HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ի՞նչ է Ոստիկանությունը պահանջում NEWS.am–ից

Այսօր NEWS.am–ի խմբագիր Արմենիկա Կիվիրյանն իր ֆեյսբուքյան էջում հայտարարել էր, որ ոստիկանությունը եկել է իրենց խմբագրություն: Խմբագիրը, սակայն, չէր մեկնաբանել պատճառները: Դրանից հետո ոստիկանությունը հայտարարություն տարածեց` հայտնելով, որ ոստիկանության ՔՀԳՎ-ի աշխատակիցը միայնակ այցելել է news.am-ի խմբագրություն` ՀՀ գլխավոր դատախազությունից փոխանցված տեղեկության հիման վրա պատրաստված գրությունը հանձնելու:

«Խմբագրությունում նա օրենքով սահմանված կարգով ներկայացել է, գլխավոր խմբագրին հայտնել իր այցի նպատակը ու հանձնել թղթերը: Խմբագիրը բովանդակությանը ծանոթանալուց հետո ասել է, որ կխոսի իր իրավաբանի հետ: Վերջինիս հետ հեռախոսային խոսակցությունից հետո հրաժարվել է վերցնել թուղթը: Ոստիկանության ծառայողի բացատրությունից հետո, որ, միևնույն է, փոստով ուղարկելու է գրությունը, խմբագիրը նորից է զանգահարել իրավաբանին: Իրավաբանները եկել են խմբագրություն, ծանոթացել գրությանը, ինչից հետո գլխավոր խմբագիրը ստորագրել է ոստիկանի օրինակը ու վերցրել գրության իր օրինակը: Ոստիկանության ծառայողը դուրս է եկել խմբագրությունից ու հեռացել:
Ավելացնենք միայն՝ կախման կետերով, անորոշ հայտարարություն տարածելով, ոստիկանության լրատվության վարչության զանգերը անտեսելով, լրատվամիջոցների հարցերին խորհրդավոր լռությամբ «պատասխանելով» չարժեր, անիմաստ աղմուկ բարձրացնել` ի սկզբանե իմանալով, որ տեղի ունեցածը «իրադարձություն» չէ և որևէ աղմուկի հիմք դառնալ չի կարող:
Ի դեպ, նշված գրությունը փոխանցվել է նաև այլ լրատվամիջոցի»,-հշված է ոստիկանության հաղորդագրության մեջ: 

Քիչ առաջ էլ news.am գործակալությունն է հայտարարություն տարածել. 

«Նախընտրական քարոզարշավի շրջանակում NEWS.am–ը հրապարակել է տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների ֆեյսբուքյան ուղիղ միացումները  և գրառումները` նպատակ ունենալով ապահովել ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերի` հավասար պայմաններում լուսաբանվելու հնարավորությունը։  

Այսպես, հրապարակվել են նաև ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ուղիղ միացումները, այդ թվում` «Արդեն սկսել են մարդիկ փնտրել, որոնք ցուցմունք կտան մեր թեկնածուների դեմ. Շարմազանովն անուն տվեց»  և «ՀՀԿ-ի աջակիցներին հրավիրում են ոստիկանություն՝ բացատրական զրույցների․ Շարմազանով»  վերտառությամբ տեղեկությունները։

Դեկտեմբերի 7–ի երեկոյան NEWS.am–ի խմբագրություն է այցելել Հայաստանի Հանրապետության Ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության ներկայացուցիչը և պահանջել տրամադրել վերոնշյալ հրապարակումների բովանդակությունը հաստատող ապացույցներ։

Փաստաբանների միջամտությունից հետո ոստիկանության աշխատակիցը NEWS.am–ին հանձնել է երկու գրություն, որոնցում մեջբերված են վերոնշյալ հրապարակումները և խնդրում են տրամադրել «վերոգրյալը հաստատող կոնկրետ կամ լրացուցիչ այլ փաստեր»։

Ոստիկանության աշխատակիցը հայտնել է նաև, որ սա իր վերջին այցը չէ, և այսուհետ պարբերաբար տարբեր հրապարակումների հետ կապված այցելելու են խմբագրություն` պահանջելով նմանատիպ ապացույցներ։ Ոստիկանության աշխատակցի այցի վերաբերյալ գլխավոր խմբագրի ֆեյսբուքյան էջում համապատասխան գրառումից հետո խմբագրություն է այցելել Ոստիկանության Շենգավիթի բաժնի երկու աշխատակից` փորձելով վստահեցնել, որ իրենք տեղյակ չեն` ով և ինչ նպատակով է այցելել գրասենյակ և պատճառաբանելով, թե հնարավոր է` այցելողը ոստիկանության աշխատակից չի եղել։

Նշենք, որ գրությունների բովանդակությունից ակնհայտ է, որ հարցում կատարողները գիտակցել են, որ խոսքը Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութերի սղագրության մասին է և, բնականաբար, խմբագրությունում չէին կարող լինել «վերոգրյալը հաստատող կոնկրետ կամ լրացուցիչ այլ փաստեր», կամ, ինչպես բանավոր են ներկայացվել` ապացույցներ։

Ընտրություններից երկու օր առաջ լրատվական գործակալության խմբագրություն կատարած նման այցը, պարբերաբար վերադառնալու «սպառնալիքները» ոչ այլ ինչ են, եթե ոչ առնվազն փորձ` ազդելու տարածաշրջանի և Հայաստանի թիվ մեկ լրատվական գործակալության վրա` նպատակ ունենալով խոչընդոտել ընտրությունների լիարժեք և համակողմանի լուսաբանումը։

Իրեն ժողովրդավարական և իրավական պետություն հռչակած երկրում նման գործելաոճն անընդունելի է և վտանգում է երկրում խոսքի ազատությունը։

NEWS.am–ը հայտարարում է, որ ինչպես և նախկինում, այսուհետ էլ աշխատելու է իր որդեգրած գործելաոճով, այն է` հասարակությանն ապահովել անաչառ և բազմակողմանի լրատվությամբ, և թույլ չի տա իր իրավունքների որևէ ոտնահարում, ինչպես նաև իր վրա ճնշման ուղղակի և անուղղակի որևէ փորձ»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter