HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Մայիսյանի համայնքապետը համայնքի բյուջեով դպրոցի ծախսերն է հոգում. ո՞վ պետք է լուծի համայնքի խնդիրները

Արմավիրի մարզի Մայիսյան գյուղի միջնակարգ դպրոցն, ամենայն հավանականությամբ, միակն է հանրապետությունում, որ «դիսկոտեկա» ունի: Դասերից հետո աշակերտներն ու գյուղի երիտասարդները հավաքվում եւ «թռթռացող» լուսային էֆեկտների ներքո զվարճանում են: Դպրոցի տնօրեն Իշխան Պետրոսյանը խոստովանեց, որ դպրոցը ոչ մի բանի խնդիր չունի, քանի որ համայնքապետն  «իրենց թիկունքին կանգնած է»:

Մայիսյանի համայնքապետ Եսայի Մովսիսյանն, իրոք, որ դպրոցին անխնա ֆինանսական աջակցություն է ցուցաբերում՝ ի հաշիվ իր հիմնական պարտավորությունների, որը կամ չի կատարում, կամ էլ թերացումներով ու ոչ ժամանակին: Գյուղի թաղամասերից մեկը մոտ 5 կմ հեռու է դպրոցից, ամեն ամիս երեխաներին եւ ուսուցիչներին համայնքի բյուջեի միջոցներով ավտոբուսը առավոտյան բերում է դպրոց, երեկոյան՝ հետ տանում: Իշխան Պետրոսյանի ասելով՝ վերջին 10 տարվա ընթացքում համայնքապետարանը տարեկան 5-6 հարյուր հազար դրամ տրամադրում է դպրոցի աշակերտներին եւ ուսուցիչներին տեղափոխելու համար: Սոցիալապես անապահով ընտանիքների գրքի գումարները կառավարության սահմանած արտոնությունների հետ մեկտեղ դարձյալ համայնքապետարանն է փոխհատուցում:

Համայնքապետարանն է հոգում նաեւ դպրոցի այգին պոմպով ոռոգելու էլեկտրաէներգիայի եւ ջրի վարձավճարները: Տոնական միջոցառումները նույնպես համայնքի բյուջեի հաշվին է արվում: Ի. Պետրոսյանը նաեւ ասաց, որ «Փրկեք երեխաներին» կազմակերպության եւ Մայիսյանի համայնքապետարանի ներդրումներով դպրոցում բացվել է նախակրթարան, որի համար վերջինս հատկացրել է 840 հազար դրամ, բացի այդ, վճարում է նաեւ 2 աշխատողների աշխատավարձերը՝ տարեկան 1 մլն 176 հազար 700 դրամ: Դպրոցի եւ համայնքապետարանի միջեւ 2011թ. սեպտեմբերի 1-ին այդ նպատակով կնքվել է դրամաշնորհի տրամադրման պայմանագիր:

«Մեր ու համայնքապետարանի համագործակցությունը շատ բարձր մակարդակի վրա է: Մայիսյանը մարզի այն 5 գյուղերից մեկն է, որտեղ դպրոցի տնօրենն ու համայնքապետը միասին աշխատում են 20 տարուց ավելի: Կարծում եմ, սա համագործակցության լավ ցուցանիշ է»,- ասում է դպրոցի տնօրեն Իշխան Պետրոսյանը: Դպրոցն ու համայնքն այնքան լավ են համագործակցում, որ ավագանու անդամ Հովսեփ Հակոբյանը դպրոցի ծնողական խորհրդի նախագահն է, իսկ համայնքապետարանի աշխատակից Մհեր Աբգարյանը դպրոցի կառավարման խորհրդի անդամ է:

Եթե սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների գրքի վարձավճարները փոխհատուցելը, աշակերտների ճանապարհածախսը հոգալը հասկանալի է, ապա համայնքի ղեկավարի եւ ավագանու օրենքով սահմանված լիազորությունների մեջ չի տեղավորվում դպրոցի 4 մանկավարժներին աշխատավարձ վճարելու պարտավորությունը տեղական բյուջեի միջոցներից:

Բանն այն է, որ Մայիսյանի դպրոցում երկու 9-րդ դասարան է բացվել՝ ընդհանուր 35 աշակերտով: Իշխան Պետրոսյանի ասելով, որպեսզի երկու դասարան գործի պակասում է մեկ աշակերտ եւ ստիպված պետք է դասարանները միացնեին իրար եւ 4 մանկավարժի էլ կրճատեին: Սակայն, չգիտես ինչու, համայնքապետը ավագանու նիստով որոշել է, որ կառավարության փոխարեն տեղական բյուջեով պետք է հոգան մանկավարժների աշխատավարձերի խնդիրը, որպեսզի նրանք դուրս չմնան դպրոցից:

«Մենք տարեֆիկացիա ենք ներկայացրել մարզպետարան, որտեղ 9-րդ դասարանում սովորող 35 աշակերտ ենք նշել եւ երկու դասարան: Մարզպետը մեզ հավաքեց խորհրդակցության եւ համայնքապետերի հետ զրույցի ժամանակ ասաց, որ դպրոցներին օգնելու խնդիր կա, հնարավորության դեպքում պետք է օգնեն, համայնքապետերն էլ օգնել են: Միայն մեր դպրոցը չի եղել, մարզում 20 այդպիսի դպրոց է եղել»,- նշում է Ի. Պետրոսյանը:

2011թ. սեպտեմբերի 5-ին էլ մեկ այլ դրամաշնորհի տրամադրման պայմանագիր դպրոցի եւ համայնքապետարանի միջեւ կնքվել է 2011-2012 թթ. ուսումնական տարվա «թերբեռնված 9-րդ դասարանի պահպանման ծախսերը իրականացնելու նպատակով»: Համայնքի բյուջեից դպրոցին տրամադրվող գումարի չափը կազմում է 1 մլն 629 հազար 216 դրամ, որը փոխանցվում է եռամսյակներով՝ մինչեւ 2012թ. հուլիսի 1-ը:

 Այժմ դպրոցում սովորում է 252 աշակերտ, բայց տարեց-տարի նրանց  թիվը նվազում է: Վերջին 5 տարվա ընթացքում մոտ 50 աշակերտով արդեն նվազել է: Դպրոցի տնօրենի ասելով, թեեւ իրենց ֆինանսական վիճակից այժմ չեն բողոքում, բայց եթե թվաքանակը գնալով նվազի, արդեն խնդիրներ կառաջանան: Իշխան Պետրոսյանը վստահ է, որ այդ դեպքում էլ են համայնքապետին դիմելու եւ օգնությունը հաստատ չի ուշանա: «Մենք խնդիր չենք ունենա, որովհետեւ եթե դիմենք համայնքապետին, անպայման մեզ կօգնի»,- ասում է Իշխան Պետրոսյանը:

Համայնքապետ Եսայի Մովսիսյանն էլ ասում է, թե իր լիազորությունների մեջ է մտնում դպրոցին օգտակար լինելը եւ ինչ որ տեղ պարտավոր է նաեւ դպրոցին ամեն ինչով ապահովել եւ հովանավորել, ինչն էլ անում է: Համայնքապետը նշեց, թե դա օրենքի պահանջն է: Սակայն, երբ խնդրեցինք «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում ցույց տալ մեկ հոդված, որով համայնքապետը պարտավոր է տեղական բյուջեի հաշվին հոգալ 4 մանկավարժի աշխատավարձի խնդիրը, նա աշխատասենյակ հրավիրեց աշխատակազմի ղեկավարին եւ պահանջեց օրենքում գտնել այդ հոդվածը: Քարտուղարը օրենսգիրքը երկար թերթեց, սակայն այդպես էլ չգտավ աշխատավարձերին վերաբերող հոդված եւ կարդաց համայնքապետի կողմից դպրոցին աջակցելու եւ օգնելու դրույթներ, որոնք ամենեւին կապ չունեին վերը նշված հարցի հետ:

«Հիմա ձեզ ի՞նչն է անհանգստացնում, որ նվիրվա՞ծ եմ դպրոցին: Նման հարցեր չպիտի տայիք: Ավելի նպատակահարմար ենք համարել, որ 4 մանկավարժները գործից դուրս չգան, երեխաները նորմալ կրթություն ստանան, քան այլ բան նպատակահարմար գտնեինք եւ անցնեինք մյուս գործին»,- ավելացրեց Եսայի Մովսիսյանը:

Ինչպես պարզվեց, Մայիսյան գյուղում առաջնահերթ շատ խնդիրներ կան, որոնց լուծումը օրենքի պահանջով հենց համայնքապետը պետք է իրականացնի, սակայն թերանում է եւ պատճառաբանում, թե միջոցներ չունի: Գյուղի ճանապարհները գտնվում էին անմխիթար վիճակում եւ միայն մասնակի փոսալցման աշխատանքներ են կատարվել: Անցյալ տարի փոխվել են գյուղի 4 փողոցների խմելաջրի խողովակները, մինչդեռ վթարային խողովակները գյուղում շատ են: Լուրջ խնդիր է համայնքի տարածքում գտնվող երեք եռահարկ շենքերի տանիքների վերանորոգումը, քանի որ ամբողջությամբ կղմինդրե ծածկը կոտրված է եւ անձրեւաջրերը լցվում են բնակարանները: «Ամեն տարի 1 մլն դրամ ենք նախատեսում  տանիքները փոխելու  համար: Դյուզն ասած, անցյալ տարի նախահաշիվ կազմեցին մոտ 5-6 մլն դրամ գումար կազմեց: Այսօր ես նման հնարավորություն չունեմ, որ միանգամից ներդրում անեմ»,- ասաց համայնքապետը:

Գյուղում երկու փողոց գազիֆիկացված չէ, այս տարի նախատեսված է 1 մլն դրամով գազիֆիկացնել միայն մեկ փողոցը, քանի որ մյուսի համար գումար չկա: Մայիսյանի բյուջեն 29 մլն դրամ է՝ ներառյալ դոտացիան: 2011թ. բյուջեն կատարել են 97.5%-ով: Ըստ համայնքապետի՝ տարեկան 4 մլն դրամի չափով սոցիալապես անապահով ընտանիքներին օգնություն են տրամադրում, սակայն պարզվեց, որ այդ օգնության մի մասը այդպես էլ կարիքավոր բնակչի ձեռքը չի տրվում: Եսայի Մովսիսյանը որոշել է նրանց անունն օգտագործելով մարզպետարանում «լավ կատարողական»  ունեցող համայնքապետի անուն ունենալ:

Ավագանու որոշումով սոցիալապես անապահով ընտանիքներին օգնություն է հատկացվում, սակայն համայնքապետն իր նախաձեռնությամբ, որոշ դեպքերում, այն վերցնում է որպես հողի հարկ եւ բնակչի ձեռքը կտրոնն է տալիս: Ջոզեֆ Կարապետյանի 9 հոգանոց ընտանիքը, որից  7-ը երեխաներ են, ապրում է 21քմ վագոն տնակում: Նրանց սոցիալական վիճակին «Հետքն» արդեն անդրադարձել է: Մի 2 տարի առաջ համայնքի ավագանին որոշել է ընտանիքին օգնել 15 հազար դրամով: Ինչպես Ջոզեֆը պատմեց, համայնքապետարանից լուր են ուղարկել, թե  եկեք ձեր օգնությունը տարեք: Երբ գնացել են գումարը ստանալու, նրանց տվել են ոչ թե 15.000 դրամ, այլ այդ գումարին համարժեք հողի հարկի կտրոն: Համայնքապետ Մովսիսյանը մեզ հետ զրույցում չհերքեց, որ նման բան կարող է լինել, սակայն նշեց, թե հողի հարկ վերցնելու խնդրով իրենց են դիմում հենց բնակիչները: Ջոզեֆն էլ ասաց, որ ինքն այդ խնդրով համայնքապետին չի դիմել, քանի որ իրեն ավելի շատ պետք էր 15.000 դրամը, քան համարժեք հարկի կտրոնը: Եվ սա նմանատիպ միակ դեպքը չէ:

Համայնքում լուրջ սոցիալական խնդիրներ ունեն նաեւ մանկապարտեզում ապրող 8 ընտանիքները: 1994թ. էլեկտրականության կարճ միացումից եռահարկ բնակելի շենքերից մեկն ամբողջությամբ այրվել է եւ անօթեւան մնացած բնակիչներին տեղավորել են մանկապարտեզի վթարային շենքում, որտեղ էլ մինչ օրս ապրում են: Քանի որ շենքը համայնքապետարանի հաշվեկշռում նշված է որպես մանկապարտեզ, իսկ բնակիչներն էլ ժամանակավոր են այնտեղ ապրում, նրանց չեն թույլատրում ոչ գազիֆիկացնել իրենց սենյակները, ոչ էլ բարեկարգել:

Զաքար Խալաթյանը կնոջ եւ 3 երեխաների հետ արդեն 18 տարի ապրում է  մանկապարտեզի շենքում:  «Բնակարանը երբ վառվեց, այդ ժամանակ մեզ տվել են 500,000 ռուբլի եւ 2500 դրամ, որով այդ տարիներին գնել ենք մեկ բանկա յուղ եւ վառարան: Շատ ենք դիմել մարզպետարան, կառավարություն, խնդրել ենք, որ թույլ տան սեփականաշնորհենք, որպեսզի կարողանանք վերանորոգել, չեն անում, ուրագի նման մենակ իրենց են քաշում»,- ասում է Զաքարը: Այս խնդրի վերաբերյալ էլ Մայիսյանի համայնքապետ Եսայի Մովսիսյանը նույնաբովանդակ պատասխան ուներ. «Համայնքն ի վիճակի չէ այսօր իրենց շենքը վերանորոգել: Դիմել ենք մարզպետարան, կառավարություն, որ գան կառուցեն, ասում են՝ բյուջեն սուղ է, պետք է հովանավորներ գտնեն: Բնակիչներն էլ պետք է ելքեր գտնեն, որ այս վիճակից դուրս գան»:

Այրված շենքը տարիներ առաջ մասնակի վերանորոգվել է: Զաքարն ասում է, որ ժամանակին իրենց շենքի համար հատկացվել են դռներ եւ պատուհաններ, ինչպես նաեւ այլ շինանյութ, սակայն բոլորը յուրացվել է, իսկ իրենց շենքն այժմ համայնքապետարանի աշխատակիցների համար ծառայում է, որպես զուգարան, քանի որ համայնքապետարանի հարեւանությամբ է:

Բացի վերը նշված խնդիրները, համայնքապետի եւ աշխատակազմի քարտուղարի պարտականությունների մեջ է մտնում նաեւ հրապարակային աշխատանքը՝ ցուցատախտակին համայնքի ավագանու, համայնքի ղեկավարի որոշումները, համայնքի բյուջեի կատարողականները փակցնելը, սակայն Եսայի Մովսիսյանն ասում է, թե նշված փաստաթղթերը փակցնելը պարտադիր չէ: «Պարտադիր չի, որ փակցրած լինի, ում պետք է բյուջեն, ավագանու նիստերը, որոշումները, գալիս դիմում են՝ իրենց տալիս ենք: Բայց, որ ասեմ եկել ինձնից պահանջել են, սուտ կլինի»,- ավելացրեց Եսայի Մովսիսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter