HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

«Որևէ մեկը չփորձի ոչ իմ անունից, ոչ մարզպետարանի, ոչ էլ իր պաշտոնական լիազորությունները չարաշահելով` որևէ մեկին ուղղորդել»

Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը չի պատրաստվում խառնվել ընտրական գործընթացներին, սակայն չի բացառվում, որ այդ օրը լինի մարզպետարանում, շրջի մարզում: «Մարզում խնդիրները շատ-շատ են, և եթե ես չաշխատեմ շաբաթ-կիրակի օրերին, իսկ ես կուզենամ, որ չաշխատեմ այդ օրերին, հավատացած եղեք, որ դանդաղ ենք առաջ գնալու», - ասում է մարզպետը:

Նա տեղեկացրեց, որ քարոզարշավի ժամանակահատվածում ունեցել է մարզխորհրդի նիստ համայնքապետերի մասնակցությամբ, առանձին խորհրդակցություններ մարզպետարանի բոլոր խորհուրդների հետ, բուժաշխատակիցների, դպրոցի տնօրենների, մարզպետարանի աշխատակազմի հետ: «Հստակ մի հրահանգ է եղել իմ կողմից: Որևէ մեկը չփորձի ոչ իմ անունից, ոչ մարզպետարանի, ոչ էլ իր պաշտոնական լիազորությունները չարաշահելով՝ որևէ մեկին ուղղորդել: Անաչառությունը պահելու և հետագայում շահարկման թեմա չդառնալու համար հստակ ասել եմ, որ իմ դիրքորոշումը կհայտնեմ դեկտեմբերի 9-ին քվեաթերթիկով:  Շատ մարդիկ կան, որ մինչև հիմա չգիտեն, թե ես ում եմ ընտրելու», - ասում է մարզպետ Համբարձում Մաթևոսյանը:

Նրա խոսքերով՝ ընտրությունները մարզպետի լիազորությունների մեջ մտնում են այնքանով, որ համագործակցելով համայնքապետարանների, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հետ՝ տեխնիկական հարցեր կարողանա կարգավորել, օրինակ՝ ընտրատեղամասերի կահավորում և այլն: Ընտրությունների մասին որևէ այլ խոսակցություն լինել չի կարող:

«Նույնիսկ իմ ընկեր թեկնածուների հետ հանդիպումներ չեմ ունեցել, որպեսզի դարձյալ շահարկում չլինի», - ասում է Համբարձում Մաթևոսյանը:

Հարցին, թե շարունակելու է պաշտոնավարել Ազգային ժողովի ընտրություններից հետո, Համբարձում Մաթևոսյանը դրական պատասխան տվեց: Նշեց, թե որոշ անձինք արդեն իրեն հեռացնում, այլ տեղ են «նշանակում», նման լուրեր են տարածում, սակայն ինքը կպաշտոնավարի այնքան, ինչքան կորոշի լիազոր մարմինը՝ կառավարությունը: «Եկել եմ աշխատելու և աշխատելու եմ երկարաժամկետ»,-հավելեց Արմավիրի մարզպետը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter