HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մանրամասներ Հարթունյան ընտանիքի ունեցվածքի յուրացման ծրագրի մասին

Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է  Սարո Հարթունյանի  հայցի հիման վրա  հարուցված /ԵԿԴ 2128/02/11/ գործի քննությունը: Քանի որ դատական գորընթացը Հայաստանում ու սփյուռքում ձեռ է բերել հասարակական մեծ հնչեղություն,  hարկ ենք համարում ներկայացնել գործի առնչությամբ որոշ մանրամասներ:

2004 թվականին Սեւակ Արզարունին (Արծրունի) դառնում է Հայաստանում ներդրումներ իրականացնող սփյուռքահայ Հարթունյանների ընտանիքի` Կարապետ Հարութունյանի, նրա որդիներ Սարո եւ Նարեկ Հարթունյանների վստահված անձը Հայաստանում եւ Արցախում:

2004 թ.-ից ի վեր Սեւակ Արզարունին Հարությունյան ընտանիքի անունից անշարժ գույքի հետ կապված մի քանի միլիոն դոլարի տարբեր գործարքներ է իրականացնում, ձեռք բերում հողամասեր, բնակելի տարածքներ եւ այլն:

Ի թիվս այլ գործարքների տեղի է ունենում նաեւ այս մեկը, որի վերաբերյալ էլ դատարանում գործ է քննվում. 

Սեւակ Արզարունու միջնորդությամբ  Սարո Հարթունյանը 2006 թվականի հունիսի 30-ին  $655.000 ընդհանուր արժեքով գործարք է կնքում շինարար Վլադիսլավ Մանգասարյանի հետ: Ըստ այդ գործարքի` Մաշտոցի 33ա հասցեում կառուցվող շենքի 655քմ մակերեսով ութերորդ հարկն ամբողջությամբ պետք է տրվեր Սարո Հարթունյանին:

Սարո Հարթունյանը միայն գործարքի պայմանագիրն է կնքել, մնացած բոլոր պայմանավորվածությունները, գումարային փոխանցումներն ու այլ գործողություններն իրականացրել է Սեւակ Արզարունին:

Վերջինս հետագայում Ս. Հարթունյանին հայտնում է, որ 2008 թ.-ին շենքի նոր նախագիծ է հաստատվել, որով  ութերորդ հարկի մակերեսը կազմելու է 815 քմ,  գներն էլ կրկնապատկվել են, սակայն իրենց համար զեղչեր կարվեն:

Կարճ ասած` Ս. Արծրունին  Ս. Հարթունյանին համոզում է, որ գործարքը նոր գներով էլ  է շահավետ,  լրացուցիչ գումարներ է ստանում, որի հանրագումարը $655.000-ի փոխարեն կազմում է $1.260.000:

2009 թվականի վերջին, իրենց հասած տեղեկությունների հիման վրա, Հարթունյանները սկսում են կասկածել Սեւակ Արզարունու  ազնվությանը, մասնավորապես Մաշտոցի 33ա հասցեի գործարքի հարցում:

 Ավելի ուշ` 2010 թ., տեղեկանում են, որ իրենց հանձնվելիք ութերորդ հարկից արդեն բնակարաններ են վաճառվում: Սարո Հարթունյանը դիմում է Սեւակին` պարզաբանումներ ստանալու:  Սեւակը հավաստիացնում է, որ գործերը լավ են, պայմանավորվածություններն ուժի մեջ են, շուտով կիրականանան, ավելին`առավել շահավետ պայմանավորվածություն է ձեռք բերել:

2010 թվականին Սարո Հարթունյանը ժամանում է Հայաստան, հանդիպում Վլ. Մանգասարյանի ու Սեւակ Արզարանու հետ, հայտնում իր մտահոգություններն այն մասին,  որ մինչ այդ պահը իր վճարած $1.260.000 գումարի դիմաց ոչինչ ձեռք չի բերել: Սեւակ Արզարունին եւ Վլ. Մանգասարյանը Սարո Հարթունյանին առաջարկում են նրա վճարած գումարի դիմաց  Մաշտոցի 33ա հասցեում 815  քմ-ի փոխարեն ձեռք բերել Դավթաշենի  45/7 հասցեում գտնվող հողամասում կառուցվելիք շենքից 2800 քմ տարածք: Վլ. Մանգասարյանը ներկայացնում է նոր շենքի հետ կապված իրավահաստատող փաստաթղթերն ու իր իրավասությունները դրանց վաճառքի հարցում:

Գայթակղիչ առաջարկությունն ընդունվում է, եւ  06.02.2010 թ. կազմվում է եռակողմ համաձայնագիր: Հարկ է նշել, որ համաձայնագրում կա մի կետ, որով նշվում է, որ եթե մինչեւ 2011  հունիսի 30 չիրականացվի Դավթաշեն թաղամասում գտնվող  հողամասում  նախատեսվող շենքի  շինարարությունը, ապա Մաշտոցի 33ա հասցեում գտնվող հինգ հարկանի 1708 քմ շինությունը կտրվի Սարո Հարթունյանին:

Սեւակ Արզարունին  ստեղծված իրավիճակն այնպես է ներկայացնում, թե այդ երաշխիքն իր աշխատանքի արդյունք է, եւ նշում, որ այն ավելի քան $1.600.000 գին ունի: Ս. Հարթունյանը պահանջում է, որ երաշխիքը ձեւակերպվի Սեւակի անվամբ: Ս. Հարթունյանին հայտնում են, որ այդ պահին հինգ հարկանի 1708 քմ շինությունը վկայական չունի, վկայականը հողամասի նկատմամբ է տրված եւ արգելանքի տակ է բանկում, անհրաժեշտ է $250.000 , որպեսզի արգելանքից հանվի եւ ձեւակերպվի Սեւակի անվամբ:

Անշուշտ, Սարո Հարթունյանին ձեռնտու էր այդ հինգ հարկանի շենքի ձեռքբերումն իր տված գումարի դիմաց, քանի որ ինչպես ինքը` Սեւակ Արզարունին է  գրում  Սարո Հարթունյանին ուղղված իր նամակում, հետագայում  կարելի էր շենքը գրավ դնել, գրավի գումարով այն վերջնական տեսքի բերել եւ, ի վերջո,  շահույթ ստանալ:

Ինչեւէ, Ս. Հարթունյանը փոխանցում է նաեւ պահանջվող $250.000  գումարը:

2010 թվականին ջրի երես են դուրս գալիս նոր փաստեր, որոնք ապացուցում են, որ Վլ. Մանգասարյանն ու Սեւակ Արզարունին գործել են ակնհայտ կեղծիքներով,  պարզ է դառնում նաեւ, որ Դավթաշեն թաղամասում նախատեսվող  շինարարությունը չի իրականանալու, իսկ Մաշտոցի 33ա հասցեի հետ կապված ի հայտ են գալիս  այլ խարդախություններ:

Ս. Արզարունին Ս. Հարթունյանին  համոզում է, որ  ամեն ինչ իր բնականոն հունով է ընթանում, եւ  Վլ. Մանգասարյանի հետ պայմանավորվում են, որ  Մաշտոցի 33ա հասցեի հինգ հարկանի շենքը ձեւակերպվի Սեւակի անունով:

Սարո Հարթունյանը համաձայնում է` մտածելով, որ իր ներդրած գումարի դիմաց վերջապես ինչ-որ բան կստանա:

Սակայն Սեւակ Արզարունին գործարքն իրականացնում է ոչ թե Սարո Հարթունյանի անունով (լիազորագիր ուներ), այլ իր անունով, իսկ հետագայում էլ  հրաժարվում է այդ շենքը հանձնել Սարո Հարթունյանին` այսպիսով յուրացնելով Սարո Հարթունյանին պատկանող գումարներն ու սեփականությունը:

Սեւակ Արծրունին հրաժարականի դիմում է ներկայացնում` պատճառաբանելով իր նկատմամբ Հարթունյանների վերաբերմունքի փոփոխությամբ:

Սակայն մինչ Սեւակի վերջնական հրաժարականը, Վլ. Մանգասարյանի հետ պայմանավորվելով, Սեւակը Մաշտոցի 33ա շենքի արդեն վաճառված բնակարանների երեք կեղծ պայմանագրեր էլ կնքում իր աներորդու եւ հաշվապահի անունով, որպեսզի Սարոյին հավաստիացնի, որ «Վլադին ծնկի է բերել», ու այդ  երեք բնակարաններն էլ երաշխիք են հանդիսանում, այսինքն իր գործն ինքը գերազանց է կատարել:

Մինչ օրս Սեւակ Արզարունին յուրացրած գումարի մասին ոչ մի հաշվետվություն չի ներկայացրել Հարթունյաններին:

Բնականաբար, խարդախ գործարքը չէր կարող իրականացվել Սեւակ Արզարունու միանձնյա գործունեությամբ: Ակնհայտ է, որ նրա եւ Վլ. Մանգասարյանի գործողությունների թիկունքում կանգնած են շատ ավելի լուրջ ու ազդեցիկ մարդիկ, ում նպատակը մեկն է` յուրացնել  Հարթունյանների ունեցվածքը, եւ որոնց անմիջական հովանավորությամբ է միայն հնարավոր եղել այդքան խոշոր չափերի հասնող կեղծիքների ու յուրացումների գնալ:

Հայաստանում այդ ամենն իրականացնելու հնարավորություն ունեցող անձանց թիվը խիստ սահմանափակ է, հետեւաբար այս գործողությունների իրական պատվիրատուներին տեսնելը  դժվար չէ:

Այդ հանցագործությունների չբացահայտման «երաշխիքը» դատախազության և դատական համակարգի կողմից կանխակալ քննություն իրականացնելն ու որոշումներ կայացնելն է:

Դրա վառ ապացույցն է նաեւ Սարո Հարթունյանին պատկանող «Ջի Էյջ Սթորիջ Էնթերփրայզս» ընկերության, դրա աշխատակիցների ու անձամբ Սարո Հարթունյանի եղբոր` Նարեկ Հարթունյանի դեմ հարուցված քրեական գործը,  Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի դատավոր Էդ. Ավետիսյանի կողմից քննվող երկու գործերի խայտառակ ընթացքը:

Այժմ Սարո Հարթունյանը դիմել է դատարան` արդարությունը վերականգնելու նպատակով:

Առաջիկայում կհայտնենք դատական գործընթացին առնչվող այլ մանրամասներ:

Մարիամ Մուղդուսյան

Հարթունյան ընտանիքի մամուլի պատասխանատու

Մեկնաբանություններ (1)

ANGELA
hajox8yun dzer gorcerin Hartunyanner jan. Duq bari ev ardar mardik eq. Husanq, vor amen inch lav klini. Astvac dzez ognakan

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter