HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները կդիմեն նաև ՄԻԵԴ. Վճռաբեկ դատարանն արդյունավետ դատական ատյան չեն համարում

Մարտի 1-ի վերաբերյալ տեսանյութը, որում, ըստ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների, երևում է, թե ինչպես է  ցուցարարներից մեկը կրակում  ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանների ուղղությամբ, դատարանը չի հետազոտել: Այս մասին  Քոչարյանի կալանավորման որոշումից հետո հրավիրված հանդիպման  ժամանակ ասաց նրա  պաշտպաններից Հայկ Ալումյանը:

Նշենք, որ պաշտպաններն ավելի վաղ` Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ դատական նիստի օրերին, հայտնել էին, որ պատրաստվում են վերը նշված տեսանյութը ներկայացնել դատարան ու միջնորդել այն հետազոտել: Հավելենք նաև, որ այս տեսանյութը ներկայացվել էր նաև Վճռաբեկ դատարան, որտեղ ևս քննության առարկա չէր դարձել:

Պաշտպանները պատրաստվում են Վերաքննիչ դատարանի որոշումը բողոքարկել Վճռաբեկ դատարան, սակայն զուգահեռ կալանավորման հարցով դիմելու են նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

«Չենք սպասելու, մինչև մեր բողոքները քննվեն, քանի որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանը չենք համարում արդյունավետ դատական ատյան»,- ասաց Հայկ Ալումյանը:

Անդրադառնալով գործին` Քոչարյանի փաստաբան Ռուբեն Սահակյանը նշեց,  որ բոլոր նրանք, ովքեր գտնում են, որ Ռոբերտ Քոչարյանը պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության, պետք է մեկ կարևոր հարցի պատասխանեն. արդյոք 2008 թվականին քրեական օրենսգրքում եղել է այն նորմը, որով այսօր Քոչարյանը մեղադրվում է:

«ՀՔԾ պետն ասում է, որ սահմանադրական կարգը տապալելու հոդվածը, որը կար 2008 թվականին, կարող է կատարվել 4 եղանակով: Ես ուզում եմ հարց տալ՝ այ հարգելիս, Դուք կարդալ գիտե՞ք: Արդյոք 2008 թվականին Քրեական օրենսգրքում եղել է հոդված, որը կոչվել է սահմանադրական կարգը տապալելը և որը կարող է կատարվել 4 եղանակով: Եթե ինքը կբերի այդ հոդվածը, ես դիմում կգրեմ, կազատվեմ փաստաբանությունից կամ թող ինձ հեռացնեն: Այստեղ է մանիպուլյացիան. չի կարելի խաբել հասարակությանը: Քոչարյանը շատ վատն է, ինչ ուզում եք արեք իրեն, բայց մենք ուզում ենք, որ Քրեական օրենսգրքի հոդվածի տառը մեկնաբանվի այնպես, ինչպես պահանջում է օրենքը: Չի կարելի անձին մեղադրել մի արարքի մեջ, որը ժամանակին քրեորեն պատժելի չի եղել»,- հայտարարեց Ռուբեն Սահակյանը:

Նշենք, որ այն բանից հետո, երբ Քոչարյանը Վերաքննիչ դատարանի որոշմամբ` անձեռնմխելիության հիմքով ազատ էր արձակվել,  նրա նկատմամբ խափաման միջոց էր ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

Քոչարյանի պաշտպաններից  Հովհաննես Խուդոյանը նշեց, որ դատարանում քննարկման առարկա է դարձել հարցը, որ եթե  խափանման միջոցը բավարար է համարվել Քոչարյանի պատշաճ վարքն ապահովելու առումով, ապա չի կարող խոսք լինել կալանավորման մասին, և ի պատասխան իրենց այդ պնդումներին, մյուս կողմը` Դատախազությունը, հակադարձել է, որ չհեռանալու մասին ստորագրությունը մինիմալ միջոցն է, որ խոչընդոտվի Քոչարյանի հնարավոր ելքը Հայաստանի Հանրապետությունից:

Լրագրողներից մեկը հարց ուղղեց` արդյոք միտում կա Քոչարյանին խորհրդարանական ընտրություններից երկու օր առաջ կալանավորելու որոշման մեջ, և նրա խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը հայտարարեց, որ Վերաքննիչ դատարանը ուժի մեջ թողեց այն որոշումը, որն, ըստ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի միջև տեղի ունեցած հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման, «Հրաչը կամ Վաչեն ուզեր-չուզեր, պիտի կայացներ»:

Նշենք, որ ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի միջև գաղտնալսված զրույցում ԱԱԾ տնօրենն իր խոսքում մատնանշում էր «դատավոր Հրաչի» անունը, ապա մասնավորեցնում, որ խոսքը դատավորի մասին է, ով կալանքի հարցը պիտի քննի, ապա շարունակելով` նշում, թե նա վախեցած է, որ ինքն ասել է, որ գործը նայի, բայց ուզի-չուզի, պիտի կալանքը տա»:

«Այսինքն` ինչ-որ նեղ շահերից, գուցե անձնական դրդապատճառներից ելնելով է, որ ՀՀ երկրորդ նախագահին պետք է կալանավորել, ուզի-չուզի պետք է նստի, պետք է «փակել»: Մենք այնպիսի երևույթի հետ գործ ունենք, որ աննախադեպ է մեր պատմության մեջ: Այստեղ խոսքը ոչ թե միտումների, այլ խայտառակության մասին է»,- ասաց Վիկտոր Սողոմոնյանը: Վերջինս նշեց, որ ապացույցներն այն մասին, որ  դատավորների վրա ճնշումներ են եղել, հրապարակվել են:

Լրագրողներից մեկը հարց ուղղեց, թե ինչպե՞ս է ստացվում, որ դատավորների նկատմամբ ճնշումներ են եղել, սակայն Վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը Քոչարյանին ավելի վաղ անձեռնմխելիության հիմքով կալանքից ազատելու որոշում է կայացրել:

«Վերաքննիչ դատարանն ազատ արձակեց Քոչարյանին, որովհետև կարողացավ դիմակայել այդ պահին գոյություն ունեցող ճնշումներին: Դրանից հետո ճնշումները սաստկացան: Դուք հիշում եք՝ օգոստոսի 17-ին ինչեր էր ասում պարոն վարչապետը Հանրապետության հրապարակում, բացահայտ սպառնալիքներ էին հնչում դատավորների հասցեին: Բոլորի համար պարզ է, որ այդ սպառնալիքների թիրախն այն դատավորն է, ով հանդգնել է պարոն Քոչարյանին ազատ արձակել: Դուք երևի տեղյակ եք, որ կեղտոտ հայհոյանքներ էին համացանցում այդ դատավորի և նրա հարազատների հասցեին»,-  ասաց Հայկ Ալումյանը:

Նրա խոսքով այժմ գործը  հանձնվել էր այնպիսի դատավորի, որը Վերաքննիչ դատարանի դատավորներից սպառնալիքների նկատմամբ առավել խոցելիներից մեկն է:

Պաշտպաններից  Ռուբեն Սահակյանն էլ հորդորեց դատավոր Ալեքսանդր Ազարյանին չհամեմատել Քոչարյանի կալանքի որոշումը կայացրած առաջին ատյանի դատարանի դատավորի հետ:

«Չհամեմատեք դատավոր Ալեքսանդր Ազարյանին դատավոր Հրաչիկ-Վաչիկի հետ»,- ասաց Սահակյանն ու առաջարկեց նրանց վարկանիշների մասին պատկերացում կազմելու համար մուտք գործել Help court ու տեսնել, թե այդ դատավորներից ով որ տեղում է գտնվում՝ ըստ վարկանիշի:

Լրագրողներից  մեկը հարց ուղղեց, թե արդյոք Քոչարյանի նախագահության ժամանակ ճնշումներ չե՞ն եղել դատարանների նկատմամբ: Ի պատասխան Ռուբեն Սահակյանը նշեց, որ իր համոզմամբ՝ եղել են, սակայն այդ ճնշումներն այսօր ավելի ուժեղ են:

Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով 2018 թվականի հուլիսի 26-ին Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Առաջին ատյանի դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրել կալանավորումը, սակայն Վերաքննիչ դատարանի որոշումից հետո Քոչարյանն ազատ էր արձակվել:

Վճռաբեկ դատարանը նոյեմբերի 15-ին բեկանել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը, և գործն ուղարկվել է նույն դատարան՝ նոր քննության: Նոյեմբերի 27-ից Վերաքննիչ դատարանը, նախագահությամբ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի, սկսել էր Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննությունն ու դեկտեմբերի 4-ին հեռացել խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու:  Այսօր դատարանը որոշել է մերժել առաջին ատյանի դատարանի՝ Քոչարյանին կալանավորելու որոշման դեմ պաշտպանների բողոքը:  Դատարանի այս որոշումից հետո Քոչարյանը ներկայացել է Ազգային անվտանգության ծառայություն, և այժմ արդեն կալանավորված է, գտնվում է ԱԱԾ մեկուսարանում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter