
ՀՀԿ նախկին կարգախոսը՝ հանձնաժողովի անդամների բաժակների վրա
Վայոց ձորի մարզի Ռինդ գյուղի 36/13 ընտրատեղամասում ժամը 13-ի դրությամբ 1175 ընտրողից քվեարկել է մոտ 150 հոգի: Այս մասին «Հետքին» հայտնեց ՏԸՀ նախագահ Քնարիկ Հայրապետյանը: Վերջինիս տեղեկացմամբ՝ ընտրությունները նորմալ են ընթանում, խախտումներ չեն արձանագրվել:
Քվեախցերը տեղադրված են մշակույթի տան նախասրահում, որտեղ չորս կողմից, այդ թվում՝ քվեախցերի հետեւում, դռներ կան: Ք. Հայրապետյանը հայտնեց, որ դրանք փակ են:
«Հետքի» տեսախցիկը ֆիքսեց, որ հանձնաժողովի անդամների սեղաններին դրված ջրի բաժակների վրա 2017 թ. ԱԺ ընտրություններում ՀՀԿ կարգախոսն է՝ «Դեպի ապահով Հայաստան»: Չնայած հանձնաժողովականներից մեկի դիտարկմանը, թե բաժակները «նախնադարից են մնացել», մեր դիտողությունից հետո դրանք հեռացվեցին սեղաններից:
Այս պահին Ռինդի բնակիչները խմբերով գալիս են տեղամաս: «Լուսավոր Հայաստան» կուսակցության վստահված անձ Արտակ Գասպարյանն ասում է, թե նախկինի համեմատ մարդիկ այժմ թասիբով կգան ընտրության՝ հավելելով, որ ժողովրդի մեջ լարվածություն, սթրես չկա: Արենիի բնակիչ Գասպարյանը շեշտում է, որ նախկինում ընտրություններն այս տարածաշրջանի գյուղերում միշտ էլ լարված են եղել: Նշենք, որ Ռինդը Արենի խոշորացված համայնքի մաս է կազմում:
«Իմ քայլը» դաշինքի վստահված անձ Հրաչյա Ավետիսյանը նույնպես նորմալ է գնահատում ընտրությունների ընթացքը՝ ավելացնելով, որ առայժմ որոշակի պասիվություն կա:
Հանձնաժողովի ՀՅԴ-ական անդամ Ծառուկ Թադեւոսյանը, ի պատասխան սրա, նշում է, որ որոշակի պասիվությունը թերեւս կաշառքի բացակայությամբ է պայմանավորված, բայց մարդիկ գուցե եւ ակտիվանան:
Հավելենք, որ մշակույթի տուն տանող աստիճանները չունեն թեքահարթակ:
Լուսանկարները՝ Հակոբ Պողոսյանի
Մեկնաբանել