«Մեր գյուղի տեղը որտեղի՞ց գիտեիք»
Օրեր առաջ այս զարմացական արտահայտությամբ դիմավորեցին մեզ համայնքապետարանի շեմքին կանգնած Զովաշեն գյուղի ղեկավարն ու իր համագյուղացին: Նրանց առավել զարմացրեց մեր պատասխանը, որ մենք Զովաշենի ճանապարհը գիտեինք 9 տարի առաջ: Անսպասելի պատասխանից ժպիտը սառեց Զովաշենի համայնքապետ Սեդրակ Սաֆարյանի դեմքին եւ նա մի քիչ նեղացկոտ, մի քիչ սպառնալից տոնով հարցրեց. «Էդ դո՞ւք էիք գրել, որ Զովաշենի աղջիկները գյուղում հարս գնալ չեն ուզում, «Վաշինգտոն փոստ»-ում էլ արտատպել էին»:
Ավելի ուշ մտաբերեցինք, որ համայնքի ղեկավարին զայրացրած արտահայտությունը՝ «Զովաշենի աղջիկներն էլ գյուղում հարս գնալ չեն ուզում, համայնքից դուրս ամուսնանալու միջոցով են փորձում դուրս պրծնել ծուղակից», իրոք, «Հետքի» 2003 թ.-ի հրապարակումից էր: Ս. Սաֆարյանը չէր մոռացել նաեւ համայնքապետարանի նախկին քարտուղարուհու՝ իրենց դաժան առօրյայի նկարագրություը եզրափակող արտահայտությունը՝ «անիծված տեղ է, ոչ մի հեռանկար չկա»:
Այս ամենը սակայն 9 տարի առաջ էր եւ մեզ հետաքրքրում էր, թե ինչ է փոխվել համայնքում վերջին տարիներին, որը կարող էր փոխել զովաշենցի հարսնացուների գյուղից հեռանալու մտադրությունը: Սակայն գյուղում լռություն էր:
Փողոցները դատարկ էին, ո՛չ շների հաչոց, ո՛չ կովերի բառաչ, ո՛չ աքլորի կանչ, և եթե ծխնելույզներից երկինք բարձրացող ծուխը չլիներ, կթվար, թե շենում շունչ չկա: Կոտայքի մարզի բարձրլեռնային գոտում գտնվող Զովաշենը կարծես կուչ է եկել ցուրտ ձմռան խստասրտությունից, պարփակվել ինքն իր մեջ՝ հեռավոր գարնան ջերմացնող արևի սպասումով:
Ձմեռն այստեղ երկար է տևում, շուրջ յոթ ամիս: Անցյալ դարակեսին կառուցված հողաշեն միահարկ ու նեղլիկ պատուհաններով տները վկայում են, որ ժամանակն այստեղ այսօր էլ ծանր ու դժվար քայլերով է առաջ գնում: Գյուղում արդիականության հետ առնչության միակ վկայությունը տների կտուրներին ամրացված ալեհավաքներն են:
Ալեհավաքները, ինչպես պարզվեց համայնքապետարանի նվերն է զովաշենցիներին: Սեդրակ Սաֆարյանը բացատրում է, որ տարիներ առաջ գյուղում միայն «Հ1»-ի հաղորդումներն էին դիտում Սեւանի հաղորդիչից, որը վատ էր հաղորդում: Գյուղացիների դժգոհությանն ընդառաջելով մոտ 5 տարի առաջ նոր հաղորդիչ են տեղադրել գյուղում, բայց այս անգամ էլ հաղորդիչի հզորությունից բարձրացած աղմուկն է խանգարել:
«Մենք էլ ավագանու հետ որոշեցինք ամեն տանը մի ալեհավաք առնենք, ով ինչ ուզում է, թող նայի»,- բացատրում է համայնքի ղեկավարը:
1991 թ.-ից գյուղի ղեկավարումն ստանձնած համայնքապետը, ով փաստորեն Զովաշենի վերջին 20 տարվա կենսագիրն ու պատասխանատուն է, մեր հարցին, թե ի՞նչ է փոխվել վերջին տարիներին համայնքում, ասում է, որ հաճախ է հիշում «Գտնված երազ» մուլտֆիլմը, որի ծերացած հերոսն ասում է. «Իմ կյանքում ոչինչ չի փոխվում»: «Չէ, մեր համայնքում փոխվում է»,- հաստատակամ ասում է համայնքի ղեկավարը:
Նման չնչին գումարներով իհարկե, «մեծ թռիչքներ» հնարավոր չէ գործել, բայց փոքրաթիվ բնակչություն ունեցող համայնքներում կարծես գտել են ունեցած բյուջեն առավել նպատակային օգտագործելու եղանակները: Տարեկան 6 մլն դրամ բյուջեից արված խնայողություններով աշխատում են 3 տարին մեկ անգամ մի գործ կատարել:
