականապես կողմնորոշված դիտորդական խմբերի ներգրավումը՝ դրանով վտանգելով անկախ և անկողմնակալ դիտորդության ինստիտուտը:

Տարածքային ընտրական հանձնաժողովները գործունեությունը բավարար պրոֆեսիոնալ չէ: Տըհ-ները նաև զրկված են ժամանակակից տեխնիկական միջոցներից, ինչը չի նպաստում դրանց արդյունավետությանն ու հետագա կատարելագործմանը: Տեղամասային հանձնաժողովների վերաատրաստումն ընդհանուր առմամբ բավարար է, թեև ՀՀ օրենսդրությամբ սահմանված խրթին ընտրական գործընթացները հաշվի առնելով, դրանց համար հատկացված ժամանակը բավարար չէր հանձնաժողովի նոր անդամներին պատշաճ նախապատրաստելու համար:

Նախընտրական քարոզչության ժամանակահատվածից դուրս քարոզչության կարգավորման բացակայությունը ստեղծում է անհավասար մրցակցային պայմաններ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի համար:

Նախընտրական քարոզչական նյութերի տարածման ընթացքում կուսակցություններն / կուսակցությունների դաշինքներն ու թեկնածուները ամբողջովին անտեսել են օրենքով նախատեսված կանոնները: Քարոզչության համար սահմանված կանոնները պատշաճ չեն վերահսկվում իրավասու մարմինների կողմից և չեն ձեռնարկվում անհրաժեշտ միջոցներ խախտումները վերացնելու ուղղությամբ՝ ձախողելով ապահովել պատշաճ մրցակցությունը:

Ընտրակաշառքի և «բարեգործության» պրակտիկան համարյա վերացվել է՝ չնայած եղել են առանձին դեպքեր ու ահազանգեր այդ առնչությամբ:

Վարչական ռեսուրսի չարաշահման դեպքերի քանակը և տարածումը եղել են զգալիորեն ավելի փոքր 2017թ. խորհրդարանական ընտրությունների համեմատությամբ: Առհասարակ, տվյալ կոնցեպտի վերաբերյալ առկա են հանրային պաշտոնյաների ոչ լիարժեք ընկալման խնդիրներ:

Նախընտրական քարոզչությունը նշանավորվել է Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ կազմակերպվող նախընտրական, ուղիղ եթերով հեռարձակվող մրցակից քաղաքական ուժերի բանավեճով: Լրատվամիջոցների կենտրոնացումը հիմնականում երկու քաղաքական ուժերի միջև տեղի ունեցող ընտրամարտի վրա հետին պլան է մղել կուսակցությունների ծրագրերը և դրանց մեջ Հայաստանի քաղաքացիների տարբեր խնդիրների վերաբերյալ առաջարկները: Անհանգստացնող են քարոզչության ընթացքում բազմիցս հնչող վիրավորական արտահայտությունները, սպառնալիքներն ու ատելության խոսքը, ինչը չի կարող նպաստել քաղաքակիրթ քաղաքական մշակույթի ձևավորմանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter