
Հանձնաժողովի անդամները ծածկոցներով են աշխատում. Նար-Դոսի ընտրատեղամասերում ոչ ջեռուցում, ոչ ջուր, ոչ էլ զուգարան կա
Նար-Դոս փողոցի Նալբանդյանի անվան 33-րդ դպրոցում տեղակայված 9/08, 9/09 և 9/10 տեղամասերում ոչ ջուր, ոչ ջեռուցում, ոչ էլ զուգարան կա:
Դպրոցի այն մասնաշենքը, որը տրամադրվել է ընտրատարածք ձևավորելու համար, չի գործում: Այստեղ միայն հոսանք է անցկացվել սարքավորումները միացնելու և տեղամասերն հոսանքով ապահովելու համար: Հանձնաժողովի անդամներն իրենց տներից էլեկտրական ջեռուցիչներ են բերել, սակայն հոսանքի լարերը չեն դիմացել և հալվել են, ինչից հետո ստիպված են եղել նաև անջատել էլեկտրական ջեռուցիչները:
«Մեր սառած դեմքերը նկարեք, հերիք է»,- կատակեց 9/10 տեղամասի հանձնաժողովի անդամներից մեկը:
Այս երեք ընտրատեղամասերում աշխատող հանձնաժողովի անդամներն ու դիտորդներն իրենց բնական կարիքները հոգում են 9/07 ընտրատարածքում, որը նույն դպրոցի այլ մասնաշենքում է գտնվում:
1286 ընտրողից 200-ից ավելին արդեն կատարել են իրենց ընտրությունը 9/10 տեղամաս: Հանձնաժողովի նախագահ Մանվել Անտոնյանը նշեց, որ այս ընտրություններում ընտրողների պասիվություն է նկատվում:
Մեկնաբանել