Համայնքապետը գոհունակությամբ թվարկում է կատարված աշխատանքը. գյուղը գազիֆիկացվել է, որը փոխել է գյուղացիների կենցաղավարությունը, փողոցային լուսավորությունն են վերականգնել, 2004 թ. բուժամբուլատորիա է կառուցվել, համայնքի 15% ներդրումով ու Սոցներդրումների հիմնադրամի աջակցությամբ խմելաջրի խողովակների ներքին ցանցն է փոխվել:
«Հիմա չեմ կարող ասել, թե ջուր ունենք, մեր ջուրը 27 կմ հեռավորությունից է գալիս, իսկ խողովակաշարը 50-ականների սկզբներին է կառուցվել: Ամռանը, երբ աղբյուրում ջրի ծավալը քչանում է, ջուրը չի բավականացնում ջրագծից օգտվող հինգ գյուղերին»,- ասում է համայնքի ղեկավարը:
Նախատեսում են օրվա կարգավորիչ ջրամբար կառուցել, որը կօգնի առավել ռացիոնալ օգտագործել ջուրը և որ ոչ պակաս կարևոր է՝ այն քլորացվի: Սակայն բնակչությանը ջրով ապահովելու գերակա խնդիրը մի ծրագրից մյուսին է փոխանցվում ու կրկին ամրագրվել է համայնքի 2008-2012թթ. քառամյա ռազմավարական ծրագրում:
Քանի որ ջրամբարի կառուցումը ներկայումս իրատեսական չէ ներդրող չգտնելու պատճառով, համայնքապետը կարծում է, որ քառամյա ծրագրում տեղ գտած խնդիրներից լուծելու հավանականություն ունեն համայնքապետարանի վերանորոգումը, թերեւս նաեւ մարզահրապարակի կառուցումը:
«Այդ էլ եթե չկարողացանք, անպայման կաշխատեմ, որ համայնքը հանդիսությունների սրահ ունենա»,- նշում է համայնքի ղեկավարը:
Զովաշենում նույնպես, ինչպեսեւ հարեւան Հատիսում, բնակչության հիմնական զբաղվածությունը անասնապահությունն է: Խոշոր ֆերմեր ասվածը այստեղ հարաբերական հասկացություն է, բոլորն էլ իրենց ֆերմեր են համարում: Յուրաքանչյուր տուն միջին հաշվով 10 խոշոր է պահում, 2 հոգի մինչև 50 գլուխ ունեն: Կաթնամթերքը հանձնում են «Մուլտի-Ագրո» ընկերությանը: «Պայմաննե՞րը, չգիտեմ, երեւի լավ է, չեմ կարող ասել, բերում գումարը տալիս են՝ ինչ տալիս են՝ տալիս: Եթե դա էլ չլիներ՝ անասնագլխաքանակը կպակասեր, իսկ անցյալ տարվա համեմատությամբ 20 գլուխ խոշորը ավելացել է»,- պատասխանից խուսափելով վրա բերեց Սեդրակ Սաֆարյանը:
Կառավարության՝ գյուղերին հատկացվող հացահատիկի սերմացուի ծրագրին Զովաշենն էլ է մասնակցել: Աշնանացան գարու բերքատվությունից գոհ բնակչությունը ցորենի արտերն էլ անմշակ չի թողել, եւ բարձր բերքատվության հույս ունի:
Համայնքի 6 մլն դրամանոց բյուջեում 2,5 մլ-նն է սեփական եկամուտները, իսկ դոտացիան՝ 3,5 մլն դրամ է կազմում: Ընդ որում, ինչպես Ս. Սաֆարյանն է ասում, հողերի վարձակալական վճարներից մուտքերն ավելին են, քան հողի հարկն ու գույքահարկը միասին վերցրած:
Համայնքի 150 հա վարելահողերից 130 հա-ը վարձակալել են գյուղի բնակիչները, 930 հա արոտավայրերից չի օգտագործվում 200 հա-ը, որովհետև շրջապատված է վարելահողերով: Անբարենպաստ պայմանների պատճառով չեն օգտագործվում նաև Հատիս սարի վրա գտնվող վարելահողերը:
«Գյուղին մերձակա արոտավայրերն էլ ենք վարձակալության տալիս գյուղացիներին: Երևի կասեք, որ դաժան եմ, չէ՞»,- ասում է համայնքի ղեկավարը, ապա արդարանում, որ հանգամանքների բերումով է տարիներ առաջ դիմել այդ քայլին, այնուհետեւ գյուղացիների մոտ արմատավորվել է, որ համայնքային հողերն օգտագործելու համար պետք է վճարեն:
Այսքանով թերեւս ավարտվում են գյուղի բարեկեցության մասին համայնքի ղեկավարի լավատեսական պատմությունները: Նա թեպետ չի խոստովանում, որ գյուղում արտագաղթ կա, սակայն այն փաստը, որ իր իսկ ասելով 191 բնակիչ է հաշվառված գյուղում, գյուղի ութամյա դպրոցում ներկայումս 10 աշակերտ է սովորում, այս տարի էլ դպրոցը առաջին դասարանցի չի ունեցել (նախկինում ևս նման տարիներ եղել են), 2-րդ դասարանում 2 աշակերտ է սովորում, երրորդում՝ 1, 4-ում՝ 1, 5 եւ 6-րդ դասարաններում աշակերտ չունեն, մնացյալ 6 աշակերտները բաշխված են 7 եւ 8-րդ դասարաններում:
Համեմատության համար նշենք, որ 2003 թ. դարձյալ համայնքապետ Սեդրակ Սաֆարյանի մեզ տրամադրած տեղեկության համաձայն՝ գյուղի դպրոցում 40 աշակերտ էր սովորում: Դեռեւս այն ժամանակ էինք նշել, որ Զովաշենը ծերանում է, երիտասարդությունը լքում է գյուղը՝ գյուղում հաշվառված 171 բնակիչներից 121-ը ընտրողներ էին: Համայնքի ղեկավարը խոսոտովանում է, որ ծնելիությունը գյուղում գնալով նվազում է:
Եթե խորհրդային տարիներին միջինը 4-5 երեխա էր ծնվում յուրաքանչյուր ընտանիքում, այժմ նրանց թիվը 2-ը չի գերազանցում: Անցյալ տարի միայն 10 մահ է գրանցվել և 3 ծնունդ: Սակայն, ինչպես նշեց, նախորդ տարում իր ամենամեծ ուրախություն այն է եղել, որ գյուղում հարսանիք է եղել եւ հարսանացուն էլ գյուղից էր:
Զովաշենը ոչ անցյալում, ո՛չ էլ հիմա խանութ չի ունեցել, այսօր էլ այստեղ առեւտրի տարածված տարբերակը ապրանքափոխանակությունն է. գյուղ այցելող առևտրականներին ապրանքատեսականու պատվերը տրվում է նախապես ու փոխանակվում է բնամթերքով:
Քանի որ արդեն նախկին շրջկենտրոն Աբովյան քաղաքին կապող տրանսպորտ ունեն, անհրաժեշտ գնումները կատարում են նաեւ այնտեղից կամ՝ «համաձայնագիր» ունեն Աբովյան հասնող երթուղայինների վարորդների հետ, որոնք չեն մերժում գյուղացիներին պատվիրված 1 կգ շաքարավազն ու մի տուփ սիգարետը տեղ հասցնել:
Այնուամենայնիվ, ժամանակ առ ժամանակ, եթե որևէ մեկը փորձում է «խանութ բանալ», ապա կարճ ժամանակ անց կողպում է դուռը ապառիկի չմարվող պարտքերի ցուցակի պատճառով:
Համայնքի ղեկավարի խոստովանությամբ, հարկերը գանձելն էլ հեշտ չէ, հատկապես, երբ տեղական իշխանությանը զրկել են իր հիմնական հաղթաթղթից՝ տեղեկանք տալու հնարավորությունից, որի սպառնալիքով էին հավաքագրում հարկերը:
«Հիմա գյուղացին կարող է գյուղապետարան չմտնել, բացառությամբ հարկ վճարելուց, իսկ դա ՏԻՄ կառավարմանն է խոչընդոտում: Հարկերը 100% հավաքում եմ, նախկինում պետք է տուն գնայինք, հորդորեինք, որ հարկերը տային հիմա՝ չէ, իրենք բերում են, բայց լինում է, որ ցուցանիշը ցածր է լինում՝ էլի ենք տները գնում»,- բացատրում է Ս. Սաֆարյանը:
Մեր այն հարցին, թե ինչով է բացատրում գյուղացիների պատրաստակամությունը հարկերը վճարելու հարցում, երբ նրանք խանութներին ունեցած պարտքը չեն մարում, համայնքի ղեկավարն ասում է՝ «թափանցիկ ենք աշխատում»: Թե համայնքի ղեկավարը որն է համարում «թափանցիկ» աշխատանք, չհաջողվեց պարզել, քանի որ իր իսկ ասելով չեն ունեցել այնպիսի մի հարց, որի քննարկմանը մասնակից դարձնեն համայնքի բնակչությանը:
Համայնքապետարանի հսկայական ցուցատախտակին ոչ մի գրություն, որոշում կամ փաստաթուղթ չկար, որը բնակչությանը ծանուցեր, թե ինչ գործունեություն են իրականացնում իր հարկերով վարձատրվող համայնքապետարանի աշխատակիցները: Ս. Սաֆարյանն այս դեպքում էլ կրկնում է համայնքապետերի դասական պատասխանը՝ «ավագանու որոշումները նոր ենք հանել»:
Լիլիթ Աբրահամյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել