HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ընտրողը բարձրաձայն պահանջեց օգնել իրեն ընտրելու Հանրապետական կուսակցությանը և թեկնածու Արթուր Նալբանդյանին

Ալավերդի համայնքի  Ակներ գյուղական թաղամասի 24/42 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ, Ակների դպրոցի տնօրեն, Հանրապետական կուսակցության անդամ Անահիտ Ծատինյանը ժամը 8:00-ին ազդարարեց տեղամասում ԱԺ ընտրությունների մեկնարկը: Ակների տեղամասային ընտրացուցսկում  507 ընտրող է գրանցված: Հանձնաժողովի նախագահի խոսքով` նրանցից ընտրություններին սովորաբար մասնակցում է հազիվ 250-ը:

Անահիտ Ծատինյանը վստահեցրեց , որ տեղամասում փակցված ընտրողների ցուցակները ստուգված են և հանգուցյալներ չեն ընդգրկված: Ժամը 8:00-ին ընտրատեղամասում էին  «Իմ քայլը» դաշինքի  և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վստահված անձինք: Ժամը 9:30-ի դրությամբ Ակների 24/42 ընտրատեղամասի հանձնաժողովում որևէ դիտորդ չէր գրանցվել: Ժամը 9:00-ի սահամաններում իր  ընտրությունը կատարելու համար ընտրատեղամաս մտավ ընտրող Պարգև Կոնինյանը: Քվեաթերթիկները տվող հանձնաժողովի անդամը փորձեց Պարգևին բացատրել քվեախցիկում ընտրություն կատարելու կարգը: Ընտրողը թույլ չտվեց, թե գիտի կարգը: Այսուհանդերձ, Պարգև Կոնինյանը քվեախցիկ մտնելուց հետո խախտեց Ընտրական օրենքով սահմանված ընտրության գաղտնիությունը և բարձրաձայն պահանջեց օգնել իրեն Հանրապետական կուսակցությանը և ԱԺ պատգամավորի թեկնածու Արթուր Նալբանդյանին (Լոռու նախկին մարզպետ-հեղ.) ընտրելու գործում: Հանձնաժողովի նախագահը սաստեց  իր ընտրության գաղտնիությունը խախտող Պարգևին:

Պարգևին խնդրեցինք բացատրել, թե ինչու խախտեց Ընտրական օրենքով սահմանված ընտրության գաղտնիությունը. «Ցուցակում 1-ինը Հանրապետականի և Արթուր Նալբանդյանի անունն էր գրված, դրա համար իրենց օրինակով պահանջեցի  ինձ օգնել»,- արդարացավ Պարգևը:

Անահիտ Ծատինյանը վստահեցրեց, որ իր ղեկավարած ընտրատեղամասում անց են կացվելու ազատ և արդար ընտրություններ: «Շատ վատ եմ զգում ընտրողի պահվածքի  համար: Շատ հնարավոր է, որ նա դիտավորյալ հրապարակեց, թե ում  է ընտրում»,- ասաց հանձնաժողովի նախագահը:

«Իրիկունը, որ գալիս եմ գյուղի բռնչքու կշտիցը Ակներին նայում եմ, տների մի քանի ճրագներ են վառվում, գյուղում մարդ չի մնացել, հա, ընտրական ցուցակում 507 ընտրող է գրված, բայց շատերը Ռուսաստանում են: Երեք տղա ունեմ, երեքն էլ Ռուսաստանում են, թոռներիս կարոտից պապակվում եմ»,-արտասվելով ասաց ակներցի Սանազ Ծատինյանը: Ակները ապահովված չէ խմելու ջրով: Հիշեցնենք, որ Լոռու նախկին մարզպետ Արթուր Նալբանդյանի կողմից դեռ 2008թ. մոտ 12 մլն դրամ է հատկացվել Ակների ջրամատակարարման խնդիրը  լուծելու համար: Այդ ժամանակ փողը ծախսվել է, սակայն ակներցիների ջրամատակարաման հարցը չի լուծվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter