Լոռու մարզպետ. «Քաղաքացիներն իրենց կամքն արտահայտելու են ազատ և անկաշկանդ»
Թիվ 23/29 (Վանաձոր) ընտրատեղամասում, որը տեղակայված է Հայաստանի Ագրարային համալսարանի Վանաձորի մասնաճյուղում, իր քաղաքացիական պարտքը կատարեց Լոռու մարզպետ, «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածու Անդրեյ Ղուկասյանը:
«Նախ ասեմ, որ այս ընտրություններին եկել եմ շատ բարձր տրամադրությամբ և երբևէ նման զգացմունքներ չեմ ունեցել: Այս անգամ ես քվեարկել եմ հանուն մեր հզոր պետության, հանուն մեր հզոր ապագայի, երջանիկ անհատի, հոգատար հանրության, հանուն հեղափոխության հաղթանակի, հանուն հեղափոխության արժեքների պահպանման»,-քվեաթերթիկը քվեատուփ գցելուց հետո անկեղծացավ Ա. Ղուկասյանը: Նա նաև անդրադարձավ ընտրությունների ընթացքին և խոսեց սպասելիքների մասին:
«Համացանցից տեխնիկական թերությունների մասին տեղեկացել եմ, բայց իմ կարծիքով այս ընտրությունները լինելու են այնպիսին, որ ամենակարևորը քաղաքացիներն իրենց կամքն արտահայտելու են ազատ և անկաշկանդ, առանց որևէ ուղղորդման. սա հեղափոխության ամենամեծ ձեռքբերումն է»,-վստահեցրեց թեկնածուն:
Հարցին, թե ինչու է Լոռու մարզպետը ցանկանում տեղափոխվել օրենսդիր մարմին, Անդրեյ Ղուկասյանը պատասխանեց. «Ճիշտ է՝ սա Ազգային ժողովի ընտրություն է, բայց այս ընտրություններով մենք ձևավորում ենք իշխանություն, հետևաբար որպես թիմի անդամ, որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, մենք այս ընտրություններին գնացել ենք թիմով, իսկ հետագայում թե ով որտեղ կլինի, նախ կորոշեն քաղաքացիները, հետագայում արդեն՝ մեր քաղաքական թիմը, և որտեղ ինձ կտեսնեն, ես այնտեղ էլ կծառայեմ Հայաստանի Հանրապետությանը»:
Գոհար Մովսիսյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել