HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոչ մի օրենք չի կարող մարդուն արգելել Մարդ մնալ

Մհեր Ենոքյան

«Հետքի» թղթակիցը Նուբարաշեն բանտից

11 տարի չգործած սպանության համար բանտում անցկացրած, բանտում իրավաբանություն սովորած ու ի վերջո, արդարացված անգլիացի Մայքլ Օբրայենը, որը մի քանի տարի առաջ Երևանում էր, պատմում էր իր ազատման օրվա մասին: Ծննդյան տոների նախօրեն է եղել, երբ դուրս է եկել բանտից, բազմաթիվ մարդիկ փողոցում մոտեցել ու շնորհավորել են իրեն: Ասում էր՝ չգիտեի, որ այդքան մարդ գիտի իմ պատմության մասին: Այստեղ նստած՝ ես էլ չեմ պատկերացնում, թե որքան մարդիկ են սպասում ազատության ու արդարության մասին լուրին: Բայց երբ կարդում եմ քաղաքացիների գրառումները, հասկանում եմ՝ մենակ չեմ այլևս իմ պայքարում: Շնորհակալություն Ձեզ՝ ծանոթ ու անծանոթ բարեկամներ՝ Ձեր ոգեշնչող նամակների համար: Հիմանակում անձամբ չեմ ճանաչում Ձեզ, բայց շատ կուզեմ անձամբ սեղմել Ձեր ձեռքն ազատության մեջ:

Այս անգամ կանգ կառնեմ մի գրառման վրա, որտեղ կարդացի մի ծանոթ անուն՝ Մանուկ Սահակյանի անունը: Նրա դուստրն էր գրել՝ հոր անունն անցյալ ժամանակով հիշատակելով: Գրել էր, որ հայրը միշտ էլ ցանկացել է ինձ ազատ տեսնել: Մանուկ Սահակյանն այն Մարդ-պաշտոնյան էր, ով օգնեց ինձ գոյատևել դժոխային տարիներին: Պարզվեց՝ նա մահացել է, ողորմի իրեն: Բայց նրա Մարդ լինելու մասին պատմությունները մնացել են իմ հիշողության մեջ:

Երբ ինձ նոր էին բերել կլոր բանտ, 20-ամյա երիտասարդ լինելով, բանտի հետ երբևէ առնչություն չունենալով՝ փորձում էի ծանոթանալ այստեղի չգրված օրենքներին: Դրանցից մեկի համաձայն` բանտում հայտնված քաղաքացուն, անկախ նրանից մեղադրանքը հետագայում կապացուցվի, թե ոչ, եթե բանտի աշխատակցի թուրը կտրում էր, գոնե մի հատ ապտակ էր փորձում հասցնել: Լավ հիշում եմ, թե ինչ անմարդկային ձևով էին ծեծում մի երիտասարդի, ով կասկածվում էր մի քանի մեքենա գողանալու մեջ: Երբ կարանտին կոչված ընդհանուր խցից կալանավորներին տեղաբաշխում էին, ինձ տեղափոխեցին 3-րդ հարկի 52 խուց: Մոտ 15 մարդ կար`18-70 տարեկան տղամարդիկ: Առավոտյան ասացին, որ ստուգման ժամանակ, երբ ռեժիմնիկը հսկիչների հետ ներս մտնի, ես հեռու կանգնեմ, աչքի չընկնեմ: Իսկ թե ինչու, բախտակիցներիցս ամենաերկար նստողն ասաց.

- Ռեժիմնիկը մարդակերի մեկն ա, հենց թազա մարդ ա տեսնում, պարտադիր գոնե մի քանի անգամ խփում ա, բայց, որ հեռու կանգնես, կարող ա բախտդ բերի`չնկատի:
Բախտս չբերեց:

- Էս էրեխեն ո՞վ ա`թազա մարդ ենք ստացել,-ասելով դեպի ինձ շարժվեց բոյով, ամուր կազմվածքով մոտ 45 տարեկան ռեժիմնիկը:
Մտածում էի`աջի՞ց կգա հարվածը, թե՞ ձախից, որ հասցնեմ պաշտպանվել: Հասցրեցի, նպատակակետին չհասավ հարվածը, ինչից ավելի կատաղեց:

- Հլը սրան նայի, դիմադրում ա`բլոկ ա դնում,-ասաց ռեժիմնիկը ու ջղայնացած դիմեց խցակիցներիս,- չե՞ք սովորացրել ձևերը, որ հանգիստ կանգնի:
Նորից`ձախ, աջ, ասես, բոքսի ռինգ լիներ, բայց ոչ մեկը չէր հասնում դեմքիս: Էլ ավելի կատաղեց ու… մի հատ բաց թողեցի`ուղիղ աչքիս տակ: Ասես, հարգելով մարտական դիմադրությունս` դրանով բավարարվեց - գնաց:

Հաջորդ օրը խցից ինձ տարան ինչ-որ աշխատասենյակ, որտեղ սեղանի մոտ նստած էր 50-ին մոտ, ամրակազմ, ամբողջությամբ ճաղատ գլխով, պաշտոնական տեսքով մի մարդ:

- Նստի՛, ո՞նց ես,- հարցրեց:
- Նորմալ,- ասացի ես:
- Սահակյան Մանուկ`սմենի պետն եմ,- ներկայացավ նա:
Բանտում կան 4 հերթափոխի (սմենի) պետեր, այսինքն`4 օրերի է բաժանված հերթը, և ամեն օր ունի իր անձնակազմը`հերթափոխի պետի գլխավորությամբ: Կարելի է ասել, որ բանտի պետի բացակայության պարագայում, հերթափոխի պետը բանտի տերն ու տիրակալն է:

- Բա էդ աչքիդ տակ ինչի՞ ա կապտած, - հարցրեց սմենի պետ Սահակյանը:
- Ոտս պլստաց`ընկնելուց`դռանն եմ կպել, - պատասխանեցի ես:
- Դռան անունն էլ «ռեժիմնիկ» ա, չէ՞,-ժպտաց նա,- կասեմ քեզանից հեռու մնա:
Հսկիչը սուրճ ու թխվածք բերեց Սահակյանի ու իմ համար: Նկատեց, որ մտքերի մեջ եմ.

- Պապայիդ ընկերն եմ, իմացի մեջքիդ կանգնած եմ:
Դրանից հետո ռեժիմնիկը շատ բարեհամբույր էր, ինչը հնարավորություն տվեց ճանաչելու նաև նրա մարդկային կողմերը:

Երբ նոյեմբերի 29-ին դատավորը կայացրեց անօրեն մահապատժի դատավճիռը, ինձ տարան Գերագույն դատարանի մի առանձին խուց: Գիտեի, որ տանելու են կլոր բանտի 5-րդ հարկի մահապատժականների բաժին, որի մասին ինչ դաժան պատմություններ ասես, որ չէի լսել, բացի այդ, չկար համոզվածություն, որ գնդակահարությունն ի կատար չի ածվում Հայաստանում: Հոգիս ու միտքս խառնաշփոթի մեջ էին, ու հանկարծ կամաց բացվեց խցի դուռը`համազգեստով մի մարդ երևաց, մոտեցավ ինձ, շշուկով ասաց.

- Սահակյան Մանուկը բան ա կազմակերպել, բայց հանկարծ ոչ մեկի դրա մասին չասես, մի 5 րոպեից կգամ…
Մտքերի մեջ ընկա, չգիտեի, թե ինչ մտածեմ …

Արդեն բոլոր կալանավորներին նստացրել էին «վորոնյոկների» մեջ, որ ետ տանեն բանտ, զգացվում էր, որ Գերագույն դատարանի շենքում շարժը դադարել էր: Լռություն: Խցի դուռը բացվեց ու համազգեստով մարդն էր.

- Արի՛:
Առանց ձեռնաշղթաների ինձ ուղեկցեց հենց այն նույն մեծ դահլիճը, որտեղ քիչ առաջ առաջ հնչել էր մահվան դատավճիռը: Ներս մտա, իսկ ինքը հետևիցս փակեց դուռը: Մեծ դահլիճում մնացի մենակ կանգնած: Մոտեցա լուսամուտներին`դուրս նայեցի, դահլիճի հակառակ կողմի`ազատ քաղաքացիների համար նախատեսված դուռը բաց էր… մի պահ մտածեցի փախչելու մասին, առաջին անգամ էր, որ նման միտք առաջացավ, բայց… այդ պահին դռնից ներս մտավ հայրս: Հոգիս տակն ու վրա եղավ: Տեսակցություններն արգելված էին. դժոխք ընկնելուց ի վեր՝ 4 ամիս հանդիպում չէր եղել: Արագ իրար մոտեցանք, գրկախառնվեցինք, չկարողացա զսպել արցունքներս, հայրս էլ: Խոսքեր համարյա չեղան, միայն մեկ-երկու բառ:

- Պինդ եղի…
- Դու էլ…
Պինդ լինելու մասին հորս խոսքերը հիշում եմ մինչև հիմա: Հայրս էլ պայքարեց մինչև վերջ, որքան կարողացավ: Ափսոս, որ ազատվելուցս արդեն չի կարողանա դիմավորել, բայց երկնքում կուրախանա: Չնայած այս տարիներին երկու անգամ ազատության մեջ՝ փախած ժամանակ հանդիպել ենք, բայց այս մասին մի ուրիշ անգամ կպատմեմ:

Սահակյան Մանուկը նույնպես չկա, ինչպես իմացա դստեր գրառումից, բայց կարևորը այն բարի հիշողություններն են, որոնք նա թողել է: Մահապատժի սովի ու անմարդկային պայմանների տարիներին հենց հերթափոխի պետ Սահակյան Մանուկի միջոցով էր, որ հարազատներս կարողանում էին սնունդ ու գրքեր փոխանցել ինձ, ինչն արգելված էր:

Ոչ մի օրենք չի կարող մարդուն արգելել Մարդ մնալ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter